Հեղինակ՝ naira
ՀՀ տարածք անցած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալվել է դիվերսիայի փորձի համար
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:
Հայրյան․ կառավարությունը դրանով արցախցիների բնակարանային հարցերը չի լուծում
Արցախցիների ներկայացուցիչները մարտի 1-ին հրավիրվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկման։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ենթադրվում է՝ քննարկման թեման արցախցիներին բնակարանով ապահովելու հարցն է։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արդեն ներկայացրել է բնակապահովման ծրագրի նախնական բովանդակությունը։ Արցախցիներից շատերը դժգոհ են կառավարության առաջարկած լուծումներից։
Լեւոն Հայրյանը նշեց, որ կառավարությունը փորձում է ոչ թե արցախցիների բնակարանային հարցերը լուծել, այլ խույս տալ պատասխանատվությունից։
«Ես հավանաբար կոչ կանեմ, որպեսզի արցախցիները հրաժարվեն այդ ծրագրից, որովհետեւ դրանով ոչ մի հարց չի լուծվում։ Մարդկանց երկարատեւ ժամկետով կապում են թշվառության հետ։ Չեն ուզում նույնիսկ պատասխանել այն հարցին, թե մեկ կամ երկու հոգանոց ընտանիքների համար ի՞նչ են առաջարկում։ Եթե նրանք ասում են, որ պետության առաջ ֆինանսական դժվարություններ կան, ես արդեն ասել եմ, որ այս նույն կառավարությունը նախորդ երկու տարիների ընթացքում 210 մլրդ դրամ փոխանցել է Արցախում բնակարանային շինարարության համար, եւ այդ գումարները փոշիացվել են։ Մենք նաեւ տեսնում ենք, որ կառավարական պարգեւավճարների համար փողեր ճարվում են, բայց արցախցիների համար չեն ճարվում։ Այն արցախցիների, որոնց այսօրվա վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այսինքն՝ ով ուզում է լուծում գտնել, լուծում է գտնում, ով չի ուզում լուծում գտնել, պատճառ է գտնում»,- ասաց նա։
Ըստ Լեւոն Հայրյանի՝ քննարկումների ժամանակ իրենք բարձրացրել են հարցը, որպեսզի բռնի տեղահանված արցախցիների համար ավաններ կառուցեն։ Բայց փաստորեն կառավարությունը որոշել է գնալ բնակարանների գնման վկայագրեր հատկացնելու ճանապարհով՝ փուլային եղանակով։
«Ոչ մի ամոթալի բան չկա, եթե չես կարողանում ժողովրդին պահել, կարող ես դիմել ՄԱԿ-ին եւ ասել՝ այս ժողովրդին չեմ կարողանում իմ տարածքում պահել, տեղափոխեք։ Բայց Եվրոպայում պարծենաս, որ 100 հազար փախստական ես տեղավորել առանց վրանային ճամբարների ու այսօր ասել՝ հնարավորություն չունենք ձեզ պահելու, դա արդեն երեսպաշտություն է։ Այս որոշումն այնքան հեռու է մեր իրական հարցերը լուծելուց, որ, կրկնում եմ, ես կոչ եմ անելու Արցախի ժողովրդին, որպեսզի չօգտվեն դրանից։ Կառավարությունից պահանջելու ենք, որ կա՛մ մեզ նորմալ տեղավորի, կա՛մ էլ դիմի ՄԱԿ-ին, ասի՝ այս փախստականներին այստեղից տարեք մեկ ուրիշ երկիր։ Մենք իրենց հոյակապ առաջարկ ենք անում՝ սոցիալական տներ կառուցեք, բավարարեք մեզ, երբ մենք կվերադառնանք Արցախ, որը մեր բոլորի ցանկությունն է, այդ տները կմնան այստեղ՝ որպես ազատ բնակֆոնդ»,- հավելեց Հայրյանը։
Նա անդրադարձավ նաեւ այն դրույթին, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է պարտադիր ՀՀ քաղաքացիություն ստանան։ «Մեզ ստիպում են քաղաքացիություն ընդունել, այդ թշվառ որոշումը կկապեն գլխներիս, հետո փողերը ձեռքներիցս կվերցնեն։ Ոնց որ երեխային խաբես, կոնֆետ տաս, բերես տուն, կոնֆետը ձեռքից խլես։ Փող են տալիս, այդ փողի միջոցով ստիպում են մեզ, որ քաղաքացիություն ընդունենք, հետո ասում են՝ այդ փողը պետք է 5 տարի հետո վերադարձնես։ Այսինքն՝ իրենց նպատակը մեզ ստիպողաբար քաղաքացի դարձնելն է։ Դրանով դրսի առաջադրանքն են կատարում։ Նպատակը արցախահայության պահանջներն Արցախի նկատմամբ ջնջելն է, չկա արցախցի, չկա Արցախի պահանջ։ Ալիեւի ու Պուտինի առաջադրանքն է»,- նշեց Լեւոն Հայրյանը։
Իսկ գուցե ողջ Հայաստա՞նն է Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ձգձգելու գինը. Մակրոնը փորձեց
ԱՄՆ եւ Եվրամիության երկրները շտապեցին հերքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ Արեւմուտքը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այսինքն, շտապեցին Ռուսաստանին հավաստիացնել, որ դա բացառվում է։ Թվում է՝ Մակրոնի հայտարարությունը կարելի էր օգտագործել Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար, քանի որ բոլորին, այդ թվում հատկապես ՌԴ վերնախավին պարզ է, որ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի լուրջ մատակարարումների ու ռազմական վճռական միջամտության պարագային Ռուսաստանը կպարտվի՝ այդ երկրի հետագա փլուզման հեռանկարով։ Հաստատվել են ինսայդերական տեղեկությունները, որ 2023-ի գարնանը՝ ուկրաինական հակահարձակման նախօրեին ռուսական վերնախավում իսկական խուճապ էր տիրում, քանի որ ակնկալվում էր Արեւմուտքի վճռական դիրքորոշումը։
Սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ կտրուկ նվազեցվեց ռազմական օգնությունն Ուկրաինային, իսկ ԱՄՆ Կոնգրեսում Կիեւին օգնության շուրջ ծավալվող կրկեսը լրացուցիչ փաստարկ դարձավ ռուսների համար։
Մակրոնի հայտարարությանը ԱՄՆ եւ Եվրամիության առաջնորդների արձագանքը լիովին պարզում է իրավիճակը՝ ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին պետք չէ ՌԴ փլուզումը, առաջնահերթություն է համարվում միջուկային գլոբալ անվտանգությունը։ Այսինքն, համարվում է, թե ՌԴ փլուզման պարագային մի կողմից հնարավոր է միջուկային զենքի կիրառում, մյուս կողմից՝ այն կարող է հայտնվել «անկանխատեսելի» ձեռքերում։ Հիշվում է՝ Արեւմուտքը նման դիրքորոշում ուներ նաեւ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում եւ փորձում էր ամեն կերպ կանխել այդ փլուզումը։
Հայկական այսպես կոչված քաղաքական «վերնախավերը» եւ մեդիա-քաղաքագիտությունը համոզված են, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից եւ փլուզել այդ երկիրը։ Եվ որ դրա գինը Արցախն էր։ Մանր կրպակավարական այս մտածողությունը որեւէ կերպ չի հաղթահարվում, նույնիսկ ներկայում, երբ ամեն ինչ մակերեսին է։ Գուցե արժե՞ փորձել փոքր ինչ նեղություն տալ ինքզինքը եւ խնդրին մոտենալ հակառակ կողմից՝ իսկ գուցե ողջ Հայաստա՞նն է Ռուսաստանի ներկայությունը Կովկասում ձգձգելու գինը։
Մակրոնը փորձում է հանդես գալ արմատական-սկզբունքային դիրքերից, այդ թվում Արցախի հարցում։ Խնդիրը նրա մոտիվացիան չէ, այլ քաղաքական իրողություններին համարժեքությունն ու դրանք օգտագործելու հմտությունը, ինչն իսպառ բացակայում է երեւանյան «իսթեբլիշմենթում»։ Դա է Հայաստանի վերացման հարցում ներքին ու արտաքին կոնսենսուսի հիմքը։
Ներկայում կարծես թե ձեւավորվում է հարթակ, որտեղ քննարկումներ են ծավալվում հիմնարար խնդիրների շուրջ։ Իշխանական ու «ընդդիմադիր» նոմենկլատուրայի ներքին կոնսենսուսից դուրս գործող անհատների ու խմբերի այս փորձերը կարող են հանրությանը հանել թմբիրից ու դեբիլացնող քարոզչության ճիրաններից։
Տոնոյանը Փաշինյանի՝ իր հանդեպ վերաբերմունքը պայմանավորում է 44-օրյա պատերազմի մասին իր մտքերով
Կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հանդես է եկել հայտարարությամբ։ Այն տարածել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
«Փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող:
․․․Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն:
Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ` ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք և շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար:
Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործող զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու»:
ՀՀ, ք. Երևան, ԵԿՔԿՀ
Փետրվարի 29, 2024թ»։
Ալեն Սիմոնյանը փակեց սահմանադրական բարեփոխումների թեման, բայց բացահայտեց գաղտնիքը
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով իր եղբոր կնոջ ձերբակալության և Բուլղարիա այցից հետո, կարծես, վերադարձել է թիմ, կրկին ստանձնել է շապիկազուրկ տղայի և Փաշինյանի թիմի «ժողովրդական» խոսնակի դերը։
Փետրվարի 27-ին ճեպազրույցում Սիմոնյանը փաստացի «փակեց» նոր Սահմանադրության ընդունման թեման՝ ասելով, որ այս թեման մտցվել է, որ «մեզ քննադատեն, հարցեր տան, հասկանանք, թե ինչ է մտածում հասարակությունը»։ Նա ասաց, որ ոչ ոք չի խոսում մոտալուտ սահմանադրական հանրաքվեի մասին, և դա կարող է լինել 2030թ.։ Միաժամանակ նա վստահեցրեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, քանի որ իրենք պատասխանատվություն ունեն, և գնալու են «մինչև վերջ»։
Ալեն Սիմոնյանը բացահայտեց «գաղտնիքը». պարզվում է՝ Փաշինյանի թիմը հակազգային թեզեր է մտցնում հանրային դաշտ՝ քննադատության, բողոքի ակցիաների, գուցե նաև արտահերթ ընտրությունների պահանջի ակնկալիքով։ Բայց ամեն անգամ նրանց բախվում են լուրջ բողոքի ակցիաների բացակայություն՝ չեն քննադատվում, չեն հնչում հարցեր և հրաժարականի պահանջներ։ Եվ այս ամենը ստիպված են իրականացնել։
Զարմանալի չէ Փաշինյանի թիմի կեղծավորությունը, բայց թե՛ Փաշինյանի «պողպատի մանդատի» մասին հայտարարությունները, թե՛ Սիմոնյանի, որ իրենք պատասխանատվություն ունեն (ո՞ւմ առջեւ) և գնալու են մինչև վերջ, քանի որ բողոքներ չկան, վկայում են այն մասին, որ Փաշինյանի թիմը պատրաստվում է պետության հանձնման վերջին ակտին՝ նախապես պատասխանատվությունը դնելով հասարակության վրա։ Քանի որ հասարակությունը չի բողոքում, դա նշանակում է, որ այն տենչում է պետականության կորուստը, և մենք դա կտանք հասարակությանը ու կգնանք մինչև վերջ։
Հասարակությունը, ըստ սահմանման, չի կարող հարցեր տալ, դրա համար հասարակությունը ստեղծում է քաղաքական և հասարակական ինստիտուտներ, որոնք կոչված են արտահայտելու հասարակության տարբեր կատեգորիաների կարծիքները: Սակայն վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական և հասարակական կազմակերպությունները արտահայտել են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ օտարերկրյա հովանավորների կարծիքը, հիմնականում Ռուսաստանի, որին բացահայտորեն միացել է Թուրքիան։ Եվ քանի դեռ Փաշինյանի կառավարությունը համառորեն իրականացնում է Հայաստանի պետականությունը կազմաքանդելու ռուս-թուրքական ծրագրերը, Հայաստանում քաղաքական գործիչները Փաշինյանի հրաժարականի պահանջ չեն առաջադրի։
Այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքն է լինելու, սակայն Արմեն Ռուստամյանն արդեն զգուշացրել է, որ դա լուրջ չի՝ “այս հարցում համահայկական ճակատ չի հաջողվել ստեղծել”։ Չի հաջողվել, քանի որ ձեզ չեն հավատում, ինչպես որ Փաշինյանին չեն հավատում։ Ուստի, ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, ստիպված են լինելու գնալ մինչև վերջ։
“Վերջը”՝ Երևանի կենտրոնն է։ Կոնդն արդեն սկսել է պատրաստվել որպես ապագա «տուրիստական մշակութային կենտրոն»։ Հիշեցնենք, որ 2022-ին Բաքուն հայց էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ պահանջելով Երևանի Կոնդ թաղամասը պահպանել որպես «ադրբեջանական մշակութային և պատմական ժառանգություն»։ Մինչ բնակիչները “բազար կանեն” քառակուսի մետրի գնի մասին, Կոնդում որպես “բարի կամքի եւ խաղաղության դրսեվորում” մզկիթներ ու այլ շինություններ կվերականգնվեն։
Կարմիր գյուղից Դավիթաշեն, կամ վերջին մարտական ուղին
Կարմիրգյուղացի Գեղամ Մանվելյանը այն սերնդից է, ով 4 պատերազմ է տեսել, երևի ճիշտ կլինի ասել վերապրել։ Վերջին երկուսի ժամանակ /2020 թ․ և 2023թ․/ վիրավորվել։ Որպես ծանր վիրավոր տեղափոխվել Երևան, չմտածելով, որ ծնողները, կինն ու երեխաները իր հետևից բռնելու են գաղթի ծանր ճանապարհը։ Ժամանակավոր տեղավորվել են Արագածոտնի մարզի Դավիթաշեն գյուղում։ Այնտեղից բուժման կուրսն անցնելու համար ստիպված է ամեն անգամ հասնել Երևան։
«Ինչպե՞ս եք տեղավորվել» հարցին դառը ժպտալով պատասխանում է՝ դե , ոչինչ, գյուղի հիմնական բնակչությունը 1915 թվի գաղթականների սերունդներ են, իրար լավ ենք հասկանում։
Կարմիրգյուղացի Գեղամի հետ խոսեցինք սեպտեմբերի 19-ի, նրա վիրավորվելու մասին։ Նրա հիշողությունների միջոցով փորձենք հասկանալ այն իրավիճակը, որում հայտնվել էր Կարմիր գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
-Փորձենք վերհիշել սեպտեմբերի 19-ի օրը, որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում, երբ սկսվեց պատերազմը։
-Քանի որ լարվածություն կար, առավոտվանից աշխարհազորայիններն արդեն կանչվել էին շտաբ, ես արդեն շտաբում էի, համապատասխան զենքերը ստացել, սպասում էինք հրահանգներին։ Առաջին իսկ պայթյունից հետո նախ վազեցինք թաքստոցները, հետագա ընթացքից արդեն կախված էին լինելու մեր անելիքները։ Երբ ռմբակոծությունն ավարտվեց, դուրս եկա թաքստոցից ու տեսա, որ գումարտակի հրամանատար Արմեն Սարուխանյանը մեքենայով գալիս է, կանչեց ինձ ու միասին գնացինք դիտարկման կետ։ Այնտեղ նրա հետ կապ հաստատեցին ու հայտնեցին, որ Էլչ կոչվող տեղամասից, որը մայրուղուց դեպի Կարմիր գյուղ թեքվող ճանապարհն է, թուրքերը բարձրանում են դեպի գյուղ։ Այսինքն գյուղից 2 կմ հեռավորության վրա են, բնակչությունն էլ գյուղում։ Նա ինձ հանձնարարեց շտապ գնալ դպրոցի մոտ կայանած ջոկատին վերցնել ու գնալ Հունի վեղ կոչվող տեղամասը, գյուղի պաշտպանությունը կազմակերպելու համար։
Մինչ ես հիշյալ ջոկատի հետ գնում էինք նախանշված տեղը, ճանապարհին ձայներ լսեցի, թեքվեցի ճանապարհից հասկանալու համար, թե ովքեր են, տեսա, որ գյուղի տղաներն են, գյուղի հարավ արևելյան կողմից իջնում են։ Բոլորս միացանք իրար ու հասանք նշված տեղը, արդեն կեսօրվա ժամը 3-ն էր։ Տեսանք, որ թուրքերը առաջանում են, ու մեզանից մի 300 մետր հեռավորության վրա են։ Մեր կրակահերթերից հետո դրանց ընթացքը կասեցվել է, բայց սկսվել է գնդացրից մեր դիրքերի ինտենսիվ ռմբակոծում։
Կապի ոչ մի միջոց չկար, միայն նախամարդուց մեզ հասած ձևն էր, իրար ձեն տալը, դա էլ միշտ չէ որ հնարավոր կամ կարելի էր։ Այդ ընթացքում նկատել եմ, որ թփերի տակ բավական լավ քողարկված, պահկված մեկը կար, ու պարզ էր, որ նա է կոորդինատներ հաղորդում մեզ վրա խփելու համար, սակայն ոչ մի ձև չէր հաջողվում դրան չեզոքացնել։ Ինձ համար արդեն պարզ էր, որ գնալով դրա հաշվարկները ավելի ճշգրիտ են դառնում, արկերն ավելի մոտիկ են ընկնում, և հաջորդները արդեն մտցնելու են խրամատ։ Ես իմ խրամատից դուրս եկա ու շարժվեցի դեպի մյուս՝ կողմը, ձայնեցի Արմենին, որ միասին շրջանցում անենք, մոտենաք դրան ու չեզոքացնենք, հակառակ դեպքում բոլորիս վերացնելու էին։
Եկա հասա երկու խրամատի մեջտեղը, մի երկու անգամ կանչեցի Արմենին, այդ պահին կողքիս արկը պայթեց, ես վիրավորվեցի։ Արտակը ինձ քարշ տալով հասցրեց խրամատ, զենքն ու զրահաբաճկոնս հանեցի, այդ ընթացքում վերևից մեզ մոտեցավ Էրիկը։ Հիմա ինձ դուրս բերելը շատ վտանգավոր էր, կանգնած դուրս գալը անհնար, որոշեցինք փորսող անցնել դիտարկվող մասը ու քանի որ վերքս դեռ տաք էր, ես շատ ցավ չէի զգում։
Ամենահետաքրքիրը էտ դուրս գալու պահն էր, ես ու Էրիկը փորսող գնում էինք, մեկ էլ մեր հետևից Էրիկի շունը վազելով եկավ, դե արդեն թիրախա շունը, մենք էլ հետը, որովհետև մեզ հետ համահավասար քայլում էր։ Էրիկը ստիպված էր շանը վերցնել հետ գնալ, շունը թողնել տղերքի մոտ, ու նորից գալ իմ հետևից։ Հիմա մենք գնում ենք, շունն էլ մեր հետևից հո չի հաչում, վնգստում։ Մի կերպ հասանք գյուղ տանող ճանապարհի անվտանգ հատվածը, հելանք ու արդեն նորմալ քայլքով շարունակեցինք մեր ճանապարհը դեպի գյուղ։

Էրիկը մի կերպ կապվեց բուժքրոջ հետ, որ իջնի բուժկետ։ Այդ ընթացքում շունը վազելով եկավ հասավ մեր հետևից։ Դեռ գյուղ չհասած հանդիպեցինք մեր հարևան Սլավիկին ու մի հոգու հետ, ում Էրիկը ճանաչում էր։ Էրիկը ինձ թողեց նրանց հետ, որ ինձ հասցնեն բուժկետ, ինքը հետ գնաց դիրքեր, տղերքի մոտ։
Երբ հասա գյուղապետարանի մոտ, տեսա որ գյուղի բնակիչները հավաքված են ու մտածում են տարհանվելու մասին։ Մտանք բուժկետ, բուժքույր Արմինեն ցավազրկող սրսկեց, ուսս փաթաթեց, դուրս եկա ու ժողովրդին հորդորեցի անհապաղ դուրս գալ գյուղից, որովհետև պարզից պարզ էր, որ փոքրաթիվ ուժերով դրանց երկար կանգնեցնելը նման հրետանային աշխատանքից հետո անհնար է լինելու։
Մեր տնեցիներին նույնպես հորդորեցի ինձ թողնել գնալ, մտածում էի, այսպես թե այնպես հնարավոր է, որ մի շտապօգնության մեքենա գա, կամ մեկ ուրիշ մեքենայով ինձ տեղափոխեն, կամ էլ եթե նույնիսկ չտեղափոխեն էլ, այդ պահին կարևոր էր, որ երեխաներս դուրս գային, սակայն մայրս ու կինս մնացին անդրդվելի, որ եթե մնում ենք, ապա մնում ենք բոլորը։
Ստիպված էի իրենց հետ ոտքով ճանապարհ ընկնել, համագյուղացիների հետ կլինեինք մի 15 հոգի, կին երեխաներ։ Քանի որ բուն ճանապարհը նորից դիտարկվող էր, ստիպված էինք դուրս գալ անտառային ճանապարհով, Բովուրխանի ստորոտով, Խաչին տակ կոչվող տեղամասով։ Ճանապարհին ինչքան էլ որ հոգնում էի, չէի նստում, որովհետև հենց նստեի, քնով էի անցնելու։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը հասանք Քռասնի գյուղ։ Այնտեղ ծանոթ տղաների հանդիպեցի, ովքեր ինձ օգնեցին հասնել գյուղամեջ, ու մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Մտա վիրակապարան, տեսա մեր գյուղից Արմենը նույնպես վիրավոր այնտեղ է։ Հետո պարզվեց, որ ես ոչ միայն ուսից եմ վիրավոր, այլ նաև բեկորը մտել է կոկորդս, ձայնալարերս, շնչափողս վնասվել են, բժիշկներն էլ դեռ փորձում են կապ հաստատել Երևանի իրենց գործընկերների հետ վիրահատության մասով խորհրդակցելու համար։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք։ Այս անգամ իմ մարտական ուղին այսքանն էր։
Ու նորից ուզում եմ հիշել Էրիկի շանը, որը մինչև Քռասնի գյուղ պարեկի նման մեզ ուղեկցեց։ Կածանով միաշար քայլում էինք, ինքը առաջ էր ընկնում, հետո հետ գալիս, մինչև շարքի վերջը գնում, կարծես բոլորիս հաշվում, երբ տեսնում էր բոլորս ներկա ենք, կրկին վազում էր առաջ։ Քռասնի գյուղում շունը մեր մոտից անհետացավ, ոչ մեկս չնկատեցինք, ի՞նչ եղավ, մտածում էինք, որ հետ գնացել է Էրիկի մոտ։ Հետո պարզվեց, որ նրանք իրար չեն գտել։ Հաջորդ առավոտյան, երբ գյուղում գրեթե խաղաղ բնակիչ էլ չէր մնացել, տղաները Բովուրխանի լանջերով փորձեցին դուրս գալ, քանի որ թուրքերն արդեն առավոտյան մտել էին գյուղ։ Նրանք չգիտեին, որ Քռասնի գյուղը նույնպես թշնամու վերահսկողության տակ է անցել ու հայտնվեցին շրջափակման մեջ։ Նրանց հաջողվեց դուրս բերել արդեն զինադադարից հետո։
-Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր։
-Այն խնդիրները, ինչ ունեն գրեթե բոլոր տեղահանված արցախցիները, իսկ որպես վիրավոր, բոլոր թղթերը պատրաստ են, սպասում եմ հանձնաժողովի որոշմանը, որից հետո պետք է որոշակի վերականգնման կուրս անցնեմ Զինվորի տանը, ձախ ձեռքս գրեթե չի աշխատում։ Բժիշկներն ասել են, որ ձեռքիս խնդիրը վերականգնվող է, պարզապես երկարատև բուժման կուրս է պահանջվում։ Տունը, որտեղ որ մնում ենք, վարձ չենք տալիս, ու ոչ միայն մենք, առհասարակ այդ գյուղում բոլոր արցախցիները, բայց բոլորին ասել են մինչև մայիս, թե ի՞նչ է լինելու մայիսին կամ մայիսից հետո չգիտեմ։
-Շատ է խոսվում արցախցիների Արցախ վերադառնալու մասին, ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ։
-Ես համաձայն եմ հետ գնալ մեր երկիր, բայց մի պայմանով, որ նախ Արցախի սահմանը որոշվի, ոնց եղել է, թուրքը սահմանից էն կողմ, մենք՝ էս, փշալարով սահմանը կապած։ Մեր դիրքերն ու զինված ուժերն էլ կանգած։ Որից հետո կարող են միջազգային խաղաղապահներ էլ գալ, բայց նախ մեր զինված ուժերը պետք է լինի ու հստակեցված սահմանը։ Իսկ 2020 թվականի պայմաններով վերադառնալ, կամ գնալ Ադրբեջանի տիրապետության տակ ապրել, համաձայն չեմ։
-Իսկ եթե ռուս խաղաղապահները երաշխավորե՞ն։
-Ռուսների արածն արդեն տեսել ենք, ես էլ չեմ հավատում դրանց։ 2020 թվականին հավատացել, գնացել եմ, վարկ վերցրել տուն կառուցել։ Համոզված էի, որ մինչև 2025 թվականը ապահով ու անվտանգ կլինենք։ Ու՞ր եմ հիմա․․․
Արմինե Հայրապետյան
Փաշինյանը պահանջելու է ռուսական զորքերի դուրս բերում Սյունիքից
Կառավարության ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Ներքին Հանդում ռազմական էսկալացիայից հետո այս տարածքը անվանվեց Ռուսաստանի պատասխանատվության գոտի։ Այսինքն՝ Հայաստանի X տարածքը երրորդ երկրի պատասխանատվության գոտի՞ է։ Ի՞նչ մանդատ ունեն ռուսական սահմանապահ զորքերը Սյունիքում, ի՞նչ իրավական համաձայնագրի հիման վրա են նրանք այնտեղ և ինչի համար են պատասխանատու։ Արդյո՞ք մի երկիր (Ռուսաստանը) խոչընդոտում է մեկ այլ երկրի (ԵՄ) դիտորդական առաքելությանը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ո՞ւր է Հայաստանի իշխանությունը, մեր պետությունը պատասխանատվություն ունի՞»։
Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ասաց. «Կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։ Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաեւ համապատասխան ենթադրություններ»։
Ըստ էության, Փաշինյանը Սյունիքում ռուսական զորքերը ճանաչել է օկուպացիոն ուժեր։ Եթե չկա մանդատ կամ պայմանագիր, և եթե Հայաստանի կառավարությունը ցանկալի չի համարում ռուսական զորքերի առկայությունը, ապա սա դասական օկուպացիա է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան։ «Հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղադրվել են ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության ստորաբաժանումները»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե ինչպես 2020 թվականի դեկտեմբերին Բաքվի զորքերը գրավեցին Գորիս-Կապան ճանապարհը և անցակետեր տեղադրեցին այնտեղ՝ զավթելով Սյունիքի համայնքների հողերը։ Հայաստանը նրանց դիմադրություն չցուցաբերեց, իսկ Փաշինյանն իր ողջ պահվածքով ցույց տվեց, որ այս բոլոր քայլերը համաձայնեցված են «եռակողմ ձևաչափի» շրջանակներում։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Փաշինյանը պաշտպանության նախարար նշանակեց Վաղարշակ Հարությունյանին, ով 2021 թվականի փետրվարի 22-ին հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին, որտեղից հայտնի դարձավ, որ «ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ ապահովելու անվտանգությունն ու պաշտպանությունը Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանին»։ Թե ինչպես և ինչ փաստաթղթերով են վերապահված այդ գործառույթները, ոչ ոք այդպես էլ չի բացատրել։
Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա, երբ արդեն լիովին ակնհայտ է, որ ռուսական զորքերի ներկայությունը Սյունիքում անօրինական է, Փաշինյանի կառավարությունը չի պահանջել զորքերը դուրս բերել և տեղակայել պայմանագրով սահմանված վայրերում, այսինքն՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։
«Ենթադրությունների» և այլ բաների մասին Փաշինյանի պատասխանը վկայում է այն մասին, որ «Ռուսաստանից անջատվելու» իմիտացիան ուղղված է Մոսկվայից էլ ավելի մեծ կախվածությանը և Հայաստանի իշխանության լիակատար իմպոտենցիայի «ապացույցին»։ Եթե Փաշինյանը ընդունում է, որ ռուսական զորքերը Սյունիքում ապօրինի են, որ դրանք ըստ էության օկուպացիոն ուժեր են, ապա տրամաբանական քայլը պետք է լինի զորքերը դուրս բերելու պահանջը։ Եթե չի հնչում, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը նպաստում է օկուպացիային։
Նաիրա Հայրումյան
Արցախի ԱԺ հայտարարությունը ՀՀ կառավարության բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ:
«Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։
Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։
Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։
Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար։
«Ազատ հայրենիք» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Երևան 28 փետրվարի 2024թ.»:
Փոխվարչապետը թվեր հնչեցրեց․ 3 մլն․ դրամ յուրաքանչյուր արցախցուն, բայց հերթով
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու կառավարության ծրագրերին։ Մասնավորապես, նա անդրադարձավ հարցին, որ արցախցիները հայտնի պատճառներով չեն կարողացել բանկային համակարգի նկատմաբ կատարել իրենց պարտավորություններ, շատերը «սեւ ցուցակներում» են, ինչպե՞ս են օգտվելու բնակարանային ապահովման ծրագրից։
«Այո՛, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները նախկին վարկերի հետ կապված ունեն չկատարած պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից բանկային համակարգի համար այդ մարդկանց դարձնում է ռիսկային, եւ նոր վարկերի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում։ Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացում դիտում ենք որպես կամուրջ։ Հիմնական աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի հաշվով կախված կլինի այն անդամների քանակից, որոնք միասնաբար հանդես են գալիս տվյալ տունը կամ բնակարանը գնելու համար։ Առեւտրային բանկը ֆինանսավորում է համապատասխան չափը՝ շուկայից տունը կամ բնակարանը գնելու համա, հետո գումարի հիմնական մասը, շատ դեպքերում՝ ամբողջ գումարը վճարում է կառավարությունը։ Այնտեղ վերադարձի որոշակի պայմաններ կունենանք, բայց դա կվերաբերի մարդու եւ կառավարության հարաբերություններին։ Այնպես պետք է անենք, որ բանկային համակարգն այդ հարաբերոթյուններում ռիսկեր չունենա»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Փոխվարչապետն ասաց, որ փորձում են այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ բանկային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան։
Հարցին, թե կա՞ն անհրաժետ քանակի բնակարաններ, որպեսզի ամբողջ պահանջարկը բավարարվի, Խաչատրյանը պատասխանեց, որ չկան։ «Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան, ներառյալ նաեւ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացում այն չափով չեն շրջանառվում պատրաստի տների ու բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինի այդքան մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ։ Դա է պատճառը, որ մենք մտածում ենք որոշակի փուլային իրականացման մասին։ Երկու պատճառ իր հիմքում ունի՝ առաջինն այն է, որ մենք այդպիսով առաջնահերթորեն որոշակի ընտանիքների կտանք ավելի արագ իրենց խնդիրը լուծելու հնարավորություն։ Կառավարության տեսակետն այն է, որ դրանք լինեն առավել մեծ քանակով անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։ Առաջին փուլում երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայման կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա։ Այսինքն՝ հնարավոր է, որ մենք մեծ քանակով պահանջարկ ստեղծելով՝ կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձեւով բարձրանան»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։ Փոխվարչապետն ասաց նաեւ, որ հանրապետության բոլոր մարզերում չէ, որ աշխատանքի հնարավորությունները մեծ են։ «Կարող ենք միանգամից համաձայնել, որ աշխատելու հնարավորութունը մեծ է Երեւանում եւ Երեւանին սահմանակից մարզերում։ Բայց աջակցության հիմքում ընկած է այն հիմնական մոտեցումը, որ ընտանիքն է ընտրում, թե որտեղ իրացնի իր գնման իրավունքը։ Ընտրությունն ավելի մեծ կլինի, եթե մենք բոլոր մարզերն ենք դիտարկում, մանավանդ, եթե նկատի ունեք, որ որոշակի մարզերում կկիրառենք լրացուցիչ աջակցության միջոցներ»,- նշեց նա։
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Արցախցիներին հետաքրքիր է՝ ժամկետ կա՞, ե՞րբ իրենց բնակարանային խնդիրը լուծված կլինի»։
Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ կցանկանային բոլոր բնակարանային խնդիրը լուծել արագ։ «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները կենսականորեն իրենց ապագան Հայաստանի հետ կապեն։ Մենք հիմնական չափանիշ սահմանելու ենք ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։ Իրենք ունենք այդ իրավունքը՝ դիմել ու ընտրել քաղաքացիություն։ Այս իրավունքը վերցնելով՝ հերթականությամբ ու փուլերով կգնան դեպի ծրագիր։ Առաջին փուլով շահառու պետք է լինեն երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Նրանք 4100 ընտանիքներ են, տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում։ Ես մի կարեւոր հանգամանք եմ ուզում պարզաբանել՝ այն բոլոր ընտանիքները, որոնք առաջին տարում հնարավորություն չեն ունենա դառնալ ծրագրի շահառու, մենք իրենց օգնելու ենք, որ կեցության կազմակերպման ծախսերը այդ ժամանակահատվածում շարունակեն կրել կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Կամ, եթե պարզ բառերով ասեմ՝ մինչեւ մարտ ամիսն իրականացնում էինք 40-10 հազար դրամ վարձակալության կամ կեցության աջակցության ծրագիրը, շարունակելու ենք դրա լավարկված եղանակը»,- հավելեց նա։
Նա նաեւ նշեց, որ կառավարությունը նախընտրում է, որպեսզի արցախցիները բնակություն հաստատեն ՀՀ այն բնակավայրերում, որտեղ զարգացման խնդիրներ կան։ Եվ դա արվելու է լրացուցիչ խթաններ կիրառելու եղանակով։ «Որպես օրինակ՝ մենք որոշել ենք, որ մեկ մարդու հաշվով աջակցությունը կլինի 3 միլիոնի չափով։ Մենք եկող շաբաթվա ընթացքում նախընտրելի բնակավայրերի ցանկ կհրապարակենք, ովքեր կորոշեն բնակվել այդ բնակավայրերում, կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Այստեղ կա երկկողմանի հարց՝ մենք ինչքան հեռանում ենք Երեւանից, այնքան գնվող բնակարանի կամ տան արժեքը կարող է լինել ավելի ցածր։ Մենք հնարավորություն ենք տալու, որ ընտանիքին հասանելի կամ բաժին ընկնող ֆինանսական սահմանաչափը, եթե ամբողջ ծավալով չօգտագործվի տան կամ բնակարանի գնման համար, մնացած մասն ընտանիքն օգտագործի տնտեսական ակտիվ ձեռք բերելու համար, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողամաս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Փաշինյանը հաստատեց, որ ռուս սահմանապահները Սյունիքում մանդատ չունեն
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ներքին Հանդում ռազմական էսկալյացիայից հետո տարբեր բարձրաստիճակն պաշտոնյաներ հայտարարում էին, որ տվյալ հատվածը հանդիսանում է ռուսական պատասխանատվության գոտի։ Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի իքս տարածք հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի։ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում։ Շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ Ռուսաստանի սահմանապահ զորքերն այնտեղ ի՞նչ մանդատով են կանգնած, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, կոնկրետ ինչ պատասխանատվություն ունեն։ Եվ եթե հնչեցվում է հայտարարություն, որ չկարողացան կանխել, նշանակում, որ իրենց վրա կա՞ր պատասխանատվություն՝ կանխելու, դիմադրելու»։
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդական առաքելությա մուտքը Ներքին Հանդ։ «Ուզում եմ հասկանալ՝ մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկիր խոչընդոտում է մյուս երկրի ներկայացուցիչների դիտորդական առաքելությունը։ Այսինքն՝ կառավարությունը Ռուսաստանին, ԵՄ-ին բերում կանգնեցնում է այդտեղ, մեջտեղից դուրս է գալիս, ասում է՝ այստեղ պայմանավորվե՞ք։ Բա կառավարությունը որտե՞ղ է, պետությունն այստեղ գործառույթ ունի, թե՞ ոչ»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ որեւէ մեկը չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ «Ինչ վերաբերում է մնացած հատվածներին, հնչել է ահազանգ, եւ այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա նման խոչընդոտ, թե՞ չկա։ Եվ քննության արդյունքներով՝ որոշակի հայտարարություններ կարվեն»,- ասաց Փաշինյանը։
Աննա Գրիգորյանը կրկնեց հարցը․ «Ռուս սահմանապահը, որը կանգնած է Ներքին Հանդում, ի՞նչ մանդատ ունի ի վերջո, եթե հայտնվել են այնտեղ, ինչ-որ պայմանագիր պետք է լիներ, չէ՞»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձեւով են ձեւավորվել՝ ձեզ հայտնի իրադրությունների բերումով։ Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։ Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաեւ համապատասխան ենթադրություններ»։
Քոչարյան․ Բաքուն ուզում է աջակցություն ստանալ Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից
«Մեկ հոգի է եղել, ինչքան հասկացա՝ պաշտոնական հաղորդագրության մեջ հենց այդպես էլ նշված է։ Գյուղացիներն ինչ են տեսել, ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի։ Բայց փաստը մնում է այն, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կողմից փորձ է արել սահմանն անցնել եւ անցել է, մեր կողմից վնասազերծվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տեղ համայնք ներխուժած ադրբեջանցուն ձերբակալելու դեպքին։
Նրա խոսքով՝ թե ինչ հոդվածով է մեղադրվում ադրբեջանցին, Քննչական կոմիտեն շուտով կհայտարարի։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ երկրորդն ադրբեջանցի չի եղել։ Ըստ Քոչարյանի՝ Քննչական կոմիտեի հայտարարությունից պարզ կդառնա, թե ինչ նպատակով է ադրբեջանցին անցել բնագծերը։ «Քանի որ զենք է եղել իր վրա, ամեն ինչ էլ կարող ենք ենթադրաբար ասել։ Կարող է լինել դիվերսիա, կարող է լինել մոլորված, հարբած։ Կարող է եւ լինել այն, որ իրենց զորամասում տիրող իրավիճակի արդյունքում ինքը փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»։
Քոչարյանը նշել է, որ պաշտպանական բնագծերի հատվածում բազմաթիվ կետեր կան, որտեղով ցանկության դեպքում ադրբեջանցիները կարող են անցնել։ «Բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները նրան վնասազերծել են։ Այսինքն՝ հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել։ Եվ ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողությունները ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու, որ նման թափանցումներն իրենց ցանկությամբ դառնան իրականություն»։
Հարցին, թե ադրբեջանցին կվերադարձվի՞ Ադրբեջանին, Քոչարյանը պատասխանեց․ «Հոդվածից է կախված, թե ինչ հոդվածով է ինքը մեղադրվում։ Դրանից հետո, բնականաբար, ադրբեջանական կողմի հետ մենք ունենք հնարավորություն՝ խոսելու։ Մենք էլ գերիներ ունենք, իրենք էլ ունեն, վերջին հաշվով, եթե նախորդ դեպքում սպանության դեպք կար արձանագրված, բայց տեսանք, որ այստեղ էլ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծում։ Գերիների հետ կապված էլի լուծումներ կան, եւ ադրբեջանական կողմը, եթե նկատեցիք, մի 10 օր առաջ առաջարկով էր դիմել, որ իրենք էլ մեծ քանակով անհետ կորածներ ունեն՝ 3890 մարդու մասին են խոսում։ Եվ առաջարկել էին, որպեսզի Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հրամանատարական կազմը մասնակցի, եւ գտնենք տարբերակ նրանց հուղարկավորության տեղերի մասին, տանք ադրբեջանական կողմին։ Բնականաբար, այդ տարածքները, որտեղ մարտական գործողություններ են եղել, գտնվում են իրենց տնօրինման տակ, բայց իրենք ուզում են նաեւ, որպեսզի աջակցություն ստանան Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից։ Բայց դա էլ հենց հնարավորություն է տալիս, որ պետք է ավելի լայն նայել գերիների եւ անհետ կորածների հարցին։ Մենք էլ ունենք գերիներ, անհետ կորածներ, հիմա էլ գերիներ կան, ես կարծում եմ՝ պետք է խոսենք այդ խնդրի մասին։ Հետոն պետք է ծառայի նմանատիպ խնդիրների լուծման համար»։

