Փաշինյան. Մեր առաքելությունն անընդհատ փոխվում է, կոնստանտը մեր իշխանությունն է

Փաշինյանը անդրադարձավ այն քննադատությանը, որ իրենց քաղաքական ուժի տեսակետները անընդտ փոխվում են։ «Քաղաքական առաջնորդությունը իմ ընկալմամբ անեւ հանրությանը եւ պետությունը ադապտացնելն է այն միջավայրում, որտեղ իր համար կենսական սպառնալիքներ կան»: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

“Մենք իսկապես անապատի միջով ենք անցնում եւ ես ունեմ զգացողություն, որ մենք այդ անապատի մեծ մասն անցել եմ եւ մենք դա միասին ենք անցել»,-ասել է նա:

Փաշինյանը անընդհատ խոսում է իր հատուկ առաքելության մասին՝ իրեն համեմատելով Մովսեսի, Պապ թագավորի, Հիսուսի կամ Գանդիի հետ։ Միևնույն ժամանակ, նա փորձում է «չվերադառնալ գետին», որտեղ ամեն ինչ ավելի պրոզայիկ է, եր իշխող կուսակցության առաքելությունը ուրվագծված է կուսակցության նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում։ Այս ծրագրից ցանկացած շեղում ինքնաբերաբար պետք է հանգեցնի վստահության քվեի քննարկմանը, հրաժարականի և նոր ընտրությունների նշանակմանը։ Սա է ժողովրդավարության իմաստը, որի մասին խոսում է Փաշինյանը։

Իշխող կուսակցությունը չի կարող “по ходу” փոխել իր առաքելությունները և քայլերը «հարմարեցնել» անվտանգության միջավայրին կամ այդ միջավայրը կառավարելու իր կարողությանը։

Փաշինյանի խոսքերը հուշում են, որ այս աշխարհում ամեն ինչ կարող է փոխվել՝ անվտանգության միջավայրը, առաքելությունը, քաղաքականությունը, պետական ​​սահմանները, և միայն նրա իշխանությունն է կոնստանտ։

Իսրայելը սկսեց խոսել Գազայում «միջազգային կոնտինգենտի» մասին. պրոյեկցիա Արցախի վրա՞

Իսրայելի պաշտպանության նախարար

6 ամիս տեւած դաժան մարտերից և Գազայի հատվածի ոչնչացումից հետո Իսրայելը, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, փոխում է իր հռետորաբանությունը։ Դա տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ միջազգային հանրությունը կտրականապես մերժեց Գազայի հատվածն ամբողջությամբ արտաքսելու և նրա տարածքը գրավելու Իսրայելի ծրագրերը։ Միջազգային հանրությունն նույնքան կտրական չէր Իսրայելի դաշնակից Բաքվի ռեժիմի կողմից Ռուսաստանի աջակցությամբ Արցախի բնակչության արտաքսման և օկուպացման հարցում։

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկում են ստեղծել միջազգային ռազմական կոնտինգենտ, այդ թվում՝ արաբական պետությունների մասնակցությամբ, և այդ ուժերը Գազա բերել՝ անկլավում կարգուկանոն հաստատելու և մարդասիրական օգնությամբ շարասյունները պաշտպանելու համար: Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, համապատասխան առաջարկներն ամերիկյան կողմին են փոխանցվել այս շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Բացի մարդասիրական օգնության շարասյուններին ուղեկցելուց, նման ուժերը կարող են այլընտրանք ստեղծել Պաղեստինյան անկլավում ՀԱՄԱՍ-ի կառավարմանը, կարծում է Իսրայելը:

Իսրայելի ռազմական և պաշտպանության պաշտոնյաներն այս նախաձեռնությունը քննարկել են արաբական երեք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի ներկայացուցիչների հետ։ Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ այսօր առաջընթաց կա այս նախաձեռնության առաջմղման հարցում թե՛ Սպիտակ տան պատրաստակամության, թե՛ արաբական պետությունների՝ այս գաղափարի նկատմամբ բաց լինելու առումով։

Իր հերթին արաբ պաշտոնյան լրագրողներին ասել է, որ «Գալանտը, ըստ երեւույթին, սխալ է հասկացել արաբական երկրների դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ արաբական երկրները այժմ մտադիր չեն զորքեր մտցնել անկլավ, սակայն չեն բացառում, որ պատերազմից հետո այնտեղ խաղաղապահներ տեղակայվեն։

Իսրայելը չի ​​խոսում ՄԱԿ-ի զորքերի մասին, որի հետ Իսրայելի ներկայիս կառավարությունը բարդ հարաբերություններ ունի։ Զավեշտն այն է, որ ներկայիս ՄԱԿ-ը, ինչպես և Իսրայելը, ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և «մեխը»՝ հրեա ժողովրդի փոխհատուցումն էր Հոլոքոստի համար: Այժմ ՄԱԿ-ը չի բացառում, որ Իսրայելն ինքը մեղադրվի ցեղասպանության մեջ։

Արդյո՞ք Արցախի նկատմամբ կկիրառվի միջազգային ռազմական կոնտինգենտի գաղափարը, և եթե ոչ ՄԱԿ-ը, ապա ո՞վ է որոշելու այդ զորախմբի կազմը։ 

Ի դեպ, օրերս Հայաստանը Եգիպտոսի միջոցով հումանիտար օգնություն է ուղարկել Գազա։

Կոպիրկինի «կատարյալ փոթորիկը». պատերազմ է պետք, որպեսզի Ռուսաստանը չկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները

Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում և լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին զենքի մատակարարման հարցում, 24News հայկական լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած համաձայնագրերով։ Ինքս ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ոչ բարեկամական հայտարարությունները։ Պետք է, որ Ռուսաստանը կատարի՞ իր պարտավորությունները, թե՞ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա չկատարի այդ պարտավորությունները։ Այս հարցը ակամա առաջանում է, ես նախկինում չէի էլ մտածում դրա մասին, բայց հիմա ստիպված եմ»,- ասել է ռուս դիվանագետը։

Ռուսաստանի «փափուկ ուժի» կողմնակից Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, և նրա պաշտոնավարումն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարման հետ։ Ռուսաստանի «փափուկ ուժը» և հայկական «ձեռքերը վեր բարձրացրած» հեղափոխությունը ի վերջո հանգեցրին Արցախում «Լավրովի պլանի» ամբողջական իրականացմանը եւ այժմ մնացած Հայաստանի վրա տարածմանը։ Արցախում, չնայած հայ բնակչության արտաքսմանը, ռուսական զորքեր են տեղակայված, Ակնայում գործում է ռուս-թուրքական կենտրոն, և Բաքուն բացահայտ լոբբինգ է անում Մոսկվայի միջնորդական ջանքերը։ Իսկ Հայաստանում ստեղծվել է կոպիրկինյան խորհրդարան, որն ապահովում է ամբողջական կոնսենսուս ռուս-թուրքական ծրագրերի առաջմղման համար. ինչպես ասում են՝ «կատարյալ փոթորիկ»:

«Մենք միշտ հավատացել ենք, և դա հրապարակայնորեն ասվել է, որ հայերի համար կարևոր է ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Դրանով է բացատրվում ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ։ Ինձ համար սա վկայում է, որ այս հարցը չի վերանում։ Այն ղարաբաղցի հայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Ինչպես հասկանում եմ, այդ իրավունքը չի մերժվում ադրբեջանական կողմից»,- ասել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանը, ըստ էության, կարճ հարցազրույցում ուրվագծում է Ռուսաստանի հետագա քայլերը, որոնք կիրականացվեն նաեւ Հայաստանի կառավարության օգնությամբ։ «Վերադարձնենք Ղարաբաղի հայերին» և «ստեղծենք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չկարողանա կատարել իր պարտավորությունները».

Ի դեպ Ռուսաստանը «չի կարողանա կատարել իր պարտավորությունները», եթե Հայաստանի վրա հարձակվի Թուրքիան, ինչի հավանականության մասին Փաշինյանը արդեն հայտարարել է Տավուշում։

Այսօր «Էրդողանի վերջին ընտրություններն են». ինչպես է քվեարկելու Կոստանդնուպոլիսը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է մայիսի 9-ին ԱՄՆ մեկնելու և նախագահ Բայդենի հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ 2019 թվականից, երբ Թրամփն էր դեռ նախագահ, Վաշինգտոնը ձեռնպահ է մնում Էրդողանի հետ հանդիպումներից։ Մարտի 31-ի ընտրությունները կորոշեն, թե Էրդողանն ինչ դիրքերից կխոսի և ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի հետ կապված։

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները կկայանան այսօր՝ մարտի 31-ին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) կփորձեն հաղթել ընդդիմադիր քաղաքապետին։ Այն, ինչ տեղի է ունենում, կարեւոր մարտադաշտ կդառնա Թուրքիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ, գրում է Financial Times-ը։

2019 թվականի քաղաքապետի նախորդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակն անակնկալ էր։ Էրդողանի կուսակցությունն այնքան խայթվեց պարտությունից, որ նոր ընտրություններ նշանակեց, բայց կրկին պարտվեց: Այժմ իշխանական կուսակցության թեկնածուն քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Քուրումն է։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա երկրում Էրդողանից զատ միակ քաղաքական գործիչն էր, ում մասին իշխանամետ հրապարակումները գովաբանող գրառումներ էին հրապարակում։

Այժմ Ստամբուլի բնակիչները հիմնականում նախընտրում են ընդդիմադիր Իմամօղլուին, ըստ հարցման արդյունքների, սակայն տարբեր հետազոտություններում մրցակցի հետ տարբերությունը մեծապես տարբերվում է: Օրինակ, մարտի Metropoll-ի հարցումը նրան տվել է 39,5%, ինչը գրեթե 10%-ով ավելի է, քան իշխանության մեջ գտնվող կուսակցության թեկնածուն, սակայն Financial Times-ի հարցումը ցույց է տվել, որ մրցավազքի առաջատարն ընդամենը 3%-ով է գերազանցում իր մրցակցին:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP), որին պատկանում է ընդդիմադիր քաղաքապետը, պարզ արտահայտվել է. «Մարդիկ կկորցնեն հույսը [եթե Իմամօղլուն պարտվի], ընդդիմությունն այլևս ուժ չի ունենա Էրդողանի ճանապարհին կանգնելու համար», – նախազգուշացրել է բարձրաստիճան ընդդիմադիր գործիչը՝ անանուն մնալու պայմանով:

Էրդողանը զգալի ջանքեր է գործադրում ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ հաղթանակ ապահովելու համար։ «Մարտի 31-ին մենք դռները կբացենք նոր դարաշրջանի առաջ […] Նա խոստացել է, որ «Ստամբուլը կվերադառնա իր իրական տիրոջը»։

Երբ մարտի 31-ին ընտրելու իրավունք ունեցող մոտ 63 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ ընտրեն 81 քաղաքների քաղաքապետերին, դա պատմական քվեարկություն կլինի հատկապես մեկ անձի համար, գրում է DW-ն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները նրա քաղաքական կարիերայի «վերջինն» են՝ նախքան երկրի պատասխանատվությունը հաջորդ սերնդին հանձնելը։ Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ Էրդողանը պետք է չորս տարի անց հեռանա պետության ղեկավարի պաշտոնից՝ թոշակի անցնելով։ Փաստորեն, ըստ օրենքի, նա չի կարող նոր ժամկետով առաջադրվել։

Այնուամենայնիվ, խորհրդարանում Էրդողանի վստահելի անձ Բեքիր Բոզդաղը երկար ժամանակ խոսում է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին, որպեսզի ներկայիս նախագահը կարողանա պաշտոնավարել եւս մեկ ժամկետ։ Իսկ Էրդողանի դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակավ դիմել է նրան գրեթե խնդրանքով. «Դուք իրավունք չունեք լքել թուրք ազգը»:

Քաղաքապետի ընտրություններում նոր հաջողությունը զգալիորեն կբարելավի Իմամօղլուի՝ չորս տարի հետո որպես թեկնածու նախագահական արշավին մասնակցելու հնարավորությունները, կանխատեսում է Սաբանջի համալսարանի քաղաքագետ Բերք Էսենը։

Էսենի խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետն ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ իր շուրջը համախմբելու թուրքերի մեծամասնությանը։ «Նա կարող է շահել մարդկանց լայն շրջանակի ձայները։ Նա պահպանողական, ձախակողմյան, քուրդ և նույնիսկ էրդողանամետ ընտրողներին գրավելու ներուժ ունի»,- նկատում է քաղաքագետը։ Եվ նա ավելացնում է, որ Իմամօղլուն նույնիսկ իր նախընտրական արշավում իրեն ներկայացնում է որպես Էրդողանի անմիջական մրցակից. «Նա օգտագործում է այս ընտրությունները՝ բացահայտ հարձակվելու Էրդողանի վրա»։

Անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության համասեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ և տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը կարող է դառնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավահաջորդը, որի դստեր հետ նա ամուսնացած է, գրում է The Wall Street Journal-ը։

Հրատարակությունը հայտնում է, որ հարցումների համաձայն՝ 44-ամյա Բայրաքթարը Թուրքիայի ամենասիրված հասարակական գործիչներից է, և նրա կողմնակիցները մտադիր են նրան առաջադրել որպես Էրդողանի իրավահաջորդ։ Թուրքական քաղաքականության փորձագետները նաև Բայրաքթարին անվանում են նախագահի պաշտոնի հավանական հավակնորդ: «Նա Էրդողանի արժանի և կայացած փեսան է։ «Կարծում եմ, որ «կատարյալ փոթորիկը» ցույց է տալիս Բայրաքթարին», – ասում է Բուրակ Քադերկանը, ԱՄՆ ռազմածովային պատերազմի քոլեջի ռազմավարության պրոֆեսորը:

Բայրաքթարը մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ միջազգային։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան 2021 թվականին պարգևատրել է “Ղարաբաղ” շքանշանով, իսկ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականին պարգևատրել է «Արժանիքի համար» III աստիճանի շքանշանով, գրում է The Wall Street Journal-ը։

Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ․

«Սիրելի հայրենակիցներ,

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և կրկնում հրեշտակաձայն ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես փորձություն ու հնարավորություն` ավելիին ձգտելու ու հասնելու:

Մենք այս համատեքստում պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղություն` անձնական և ազգային կյանքում: Թող Տերունական այս տոնը լցնի ամենքիս հոգիները Հարության անմար լույսով, որպեսզի երբեք չընկրկենք խավարին ու մահվան հանդիման»։

Սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժածների ընտանիքներում երեխաներ են ծնվում. կամքի ուժը հաղթում է

Արցախի վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով շատերն այրվածքներ են ստացել և դեռևս բուժվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Ողբերգության զոհ է դարձել նաև Եգոր Խաչատրյանը, ով այդ սարսափելի իրադարձությունները կհիշի ողջ կյանքում։

Պայթյունի ալիքը նրան գցել է փոսը։ Երբ ուշքի եկավ, ամեն ինչ ծխի մեջ էր։ Միայն մի փոքր բացվածքի շնորհիվ նա կարողացավ դուրս գալ։ Պայթյունից թմրած Եգորը՝ ձեռքերն այրված, գլուխը չկորցրեց։ Նա նույնիսկ կարողացել է կրակից դուրս բերել այրված տղային։

Հետո մի քիչ ուշքի գալով՝ սկսեց փնտրել եղբորը, ում հետ եկել էր վառելիքի հետեւից։ Երկար փնտրտուքներից հետո նրան վերջապես հաջողվել է գտնել եղբորն այրված վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ կարողացել են առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Սեպտեմբերի 27-ին եղբայրները ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիան, այնտեղից էլ՝ Երևան, որտեղ վիրահատվել են։

Եգորի ձեռքերից բացի այրվել է նաև գլխի մի մասը։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր և ապաքինման հույս չէին տալիս։ Բայց Եգորի կամքի ուժի և պայքարի աղբյուրը նրա մեկամյա դուստրն էր, որին նա, անշուշտ, մտադիր չէր թողնել առանց հոր, հանուն նրա նա պայքարեց բոլոր դժվարությունների դեմ և կարողացավ հաղթել մահը:

Նա այժմ գտնվում է բավականին կայուն վիճակում և ամբուլատոր բուժում է անցնում Երևանի այրվածքների ազգային կենտրոնում։ Երևանի այրվածքների կենտրոնի, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների պրոֆեսիոնալ թիմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ պայթյունից տուժած մեր հայրենակիցներն աստիճանաբար ապաքինվում են՝ փորձելով ապրել և ստեղծագործել։

Խթանիչը՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած արցախյան ընտանիքներում երեխաների ծնունդն է։ Օրերս ողբերգությունից տոժած Արամայիս Գրիգորյանի ընտանիքում ծնվել է նրա երրորդ երեխան՝ որդին։

Միայն հուսալ կարելի է, որ նա կտեսնի ազատագրված, հայկական Արցախը։

Արսեն Աղաջանյան

“Թաքուն” Զատիկ Արցախում։ Ամարասը մոտ էր

Նախատատուս ծնողները ծնվել էին մինչ խորհրդային շրջանը՝ Սխտորաշեն գյուղում: Ամարասը մոտ էր` ոտքով գնում էին պատարագին, “հավկիթակռիվ էին տալիս”, նույնը սովորեցնում էին իրենց երեխաներին:

Խորհրդային ժամանակները, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «սովետի վախտը» և Ադրբեջանի խտրական վերաբերմունքի ներքո հայկական, եկեղեցական տոները Արցախում թաքուն էին նշվում: 1930-ականներից հետո Արցախում փակվել են բոլոր եկեղեցիները․ մարդիկ, իրենց քրիստոնյա համարելով, հնարավորություն չունեյին հաղորդակցվել եկեղեցուն, իսկ Աստծո “եղցիները”, ինչպես Արցախում են ասում, խոնարհվում էին։

Մայրիկս պատմում էր, որ նրա տատիկը, ում հիշողութուններում վառ էր Զատիկի արարողությունները, հավաքում էր թոռներին, ձու էր ներկում, փլավ պատրաստում ու ասում, որ այսօր Զատիկ է:

Մայրս չի հիշում, թե արդյո՞ք տատիկը պատմել է տոնի խորհրդի մասին, բայց հիշում է ներկած ձվերը, եւ այն, որ ոչ ոքի չէին պատմում Զատիկի մասին:

Քրիստինե Ալավերդյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

ՀՀ ԿԲ-ը համաձայնվել է «Ամերիաբանկ»–ի վաճառքին․ իսկ Ռուբեն Վարդանյա՞նը

ՀՀ Կենտրոնական բանկի որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Իինչպես հայտնում են ԿԲ–ից՝ որոշումը կայացվել է խորհրդի մարտի 29-ի նիստում:

Մինչդեռ Ամերիաբանկի հիմնական սեփականատեր համարվող Ռուբեն Վարդանյանը դեռ գտնվում է Բաքվի բանտում եւ, ըստ նրա որդու, ինքը չի ստորագրել բանկը վաջառելու որոշումը։ Դա կասկածի տակ է դնում գործարքի իրավականությունը, քանի դեռ հայտնի չէ Վարդանյանի ճակատագիրը։

Դրանից մեկ օր առաջ Բաքուն հետաձգել է  Արցախի ղեկավարների “հարցազրույցների” հեռաարձակումը, որը նախատեսված էր մարտի 28-ին։ Թեկուզ անոնսում նշված չէր Ռուբեն Վարդանյանի անունը, ակնհայտ է, որ Կենտրոնական բանկի որոշումը ուղիղ կապ ունի Բաքվի որոշման հետ։

Հարցազրույցների հեռարձակման դեմ հանդես են եկել եւ հայկական, եւ միջազգային կառույցներ։ Մասնավորապես, Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։ «Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է, որ նրա եւ մյուսների հանդեպ Բաքուն կարող է “հաշվեհարդար տեսնել”։

Արդյո՞ք նման հայտարարությունը նշանակում է, որ Վարդանյանը հրաժարվել է “հարցազրույցից”, եւ նրա հանդեպ “հաշվեհարդար են տեսել”։ Եւ արդյո՞ք խոսքը վերաբերվում է նաեւ Ամերիաբանկին։

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի պահանջում Արցախի ղեկավարների ազատագրումը բանտից, հակառակը՝ Արցախի “նոր” ղեկավարությանը մեղադրում է Արցախի “հայաթափման” մեջ։ Հիմա ՀՀ կառավարությունը ի դեմս ԿԲ-ի համաձայնություն է տալիս մի գործարքի, որը նույնիսկ անզեն աչքով “փրկագին” է հիշեցնում։

Ի՞նչ կհետեւի այս գործարքից հետո։

Ռուբեն Վարդանյանի գրասենյան այսօր տեսահոլովակ է տարածել, որը պատմում է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանն ուղված Վարդանյանի գործունեությանը: Հատուկ նշվում է, որ 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով  է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը:

Էրդողանը խոստովանել է. Ղարաբաղը Ադրբեջան չէ. Ի՞նչ կասի Հայաստանի խորհրդարանը

«Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույն հաջողությամբ, ինչ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Հատկանշական է, որ Էրդողանը չի ասում, որ քննություն է հանձնել «ադրբեջանում»՝ հստակ ցույց տալով, որ, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, ինքը Ղարաբաղը չի համարում ադրբեջանի մաս։

Բաքուն, փաստորեն, չի ներկայացնում որևէ փաստաթուղթ, ըստ որի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ալիևը խոսում է միայն պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունների և «ինքնապաշտպանության իրավունքի» մասին։

Սակայն միջազգային կազմակերպությունները, չնայած ուժի ապօրինի կիրառման համար պատժամիջոցների չենթարկեցին Ալիեւին, չեն կարող ճանաչել ուժի կիրառման արդյունքում առաջացած իրողությունները։ Հակառակ դեպքում դա պետք է արվի Ուկրաինայի հանդեպ, որտեղ Մոսկվան պահանջում է օրինական ճանաչել Ուկրաինայի մի մասի օկուպացիան։

Այդ պատճառով Բաքուն և Մոսկվան ակտիվացել են՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի՝ Փաշինյանի հետ հանդիպելու մտադրության հետ կապված։ Եթե ​​ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես եղել է 2022 թվականի աշնանից սկսած՝ Պրահայի հանդիպումից հետո, որտեղ ԵՄ-ն սկսեց քարոզել Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա Արևմուտքը կկարողանա «գերազանցել ինքն իրեն». ճանաչել Արցախի հակամարտության ուժային “լուծումը” և տեղ թողել Ղրիմի հարցով Մոսկվայի հետ սակարկելու համար։

Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանը կամավոր հրաժարվի իր պետությունից և տարածքներից, և այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանությունով հաստատված սահմանները կդառնան բացարձակապես «օրինական»։

2022 թվականի աշնանից Հայաստանի վարչապետը «ադրբեջանական» է ճանաչել ոչ միայն Ղարաբաղը, այլև Տավուշի գյուղերը, Սյունիքի Իրան-Հայաստան ճանապարհի մի մասը՝ Հայաստանն անվանելով «խաչմերուկ»։ Մնում է դա ձեւակերպել համաձայնագրի ձեւով, վավերացնել խորհրդարանում, իսկ հետո Էրդողանը կպարծենա, որ Հայաստանում էլ քննությունը հաջող է հանձնել։

Հայաստանի իշխող կուսակցությունը պատրաստ է դա անել, ինչի պատճառով էլ ակտիվացել են «արևմտամետ» տրամադրություններն ու հայկական տարածքների և պետականության դիմաց «շենգենյան վիզաների» խոստումները։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ՀՀ խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասում է, որ չկա փաստաթուղթ, ըստ որի Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ «Այսօր Արցախը էթնիկ զտումների արդյունքում գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ. Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները իրավական կամ իրավաչափ հիմքեր չունեն։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շտապում է ձեռք բերել իրավական փաստաթուղթ, որը կվավերացնի նաեւ ՀՀ Ազգային ժողովը, օրինականացնելու արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը։ Եթե ​​այս ամենին համաչափ ընդդիմություն լինի, մենք միասին ամեն ինչ կկանխենք»։

Ինչպե՞ս կարելի է դա կանխել, եթե Հայաստանի ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չեն պահանջում համաշխարհային հանրությունից չճանաչել Արցախի հակամարտության ուժային “լուծումը” և սկսել նոր «բանակցային գործընթաց»: Նման պահանջի բացակայությունը վկայում է հայաստանյան քաղաքական ողջ սպեկտրի կողմից ռուս-թուրքական-արևմտյան կոնսենսուսի լիակատար աջակցության մասին։

«Դուք լսե՞լ եք, որ  մեր կառավարությունը պաշտոնապես արցախցիների վերադարձի մասին հայտարարի»

«Իրավական դաշտում Ադրբեջանի ռեսուրսներն աստիճանաբար սպառվում են, որովհետեւ ձախողումներ ունեն։ Դա է պատճառը, որ Ադրբեջանն այսօր պահանջում է Հայաստանից հրաժարվել միջազգային բոլոր դատավարություններից, քանի որ մենք այնտեղ ունենք հաջողություններ, որովհետեւ ճշմարտությունը մեր կողմն է»,- այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ առանձին քննարկման թեմա է, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի իշխանությունները հանկարծ որոշեն հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից՝ ապավինելով, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրում» կարող են այդ ամբողջ իրավական պաշտպանության մեխանիզմները սահմանվել։

«Ադրբեջանը ռազմաքաղաքական առավելություն ունի եւ դա է պատճառը, որ պահանջում է, որ մենք հետ վերցնենք մեր իրավական գործերը, քանի որ դա լրջորեն խանգարում է Ադրբեջանին։ Վերջին շրջանում որքան դիմումներ ներկայացնում եմ Եվրոպական դատարանում, առանձին միջնորդում եմ, խնդրում եմ, որ հանկարծ այդ դիմումը չմիացնեն միջպետական գանգատին, որովհետեւ, եթե միջպետական գանգատը հետ վերցնեն, այդ դիմումը կորչելու է։ Իրական վտանգ կա, որ եթե Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ գանգատները հետ վերցնի, իհարկե, պայմանով, որ խաղաղության պայմանագրում բոլոր իրավունքների մեխանիզմները պետք է մշակվեն, բայց նույնիսկ եթե մշակվեն, համաձայնագիր կնքվի, չկա երաշխիք, որ Ադրբեջանն այդ համաձայնությունը կկատարի, մինչդեռ մարդիկ հետո չեն կարող գալ ու ասել՝ հինգ տարի հետո նորից գնանք Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանն այլ ժամկետներ ու ընդունելության ժամկետներ ունի, ուղղակի կարող ենք կորցնել այդ գանգատները։ Դրա համար հեչ ցանկալի չէ, որ Հայաստանն այդ իրավական գործընթացներից հրաժարվի»,- հավելեց Ղազարյանը:

Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքին՝ մասնագետն ասաց, որ ամեն ինչ կախված է մեր ակտիվությունից, Ադրբեջանը չի կարող երկար մանեւրել։ Ըստ նրա՝ վերադարձի իրավունքի մասին արդեն սկսել են խոսել մասնագիտական խմբերը, իսկ Հայաստանի կառավարությունն ընդհանրապես այդ մասին չի խոսում։ «Դուք լսե՞լ եք, որ  մեր կառավարությունը երբեւիցե պաշտոնապես այդ մաիսն հայտարարի, ես չեմ հիշում։ Սա շատ կասկածելի ու տարօրինակ է։ Ենթադրենք, որ կառավարությունն ունի պատճառներ՝ չբարձրաձայնելու որոշ խնդիրներ, բայց քաղաքացիական հասարակությունը, ակադեմիական հասարակություն, մանսագետները պարտավոր են անընդհատ ոչ միայն բարձրաձայնել, այլ նաեւ ինչ-որ մի բան անել»։

Շպագատ, որը հղի է պատռվածքով. ապրիլի 5-ի հանդիպումը կկայանա՞

Մոսկվան և Բաքուն տենդագին փորձում են խափանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որտեղ հայտարարվել էր Բլինքեն-ֆոն դեր Լեյեն-Փաշինյան բանակցությունների մասին։

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և հիշեցրել, որ «Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ»։

Նախաձեռնությունները, ինչպիսիք են Բլինկեն-Փաշինյան-ֆոն դեր Լեյեն հանդիպումը, կարող են նոր սադրանքներ առաջացնել Հայաստանում, որտեղ «ռեւանշիստական ​​տրամադրություններ են գերիշխում», – ասել է նրա Բաքվի գործընկեր Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։

Նա սպառնացել է, որ «տարածաշրջանից հեռու երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը կդանդաղեցնի խաղաղ գործընթացի առաջընթացը»։

Իր հերթին Ալիևի օգնական Հաջիևն ասել է, որ խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ՝ կարծես համոզելով Հայաստանին քայլեր ձեռնարկել «խաղաղության գործընթացում» մինչև ապրիլի 5-ը։ Բաքուն հետաձգել է Արցախի գերեվարված ղեկավարների հետ հարցազրույցների հեռարձակումը։

Հաջիևը նշել է, որ 30 տարի շարունակ բանակցությունները տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող խումբը գործնականում անարդյունավետ է ստացվել»,- նշել է նա՝ այլևս չթաքցնելով այն փաստը, որ առնվազն 2020 թվականից ի վեր Բաքուն և Մոսկվան աշխատել են տանդեմով՝ պաշտոնական Երևանի հետ միասին։ Իսկ ուրիշների թող քիթը չխոթեն։

Ռուսաստանը ԱԳՆ ղեկավարի մակարդակով հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն շփվում ռուսական կողմի հետ, իսկ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ ռուսական բազան և ռուս սահմանապահներին անվանել է Հայաստանի ինքնիշխանության «միակ երաշխավորները»՝ փաստորեն ճանաչելով նրանց օկուպացիոն բնույթը։

Կարծես թե Հայաստանը նույնպես ուրախ չէ ապրիլի 5-ի հանդիպումից, հասկանալով, որ կարող է չդիմանակ ճնշմանը։ Հանդիպումից երկու շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց Տավուշի 4 գյուղերը հանձնելու ոչ պոպուլյար որոշման մասին՝ դա աննկատ ներկայացնելով որպես Արևմուտքի պահանջ։ Նա նաև հայտարարեց, որ չի ճանաչում Արցախի կառավարությունը Հայաստանում՝ «ոգեշնչելով» արցախցիների «ռևանշիստական» բողոքի ակցիաները։ Մյուս կողմից, Նոր Նորքի ոստիկանությունում «ահաբեկչական հարձակում» որակված աննշան միջադեպից հետո այսօր խուզարկություններ են իրականացվել Ազգային ժողովրդական ​​բևեռի խորհրդի անդամների տներում, որոնք արդեն կոշտ հայտարարություններ են արել։ Ավելի վաղ ձերբակալվել էին խորհրդարանական ընդդիմության որոշ կողմնակիցներ, ինչը, ըստ ամենայնի, պետք է «իշխանափոխություն» և անկարգություններ առաջացնեին Հայաստանում։

Բայց Երեւանում, ինչպես Բաղդադում ամեն ինչ հանգիստ է՝ ոչ տավուշցիները, ոչ արցախցիները, ոչ ԱԺԲ-ն ու խորհրդարանական ընդդիմությունը թարսի պես չեն հեղեղում փողոցները։ Բոլորը ուշադրությամբ սպասում են ապրիլի 5-ի հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե Փաշինյանը ինչպես է շպագատ անելու, ինչը հղի է օրգանների պատռվածքով։