Դիզակ ԱՐՏ. «Ես շուռ եմ տալիս աշխարհը»

Փետրվարի 25-ին Իրիքնակը (արևը), մի քիչ ուշ մայր մտավ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում, մեկ տասնյակից ավելի հույսի ու լույսի շողերով լուսավորեց ու ջերմացրեց ներկաների սրտերը։ Իսկ Իրիքնակը թատրոն էր բերել «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը։ Ավելի կոնկրետ` այդ օրը «Դիզակ Արտ» կենտրոնի ԻՐԻՔՆԱԿ խորագրով հաշվետու համերգն էր, որին թե’ կազմակերպիչները և թե’ մասնակիցները պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ։ Ղարաբաղի բարբառը թևածում էր դահլիճում, որը ստեպ – ստեպ միախառնվում էր զսպվող հեծկլտոցների հետ։

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ երաժշտական ու թատերական։ Առաջին մասում հիմնականում արցախյան բանահյուսական երգերն էին, որոնք ուղեկցվում էին ազգագրական պարերով, iսկ բեմում, ինչպես ասում են, մի մատ էրեխեք էին` հասուն հայացքներով։ Ավագ սերունդը նրանց ուսերին ծանր ժառանգություն է թողել ու կարծես թե նրանք դա գիտակցելով են այդպես ժամանակից շուտ հասունացել։ Նրանք քաջ գիտեն, որ նախ և առաջ պատասխանատու են հիշողության պահպանման համար, այն հիշողության, որը տունդարձի ճանապարհը լուսավորող կանթեղն է լինելու։ Իսկ կրակը անմար պահելը դեռ է՜ն, շատ հեռավոր նախապատմական ժամանակներից, թե’ պատասխանատու, թե’ պատվախնդիր պատգամ է եղել։

Երկրորդ մասը մշակութային միքս էր։ Լեռ Կամսարի «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ստեղծագործությունն ու ժամանակից շուտ հասունացած երեխաների հիշողությունները միախառնվել ու դարձել են  ընդհանուր բեմականացում։ Ու այդ միաձուլումն արված էր ամենայն խնամքով։ Դերակատարների հիշողությունները կապված էին հայրենի տան հետ, այն վերջին օրվա հետ, որը ստացավ 44-օրյա պատերազմ անվանումն ու փակեց հայրենի տան ճանապարհը։

Աղջնակներից մեկը հիշեց, որ այնտեղ, ՏԱՆը, թողել է իր երկու փափուկ արջուկներին, վերջին պահին նրանց խոստացել է վերադառնալ, իսկ կարևորը՝ նա դրան հավատում է։ Մյուսը հիշեց, որ քաղած խնձորներից գոնե մեկը չի հասցրել վերցնել, մյուսը կիսվեց իր հիշողություն դարձած ուրախությամբ, երբ հայրն ու եղբայրները ողջ ու առողջ վերադարձան։ Մի փոքրիկ աղջնակ հուսավառ ձայնով պատմում էր, որ հայրիկը չի կարողացել իր խաղալիքները բերել, բայց փոխարենը բերել է տան բանալիները։ Երեխաների հետ մեզանից յուրաքանչյուրը վերապրեց իր այն վերջին օրը, երբ հրաժեշտ տվեց ՏԱՆը։

Մենք երբեմն կյանքի այս ծանր, հոգսաշատ օրերին, չենք նկատում այն մեծ ողբերգությունը, որ ապրում են երեխաները, մեզ թվում է նրանք շատ բան չեն հասկանում, բայց դա այդպես չէ։ Պարզապես նրանք սովորել են մեծավարի ցավը տանել։

Իսկ մեծերս պարտավոր ենք  օգնել նրանց, որ շուռ տան աշխարհը ու միգուցե հենց նրանց է վիճակված Փոքր Մհերին հանելու քարանձավից։ Պարզապես պետք է դառնանք նրանց համար այն կարևոր հենման կետը։

Արմինե Հայրապետյան

Ինչ է լինելու արցախցիների՝ կուտակային հիմնադրամներին փոխանցած գումարների հետ

Հրապարակ -ը գրում է․

«Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները: Այսինքն, կարող են հիմա ստանալ այդ գումարները։ Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործում է նույն համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»:

Հիմա, քանի որ ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի, ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» այս ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները եւ հոգան  կարիքները:

Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի: Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին եւ պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։

Այսպիսով՝ օրեր առաջ գրավոր հարցում ենք արել ԿԲ հետեւյալ հարցադրումներով․

«Արդյոք Կենտրոնական բանկը պատրաստվում է դիմել կուտակային ֆոնդերին՝ Հայաստանում գտնվող
արցախցիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշիվներին առկա գումարները նրանց փոխանցելու
հարցով։

Ի՞նչ դիրքորոշում ունի ԿԲ-ն այս հարցում, եթե չի պատրաստվում դիմել, ապա ի՞նչ է լինելու այն արցախցիների
հաշիվների հետ, որոնք չենք պատրաստվում ընդունել ՀՀ քաղաքացիություն»։

«Ի պատասխան փետրվարի 21-ի Ձեր հարցման, հայտնում ենք, որ Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերը, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, չեն վերաբերում ԿԲ իրավասություններին։

Առաջարկում ենք այդ հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին»-փոխանցել են ԿԲ ից։

Խմբ․ Կուտակային ֆոնդերի անունները չեն հնչում, նաեւ պարզ չէ, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ ֆոնդերը, արդյո՞ք դա նույն ֆոնդերն են, որոնց հետ ՀՀ Կառավարությունը պայմանագիր ունի, եւ ՀՀ Կենտրոնական բանկը այդ գումարների համար պետական երաշխիքներ տվե՞լ է։ 

Այս կամ այն դեպքում ստացվում է, որ արցախցիներին բառի բուն իմաստով թալանել են եւ հիմա չեն ուզում թալանածը վերադարձնել։ Իսկ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվանում են։

Երբվանի՞ց է Հայաստանը Ղրիմը ճանաչում Ռուսաստանի մաս

Երևանում Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է 31-ամյա Գևորգ Ռ.-ն, ով 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Սումգայիթ. Այսօր մենք կրկին դիվանագիտություն ենք խաղում և լռեցնում արցախյան խնդիրը

Սումգայիթում Հայոց ցեղասպանության տարելիցին արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի հեղինակային հոդվածը

Անպատիժ հանցագործությունը նախադեպ է դառնում նորի համար։ Հետևողականություն չցուցաբերելով 1988թ. փետրվարի 25-28-ը Սումգայիթում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում, մենք ակամա պարարտ հող ստեղծեցինք 1990թ.-ին Օղակ գործողության և Բաքվում հայոց ցեղասպանության համար:

Ավաղ, մենք երբեք չկարողացանք հաղթահարել լռության շղարշը, և դա բերեց Արցախյան պատերազմին և գործնականում Հայաստանի շրջափակմանը, որը կարողացանք կասեցնել և ճեղքել ողջ հայ ժողովրդի տիտանական ջանքերի գնով։

Այսօր մենք կրկին դիվանագիտություն ենք խաղում և լռեցնում Արցախյան խնդիրը, մինչդեռ քաղաքական ղեկավարությունն արդեն «ընդունել» է 144 քառ. կմ հայկական տարածքի կորուստը։

Մենք և աշխարհը Անարի, Զիա Բունիաթովի, նրանց ռուս սազանդարների, Ադրբեջանի ԿԿի և Ժողովրդական ճակատի ղեկավարների հայատյաց կոչերին վերաբերվեցինք նույն հանդուրժողական և քաղաքական կոռեկտ ձևով։

Ի՞նչ ստացավ աշխարհը և կարո՞ղ է երրորդ համաշխարհային պատերազմ ստանալ լռության հերթական դավադրության արդյունքում: Հեշտությամբ։

Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից և Կուրի աջ ու ձախ ափերին տեղի ունեցած հայկական ջարդերից հետո եղան Մերձդնեստրը, Չեչնիան, վրաց-հարավօսական և վրաց-աբխազական հակամարտությունները, հակամարտությունները Ուզբեկստանում, Տաջիկստանում, լարվածության սրումը Ղրղզստանում, հակամարտությունները նախկին Հարավսլավիայում.

Խորհրդային Միությունը և սոցիալիստական ​​ճամբարը փլուզվեցին, և նրանց հետ փլուզվեցին երկբևեռ աշխարհը և երկու բլոկային զսպման համակարգը…

Նախկին ԽՍՀՄ տարածքում շուրջ 60 միլիոն մարդ բռնի տեղահանվեց։

Դժվար է դատել, թե Արցախը և նրա հանդեպ անարդարությո՞ւնն է դարձել համաշխարհային պայթյունի պատճառ, ավելի շուտ՝ այն դարձել է դետոնատոր, կամ,  բժշկական լեզվով ասած՝ լոկուս-մինորիս՝ թույլ կետ, որի միջոցով բացահայտվել են մարմնի բոլոր հիվանդությունները։

Նա հիմա էլ այսպիսին է։

Անդրանիկը մեծ հարգանքի է արժանի, բայց նա մի սխալ է թույլ տվել․ Վովա Վարդանով

Զորավար Անդրանիկի ծննդյան 159-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը ազգ-բանակ ստեղծելու կոչով հանդես եկավ։

«Ամենամեծ սխալը, որը տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին մեր ժողովրդի ինքնապաշտպանության հարցում, դա հայդուկական խմբերի վրա ժողովրդի պաշտպանությունը կառուցելն է եղել։ Պաշտպանությունը պետք է լինի համապարփակ, բոլորը պետք է դրա մեջ ընգրկված լինեն, երկիրը պետք է լինի ամրոց, եւ ազգը պետք է լինի բանակ։

Փաստորեն, մենք սիրում ու հարգում ենք Անդրանիկ Օզանյանին, բայց նաեւ հաշվի ենք առնում, որ այդ ժամանակ տեղի է ունեցել մեր քաղաքական մտքի ու ռազմական գործիչների ամենամեծագույն սխալը՝ նրանք չեն նախապատրաստել ժողովրդին։ Նույնիսկ իրենց ոգով հայտնի սասունցիները չեն կարողացել հաղթական ապստամբություն անել։ Միակ հատվածը, որտեղ հաջողել է ժողովուրդը, դա Վան քաղաքում քիչ թե շատ նախապատրաստված համընդհանուր ապստաբությունն է եղել, որը թույլ է տվել մեկ ամսից ավելի ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասաց Վարդանովը։

Վովա Վարդանովը նշեց, որ հասարակությունն այսօր ակտիվ չէ ինքնապաշտպանության հարցում։ «Մենք չենք կարողանում ժողովրդին բացատրել՝ ժողովուրդ ջան, եկեք մարզվեք։ Եկեք իրար հետ պարապենք, իրար հետ էլ մարտի դաշտ դուրս կգանք, եթե պետք լինի, մենք դա ցույց ենք տվել եւ 2020, եւ 2022 թվականին։ Միակ ծրագիրը, որն ստացավ ժողովրդի լայն զանգվածերի օժանդակությունը, դա «Գմբեթ-2» ծրագիրն էր, բայց ես կույր լավատեսությամբ չեմ տառապում եւ չեմ կարող ասել, որ ժողովուրդը դա գիտակցեց։ Դա ավելի շատ համընկավ Արցախի կորստի հետ։

Անկախ նրանից, թե մեր ժողովուրդն ինչ քաղաքական ուղղվածություն ունի, ցանկացած ոք հասկանում է, որ մեր մեջքին կապված վահան կար։ Եվ երբ մեջքից թրով խփում էին, վահանին էր կպնում՝ դա Արցախն էր։ Հիմա այդ վահանը մեզանից խլել են։ Այդ գիտակցությունն էր, որ ժողովրդականացրեց «Գմբեթ» ծրագիրը։

Ցանկալի է 6, մինիմում 2 պարապած ու վարժված անձ գմբեթում նստած լինի, որպեսզի «Գմբեթ» ծրագիը հաջողության հասնի»,- ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ այսօր իշխանության ներկայացուցիչները մակարդակով փորձում են հասարակությանը ապացուցել, որ թույլ ենք, որ ռեւանշ չի լինելու, Վովա Վարդանովը պատասխանեց, որ «կարող է մենք ռեսուրս ունենանք, բայց հրաժարվենք ռեւանշից, դա ժողովրդի կամքով պետք է լինի»։

«Կարող է մենք շատ հզոր լինենք, բայց ասենք՝ լավ, եկեք Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ գանք ինչ-որ պայմանավորվածության եւ թողնենք Թուրքիայի տիրապետության ներքո։ Դա դարձյալ մեր ժողովրդի կամքով պետք է լինի, ոչ թե թելադրված այսպես կոչված, հաղթողի, իսկ իրականում ցեղասպանի կողմից»,- ասաց նա։

Վարդանովը նաեւ կոչ արեց սեփական ուժերի վրա հույս դնել․ «Ռուսը, լինելով մեր դաշնակիցը, իր դաշնակցային ոչ մի պարտավորություն չի կատարում, որպես դաշնակից՝ բավական սրիկայաբար է վերաբերվում մեզ։ Արեւմուտքից ոչ ոք չի գալու մեզ օգնության, եւ, հետեւաբար, մեր միակ հույսը վարժված, պարապած հայ ժողովուրդն է՝ ազգ-բանակ, երկիր-ամրոց»։

Ալֆայի պատմությունը՝ արցախյան դրամայի ոլորաններում

Արևիկի ընտանիքում Ալֆան հայտնվել էր 2020 թվականի պատերազմից վեց ամիս առաջ։ Ասում է, որ շունիկի հայտնվելը նրանց ընտանիքում պատահական չէր․ ամուսինը Արցախի եզակի անասնաբույժներից է, և հերթական բուժզննման ժամանակ նրանց մոտ նորածին Ալֆան էր հայտնվել, որին պետք է ուղարկեին այլ վայր։ Հենց այդ ժամանակ աղջիկը պինդ գրկեց Ալֆային և փակվեց սենյակում, եւ այդ օրվանից Ալֆան նրանց ընտանիքի անբաժան մասն է։

Երեք ամիս Ալֆան մեծանում էր տան երեխաների հետ, երբ սկսվեց 2020 թվականին պատերազմը։ Արևիկը երեխաների հետ Արցախում մնաց մինչև հոկտեմբերի 10-ը, հետո ստիպված մեկնեց ՀՀ, բայց ամուսինն ու սկեսրայրը խոստացել էին հոգ տանել Ալֆայի մասին։

Ալֆան այգում էր, երբ արկ պայթեց, որից վնասվածքներ էր ստացել։ 2020 թվականին հասել էր Երևան, ապա դեկտեմբերի մեկին ողջ ընտանիքով նորից վերադարձել Արցախ։

Շրջափակման ժամանակ ամսուսնու հետ միասին շարունակում էին հոգ տանել Արցախի կենդանիների մասին՝ փորձում էին որոշ չափով կերակրել արդեն հյուծված կենդանիներին։

Ալֆան կարծես հասկանում էր, որ ուտելիքը քիչ է, որոշ դեպքերում նույնիսկ բացատրում էր՝« սօր էլ առանց նախաճաշ մնացինք»‎ խոսքերից հետո մոտենում էր և սկսում լիզել տերերին, կարծես ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին երեխաները պատերազմից մի քանի րոպե առաջ էին տուն մտել, և հենց այդ ժամանակ Ալֆան չթողեց, որ նրանք 2-րդ հարկ բարձրանան, այլ քաշքշելով տարավ դեպի 1-ին հարկ։ Սկզբում զարմացան, բայց երբ սկսվեց պատերազմը՝ հասկացան ամեն ինչ։

Պատերազմի օրերին նրանք նկուղում էին, իսկ Ալֆան տանը, ամեն հարմար առիթի փորձում էին տուն գնալ Ալֆային տեսնելու։

Արևիկը հիշում է, որ այդքան խեղաթյուրված ճակատագրերի, Արցախի անորոշ ապագայի մեջ փորձում էր չմտածել շան մասին, չբարձրաձայնել։ Վերջին օրերին եղբայրն ասաց, որ իր ընտանիքի հետ կարող է նրանց ընտանիքից երեք հոգի տանել իր հետ, եւ որոշվեց, որ պետք է գնա ինքը, աղջիկը և փոքր տղան։

Մի քանի օր անց ավագ որդին նամակ է գրում, որ նրանք արդեն ավտոբուսի մեջ են և պատրաստվում են ճանապարհվել։ Վախենում էր հարցնել շան մասին, բայց որդին, գուցե հասկանալով չհնչած հարցը, գրեց, որ «հա, հա սվըթաթախը էնա վներիս տակին պարկած»։

Այդպես Ալֆան հասավ Երևան, և քանի որ բարեկամների տանը շանը պահել չէին կարող, ժամանակավոր տարան կինոլոգիական կենտրոն։ Ալֆան մեկ շաբաթ անց փախավ։

Արևիկը ոտքի կանգնեցրեց բոլոր կենդանասերներին, և մեկ ամիս հետո նրան նկարներ ուղարկեց մի ռուս աղջիկ:

Արևիկը հիշում է, որ սկզբից Ալֆային չէր ճանաչել, քանի որ նա 26 կգ էր, իսկ նկարի շունը ահավոր նիհար էր: Ստացվեց այնպես, որ Ալֆան գտնվեց 1 ամիս 2 օր հետո Դավթաշենից, Աննայի և Դավիթի օգնությամբ: 

Քրիստինա Ալավերդյան

Իմ տունը մնաց Արցախում. ցուցահանդես

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Իմ տունն Արցախում» լուսանկարչական ցուցահանդեսը, որը տևելու է մինչև մարտի վերջ։

Միջոցառումը կազմակերպվել է Մարկ Գրիգորյանի, Ալեքսանդրա Լիվերգանտի, Յան Շենկմանի, Ժենյա Ենգիբարյանի եւ Նինա Իսկանդարյանի ջանքերով։

Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի վերջին ողբերգական իրադարձությունների հետևանքով իենց տունը կորցրած  արցախցիների պատմությունները` տան լուսանկարներով:

Ցուցահանդեսի մասնակիցների խոսքով` շատ բան չէին կարող իրենց հետ վերցնել և հոգու խորքում կարծում էին, որ սա վերջին անգամը չէր լինի, որ կտեսնեն իրենց տունը։ Շատերը նույնիսկ դուռն են կողպել ու բանալին վերցրել:

Ինչքան ցավոտ է հարազատ տունը թողնելը, նույնքան էլ դժվար է հետո այդ տան նկարները նայելը: Յուրաքանչյուր նկար մի ուրույն հուզական պատմություն է հիշեցնում` գրքերով լեցուն, կիթառով սիրելի սենյակը, պարտեզում տնկած բարիքները, մտերիմների հետ անցկացրած ամբողջ կյանքը…

Տաթև Ազիզյան

Մենք ենք, մեր սարերը․ Արցախի ցավով, վշտով, բայց արցախցու համառությամբ…

«Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը փետրվարի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում  հանդես կգա համերգով, որի հասույթն ամբողջությամբ կուղղվի համույթի գործունեության պահպանմանը:

Համերգի գլխավոր նպատակը Արցախի ներկայացումն է: Արցախյան բարբառով Արցախի երաժշտությունը կարոտի, հետդարձի հույսը պիտի փոխանցի հայրենակիցներին:

2000 թ-ից  համույթը հայկական երգն ու պարը տարածել է Արցախի բոլոր բնակավայրերում և արտերկրում:

Համույթի կերտած պատմությունն ու ստեղծագործական բարձունքները խաթարվել են պատերազմի, տեղահանության պատճառով: Հայաստանում համույթի անդամները փորձում են միավորվել և վերականգնել բաց թողնվածը:

Համույթի գեղարվեստական ղեկավար Վիտալի Ղազարյանի խոսքով` ապրած արհավիրքներից հետո շատ դժվարությամբ են երգում, բայց մշակույթը ևս մի զենք է, որը պետք է կիրառել, չկոտրվել:

«Համույթի անդամները շրջափակման ընթացքում գյուղերից ոտքով հասնում էին Ստեփանակերտ, որպեսզի մասնակցեն փորձերին: Այսօր նրանք ուժ են գտել շարունակելու իրենց գործունեությունը: Սա ևս մեկ փաստ է, որ արցախցիներն ուզում են ապրել մայր Հայաստանում: Իհարկե դժվարությունները շատ են, սակայն ինչպես միշտ հայ ժողովուրդը դժվար իրավիճակներում կարողանում է միավորվել և բռունցք դառնալ:

Ռոստելեկոմ Արմենիան առաջիններից էր, որ արձագանքել է մեր նամակ-խնդրանքին և հայտնել իր աջակցությունը: Տերյան մշակութային կենտրոնը մեզ տրամադրեց տարազներ», -պատմում է հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը:

Արցախի մշակույթի պահպանությամբ հետաքրքրված բոլոր մարդիկ կարող են իրենց դրամական աջակցությունն ուղարկել ռեԱրմենիա հարթակում տեղադրված դրամական հայտարարության միջոցով:

Տաթեւ Ազիզյան

 

Պետրոսը կանչել է Դմիտրի Սուսլովին՝ որ նա հնչեցնի “վերջին” գինը

Փաշինյանի իշխանությունը, ձեւացնելով «արևմտամետ» կուրսը եւ իրականացնելով ռուս-թուրքական ծրագրերը, անցել է «օժանդակ» տեղեկատվական մանիպուլյացիաների։ Մասնավորապես, «ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման» մասին ամպագոռգոռ հայտարարությունների ֆոնին Հայաստան էին հրավիրվել ռուս «փորձագետներ», որոնք պետք է հայ հասարակությանն ասեն, որ «Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու գինը չափազանց բարձր կլինի»։

Այս մասին, մասնավորապես, հայտարարել է ՌԴ տնտեսագիտական ​​բարձրագույն դպրոցի աշխատակից Դմիտրի Սուսլովը Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից Երեւանում կազմակերպված համաժողովում։

Հատկանշական է, որ օդիոզ Պետրոս Ղազարյանը Սուսլովին հրավիրել է իր շոուին ու թույլ տվել ելույթ ունենալ։ Սուսլովը Հայաստանի Հանրային ալիքի եթերում հաճույքով շռայլեց այն նարատիվը, որ Հայաստանը դատապարտված է։

«Դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու և թշնամու (Արևմուտք-խմբ.) կողմն անցնելու գինը բարձր է լինելու։ Հայաստանն արդեն վճարել է այս գնի մի մասը. սա, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,- ասել է Սուսլովը:

Փաստորեն, Հայաստանում ռուս կայսերական քարոզիչը անկաշկանդ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը» Ռուսաստանի ձերքի գործն է, եւ դա միայն մի մասն է։

Հիշվում է, մի քանի ամիս առաջ հայկական իշխանամետ լրատվամիջոցները գրում էին, որ ամբողջ խնդիրը Ղարաբաղն է, որ Ռուսաստանը գործում է Ղարաբաղի ղեկավարության միջոցով և պատրաստվում է ղարաբաղցիների ձեռքով «իշխանափոխություն անել» Հայաստանում։ Ընդհանրապես, Ղարաբաղն է Հայաստանում ռուսական ազդեցության «բուծարանը»։ Հիմա Արցախի մասին ասում են՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։

Փաշինյանի իշխանությունն այս անգամ ո՞ւմ է մեղադրելու. Հայաստանի Սյունիքի մարզի հարավում զոհված աշխարհազորերին, որոնք փորձել են պաշտպանել իրենց հողը։ Այո, իշխանությունը մեղադրելու է նրանց, ովքեր «դիմադրություն են հրահրում», եւ ռուս քարոզիչներն արդեն բացահայտ խոսում են այդ մասին։

Սուսլովը համոզված է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը ստեղծված իրավիճակում ընկալվում է որպես «Ադրբեջանին՝ ագրեսիայի միտումնավոր հրավեր, որից հետո Հայաստանի ղեկավարությունն ակնկալում է լրացուցիչ առիթ ստանալ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալու համար»։

Սուսլովը բացահայտ խոսում է Փաշինյան-Պուտին-Ալիև դավադրության մասին, որի արդյունքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։ Իսկ այն, որ նա այդ մասին հայտարարում է Հայաստանի թիվ մեկ լրատվական հարթակից, վկայում է այն մասին, որ աշխատանքներ են տարվում վերացնելու վերջին խոչընդոտը՝ հայ ժողովրդի դիմադրելու կամքը։

Հայաստանում «արևմտամետ» ուժերը, որոնք YouTube-ում հազարավոր լսարաններ են հավաքել և հեռարձակում են, որ Հայաստանը պատրաստվում է պոկվել Ռուսաստանից, ամեն ինչ անում են, որպեսզի այս ծրագիրը հնարավորինս արագ իրականացվի։ Նրանք ասում են, որ Հայաստանի կառավարությունը փնտրում է անվտանգության «այլընտրանքային» երաշխիքներ, որ Ֆրանսիան և մյուսները կգան օգնության՝ դրանով իսկ վերջին մեխը խփելով հայկական դիմադրության դագաղին:

Ազատություն․ Ավանեսյանները 5-րդ ամիսն է՝ դեռ չեն ստացել զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված գումարը

Ազատություն

5-րդ ամիսն էլ լրացավ՝ Ավանեսյանների ընտանիքում սպասում են՝ երբ է ի վերջո իրենց էլ հասնելու զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված գումարը։

44-ամյա Գևորգ Ավանեսյանը պայմանագրային էր, զոհվեց սեպտեմբերի 19-ին, Շուշիի տակ։ Նրա ծնողները, կինը, երեք երեխաները Ստեփանակերտից Հայաստան են հասել իրենց հետ տեղափոխելով միայն Գևորգի մարմինը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Քյուրաթաղից էին Ստեփանակերտ փախել։

Գևորգի կինն ասում է՝ դեռ հոկտեմբերին են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ հույսով, որ հատուցումը չի ուշանա:

Ընտանիքում լսել են՝ սեպտեմբերի երկօրյա մարտերին հաջորդած բենզինի պահեստի պայթյունն է տվյալներն իրար խառնել, պիտի ապացուցվի, որ Գևորգը զինծառայող էր, մահացել է մարտի ժամանակ, պայթյունի վայրում չի եղել:

Գևորգ Ավանեսյանի ընտանիքը պիտի ստանար ամեն ամիս շուրջ 250 հազար դրամ և 10 միլիոն դրամ միանվագ։ Տեղահանված, վարձով ապրող ընտանիքում գումարի կարիքը, բնականաբար, մեծ է։ Պետության աջակցությամբ տան վարձն են տալիս, մնում տատիկ-պապիկի միասին 100 հազար դրամ թոշակի հույսին:

Քննչական կոմիտեի տվյալով՝ շուրջ 200 զինծառայող է զոհվել երկօրյա մարտերի ընթացքում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 200 ընտանիք զրկված է այդ գումարից, որովհետև Հայաստանի իշխանությունը, իր ձևակերպմամբ, բյուրոկրատական պատճառով արագ չի արձագանքել։ Խնդիրն այն է, որ այժմ լուծարված են Արցախի այն զորամասերն ու նրանց հրամանատարական կազմերը, որ պիտի տեղեկանք տրամադրեն զինծառայողի մահվան հանգամանքների, տեղի ու ժամի մասին։ Մի քիչ նման իրավիճակ էր նաև 44 -օրյայից հետո:

Բեգլարյանն ընդգծում է՝ պետք է շատ արագ հանձնախումբ ստեղծեին, որ տվյալների ճշգրտմամբ կզբաղվեր ու այս գործը չէր ձգվի ավելի քան 5 ամիս։ Նրա տեղեկությամբ՝ այժմ հենց այդպես էլ արվել է:

«Ազատությունը» գրավոր հացում էր ուղարկել զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ խնդրելով տեղեկատվություն այս ընտանիքների հատուցման գործընթացի վերաբերյալ։ Պատասխան դեռ չենք ստացել։

«Զինապահ»-ը երեք օր առաջ հայտարարել էր՝ գումարների տրամադրումը մեկնարկում է։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ շարունակում է անլուծելի մնալ մարտական գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների և պահեստի պայթյունից մահացածների ընտանիքներին աջակցության հարցը:

Սեպտեմբերի 19-20-ը 21 խաղաղ բնակիչ սպանվեց ադրբեջանական զինուժի կրակից, մի քանի օր անց 218 հոգի վայրկյանների ընթացքում մոխրացավ վառելիքի հերթում։

Կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան:

«Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է․

Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքըA,- նշել է Թաթոյանը։

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) փետրվարի 24-ին ժամը 17:55-ի սահմաններում  մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: