Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ–ի դիրքորոշումն է. Ավստրիայի ԱԳ նախարար

 Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, այդպիսին է ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը։ Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայի հակամարտությամբ, սակայն չպետք է մոռանալ նաև ԵՄ մյուս հարևաններին, այդ թվում` Հարավային Կովկասը։
«Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է անհապաղ դադարեցվի», – հայտարարել Է նախարարը:
Նախարարը նշել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար: Դա նվազագույնն է, ինչ կարելի է անել։
«Մենք գտնվում ենք խաղաղ բանակցությունների փուլում, սակայն դրանց համար փոխադարձ վստահություն է պետք։ Իրավիճակը Լաչինի միջանցքում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և կարող է խաթարել բանակցություններում ներդրված բոլոր ջանքերը», – հայտարարել է Շալենբերգը։
Նա նշել է նաև մի շարք այլ չլուծված հարցեր՝ գերեվարված անձանց վերադարձը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերը։

Հարությունյանը հորդորեց մեկ շաբաթ սպասել, մինչեւ կտրուկ քայլերին անցնելը

Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակում հավաքված մարդկանց, որոնք քննարկում են դեպի միջանցք խաղաղ երթի հնարավորությունը, մոտեցել է Արայիկ Հարությունյանը։

Քննարկման ընթացքում նախագահը հորդորեց սպասել մի շաբաթ, հետո անցնել ավելի կտրուկ քայլերի։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ

Վիեննայում հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ:

«Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Քննարկվում է դեպի կամուրջ խաղաղ երթով գնալու հնարավորությունը

Ստեփանակերտի Վերածննդի գրապարակում մարդիկ կրկին հավաքվել են Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամների շուրջ։ Քննարկվում է դեպի կամուրջ խաղաղ երթով գնալու հնարավորությունը։

Մի խումբ երիտասարդներ բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան- Ակնա ճանապարհը

Մի խումբ երիտասարդներ բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը։

Ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը,  այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ակտիվիստ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։

Թրոլինգը սկսվեց՝ նյարդային խաղերի շաբաթը մտնում է վճռորոշ փուլ

Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտարարելով, որ միանում է Վերածննդի հրապարակում անցկացվող նստացույցին, ասաց, որ եթե մեկ շաբաթից իրավիճակը չկայունանա, ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն։

Ո՞վ պետք է կայունացնի իրավիճակը, ինչո՞ւ մեկ շաբաթից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։

Ադրբեջանական փաբլիկներում Միջանցքի ապաշրջափակելու համաժողովրդական շարժման որոշումից հետո սկսեցին խոսել, որ ղարաբաղցիներն իրավունք չունեն խաղաղ երթերի գնալ դեպի միջանցք, որ դա հենց այնպես չի ավարտվի։ Շարժումը նույնպես մեկ շաբաթ թայմ-աութ վերցրեց։

Այսօր լուրեր են պտտվում, որ Ակնայից իբր Ասկերանով դեպի Ստեփանակերտ մեքենաներ են հետևում Բաքվի առատաձեռն հումանիտար օգնությամբ։

Թրոլինգը սկսվել է, և սա վերջին “բադիկը” չէ, որ տարածվում է չարագործների և թշնամիների կողմից։ Առաջիկա շաբաթը նյարդերի պայքար է լինելու, և թրոլինգն այս ճակատամարտի գլխավոր զենքն է։

Հայաստանի արտգործնախարարության արձագանքի բացակայությունը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո «Ակնայից» մատակարարումների հավանականության մասին հայտարարության հետ կապված օրինականացրեց այդ հնարավորությունը եւ թրոլինգը։

Ակնայից “հումանիտար օգնության” լուրը սուտ է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում։

ԱՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կո’չ է անում,  տուրք չտալ չճշտված տեղեկություններին եւ զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։

Դաշնակիցը կամ կա, կամ ոչ. ժամանակն է վերջ տալ բյուզանդական դիվանագիտությանը

Արցախցի քաղաքագետ և սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը գրում է.

Բոլոր թերություններով հանդերձ, Բրյուսելում արված հայտարարությունը Մոսկվային ստիպեց առաջին անգամ խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի, այսինքն՝ մեր եւ ձեր իրավունքների և անվտանգության մասին։ Ի վերջո, Մոսկվան միանշանակ դատապարտեց Լաչինի միջանցքի արգելափակումը։

Գալիս է ճշմարտության պահը, և Ռուսաստանի Դաշնության և ԼՂՀ-ի ղեկավարության պատասխանատվության հարցը գլուխ կհանի, ինչպես Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնությունից գնված զենքի մատակարարման հարցը։ Լավ թե վատ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թեև Մոսկվայի համար տհաճ հարց տվեց, բայց ստիպված էր…

Մնում է, որ վարչապետ Փաշինյանը բառացիորեն հրաժարվի բյուզանդական դիվանագիտությունից՝ մի կողմից քննադատել ՀԱՊԿ-ին և Կրեմլին, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման հարցում, մյուս կողմից փաստացի հայտարարի, որ չի հեռանալու ՀԱՊԿ-ից ցանկացած գնով, բացարձակ հավատարմություն դրսևորելով Ռուսաստանին։

Ո՛չ։ Սաշնակիցը Վինի Թուխի երգում մեղրի պես է. նա կա՛մ կա, կա՛մ չկա: Այո, և պետք չէ փնթփնթալ, այլ մատնանշել, թե ինչ ենք կորցրել ռազմական, աշխարհաքաղաքական, տնտեսական, դիվանագիտական ​​առումներով 30 տարի Մոսկվայից վասալային կախվածության և Երևանի և Ստեփանակերտի նույն հարաբերությունների պատճառով։ Այլ պայմաններում կա՛մ կդառնայինք Հայաստանի մաս, կա՛մ Երեւանը մեզ անկախ կճանաչեր։ Բայց Բաքվի հանձնումից 5 րոպե առաջ՝ զինադադար 1994-ին, պատերազմ 2016-ին և 2020. Ու՞մ պետք է շնորհակալություն հայտնենք սրա համար:

Դե, արցախցիներն էլ ստիպված են լինելու ծայրահեղ տհաճ հարցեր տալ իրենց ղեկավարությանը, քանի որ արդեն ուրիշներն են իրենց տալիս։ Դա վերաբերում է նաև ԼՂՀ-ի կողմից նոյեմբերի 9-ի Հայտարարության պայմանների կատարման արձագանքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցի քվեարկության ժամանակ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ խիստ հակահայկական եւ Բաքվին քծնող։

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ

Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները:

Հայաստանը պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Արցախի ԱԺ նախագահը միանում է նստացույցին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

«Հայերը զիջումների գնացին այն բանի դիմաց, որ Ռուսաստանը պաշտպանության տակ առավ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Իսկ հիմա Ռուսաստանն ասում է՝ մենք դրա հետ կապ չունենք»

Ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «ՌԴ ԱԳՆ-ն փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, ուստի Բաքուն պետք է լուծի այդ հարցը։ Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ կա Հայաստանի դիրքորոշման խեղաթյուրում։

Բացի այդ, հենց այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իրավունքներ, նշանակում է, որ այս տարածքի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ոչ միայն Բաքվի ռեժիմի, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը։ Ինչպես Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը նույնպես ունի ինքնորոշման իրավունք»,- նշել է փորձագետը։

Այս պահը, նրա կարծիքով, շրջանցված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, այդ մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում։

«Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ պարզվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա վրդովեցնող դիրքորոշում է։ Ինչո՞ւ, մարդիկ այնտեղ չե՞ն ապրում։ Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ուզում են ապրել իրենց ձևով, իրենց ավանդույթների հիման վրա, իրենց գաղափարների հիման վրա։ Նշանակում է, որ նրանց պետք է այնտեղից վտարե՞լ։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս հարցին, թեեւ Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Իսկ ինչո՞ւ են այս դեպքում խաղաղապահներ բերվել։

Ռուսաստանը համաձայնել է խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի շրջաններ առանց կռվի վերադարձվեցին Ադրբեջանին։ Իսկ այնտեղ, ի վերջո, պատերազմը կարող էր շարունակվել ամիսներով, և հայտնի չէ, թե ինչով այն կավարտվեր։ Հայերը զիջումների գնացին այն բանի դիմաց, որ Ռուսաստանը պաշտպանության տակ առավ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Իսկ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ երրորդ երկրների վրա բարդել։ Մենք դրա հետ կապ չունենք»,- ասաց քաղաքագետը։ Նա դա «շատ տարօրինակ դիրքորոշում» անվանեց։