Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Օգոստոսի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրությունից, գրում է Ամերիկայի ձայնը:

Սենատորների համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է սովի միջոցով էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նաև զրկելով վառելիքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Սենատորները կոչ են անում ՄԱԿ-ին անհապաղ գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն։

«Ութ ամիս Ադրբեջանն աստիճանաբար խստացրել է շրջափակումը, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի [ամբողջովին] արգելեց մարդասիրական օգնության մատակարարումը, ինչը ծանր հետևանքներ կունենա այնտեղ [Լեռնային Ղարաբաղում] ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ընդգծել են սենատորները։

«Խնդրում ենք աշխատանք տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշում բանեցնելու՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչը, ըստ ապացույցների, վկայում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ [կիրառվող] էթնիկ զտման համակարգված ջանքերի մասին»,- եզրափակել են սենատորները:

Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ։

Սա մեր հողն է, և մեզ ոչ թե հաց է պետք, այլ անխափան կապ մայր Հայաստանի հետ

Արցախում տիրող իրավիճակի և Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Բայրամովը զանգահարել է Լավրովին և նրանք միասին ծաղրել են  ԱԽ-ի առաջիկա նիստը։ «Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել՝ այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարները, ժպտալով, Երևանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անվանում են «քաղաքական քարոզչական ակցիա», որը կխանգարի «կոնկրետ աշխատանքին»։ Իսկ «կոնկրետ աշխատանքը», ըստ երևույթին, Լավրովի առաջարկն է, որի մասին գրել է «Կոմերսանտ»-ը։ Բացել Աղդամից ճանապարհը, թույլ տալ անհրաժեշտ ապրանքները (որտեղի՞ց) հասցնել Ստեփանակերտ, ապա 24 ժամում բացել Բերձորի ճանապարհը, ինչպես պարզվեց, միայն բժշկական տարհանման համար։

Երեկ Արցախում միջանցքի ապաշրջափակման շարժումը փակել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազա տանող ճանապարհը։ Քանի որ ռուս խաղաղապահները հրաժարվում են խաղաղ երթն ուղեկցել դեպի Հակարի կամուրջ՝ Բերձորի միջանցքը բացելու համար: Շարժման մասնակիցներն իրավասու են համարում փակել իրենց հողի վրա գտնվող ռուս խաղաղապահների ճանապարհը, որոնք չեն կատարում այն պարտավորությունները, որի համար այստեղ են:

Շարժման ներկայացուցիչ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերում Ռուսաստանին մեղադրել է հայերի ցեղասպանությանը մեղսակցության մեջ։ «Ձեր գլխավոր հրամանատար Պուտինին ասեք, որ հետագա մահերը և ռուս խաղաղապահների անմիջական համաձայնությամբ կազմակերպված շրջափակման հետևանքները կլինեն նրա խղճի վրա»,- ասել է նա։

Ըստ երևույթին, Բայրամովն ու Լավրովն անարդյունավետ «քաղաքական գործողություններ» կանվանեն նաև Արցախի բնիկ հայերի օրինական իրավունքը՝ տնօրինելու սեփական ճանապարհները, բողոքի ցույցեր կազմակերպելու և ռուս խաղաղապահներից պահանջել իրենց հյուրերի պես պահել, այլ ոչ թե օկուպացիոն զորքերի։

Մոսկվան ու Բաքուն վախենում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, քանի որ ընդունված բանաձևը կարող է առնվազն կոտրել հայերի վզին գրեթե փակված եռակողմ օղակը։ Եթե ​​անգամ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն նշանակվի, և միջազգային կազմակերպությունները մուտք գործեն Արցախ, Մոսկվայի և Բաքվի արատավոր մենաշնորհը կկոտրվի։

Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ բան կախված կլինի հայկական կողմի պահանջներից։ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ բացառապես հումանիտար հարցերի լուծում և «խաղաղության օրակարգ»։ Նա դեռ հետ չի վերցրել իր հայտարարությունը «Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին»։

Բայց Արցախից մեկ անգամ չէ, որ լսվել է՝ մեզ ոչ թե հաց է պետք, այլ անարգել կապ մայր Հայաստանի հետ։ Արցախի նախագահի վերջին հայտարարության մեջ դրվել է քաղաքական նշաձող՝ կարգավորման միջազգային մեխանիզմի և բանակցությունների միջազգային ձևաչափի ձևավորում։

Սա ենթադրում է եռակողմ համաձայնություների սպառում և ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայում, բայց դա տեղի կունենա, եթե Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջադրի հենց այդ պահանջները, ուժ գտնի մեղադրելու Ռուսաստանին ցեղասպանության և սովի մեջ և պահանջի միջանցքի կարգավիճակի միջազգային հաստատում և ՄԱԿ-ի ուժեր։

Արթուր Օսիպյանը Ստեփանակերտի օդանավակայանում. Ռուսաստանը դառնում է ցեղասպանության մեղսակից

Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ուղիղ եթեր է դուրս եկել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից, որտեղ դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովին։

«Ռուսական զորախմբի խաղաղապահները պետք է պաշտպանեին Արցախի անվտանգությունը, սակայն նրանց տեղակայումից ի վեր տեղի ունեցան օկուպացիոն նոր ակտեր, սպանություններ, իսկ Լաչինի միջանցքի շրջափակումը մեր ժողովրդին կանգնեցրեց ցեղասպանության վտանգի առաջ։

Մարդիկ, որոնց առաջարկում են գնալ Երևան բուժվելու, հրաժարվում են, քանի որ խաղաղապահների ներկայությամբ մարդկանց առևանգում են Կարմիր խաչի մեքենայից։

Այն խախտումները, որոնք հակառակորդն իրեն թույլ է տվել, տեղի են ունենում խաղաղապահ զորախմբի թողտվությամբ։

Ասացեք ձեր գլխավոր հրամանատար Պուտինին, որ հետագա բոլոր մահերը, աներևակայելի հետևանքները կլինեն նրա խղճի վրա։ Նա իր խոսքն չպահեց։

Օգոստոսի 4-ին մենք առաջարկեցինք օգնել ձեզ ապաշրջափակել միջանցքը։ Բայց դուք հրաժարվեցիք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը, թեև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պետք է վերահսկի հրադադարը և Լաչինի միջանցքը։ Բայց դուք զինված ադրբեջանցիներին բաց եք թողել այնտեղ, և մեզանից պահանջում եք, որ մենք անցնենք այս միջանցքով առանց զենքի, և հրաժարվում եք ուղեկցել նույնիսկ խաղաղ շարասյունը։

Մեր պահանջն է՝ դադարեցնել անիմաստ հայտարարությունները, թե իբր նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում խաղաղ երթերի ուղեկցում։ Եթե ​​դուք հրաժարվում եք խաղաղ երթի անվտանգությունն ապահովել, եթե չեք կատարում եռակողմ հայտարարությանը, եթե աչք եք փակում Ալիևի ցեղասպան քաղաքականության վրա, ապա Ռուսաստանի Դաշնությունը դառնում է ցեղասպանության մեղսակից»,- ասաց Օսիպյանը։

Նա բոլորին հորդորեց հավաքվել օդանավակայանում և վերջապես լուծել բոլոր հարցերը։

Step1.am-ի հետ զրույցում Արթուր Օսիպյանն ասաց, որ իրենք պահանջելու են, որ խաղաղապահները ապահովեն իրենց երթը դեպի Հաքարիի կամուրջ։

Սխտորաշեն գյուղի պատմության մի հետաքրքիր դրվագ

Սխտորաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում, Կարմիր շուկայից հյուսիս արևմուտք, այժմ անմարդաբնակ, իսկ ահա 1915 թվականի մարդահամարի տվյալներով գյուղն ուներ 900 շունչ։

Անմարդաբնակ այս գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Հին Սխտորաշենից, որը գտնվում էր ներկայիս գյուղից դեպի արևելք։ Հին գյուղատեղիի տարածքում այժմ պահպանված է հին գերեզմանոցը, տների և այլ կառույցների հետքերը և միանավ եկեղեցին:  Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։»), իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք (չափերը՝ 13.7×7× 6մ): Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով: Շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։ Պատերի հաստությունը մինչև 1մ է:

Մուտքը բացվում է հարավ-արևմտյան կողմից (չափերը՝ 130×75սմ): Այն կառուցված է սրբատաշ կրաքարերով, որոնք զարդանախշված են:

Այստեղ՝ աջ կողմում՝ երկու քարերի վրա առկա է մի կցկտուր արձանագրություն, որն ըստ էության մուտքի հետ որևէ առնչություն չունի: Եկեղեցու արևելյան, արևմտյան ու հարավային կողմերից բացվում են մեկական լուսամուտներ, որոնց շրջանակները դարձյալ սրբատաշ քարից են: Սրբատաշ քարերով են կառուցված նաև կիսակլոր խորանի երկու կողմերին բացված մեկական խորշ- պատուհաններն ու մկրտության ավազանը, որի ներսում առկա է պատին ագուցված մի գեղազարդ խաչքար:

Ընդ-որում, հարկ է նշել, որ մկրտության ավազանն արձանագրված է, «… նեի իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերար ողորմեայ ասի»։ Ինչպես տեսնում ենք արձանագրությունը թերի է պահպանված, իսկ շրջակայքում ընկած սալը չգտնվեց։

Արձանագրության ամբողջական տեքստին  հանդիպում ենք Աբրահամ Կիսիբեկյանի « Հուշեր » գրքի առաջին հատորում,  որը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ շարունակությունը համընկնում է արձանագրության առկա հատվածին։ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ԵԳԵՂԵՑԻՍ ԳԻՍՈՒՆԵԻ ԻՒՐ ԾՆՈՂ/ԱՑՆ ՀԱՅՐ ԻՄ ՈՀԱՆԷՆ ՄԱՅՐ ԻՄ ԱԴԻԽԱՆԷՆ ԿՈՂ/ԿԻՑՆ ԻՄ ՄԱՐՈՒՆ Տ[Է]Ր ԲՈՂՈՍԻՆ ՕՎ Կ/ԱՐԴԱՅ ՄԷԿ ԲԵՐԱՆ ՈՂՈՐՄԵԱՅ ԱՍԻ։

Ըստ Կիսիբեկյանի ՝ Հին Սխտորաշենի գերեզմանատանը  կա մամռածածկ մի փոքրիկ գերեզմանաքար, որի վրա արձանագրված է <<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, որը հավանական է նույն եկեղեցին կառուցող Գիսունն է։

<<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, դարձվածքը երկար տարիներ հոլովվում էր մեծահասակ գյուղացիների կողմից։ Դե իսկ Հին ու Նոր Սխտորաշենների զարդը շարունակում է մնալ երկհազարամյա Սոսենին կամ Տնջրին։

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 16-ին կայանալիք նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

Արցախի ԱԳՆ-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված հայտարարությամբ նշել է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»:

Հադրութ քաղաքի և 1-ին ՊՇ օրվան նվիրված հուշ-երեկո

Հադրութ քաղաքի և 1-ին ՊՇ օրվան նվիրված հուշ-երեկոն ավանդաար անցնում է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում։ Այժմ Ստեփանակերտ քաղաքում աշխատող՝ Հադրութի կրթական հաստատությունները հանդես են գալիս մշակութային ծրագրով։ Բոլոր ելույթներում հնչում է վերադարձի հույսը։

“Արդեն 3-րդ տարին ենք նշում Հադրութի վերածննդի և 1-ին ՊՇ կազմավորման օրը Հադրութից հեռու։ Այո այսօր Հադրութը օկուպացված է, կազմաքանդված է հերոսական ուղի անցած 1 ՊՇ-ը, բայց մենք շարունակելու ենք նշել այս պատմական օրը, հանուն մեր քաջորդիների, հանուն մեր հաղթանակների, շարունակելու ենք նշել՝ մատաղ սերնդին ներկայացնելով, որ միասնական հայի դեմ պայքարելը անհնար է”, իր ելույթում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

1992թ․ օգոստոսի 15-ին թշնամին լայնամաշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ, կիռառվում էր թշնամու այն ժամանակվա ողջ ռազմական արսենալը։ Թշնամին գրավել էր մարտավարական առումով կարևոր նշանակություն ունեցող բարձունքները։ Սակայն մեր հերոս տղաների արժանի հակահարվածը չուշացավ, ինչի արդյունքում թշնամին ջախջախիչ պարտության մատնվեց և հետ շպրտվեց հադրութի մատութցներից, ասել է նա։

Օգոստոսի 15-ը հրչակվեց Հադրութի վերածննդի, ինչպես նաև 1-ին ՊՇ-ի կազմավորման օր։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ ՊՇ-նի մարտիկները կատարել են առվելագույնը մի քանի անգամ տեխնիկապես և քանակական առումով գերազանցող թշնամուն կանգնեցնելու համար, անգամ շրջափակման մեջ նրանք շարունակեցին պաշտպանել իրենց վերապահված մարտական դիրքերը։

Հոկտեմբերի 28-ին ՊԲ հրամանատարությունը որոշեց դուրս բերել ՊՇ-ի անձնակազմը շրջափակումից, որից հետո մեր տղաները մասնակցեցին Մարտունու, այնուհետև նաև Շուշիի մարտական գործողություններին։ Խոնարհվում եմ ՊՇ նի ողջ անձնակազմի առջև, խոնարհվում եմ մեր զոհված ազատամարտիկների ծնողների, եղբայրների և քույրերի առջև, խոնարհվում եմ նրանց կանանց և երեխաների առջև իրենց կատարած հայրենանվեր ծառայության համար, ասել է Սավադյանը։

“Մենք բոլորս մի նավի մեջ ենք, մեկ խնդիր ունենք և պետք է մի մեխի խփենք երկիրը փրկելու համար։ Այսօրվա դառը իրականության պատճառներից է ՀՀ վարչապետի Արցախը ադրբեջանի կազմում ճանաչելու դավաճանական հայտարարությունները, ինչի հետևանքով իրավիճակը էլ ավելի ծայրահեղ դարձավ։ Թշնամին այս արտահայտության ֆոնին հարցը լուծված է համարում, սակայն Փաշինյանը շարունակում է պտտել ջարդված սկավառակը։ Այդ անտրամաբանական խոսքերը տեղիք են տալիս պատասխանատվությունից խուսափել ՌԴ ղեկավարությանը, որը խաղաղապահ զորախումբի պարտականությունների չկատարումը հիմնավորում է ՀՀ վարչապետի ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ, այս մասին բազմիցս են բարձրաձայնել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Սակայն դա չի արդարացնում ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործությունը։ Սկսած 2020թ․ նոյեմբերի 9-ից առ այսօր վիրավոր Արցածից՝ իրենց թողտվությամբ, գրավվեց Խցաբերդ, Հին Թաղեր և Փառուխը, Լաչինի միջանցքում, որը ըստ եռակողմ փաստաթղթի պետք է լիներ իրենց վերահսկողության ներգո․ ունեցանք զոհեր, առևանգվեց Արցախի խաղաղ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը, 120000 հայ հայտնվել են սովամահության եզրին, և հարց է առաջանում, սա՞ է Վլադիմիր Պուտինի խոստացած արժանապատիվ կյանքը”, ասել է Սավադյանը։

Մի քանի անգամ ծանր իրավիճակում ենք հայտնվել մենք՝ հադրութցիներս, կորցնելով ամեն ինչ, մենք շարունակում ենք ապրել մեր հայրենիքում, և սա պայմանավորված չե Արցախից դուրս բնակվելու անկարողությամբ կամ դժվարությամբ, այլ պայմանավորված է մեր հայրենասիրությամբ, հավատքով, նվիրվածությամբ հարազատ հողին և մշակույթին, ասել է նա։

 

Սավադյան. Հադրութ՝ տարաձայնությունների ու դավաճանությունների զոհ

«Հաղթանակներ ստեղծելու համար պետք է ազգովի պայքարել, պայքարել ոչ թե խոսքով ու կեղծ կարգախոսներով, այլ որդեգրելով 90-ականների միասնությունն ու վճռականությունը։ Ծնունդդ շնորհավոր, ի՛մ անկրկնելի Հադրութ, տարաձայնությունների ու դավաճանությունների զոհ։ Շնորհավո՛ր տոնդ, հերոսական ուղի բռնած, բայց դավաճանաբար ցրված զորամաս, խոնարհվում եմ քո հերոսների առաջ»,- Հադրութի և Առաջին պաշտպանականի օրվա կապակցությամբ գրել է Հադրութի  քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութ քաղաքը և Հարդութի շրջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Մոտ 15 հազար մարդ դարձել են  ներքին տեղահանվածներ։

Step1.am-ի հետ զրույցում Հադրութի քաղաքապետը նշել է, որ Հադրութի բնակիչների մեծ մասը վարձու բնակարանների և աշխատանքի բացակայության պատճառով չի վերադարձել Արցախ, սակայն «մենք չենք կորցնում հույսը, որ կլինի Հադրութի և շրջանի դեօկուպացիան, նրա բնակիչներից յուրաքանչյուրը պատրաստ է վերադառնալ հայրենի քաղաք, և դրանք միայն խոսքեր չեն: Ես դա լսում եմ ամեն անգամ հանդիպումների ժամանակ, հադրութցիների հետ զրույցներում»:

Վահան Սավադյանն ասաց, որ Հադրութ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է Արցախում։ «Արցախում նրանց վիճակը մի քանի անգամ ավելի վատ է, քան սովորական ստեփանակերտցիների, քանի որ տանտերերի և հյուրանոցատերերի քմահաճույքով ստիպված են անընդհատ փոխել բնակարանները։ Երկրորդ խնդիրը հոգեբանական է՝ մարդիկ կորցրել են ամեն ինչ, վերադարձել են Արցախ՝ հույսով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց, ցավոք, մեծ խնդիրների առաջ են կանգնել։ Շրջափակման պատճառով դադարեցվել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց համար բնակարանաշինության ծրագիրը՝ շինանյութ չկա, իսկ հադրութցիներից շատերը դարձել են գործազուրկ։ Այս տարիների ընթացքում բնակարան է ստացել միայն 24 ընտանիք՝ չհաշված զոհվածների ընտանիքները։ Ցավոք սրտի, հիմա քաղաքապետարանը բյուջե չունի, եթե ֆինանսապես օգնում ենք, ապա բարերարների միջոցով, բայց նրանք հաճախ չեն գալիս»։

Շրջափակման պատճառով բաժանված ընտանիքներ

Արցախի առողջապահության նախարարության խնդրանքով ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտից Հայաստան տարհանել «Հանրապետական ​​բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հեմոդիալիզ ստացող հիվանդներին։ Բայց հիվանդները, հեռանալով, ստիպված են լքել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին՝ հույս ունենալով, որ շրջափակումը կվերջանա և իրենց բաժանված ընտանիքները կմիավորվեն։

Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հեմոդիալիզով հիվանդներին տարհանում են Արցախից՝ մահացու ելքից խուսափելու համար՝ տոտալ շրջափակման հետևանքով առաջացած անհրաժեշտ բժշկական պարագաների աճող պակասի պատճառով։

Ընդհանուր առմամբ, հեմոդիալիզ անցնող 41 հիվանդից 29-ն արդեն ուղարկվել է Հայաստանի բուժհաստատություններ բուժումը շարունակելու համար, իսկ 10 հիվանդ կտրականապես հրաժարվել է Երեւան գնալ։ Հիմնական դեղերի և սարքավորումների սահմանափակ հասանելիության պատճառով, նույնիսկ խիստ խնայողության պայմաններում, դրանք կհերիքեն երկու շաբաթ։

Այնուամենայնիվ, կա եւս մեկ խնդիր. Հայաստան գնալուց հրաժարված հիվանդներն այս որոշումը կայացրել են մի քանի պատճառներով, եւ իմնական պատճառը ընտանիքից բաժանվելուց հրաժարվելն է։ Չէ՞ որ հեմոդիալիզը ցմահ պրոցեդուրա է, իսկ բուժման մեկնողներն այստեղ են թողում իրենց ընտանիքներն ու երեխաներին ու չեն կարող վերադառնալ, քանի դեռ Քաշաթաղի (Լաչին) միջանցքը արգելափակված է։

Մարտակերտի շրջանից Սեւակ Ավանեսյանը 2004 թվականից տառապում է երիկամային անբավարարությամբ։ Շրջափակման՝ տրանսպորտի և դեղերի բացակայության պատճառով Արցախում նրա բուժումը խնդրահարույց է դարձել։ Առողջապահության նախարարությունը նրան ուղարկել է Երևան՝ բուժվելու, նրա հետ գնում է կինը՝ խնամելու։ Իսկ երկու որդիները՝ ութ և չորս տարեկան, մնացել են նրա ծնողների խնամքին։ Ավանեսյանի կինն ասում է, որ ամուսնու կյանքը գոնե հանուն երեխաների պետք է փրկել, իսկ կինն իսկապես հույս ունի, որ միջանցքը կբացեն, ինքն ու ամուսինը կվերադառնան տուն եւ կգրկեն երեխաներին ու հարազատներին։

Տիկին Նինան ամուսնուն ուղեկցում է Երևան։ Երեխաներին թողել են հարազատների խնամքին. «Մենք ստիպված ենք գնալ, քանի որ ամուսնու վիճակը գնալով վատանում է։ Առողջապահության նախարարությունից պնդում էին, որ ամուսնուս կյանքին վտանգ է սպառնում, ուղղակի ելք չունենք։ Քանի որ Երեւանում հարազատներ չունենք, որոնք կարողանային խնամել ամուսնուս, ստիպված եմ նրա հետ գնալ։ Ես չեմ ուզում, որ սա ամիսներով ձգձգվի. մեր երեխաները այստեղ են մնալու: Բայց մենք հեռանում ենք այն հույսով, որ Արցախի շրջափակումը կվերջանա, ինչպես նախկինում, կներկրվեն անհրաժեշտ դեղերն ու սարքավորումները, և բոլոր հիվանդները կվերադառնան բուժվեն, իսկ ընտանիքները կմիանան»:

Հադրութ․ Մենք անպայման կվերադառնանք և կվերադարձնենք քո փառքը

30 տարի առաջ այս օրը որոշվեց Հադրութի լինել-չլինելու հարցը։

Երկու անտառային բլուրներից ադրբեջանցիներով շրջապատված քաղաքում այդ օրը շատ խաղաղ բնակիչներ կային։

1992 թվականի օգոստոսի 15-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակման է անցել։ Ադրբեջանցիների թիվը մի քանի անգամ գերազանցում էր մեր տղաների թվին։

Այդ օրը Հադրութի վրա ավելի քան 1200 հրթիռ ու արկ է ընկել՝ չհաշված օդային ռումբերը։ Քաղաքի բնակչությունը չի կարողացել նույնիսկ «քիթը հանել» նկուղներից։

Թեժ մարտեր են մղվել Խորհատ բլրի վրա և Մելիքաշեն գյուղի մոտ գտնվող դիրքերում։ Մեր տղաների փոքրաթիվ ջոկատները կռվել են մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական ստորաբաժանումների դեմ։ Հադրութը որոշեց մնալ ու ապրել այն պայմաններում, երբ օկուպացված էր Արցախի տարածքի 60%-ը (Մարտակերտի շրջան)։

Ցավոք, ոչ բոլոր տղաներն են վերադարձել… Փա՛ռք նրանց քաջարի հոգիներին։ Փա՛ռք մեր ողջ մնացածներին ու մոռացված նախկին զինվորներին ու հրամանատարներին։

Ցավոք, արդեն երրորդ տարին է, ինչ հադրութցիները նշում են Քաղաքի օրը Արցախի և Հայաստանի տարբեր վայրերում, որտեղ ապաստան են գտել 2020 թվականի պատերազմի հետևանքով շրջանի օկուպացիայից հետո։

Հադրութի իսկական պաշտպանները երբեք չեն պարծենում ու այսօր էլ ի ցույց չեն դնում իրենց սխրանքը։ Նրանք ապրում են բարձր արժանապատվության զգացումով, որ կատարել են իրենց պարտքը սերունդների հանդեպ, ոչինչ չեն խնայել, որպեսզի Հադրութն ու ողջ Արցախը կարողանան ազատ ապրել։ Ցավոք սրտի, կային ուժեր, որոնք ավերեցին մեր քաղաքը։

Ավաղ, հենց այս օրերին, երբ Արցախը բաժանված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև, շատերը սկսում են գիտակցել Հադրութի դերը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ Բացի այն, որ Հադրութը ազատության խորհրդանիշ էր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման նախաձեռնող, ՄԻԱՑՈՒՄԻ գաղափարախոս, Հադրութի շրջանը  նաև Արցախի հացի մատակարարն էր։

Անվերջ հացահատիկի արտերը, բերրի այգիներն ու բազմաթիվ ջերմոցային տնտեսությունները, անասնաբուծական ֆերմաները, մեղվանոցները  ապահովում էին Արցախի գրեթե ողջ պարենը:

Կգա ժամանակը, և իրական պատմությունը կհասնի գալիք սերունդներին: Ես գիտեմ, որ Արցախի ժողովուրդն ապրելու է ուժեղ, զարգացած, քաղաքակիրթ երկրում, որտեղ կգերակայեն օրենքը և արդարությունը։

Շնորհավո՛ր տոնդ, մեր հայրենի Հադրութ!!! Մենք անպայման կվերադառնանք և կվերադարձնենք Ազատության խորհրդանիշի քո վաղեմի փառքը։

Մարգարիտա Քարամյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 15-ին ժամը 12:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արցախը Հայաստանից հստակ դիրքորոշում է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Արցախում տիրող իրավիճակին և Բերձորի միջանցքի շրջափակմանը նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին։

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի նամակում հիմնականում ներկայացվել են շրջափակման մարդասիրական հետեւանքները՝ առանց քաղաքական ու իրավական պահանջների։ Սա շատ փորձագետների առիթ տվեց թերահավատորեն վերաբերվել նիստի արդյունքներին: Վերլուծաբաններն ասում են, որ ամեն ինչ կախված է հայկական կողմի դիրքորոշումից։

Ի պատասխան Step1.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Արցախը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիրքորոշումից, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասաց.

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պատշաճ կերպով կներկայացնի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կանի հնարավոր ամեն ինչ՝ այլ երկրների հետ միասին, որ ընդունվի մի այնպիսի բանաձև, որը կսահմանի գործնական քայլեր և միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը։ Մենք Երեւանին տվել ենք սրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Վթարից զոհված Հելեն Դադայանն Արցախից էր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։

«Հիմա Երևանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախը տեղափոխելու համար։ Ընտանիքն ուզում է Արցախում հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռևս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրա հետ  չի հաշտվում։ Ինն ամիս չի կարողացել գնալ ընտանիքի մոտ, գոնե իրավունք չունի՞ այնտեղ հուղարկավորվելու»,- նշեց մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակի իր խնդրանքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորվել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։