ՀՀ-ն չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան

Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ըստ էության, հերքելով ադրբեջանական կողմին։

Բաքուն, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, շարունակում է պնդել, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։

Արտգործնախարար Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, որը ադրբեջանական կողմը փակ է պահում դեկտեմբերի 12-ից։

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։

Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի, և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է», – ընդգծել է նա:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումները վերահաստատում են հայկական կողմի այս դիրքորոշումը։

Չնայած այդ որոշումներին, Ադրբեջանը ոչ միայն չի բացել կամ ապահովել Լաչինով ազատ տեղաշարժը, այլև Հակարիի կամրջի վրա սեփական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Նաև ԿԽՄԿ-ն է ահազանգել՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմել է Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։

Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Արցախ ուղարկվող բեռնատարները երեկ բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել են ապրանքատեսակներին, սակայն դրանք դեռևս Արցախ չեն հասել։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը

Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Բաքվի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը։

Փարիզն իր ամբողջական աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Ֆրանսիան Բաքվին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

«Եվրոպական միության հետ համատեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ։

Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին) որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.
📍Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.
📍Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.
📍Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.
📍 Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:
ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։
📍Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։
📍 Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը, 2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։
📍 Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։
📍Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի և էլեկտրականության մատակարարումը:
📍2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
📍2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:
📍Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։
📍Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:
📍Հետապնդելով Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։
📍Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.
📌Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,
📣ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է
ՄԱԿ-ի անդամ պետություններին և
📣ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
📍 Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.
📍Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.
📍Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։
«___27__»___Հուլիսի___2023 թ․
ք. Ստեփանակերտ

Սերը, հայկական ֆուտբոլը և Արցախի «ԶԱԳՍ»-ը

Նկարում Արմանը և Ամելին են՝ Արմանը Երևանից է, իսկ Ամելին` Արցախի Աշան համայնքից։

44 օրյա պատերազմից հետո որոշել են միասին տեղափոխվել Արցախ դասավանդելու, այն ժամանակ դեռ չգիտեին, որ մոտ ժամանակներում ընկերություն են անելու, իսկ 2023 թ․ հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականի վերնաշապիկներով ամուսնանալու են շրջափակված Արցախում։ Խոստովանում են, որ այս երկու տարիները բավականին դժվար էին․ Ամելին դասավանդում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում, իսկ Արմանը Մարտակերտի շրջանի Հաթերք համայքում։

Գյուղերի միջև հեռավորությունը մոտ 30 կմ էր, անձնական մեքենա չկար, հանրային տրանսպորտ ևս, և Արմանը ավտոստոպով ամեն ուրբաթ ուղևորվում էր դեպի Կոճողոտ, իսկ կիրակի վերադառնում Հաթերք։ Հետո, ինչպես Ամելին է ասում, սկսվեց «կյանք վարժապետանց»-ը՝ հետաքրքիր, արկածային, բայց և դժվար ու պարտավորեցնող, որը անհնար կլիներ հաղթահարել, եթե միմյանց չօգնեին։

Այդ ընթացքում նաև անձնական մեքենա ձեռք բերեցին, բայց դե․․․սկսվեց շրջափակումը և փորձությունների մի նոր փուլ՝ վերադարձավ հին և բարի ավտոստոպը։

Եվ ահա հետ նայելով և հասկանալով, թե ինչքան դժվարություն, ուրախություն, տխրություն և արկածային օրեր են ունեցել միասին, հարց են տվել միմյանց «զադերժկան ինչումնա՞» (հետաձգելու իմա՞ստը) և որոշեցին ամուսնանալ հենց շրջափակման պայմաններում՝ Հայաստանի հավաքականի շապիկներով, հարսանիքից 1 ժամ առաջ գնված մատանիններով, 2500 դրամով վարձով վերցված հարսի քողով ու լիքը լիքը սիրով։

Մենք գիտենք, որ գրեթե բոլորին հետաքրքիր է, թե ինչի ավանդական հարսանեական հագուստին Ամելին ու Արմանը նախընտրեցին Հայաստանի հավաքականի վերնաշապիկները, որոնք ի դեպ գնվել են 2008թ․ Հայաստան-Թուրքիա խաղից հետո։ Հարցի պատասխանը շատ կարճ է՝ սերը դեպի ֆուտբոլ։

Հայ փախստականները պահանջում են ապահովել վերադարձն իրենց տներ՝ ՄԱԿ խաղաղապահների երաշխավորությամբ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 26-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։

Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում։

Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում  միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին  մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։

Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները, միջազգային երաշխավորների միջնորդությամբ։

Ռուսաստանի Դաշնությանը  հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։

ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:

Ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը:

 

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ                                                              Մ․ Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ                                                                            Լ․ Հայրիյան

«Վերադարձ Քարվաճառ» ՀԿ                                                                 Դ․ Եղիազարյան

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ                                                                    Վ․ Կարապետյան

«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ                                                                    Կ․ Մովսիսյան

Շուշիի կանանց «Հարմոնիա» ՀԿ                                                          Ջ․ Առուստամյան

 

 

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. Ֆրենկ Փալոն

Մեր աչքի առաջ տեղի է ունենոմ Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:

«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», – գրել է պաշտոնյան։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։

Անզեն բանակ ենք դառնալու. Արթուր Օսիպյանը հայտարարեց կոնկրետ քայլերի մասին

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, Միջանցքի ապաշրջափակման շարժման շտաբի նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարեց կոնկրետ քայլերի մասին։

«Հիմա, երբ Կոռնիձորի մոտ մարդասիրական բեռներ են կանգնած Արցախի համար, Արցախի կառավարությունը պետք է զանգվածային երթ կազմակերպի դեպի միջանցք։ Սա պետք է անի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, բայց նա համարձակություն չունի»,- իր ալիքում ուղիղ եթերում ասել է Արթուր Օսիպյանը։

Նա հայտարարեց, որ գտել են մեքենա, վառելիք, հիմա գնում են Մարտունի, Կարմիր շուկա, Ճարտար՝ հավաքելու մարդկանց, ովքեր համաձայն են շարունակել անզեն պայքարը։ «Ստեփանակերտում նման մարդիկ քիչ են, միջոցառումների գնում են միայն հրահանգով։ Իսկ մենք գնում ենք ոչ թե հանրահավաքի, այլ կոնկրետ քայլերի համաձայնեցման։ Մենք պետք է դառնանք կազմակերպված անզեն բանակ»,- ասաց Արթուր Օսյայանը։

Նա ասաց, որ Լավրով, Միշել, դա բոլորովին կապ չունի։ Արցախում 120.000 արցախցի կա շրջափակման մեջ, ևս 30.000-ը՝ Հայաստանում, նույնպես շրջափակման մեջ, քանի որ չեն կարողանում տուն հասնել։ Եվ կա միջանցք, որտեղ կանգնած են ադրբեջանցիներն ու ռուսները։ «Եթե կարողանանք մեր խնդիրները լուծել, կանենք, ոչ, հետևանքները աղետալի կլինեն։ Մենք փախստական ​​ենք դառնալու և ստիպված ենք լինելու նույն ճանապարհով գնալ մեր երեխաների և մեր ընտանիքների հետ»,- ասաց Օսիպյանը։

Նա կոշտ քննադատության է ենթարկել Գուրգեն Ներսիյանին Շարժումը “հարամելու” համար։ «Գուրգեն, ավելի լավ է հրաժարական տաս, այլ ոչ թե հանրահավաք-համերգներ կազմակերպես, ոչ մեկին պետք չէ քո դատարկաբանությունը։ Եթե ​​հիմա չգործեք, վաղը ուշ կլինի»,- ասաց Օսիպյանը։

Արցախում կոշտ կպայքարեն ապրանքը թանկացողների դեմ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳՆԻՑ ԲԱՐՁՐ ԳՆՈՎ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՎԵՐՑՎԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՆՈՎ ԻՐԱՑՎԵԼՈՒ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով:
Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի կարգավորման հասնել հնարավոր չէ:
ԱՀ կառավարության կողմից հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:
Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք:
Այսօրվանից սկսվելու է այդ գործընթացը, որի ընթացքը վերահսկելու եմ անձամբ ես:
Արցախում իրավիճակը կարգավորվելուց հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման, ոչ ոք թող չկասկածի դրանում, թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել:

Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի սկզբին Բելառուսում պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փրկարար ստորաբաժանումների հատուկ զորավարժություններին։ «Սկալա-2023» կոչվող այդ վարժանքում ռադիացիոն վթարի հետևանքները վերացնելու գործողություններ են կատարվելու։

«Հայաստանի մասնակցությունը «Սկալա-2023» զորավարժություններին նախատեսված չէ», – ռուսական «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը պատասխանել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից՝ որպես պատճառ նշելով նախարարության փրկարական ծառայությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը:

Այդ զորավարժությունները Բելառուսում անցկացվելու են սեպտեմբերի 1-6-ը։

Բորել. Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ

Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք, հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում Բորելը շեշտում է, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին», – ասված է հայտարարությունում:

«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», – ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

Բորելը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից, շեշտում է Բրյուսելը:

«Եվրամիությունը և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում: Պահանջվում է նաև բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի ու փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», – ասված է Եվրամիության բարձր ներկայացուցչի հայտարարությունում:

Մարդասիրական բեռը արգելափակվել է Հաքարի ապօրինի անցակետում․ Բաքուն վախեցավ ամպիցիլինից

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնող մարդասիրական օգնությամբ բեռնատարները կմնան Կոռնիձորի մերձակայքում գտնվող սահմանային գոտում, քանի դեռ ռուս խաղաղապահների պատասխանը չի ստացվել։

«Մենք կապ հաստատեցինք ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների տեղափոխումը կազմակերպելու համար, այս պահին դեռ հստակ պատասխան չունենք»։

Հայաստանի առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ընդգծել է, որ մարդասիրական բեռը պարունակում է մեծ քանակությամբ դեղամիջոցներ, սակայն դա կօգնի միայն որոշակի չափով աջակցել Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգին։ Ըստ Նազարյանի՝ դեղերի ծավալը մոտ 9 տոննա է, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից նվիրաբերված մեկ տոննա դեղամիջոց։

Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միայն մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 360 տոննա կենսական սննդամթերք»,- գրել է նա։

Բեռը սպասում է անցման Հաքարի կամրջի մոտ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ավտոշարասյունին օգնությամբ անցնել.

Լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «հումանիտար օգնության» քողի տակ և առանց Բաքվի հետ համաձայնեցնելու հայկական կողմից շարասյունների ուղարկումն “Ադրբեջանի ինքնիշխան տարածք” ոտնձգություն է տարածքային ամբողջականության դեմ եւ հերթական սադրանքն է Լաչինի սահմանակետի դեմ։

«Երևանը չի կարող մարսել Լաչինի սահմանային անցակետի գոյությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից՝ իր սահմանները վերահսկելու և Հայաստանի կողմից սադրանքները կանխելու համար», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Բաքուն հիշեցրել է Աղդամով և այլ այլընտրանքային ուղիներով ճանապարհն օգտագործելու առաջարկի մասին՝ «հայ բնակիչների կարիքները բավարարելու համար, որոնց աջակցել են Եվրոպական միությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», իսկ մերժումը համարվել է «քաղաքական շանտաժ»:

«Բացի մարդասիրական գործունեության քաղաքականացումից, Հայաստանի այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին նրա հայտարարություններին։ Հայաստանում ԵՄ առաքելության և դիվանագիտական ​​կորպուսի ներգրավվածությունը վերոնշյալ սադրանքին որպես գործիք ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված գործողություն էր։ Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Հայաստանի կողմից նման սադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ոչինչ չունի ավելացնելու Նիկոլ Փաշինյանի նախօրեին ասուլիսում արված հայտարարություններին։ «Վարչապետը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ այս թեմային՝ նշելով, թե ինչ են քննարկել Բրյուսելում՝ այս համատեքստում անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Սրան ավելացնելու ոչինչ չկա»,- ասաց Բաղդասարյանը։

ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Լեռնային Ղարաբաղի համար անհրաժեշտ ապրանքները առաքվեն Աղդամի ճանապարհով, իսկ Հայաստանը՝ մարդասիրական բեռներ ուղարկելով  Լաչինի միջանցք, խախտում է գործարքը»։ Մարուքյանն ընդգծեց, որ Հիքմեթ Հաջիևը ստում է, նման պայմանավորվածություն չի եղել։

Մարուքյանը նշեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միայն հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Աղդամի երթուղու երկայնքով։

«Տեսեք տարբերությունը. սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանագիր ներկայացնելը լրիվ սուտ է։ Հայաստանը այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական բեռը ներկայումս գտնվում է սահմանային գոտում, իսկ մինչ այդ՝ հայկական Կառավարությունն ուղարկել է ևս 500 տոննա բեռ, սակայն այդ բեռը նույնպես Գորիսի պահեստներում է, քանի որ միջանցքով հնարավոր չէր անցնել։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի «տերերից» է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Կա Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապ է պահպանում Հայաստանի հետ, եւ դա հաստատվել է Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ»,- ասաց նա։

«Մենք ասում ենք, որ բեռնատարները հասել են սահմանային գոտի, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կարող են վերցնել բեռը և հանձնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սրանք մեր քայլերն են, և մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այլևս չի կարող ինչ-որ բան բռնել մեր քայլը սադրանք անվանելու համար, և հիմա ասում են, որ Բրյուսելում մենք պայմանավորվել ենք Աղդամի ճանապարհի շուրջ։ Սա ակնհայտ սուտ է։ Կարծում եմ, որ Շառլ Միշելի գրասենյակը նույնպես պետք է արձագանքի այս ստին, քանի որ դա հիմնված է Շառլ Միշելի հայտարարության վրա»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գտնվում է Սյունիքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ և հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Կառավարության կողմից կազմակերպված մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաների շարասյունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ժամանել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հաքարի կամրջի մոտ, երբ Եվրոպական միության դիտորդական առաքելության չորս մեքենաներից բաղկացած շարասյունը մոտեցել է ավտոշարասյունին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ իրենք տեղյակ են, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է մարդասիրական բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

«Մենք եկել ենք այստեղ՝ Հաքարի կամուրջ՝ տեղում դիտարկելու զարգացումների ընթացքը: Ինչպես դուք, մենք նույնպես չգիտենք, թե արդյոք ադրբեջանական կողմը թույլ կտա մարդասիրական բեռներով մեքենաներն անցնել Լաչինի միջանցքով և գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ որ լինի, մենք դրա մասին մանրամասն կգրենք մեր զեկույցում»,- շեշտեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։

Նա հավելեց, որ իրենք երկար ժամանակ հետևում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք իրականացնում ենք բացառապես քաղաքացիական դիտարկումներ։ Մենք պարբերաբար այցելում ենք սահմանամերձ բնակավայրեր, որոնք գտնվում են հակամարտության գոտում մոտ։ Մենք Բրյուսելին զեկուցում ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այստեղ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և նպաստում ենք այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին։ Սա է մեր հիմնական խնդիրը»,- ասաց նա։

Կոշտ պատասխան Լավրովին Արցախից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին Արցախի ղեկավարություն արձագանքը բավականին կոշտ էր։

Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոսկովյան հանդիպման արդյունքներն անընդունելի են Արցախի համար։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բոլոր ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը կատարելու համար և անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման  հարցով»,- ասաց Հարությունյանը։

Պետական ​​նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ «անտանելի է դառնում Ռուսաստանի Դաշնության մոտեցումը, որն անընդհատ արդարացնում է իրեն և օբյեկտիվ լուծում չի տալիս ստեղծված աղետալի իրավիճակին»։

Լավրովի հայտարարությունն այն մասին, թե «հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», – մեկնաբանել է Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվո՞ւմ են արդյոք երկխոսության գնալու հարցով դիմել Արցախին։

“Բայց «առանց երրորդ կողմի ոչինչ չի կարող լինել, իսկ երրորդ կողմ ասելով նկատի ունենք հստակ միջազգային մեխանիզմ, որում կարող են լինել մի քանի պետություն, այլ ոչ թե մեկը։ Նույն Սերգեյ Լավրովն ինքը կարող է աշխատել հստակ մեխանիզմ ստեղծելու վրա, իսկ միայն խոսքեր պետք չեն»,- ասաց Հարությունյանը։

«Մեր կարծիքով, այն հարթակը, որի վրա մենք ուղղակիորեն բանակցելու ենք Բաքվի հետ, նույնպես պետք է դառնա ապագայում պարտականությունների կատարման միջազգային երաշխավորը»,- ասաց Հարությունյանը։

Վաղը տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Արդեն հայտնի է, որ լինելու է խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը։

Խորհրդարանը նաեւ կոչ է պատրաստում, և, դատելով քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններից, դա կլինի Լավրովի առաջարկների պատասխանը։

Լավրովի երեկվա հայտարարությամբ Ռուսաստանը բացահայտեց իր բոլոր հաղթաթուղթերը, և պարզ դարձավ, որ Մոսկվան առաջարկում է հենց այն, ինչ ասում է Բաքուն։ Արցախի ղեկավարությունն այլեւս փաստարկներ չունի՝ արդարացնելու Ռուսաստանի դիրքորոշումն ու սեփական անգործությունը։ Որովհետև Լավրովի պլանի համաձայն հաջորդ քայլը՝ խորհրդարանի լուծարումն է և ՊԲ զինաթափումը։

Ադրբեջանը չի կարող պահանջել լուծարել պետական ​​կառույցները, Արցախի պաշտպանության բանակը. «Արցախի իշխանությունները բազմիցս բացառել են, որ նման վերջնագրերի տակ չեն ստորագրի։ Մենք, ունենալով պաշտպանական մեխանիզմներ, ամեն օր ճնշումների ենք ենթարկվում Բաքվի կողմից, իսկ թե առանց դրա ինչ կլինի, պարզ է»,- ասաց պատգամավոր Հարությունյանը։

Արցախի ղեկավարությանը մնում է մեկ տարբերակ՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի համանախագահներին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները վերսկսելու և Արցախում միջազգային խաղաղապահ զորքեր տեղակայելու պահանջով։ Ակնհայտ է, որ եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսում է «Ադրբեջանի օրենսդրության, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների շրջանակներում՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման մասին», ապա ռուս խաղաղապահները գործելու են բացառապես այս պլանի շրջանակներում։