Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները:

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Ռուսաստանը պայմաններ է առաջ քաշել. Ռուբեն Վարդանյանը Հայաստանին հանել է բանակցությունների ձևաչափից

Ռուսաստանը վերջապես ասաց, թե որ դեպքում «եռանդուն» կդադարեցնի հումանիտար ճգնաժամը Արցախում

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստում հայտարարեց, որ «մենք ելնում ենք այն փաստից, որ համաձայնագրի անբաժանելի մասը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) պետք է լինի… Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ իրականացումը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մեկնարկը”։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ եռանդուն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը», – ասել է ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։

Այս հայտարարությունն ուղղակիորեն համադրվում է այն հայտարարությունների հետ, որոնք հնչում են Արցախի տարբեր ուժերի ներկայացուցիչների շուրթերից։ Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Հայաստանին «անհապաղ» դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու պահանջով։

Ռուբեն Վարդանյանն էլ ավելի հեռուն գնաց և Հայաստանին դուրս մղեց բանակցությունների ձևաչափից՝ պահանջելով նոր եռակողմ համաձայնագրի ստորագրում «Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան»։ Միաժամանակ նա հայտարարեց նաև, որ Արցախում կարող են լինել կա՛մ միայն ռուս խաղաղապահներ, կա՛մ նաեւ չինական։

Ռուս և արցախյան «դիվանագետները» նման զարգացման մասին սկսեցին խոսել բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո, որտեղ Բաքուն, Նիկոլի ձեռմամբ /Արցախը Ադրբեջանի մաս է/, միտումնավոր մաքսիմալ ու անիմաստ պահանջներ առաջ քաշելով, խափանեց բանակցությունները։ Հենց տանդեմի ճնշման ներքո Շառլ Միշելը հայտարարեց «Աղդամով անցնող ճանապարհի» մասին, Հայաստանի կողմից Ադրբեջանի, այդ թվում՝ Արցախի «տարածքային ամբողջականության» ճանաչումը և այլն։ Սա, իհարկե, բացասական վերաբերմունք առաջացրեց Արցախում, և բոլորը «ուրախությամբ» վերադարձան ռուս-թուրքական հուն՝ ակնկալելով Ռուսաստանի «եռանդուն ջանքերը»։

Ինքը՝ Փաշինյանը, բրյուսելյան հանդիպումից հետո ասաց, որ «չի կարող ներկայացնել եռակողմ հանդիպման կոնկրետ արդյունքները»։ Միջանցքը չհաջողվեց բացել, հնարավոր չեղավ պայմանավորվել կոմունիկացիաների ու սահմանազատման մասին։

Բայց եթե համաձայնություն չկա, ուրեմն ի՞նչ։ Փաշինյանն ասաց, որ այժմ գլխավոր խնդիրն է «համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում հումանիտար ճգնաժամի վրա»։ Ստեփանակերտում, պարզվեց, ավելի արագաշարժ են՝ անմիջապես հայտարարեցին, որ ոչ մի Բրյուսել, ոչ մի Ֆրանսիա մեզ չի օգնի, և միայն ռուս խաղաղապահներ են պետք։

Լուկաշևիչի, Ռուբեն Վարդանյանի և Արթուր Թովմասյանի հայտարարությունների համեմատությունը ցույց է տալիս, որ դրանք նախապատրաստվել են նույն կենտրոնում՝ Արցախի խորհրդարանը հայտարարություն է անում ռուսական պլանին հավատարիմ մնալու և Միշելի պլանից հրաժարվելու մասին, Հայաստանը դուրս է գալիս բանակցությունների ձևաչափից, իսկ ռուսները վերադառնում են «իրենց պարտականությունների կատարմանը» և մեղմացնում ճգնաժամը։ Գուցե նույնիսկ գազ տան։ Իսկ հիվանդներին Հաքարիի անցակետում կբուժեն ադրբեջանցի բժիշկները։

Հատկանշական է, որ Արցախում, որտեղ Շառլ Միշելին քննադատել են Աղդամը հիշատակելու համար, ուշադրություն չեն դարձրել Մարիա Զախորովայի խոսքերին Աղդամի մոնիտորինգի կենտրոնում «թուրքերի հետ համակարգված աշխատանքի» մասին։

Նաիրա Հայրումյան

ԼՂ հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն. Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկում են ունեցել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 21-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:

Ճանապարհ դեպի փակուղի. Արցախի խորհրդարանը անիմաստ վատնում է իր վերջին փամփուշտները

Արցախի խորհրդարանը ուղերձ է հղել, որում ասվում է, որ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը չունի միջազգային մանդատ, ինչը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումների և տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքի համար։ Արցախի խորհրդարանը կոչ է անում Հայաստանին հրատապ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահների առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային»։

Ինչո՞ւ է Արցախի խորհրդարանը իրավիճակը տանում փակուղի. ի վերջո, ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ոչ ոք Ռուսաստանին ՄԱԿ-ի մանդատ չի տա։ Դա պարզից էլ պարզ է: Այսինքն՝ Արցախի խորհրդարանը կոչ է անում, որը հաստատ չի ընդունվի։ Ինչու՞ այդ դեպքում կազմակերպել այս ակցիան:

Ուղերձն ընդունվել է «ռուսական գնդացիրների տակ», թե խորհրդարանականների «խորին համոզմամբ», էական չէ։ Կարեւորն այն է, որ խորհրդարանը աննպատակ ու ապարդյուն վատնում է առկա պարկուճները՝ բաց թողնելով իրավիճակը շտկելու իրական հնարավորությունները։

Ո՞վ էր թշնամին․ կառուցված ՀԷԿ-երից 10 տոկոսն է պահպանվել

Արցախում էներգետիկ ճգնաժամի ֆոնին հարցեր է առաջանում մինչեւ պատերազմը ՀԷԿ-երի «տառափ» կազմակերպողներին։ Մի քանի տարվա ընթացքում ահռելի գումարներ են ծախսվել ՀԷԿ-երի կառուցման մեջ, ընդ որում՝ պետական աջակցությամբ։ ՀԷԿ-երի սեփականառերերի եւ պատերազմից հետո նրանց ստացած փոխհատուցման մասին բաց տվյալեր չկան։

Այն ժամանակ էլ մասնագետները խորհուրդ էին տալիս արեւային էներգետիկայում ներդնում անել։ Սակայն ընտրվել է ՀԷԿ-երի տարբերակը։

Մինչպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ակտիվ ընթանում էր ՀԷԿ-երի շինարարությունը, որոնց կառուցման հիմնական ջատագովներից էր ԱՀ թերևս այն ժամանակվա նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ 2020 թ. ապրիլին նա հայտարարել էր, որ նրանք, ովքեր դեմ են ՀԷԿ-երի շինարարությանը, պետության թշնամիներն են:

2020 թվականանին Արցախի տարածքում գտվում էին 36 ՀԷԿ, իսկ մի քանի փոքր ՀԷԿ-եր դեռ շինարարության փուլում էին։ Դրանք ոչ միայն լրիվությամբ բավարարում էին Արցախի բնակչության պահանջները, այլև մի մասը արտահանվում էր ՀՀ:

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտրարությունից հետո Արցախի 36 ՀԷԿ-ից 30 օկուպացվել են Ադրբեջանի կողմից:

ՀԷԿ-երի շինարարությունը իրականացվում է վարկավորման միջոցով: Ըստ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 2020 թվականի տարեկան հաշվետվության, կազմակերպության կողմից նոր վարկերի ծավալը կազմել է 1 600 000 000 ՀՀ դրամ, իսկ վարկերի մարումը կազմել է 375 777 777.9 ՀՀ դրամ և 55 599.73 եվրո:

Չնայած այս ամենին, Արցախի վերահսկողության ներքո են մնացել Թրղիի կասկադի 4 փոքր ՀԷԿ֊եր, Գետավանի “Թարթար” ՀԷԿ և “Սարսանգ”֊ի ՀԷԿ, որոնք իհարկե չեն կարողանում լրիվությամբ բավարարել Արցախի բնակչությանը, ինչի արդյունքում Էլեկտրաէնեգիայի մեծ մասը Արցախը ստնում էր արդեն ՀՀ-ից:

Ամեն ինչ վատթարացավ Ադրբեջանի հերթական ագրեսիայի արդյունքում, երբ Ադրբեջանը խաթարեց ՀՀ-ից Արցախ եկող միակ բարձրավոլտ էլեկտրագծի աշխատանքը: Եվ չնայած երբեմնի մեծ ծավալի ներդրումներին ու ՀԷԿ-երի թվի մեծացմանը, Արցախը այսօր էլեկտրաէներգիա ստանում է խիստ սահմանափակ ռեժովով չորացող Սարսանգի ֆոնին:

25-հոգանոց լրագրողների խումբը Գորիսի կողմից շարժվում է դեպի Հաքարի կամուրջ

25-հոգանոց լրագրողների խումբը Գորիսի կողմից շարժվում է դեպի Հաքարի կամուրջ։ Ինչպես Step1.am-ին ասաց համանախաձեռնող Մարգարիտա Քարամյանը, խումբը նպատակ ունի հասնել Կորնիձորից Հաքարի կամուրջ եւ մուտք գործել անօրեն շրջափակված Բերձորի միջանցք։ Այս ամենը լուսաբանվելու է։ Խմբում ընդգրկված են եւ հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողները, եւ արտաքին լսարանի համար աշխատողները։

 

Հինգ ամսվա ընթացքում՝ խաղաղ բնակչության գնդակոծման ավելի քան 30 դեպք

Գարնան գալուստով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումները հաճախակիացել են, այդ թվում՝ պարբերաբար գնդակոծվում է խաղաղ բնակչությունը։

Դաշտերում ու այգիներում աշխատող բնակիչների պարբերական ​​գնդակոծությունների պատճառով վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում խաղաղ բնակիչների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների, տների գնդակոծման 4 դեպք է արձանագրվել։

Մասնավորապես, հուլիսի 11-ին Չարեքտար գյուղում գնդակոծվել է բնակելի շենք և հողամաս, որտեղ աշխատում էր սեփականատեր Ա.Ա.

Հուլիսի 13-ին Ամարասի հովտում ադրբեջանական մարտական ​​դիրքերից կրակոցներ են արձակել բերքահավաք կատարող քաղաքացիների ուղղությամբ։

Հուլիսի 14-ին ադրբեջանական դիրքերից Մաճկալաշեն գյուղի մերձակայքում ականանետային արկեր են արձակվել գյուղատնտեսական ցանքատարածությունների ուղղությամբ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և տեխնիկան։

Հուլիսի 15-ին Վերին Սզնեք համայնքի տարածքներում հունձի ժամանակ ադրբեջանցի զինվորականները կրակել են տրակտորի և բանվորների ուղղությամբ։

«Բոլոր դեպքերում գնդակոծության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,- ասաց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նա հավելեց, որ ոստիկանությունն արձանագրում է հրադադարի խախտման այն դեպքերը, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց։

Ընդհանուր առմամբ, այս տարվա գարնանից Արցախի ՆԳՆ-ն արձանագրել է ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակչության գնդակոծման ավելի քան 30 դեպք։ Արցախի գյուղատնտեսության նախարարությունը նշել է, որ առաջնագծի գյուղերի մեծ մասում գյուղացիների գնդակոծության պատճառով համայնքային հողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Կամ հրետակոծությունից հետո այս տարածքներում աշխատանքներն այլեւս չեն իրականացվել։

Մասնավոր հատվածի աշխատողների կեսն առանց աշխատանքի են՝ հերթեր կաթնամթերքի, ձվի և կանխիկ գումարի համար

Արցախում հումանիտար ճգնաժամի սրման հետ մեկտեղ հերթերն ավելանում են, թեև ապրանքների տեսակները, որոնց համար մարդիկ ժամերով կանգնում են, արագորեն նվազում են։

Այսօր մեծ հերթեր են միայն հացի փռերի մոտ, կաթնամթերքի գործարանի, ձվի համար և բանկոմատների դիմաց։ Խանութներում հերթեր չկան, քանի որ վաճառասեղանները դատարկ են։

Արցախի կառավարությունը նշում է, որ վառելիքի սղության պատճառով հացաբուլկեղենը և կաթնամթերքը չեն կարող համակարգված բաշխվել մանրածախ առևտրի կետերին, ուստի մարդիկ գալիս են արտադրության վայր։

Բանկոմատների մոտ հերթերը կապված են այն բանի հետ, որ ճգնաժամի մեջ գտնվող մարդիկ վախենում են բանկերում գումար թողնել և կանխիկ գումարի պակաս զգան, ուստի հակված են կանխիկացնել իրենց աշխատավարձերը կամ թոշակները։

Ստեփանակերտի բնակիչ, տնտեսագետ Մ.Գրիգորյանը կարծում է, որ եթե առևտուրն իրականացվեր անկանխիկ, ապա մարդիկ չէին գնա գումար հանելու, և բանկոմատներում նման հերթեր չէին լինի։

«Շրջափակման սկզբում փորձեր արվեցին խանութներում անկանխիկ քարտով վճարումներ մտցնել։ Շատ հարմար էր։ Բայց հետո ինչ-որ կերպ անհետացավ: Ըստ ամենայնի, մեր առևտրի ոլորտը միայն կանխիկ գումար է ուզում»,- ասաց կինը։

Ստեփանակերտի բնակիչ Է.Սարգսյանի կարծում է, որ հացի արտադրամասերը կարող են կազմակերպել հացի առաքումը իրենց մոտ գտնվող խանութներին, թեկուզ փոքր քանակությամբ, այդ դեպքում հացի հերթերն ավելի քիչ կլինեն։

Իսկ կաթնամթերքի և ձվի հետ կապված, երկու երեխաների մայր Նունե Գ.-ն կարծում է, որ իրավիճակը շատ լուրջ է. կաթնամթերքը արտադրվում է մեկ գործարանում, և միշտ չէ, որ հերթում բոլորին հասնում է արտադրանքը: Նույն պատմությունը ձվի վաճառքի հետ ՝ կապված՝ շրջափակման ժամանակ փակվել են թռչնաֆաբրիկաները։

Արցախի կառավարության տեղեկատվական շտաբի տվյալներով՝ վերջին 7 ամիսներին Արցախի 860 տնտեսվարող սուբյեկտներ (ընդհանուրի 20.1%-ը) դադարեցրել են իրենց գործունեությունը շրջափակման մեջ աշխատելու անհնարինության պատճառով, իսկ մնացած տնտեսվարողներն աշխատում են մասնակի կամ պետական ​​աջակցությամբ։ 11,000 մարդ (ներառյալ կառավարության կողմից աջակցվող ժամանակավոր զբաղվածությունը) կորցրել են իրենց իրական աշխատանքը և եկամուտը շրջափակման և կենսական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով, ինչը ներկայացնում է մասնավոր հատվածի աշխատողների ավելի քան 50 տոկոսը:

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. ԱՄՆ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի  հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարվում են մարդու բոլոր հիմնարար իրավունքները, եւ, ըստ միջազգային բոլոր կանոնների, դա պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություն և ֆաշիզմի դրսեւորում։ Համոզված եղեք, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Արցախում, կդառնա միջազգային հետաքննության առարկա և կարժանանա միջազգային իրավական գնահատականի։

Սա մարդասիրական ճգնաժամ չէ, այլ քաղաքական և իրավական, սա միջազգային իրավունքի ճգնաժամ է, որը չի կարող պաշտպանել մի բուռ մարդկանց, ովքեր պարզապես ուզում են ապրել սեփական հողի վրա, որտեղ բոլորը կարող են գծել իրռնց տոհմածառ՝ արմատացած ոչ թե դարերով, այլ հազարամյակներով։

Մարդիկ ստիպված ժամերով հերթեր են կանգնում սովորական սննդի համար, տարեցներն ու անօգնականներն արդեն առանձնապես դժվարություններ են ապրում։ Գյուղատնտեսական աշխատանքներ չեն տարվում, աղբը հանելու հնարավորություն գրեթե չկա, ու արդեն խոսում են համաճարակային իրավիճակի վատթարացման մասին։

Բժիշկներն ասում են, որ հղի կանայք թերսնման պատճառով անառողջ երեխաներ են ծնում, մարդիկ մահանում են, քանի որ շտապօգնությունը չի կարողանում ժամանակին ժամանել։

Երկար ժամանակ ֆաշիզմը չարիք համարող քաղաքակիրթ աշխարհում և նույնիսկ Հայաստանում չէին հավատում շրջափակմանը։ Բոլոր բացատրությունները հանգում էին կա՛մ թերահավատ վերապահումներին, ասենք՝ այս ամենը կրկես է, և դուք եք մեղավոր, կա՛մ իշխանությունը, կողմնորոշումը փոխելու խորհրդներին։

Միայն վեց ամիս անց իրավասու միջազգային կազմակերպություններն ու դատարանները պաշտոնապես հաստատեցին, որ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում՝ մի ամբողջ ժողովրդին քաղաքական հնազանդության պարտադրելու համար։ Սա ռազմական հանցագործություն է, և այն պետք է որակվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Միջազգային քաղաքական դատարանը որոշել է ձերբակալել Պուտինին, ով արյունալի պատերազմ է մղում Ուկրաինայում՝ սեփական անառողջ հավակնությունները բավարարելու համար։ Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, կներառվի Հաագայի դատարանում Ալիևի գործում և կմիացվի «Պուտինի գործին»։

Կարմիր Խաչը, համաձայնվելով Բաքվի գեստապոյական պայմաններին, դառնում է ռազմական հանցագործության մեղսակից։

Ասեք Միշելին էլ, Զախարովային էլ, որ մենք ճանապարհ ենք ուզում մեր մայր Հայաստանին միանալու համար

Մերի Գրիգորյանը  գրում է․ Էն Միշելին էլ, Զախարովային էլ ասեք, որ մենք ճանապարհ չենք ուզում, որ սնունդ բերեք` փորներս լցնենք, մենք ճանապարհ ենք ուզում մեր մայր Հայաստանին միանալու համար։

«Պտույտ մը» շրջափակված քաղաքում

Անալիտիկոն

Ստեփանակերտի բակերից մեկում ամեն օր առավոտը սկսվում է հարևան Ռիմայի հարցով. «Հինչ նորությու՞ն կա»։ Տարեց կնոջը, որն ամբողջ կյանքն ապրել է այժմ սահմանամերձ Ավդուռ գյուղում, իսկ անցյալ տարվանից ամուսնու և որդու հետ քաղաք է տեղափոխվել, Արցախի շուրջ կատարվող միջանկյալ իրադարձությունները չեն հետաքրքրում։ Նա ամեն օր հույս է փայփայում լսել որոշակի մի բան՝ շրջափակման վերացման մասին, կարգավիճակի մասին և այն մասին, թե ինչպես անվտանգ ապրել հայրենի գյուղում, երբ հակառակորդի հենակետերն իր տնից ընդամենը 200 մետրի վրա են։  Մինչ շրջափակումը ամուսինն աշխատել է հարկադիր վերաբնակվածների համար բնակարանների շինարարությունում։ Այժմ, երբ դեկտեմբերից ողջ շինարարությունը կանգ է առել, ընտանիքից միայն տղան է աշխատում։ Ռիման բանջարանոց է գցել, ճտեր է ձեռք բերել, սակայն նկատվում է, որ քաղաքում նրա համար անհարմար է և ձանձրալի։ «Քաղաքականության մասին» առավոտյան կարճ զրույցներն արդեն ավանդույթ են դարձել, և նա, հոգոց հանելով, դրանցից յուրաքանչյուրն ավարտում է կայուն անփոփոխ հարցով. «Հինչ ա՞, է, ինիլու, հունց ա՞, է, ինիլու… է՜հ»։

Շոգը մտել է քաղաք։ Հարևան բազմահարկի բակում երեխաները, չսպասելով Վարդավառին, ջրային ատրճանակներով և շշերով իրար վրա ջուր են ցողում։ Քիչ այն կողմ ինչ-որ մեկի մանկական ձեռքը ասֆալտին նկարել է հայկական դրոշն ու կողքը ռուսերեն գրել՝ «Мы армяне!»։

Փողոցներում վերջին օրերին հետիոտների համար միշտ կանաչ լույսն է վառվում, իսկ մեքենաների համար՝ դեղին։ Այլ ռեժիմով լուսակիրների աշխատանքի անհրաժեշտություն չկա՝ ընթացող մեքենաները քաղաքում չափազանց քիչ են։ Դրա փոխարեն ավելանում են հեծանվորդները։ Ասում են՝ այստեղ-այնտեղ նաև ավանակ են տեսել։

Նաև ասում են, թե մեկ այստեղ, մեկ այնտեղ խանութներում մածուն ու թթվասեր է լինում։ Սակայն դա, հաստատ, միայն նրանց համար, ում բախտը կբերի։ Մյուսներին հաջողվում է միայն հանդիպել դեռևս չվաճառված ներմուծված մայոնեզի, կետչուպի, լոռի պանրի, թեյի և սուրճի։ Տեղական ապրանքներից դարակներում միայն վերմիշել և տուփով մուրաբաներ են։ Խանութների սառցարաններում ամենուր նույն պատկերն է՝ տեղական պաղպաղակ և պիցայի բլիթ։ Վերջինս պահանջարկ չունի, քանի որ, մեկ է, պիցայի այլ բաղադրիչներ գտնել հնարավոր չէ։ Իսկ կաթնամթերքի համար պետք է առավոտ վաղ գնաս «Արցախ կաթ» ֆաբրիկայի մոտ և հերթ կանգնես։

Պատահաբար հանդիպած ծանոթուհիս հրավիրում է իր սեփական տանը սուրճ խմելու։ Տունը փոքրիկ հողամաս ունի։ Բակի հեռավոր պատի երկայնքով մազութապատ փայտե փոքրիկ կոճերի կուտակ է։ «Ամուսնուս ընկերը հատակը փոխել է, դե, հները հանել և մեզ է տվել՝ վառարանի համար։ Կարելի է ասել՝ բախտներս բերել է, որովհետև վառելիքի բացակայության պատճառով փայտ գտնել հնարավոր չէ, իսկ սրանք տղաներս կջարդեն և կօգտագործենք, երբ ցրտերն ընկնեն»։ Իրինան այգում շրջայց է կազմակերպում. «Ահա, այստեղ կանաչ սոխ եմ ցանել, այստեղ ընկույզն է արդեն հասունանում, այստեղ՝ նուռը, ահա և մեր քաղցրիկը՝ թթենին»։ Ծառի տակ ձգված կտորի վրայից Իրինան հավաքում է սպիտակ պտուղները։ «Շաքար չկա, բայց հո թութ կա, հյուրասիրվիր»։ Զրույցին միանում է նրա ամուսինը՝ Դավիթը. «Դե, սա ժամանակավոր հաճույք է»։ «Ոչինչ, կարևորն է, որ այն այսօր կա»։

Քաղաքային շուկայում նույնպես շաքարն են հիշում։ «Երբ մթերքներ բերեցին, ես որպես պաշար առատորեն գնեցի և՛ ձեթ, և՛ շաքար, իսկ հիմա, ահա՝ կես կիլո բան է մնացել»։ Նաիրան՝ այն կանանցից մեկը, որ ժենգյալով հաց ու թերթերուկ են թխում, մեզ է մեկնում փաթեթը. «Սա է մնացել։ Նշանակում է՝ շուտով կմոռանանք թերթերուկը։ Դե, ժենգյալով հացն էլ, երևի. երեք օրվա ձեթ է մնացել»։ «Ալյուրն էլ է պրծնում,- ասում է նրա հարևանուհին՝ Լեսմոնյան։ – Մեզ մոտ հինգ կին է աշխատում, հինգ տուն ենք պահում, սակայն եթե իրավիճակը չփոխվի, ապա այս վաճառակետը պիտի փակենք ու նստենք տանը։ Թե ոնց պիտի ապրենք՝ չգիտեմ։ Բայց, մեկ է, լավի հույս ունենք։ Պետք է հավատալ։ Հնարավոր է ինչ-որ տեղից մի լույսի շող երևա…»։ Լեսմոնյան տեղական աստղ է. պատերազմից հետո բազմիցս հարցազրույցներ է տվել լրագրողներին, ելույթ է ունեցել կայտառ ու աշխույժ։ Ժամանակի ընթացքում նրա էնտուզիազմը մարել է, սակայն «հույսը վերջինն է մեռնում»…երկու անգամ կրկնեց նա։

Արևի շողերը ծակում-անցնում են դատարկ ապակե սառնարանների միջով։ Դրանցում առաջ միս կար։ Հիմա շուկայում միսը քիչ է, և դատարկ սեղաններն են շատ։ Համեմի մի կապն արժե 600 դրա՞մ։ Ամեն դեպքում պետք է գնել կերակրող մոր համար, որը սիրում է այդ կանաչին։ Առջևում զրույց է առաջին պատերազմը և բլոկադան հաղթահարած մերձավորների հետ այն մասին, թե արդյո՞ք բարոյական է ներկա իրավիճակում նման գներով առևտուր անել։

Բայց դա հետո, իսկ հիմա պաղպաղակի մեծ ցանկություն կա։ Ընդ որում՝ հենց «Թումանյան’ս»-ում։ Պետքէ աջակցել նրանց, ովքեր աջակցում են երեխաներին, ապա՝ մասնակցել նաև ձեռագործի պարապմունքներին։

Պատերազմից հետո Քրիստինն ու իր ամուսինը տարածք վարձակալեցին և ընտանեկան սրճարան բացեցին։ Սակայն դա միայն սրճարան չէ։ Այն գործում է նաև որպես երեխաներին զբաղեցնելու հարթակ։ Շաբաթական երկու անգամ մասնագետների հետ պարապմունքների համար այստեղ են գալիս երեխաներ, ընդ որում՝ նաև հատուկ վերաբերմունքի կարիք ունեցողները։ Քրիստինի երազանքը՝ Արցախում բացել ներառական մանկապարտեզ, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարողանան զարգանալ և շփման սահմանափակումներ չունենան, առայժմ երազանք էլ մնում է։ Սակայն նույնիսկ հետպատերազմյան և շրջափակման պայմաններում նա փորձում է օգնել նման երեխաներին և զարգացնել ներառական կրթությունը։

Շրջափակումը Քրիստինի ընտանիքը դարձրել է կիսված։ Նա չի կարող տեսնել մորն ու իր երկու երեխաներին՝ ուսանող աղջկան ու բարձր դասարանում սովորող տղային։ Գրկելով ուրիշի երեխաներին, նա սեփականին գրկել չի կարող։ Նույնիսկ երբ հնարավորություն կար երթևեկել միջանցքով, նա սկզբունքորեն չօգտվեց դրանից. անձնագիրը մեկնել նրանց, ովքեր դեկտեմբերի 12-ից հսկում են ճանապարհը, նշանակում է ընդունել քո ենթակայությունը նրանց, իսկ դա իր համար տաբու է։

Այս անգամ «Թումանյան’ս»-ում երեխաները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն GSN-ի խոշոր նախագծին։ Ավելի ճիշտ՝ վոկալի ուսուցիչ Գոգան մանկական երգչախմբի ապագա ձայնագրության համար տոնայնություն էր ընտրում։ Բոլորը չէ, որ կարողացել էին գալ երգի փորձին. քաղաքում հիմա հանգստյան օրերին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և ոմանք չէին կարողացել տեղ հասնել։

«Այս նախագիծը առնչություն ունի ՄԱԿ-ի հետ,-պատմում է Քրիստինը,- մասնակցելու է 17 երկիր՝ 17 թեմայով։ Մեր թեման «պայքար ընդդեմ անհավասարության» է կոչվում։ Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ աշխարհին հայտարարելու, որ Արցախի երեխաներն ունեն այն նույն իրավունքները, ինչ այլ երկրների երեխաները։ Եվ այդ իրավունքը չպետք է խախտվի, անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված երկրում են ապրում։ Արցախի երեխաները, որոնց իրավունքներն անգթորեն խախտվում են, պետք է պաշտպանված լինեն։ Մեր գերմանացի բարեկամները մեզ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, համարելով, որ Արցախը պետք ներկայացվի իբրև 17 երկրներից մեկը։ Դա որոշակի իմաստով կդառնա նաև երկրի ճանաչում»։

Երեխաները երգը ձայնագրելու և նախագծին մասնակցելու համար լուրջ աշխատանք պիտի կատարեն։ Իսկ Քրիստինը պետք է հայտնի չէ որտեղից ուժ գտնի, որպեսզի անընդհատ ոտքի վրա անցկացրած ծանր աշխատանքային օրից հետո ոտքով տուն վերադառնա։

Հրապարակում ակտիվ տրաֆիկ ունեցող մեքենաների կուտակում է։ Մանկական էլեկտրամոբիլներն են։ Առայժ շարված են և սպասում են իրենց վարորդներին։ Երեկոյան քաղաքացիներն ընտանիքներով այստեղ կհավաքվեն, և երթևեկությունը խիտ կլինի։ Այն դեպքում, երբ Ստեփանակերտում մեքենան հազվադեպ երևույթ է, և յուրաքանչյուր երթևեկ ուշադրություն է գրավում»

Հանգստյան օրերին քաղաքը դատարկ է առանց դեղին երթուղային ավտոբուսների։ Թեպետ մի դեղին ավտոբուս, այսուհանդերձ, երթևեկում է։ Դա «Գանձասար տուր»-ի երկհարկանի տուրիստական ավտոբուսն է, որը ցանկացողներին տեղափոխում է հրապարակից մինչև «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձան և հետ։ Քաղաքի այդ պաշտամունքային կոթողը չպետք է առանց մարդկանց մնա. քաղաքացիները չափազանց շատ են սիրում իրենց «դեդո-բաբո»-ին։ Ահա ավտոբուսն անցնում է «Պյատաչոկ»-ի մոտով, Ազատամարտիկների պողոտայի դեղին լուսակիրների մոտով, ապա՝ թիվ 7 դպրոցի, որտեղ այժմ ոչ ոք չկա։ Իսկ դեռ երեկ այրող արևի տակ խռնված էին կանայք՝ իրենց երեխաների հետ, որպեսզի, համաձայն նոր կարգի, ստանային մեկ երեխայի հաշվով կես կիլոգրամ շաքարն ու կես շիշ ձեթը։ Սա ամսական նորմ է, և այդ մթերքները տանն ունենալու միակ հնարավորությունը։

Շրջափակումը նոր կանոններ է թելադրում։ Դրանցից մեկը՝ առանց հացի տոպրակի տնից դուրս չգալ։ Ցելոֆանները հիմա նույնպես դեֆիցիտ են։ Սակայն սիրելի «Մայակ» փուռում երեկոյան ժամը հինգին արդեն հաց էլ չկար։  «Հիմա մեզ մոտ հացը շուտ է վերջանում։ Մարդիկ սկսել են շատ հաց առնել։ Մենք նույնիսկ ստիպված եղանք սահմանափակում մտցնել՝ մեկ հոգուն երկու հացից ոչ ավել։ Բայց դե ո՞նց մերժես գյուղացիներին, որոնք ավտոբուսով հատուկ եկել են հացի, որովհետև իրենց մոտ վերջացել է ալյուրը, իսկ նոր խմբաքանակ դեռ չեն առաքել։  Ակնհայտ է, որ կարիքավորներից շատերը բազմանդամ ընտանիքից են, հարկ է լինում նրանց 10 հատ տալ, այդ պատճառով էլ հիմա հացը շատ շուտ է վերջանում, – բացատրում է փռի աշխատակցուհին և ավելացնում,- վաղը եկեք, մենք քաղցրավենիք էլ ենք ունենում, թխվածքաբլիթ ենք թխում այն խմորից, որում ձու չի պահանջվում։ Ձու վաղուց չենք ստանում։ Այն ոչ մի տեղ չկա, չէ՞ որ թռչնաֆաբրիկան փակվել է»։

«Եվրոպա» հյուրանոցի տանիքում, որտեղից քաղաքի և մերձակայքի հրաշալի տեսարան է բացվում, հատկապես մայրամուտին, մի գավաթ սուրճ ըմպելը օրվա սփոփիչ ավարտ դարձավ։ Այն մատուցեց Վալերա անունով մոտ 25 տարեկան զրուցասեր երիտասարդը։ «Իսկ ես ձի կգնեի։ Լրիվ լուրջ,- ասում է Վալերան։ – Բենզին, գազ չկա, և պետք է ոչ միայն ոտքով երթևեկել»։ Վալերան վերաբնակ է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Մինչև 2018 թվականն ապրել է Ռուսաստանում, սակայն հետո ընտանիքը գիտակցաբար վերադարձել է հայրենիք։

«Գիտե՞ք, ինչ էլ պատահի, ինչքան էլ դժվար լինի, մեր ընտանիքից ոչ մեկը երբեք չի ափսոսացել, որ մենք այստեղ ենք. ոչ նախկինում, ոչ էլ հիմա՝ շրջափակման ժամանակ։ Մենք ռուսական քաղաքացիություն ունենք և հարյուր անգամ կարող էինք մեկնել, սակայն չենք ուզում։ Ահա, ասում են՝ մթերք չկա, միայն կարտոֆիլ է և լոբի։ Սակայն կարտոֆիլից կարելի է երեք-չորս տարբեր կերակուրներ պատրաստել։ Տեսե՞լ եք «Արցախյան մենյու» նկարը. տապակած կարտոֆիլ, խորոված կարտոֆիլ, եփած և պյուրե։ Լոբի՝ եփած, շոգեխաշած, լուբու խաշլամա, – ծիծաղում է Վալերան։ – Բացի այդ տեղական ձմերուկ և անգամ սեխ է վաճառվում, չնայած թանկ է»։

Սակայն սա էլ օրվա վերջին հանդիպումը չէր։ Տան ճանապարհին ուշադրություն գրավեց ժողովրդական երաժշտության բարձր ձայնը։ Պարզվեց՝ թատրոնի կողքին Մարիամն ազգային պարերի դաս է վարում։ Մոտ 30 մարդ՝ մեծեր ու երեխաներ, Մարիամի ղեկավարությամբ շարժումներն էին սովորում։ Երբ դասն ավարտվեց, և արդեն մթնում էր, ոմանք չէին շտապում հեռանալ և շարունակում էին պարապել։

Մարիամը դա համարում է ոչ թե պարզապես դաս, այլ պարային թերապիա։ «Մենք սթրեսային վիճակում ենք, իսկ պարը մեզ համար լավագույն թերապիան է, որովհետև պարը մեր արյան մեջ է, այն գաղափար և իմաստ է կրում։  Պատերազմից հետո Արցախ վերադառնալով, կորցնելով տունս ու քաղաքս՝ Շուշին, սկզբում ես վատ էի, ինձ անվտանգ չէի զգում, և հենց պարը ինձ հանեց այդ վիճակից։ Եթե ես չվերադառնայի պարերի պարապմունքներին, միգուցե հեռանայի Արցախից։ Սակայն ես պարերի օգնությամբ հաղթահարեցի ամեն ինչ և հիմա օգնում եմ մյուսներին։ Գլխավորն այն է, որ ես տեսնում եմ արդյունքները։ Մեզ կարող է միանալ ցանկացած մարդ։ Երևանում նման բան կա Կասկադում։ Իսկ այժմ կա նաև մեզ մոտ»։

Շրջափակման ևս մի կանոն. Հետևել հեռախոսի լիցքավորված լինելուն, որպեսզի լապտերիկի համար հերիքի, և հոսանքի հերթական անջատման ժամանակ, մթության մեջ հեշտությամբ տուն հասնես։

Իսկ հետո, ինչպես ամպրոպը պայծառ երկնքում, ճայթեց լուրը, թե գազը միացրել են։ Ինչ-որ մեկը հավատաց, ուրախացավ, սակայն մեծամասնությունը չէր կասկածում, որ դա կարճատև է լինելու։ Եվ ճիշտ դուրս եկավ։ Կես օր էլ չանցավ, և գազը նորից անջատեցին։ Եվ սա նույնպես կայունության մասին է խոսում, համբերանքի և սպասման ռեժիմի դեղին լույսի մասին։

 

Ժենյա ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Ֆրիլանսեր լրագրող
Ստեփանակերտ