Հիմա էլ “թիրախավորել են” Չինարի գյո՞ւղը Տավուշում

Հայկական կողմը հերքում է Բաքվի պնդումը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ին և 23:40-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Բաքուն նույնաբովանդակ հայտարարություն է տարածել Ներքին հանդի վերաբերյալ։ Այսօր առավոտյան Բաքուն “պատժիչ գործողություն” է իրականացրել, սպանելով 4 հայ զինվորի։

Պաշտպանության նախարարությունը չէր հերքել Ներքին հանդում հայ զինվորի “կրակոցը”, վախվխած խոստանալով պատժել կրակողին։ Բայց դա չի օգնել՝ Բաքուն արել է իր գործը եւ սպանել 4 մարդու։

«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտեմք՝ իրենք զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»: Դա ՔՊ-ական պատգամավոր, “դաշտային” գեներալ Գագիկ Մելքոնյանի խոսքերն են։

Փաստորեն, մերոնք պատրաստ չէին։ Իսկ Տավուշում վաղվա սադրանքին պատրա՞ստ են։ Հնդկական, ռուսական, ֆրանսիական զենքերը կօգտագործվե՞ն , թե՞ դրանք դեկորացիա են։

 

ԼՂ հակամարտության վերաբերյալ բաժինը կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում․ ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այս մասին պարզաբանել են ՀՀ ԱԳՆ-ից՝ անդրադառնալով հարցին՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել «Լեռնային Ղարաբաղ» բաժինը։

ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից:

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Խզմալյան․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից

«Այսօր առավոտյան սկսվեց այն ծրագրի իրականացումը, որի մասին ես անցած շաբաթ գրել էի, զգուշացրել էի նաեւ կառավարությանը։ Ռուսներն իրականացնում են հետեւյալ ծրագիրը՝ ադրբեջանցիները պետք է սահմանային բախումներ հրահրեն, եւ ռուսները, հայտարարելով, որ գալիս են «փրկելու» ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ դաշնակից Հայաստանին, 102-րդ բազայի զորքով, ինչպես նաեւ Արցախում տեղակայված այսպես կոչված խաղաղապահներով կգրավեն Սյունիքի հարավը։ Եվ այսպիսով, առաջին հերթին Ռուսաստանի համար կբացեն երանելի զանգեզուրյան միջանցքը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Հարցն, թե դրա անվան տակ ՀԱՊԿ ուժեր կբերե՞ն, Խզմալյանը պատասխանեց․ «Մենք բոլորս գիտենք, որ ՀԱՊԿ ուժերն ընդամենը կեղծանուն է հենց նույն ռուսական զորքերի համար։ Իրենք Ղազախստանում 2022 թվականին դա արել են՝ իջեցնելով 70 օդանավ, որին չգիտես ինչու դամ պահողի դերում մասնակցել էր նաեւ հայկական մի փոքրիկ զորախումբ։ Բայց հիմնականում դրանք ռուսական զորքեր են, եկեք իրար չխաբենք»։

Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, կատարի դրա համար անհրաժեշտ պայմանը՝ ուղիղ դիմել Եվրամությանը եւ ՆԱՏՕ-ին՝ անդամակցության ու պաշտպանության խնդրանքով։ «Միայն մենք կարող ենք դա անել։ Ասելով՝ մենք, ես նկատի չունեմ կառավարությանը, դա կարող է անել նաեւ ժողովուրդը։ Ես հիշեցնեմ, որ վերջերս Եվրամիությունը Վրաստանին շնորհել է անդամակցության թեկնածու կարգավիճակը՝ ընդգծելով, որ դա ոչ այնքան Վրաստանի կառավարության, որքան ժողովրդի պահանջն է։ Եվ ժողովուրդն իսկապես հավաքներով, ցույցերով, եվրոպական դրոշներով նշում էր իր ամուր կամքը՝ լինելու Եվրոպայի մաս։ Մեզ մոտ պետք է կատարվի նույնը, եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հիմա նախաձեռնում է ժողովրդավարական ուժերի հավաքներ՝ միանբանվելու կոչով, որպեսզի ժողովրդին կոչ անենք տարբեր միջոցներով դիմել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունը չի կատարում այս քայլերը, ուրեմն՝ օժանդակո՞ւմ է ռուս-թուրական այդ ծրագրի իրագործմանը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունը բավական հետաքրքիր գործելակերպ է ընտրել։ Կատարվում են որոշ անհրաժեշտ քայլեր։ Օրինակ՝ հենց այս օրերին ԱԳ նախարար Միրզոյանը գտնվում է Բրյուսելում եւ այնտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկում է վիզաների ազատականացման հարցը։ Դա անհրաժեշտ է, բայց դա բացարաձակապես ժամանակավրեպ է եւ ոչ բավարար, ոչ ադեկվատ։ Դա չի համապատասխանում իրական մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը, նրա դիվանագետներն ու այլ պաշտոնյաները պետք է բոլորովին այլ օրակարգ դնեն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների առաջ։ Մենք գտնվում ենք նոր պատերազմի շեմին, ոը դեռեւս հնարավոր է կանխել, եթե Հայաստանը գործի հստակ, այլ ոչ թե ազդակներ հղի Մոսկվային, ինչպես վերջերս արեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանում չի քննարկվում ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Դրանից ժամեր անց Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին հերթական սադրանքը, որի հետեւանքով նաեւ զոհեր ունեցանք։ Ես ուղիղ կապ եմ տեսնում այս անգործության կամ ոչ բավարար գործողությունների եւ այս զարգացումների միջեւ»։

Լավագույն պաշտպանությունը նահանջն է՝ ինչ է ուզում Մարուքյանը միջազգային հանրությունից

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր արարքների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացված նողկալի, չհրահրված գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քառակուսի կիլոմետրից, ինչը փաստացի ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»,-

Այս մասին գրել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր բանակցելու և ստորագրելու համար մեզ պետք է ոչ թե մոդերատոր, այլ հուսալի երաշխավոր։ Հակառակ դեպքում դժվար է բանակցել մեկի հետ, ով զենքը պահում է գլխիդ և չի կատարում իր պարտավորությունները»։

Ներքին Հանդում հերթական ագրեսիայի հետ կապված, որը հանգեցրեց 4 հայ զինծառայողի զոհվելուն, ոչ Մարուքյանը, ոչ էլ Հայաստանի մյուս վայ-պաշտոնյաները չեն խոսում ինքնապաշտպանության ու պաշտպանության իրավունքի մասին։ Միջազգային հանրությանը ուղված անհասցե կոչերը միայն ընդգծում են Հայաստանի իշխանության իմպոտենցիան։ Ինչո՞ւ պետք է համաշխարհային հանրությունը դատապարտի Բաքվին և պահանջի դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից, եթե Հայաստանն ինքը պատրաստ է նահանջել մինչև վերջին հայը և գյուղը:

Արտաքին գործերի չնախարար Արարատ Միրզոյանն այժմ Բրյուսելում է՝ ըստ երևույթին, որպեսզի համոզի ԵՄ-ին «չմիջամտել» «խաղաղ բանակցություններին» և հետ կանչել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Բաքուն և Մոսկվան դժգոհ են այս ԵՄ առաքելությունից, և Երևանը պետք է հասնի դրա դուրսբերմանը։

Երեկ Վարդենիսում բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ պահանջում էին իրենց զենք բաժանել, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց տները։ Բայց Հայաստանի իշխանության «խաղաղ» քաղաքականությունը չի ենթադրում պաշտպանական գործողություններ։ Լավագույն պաշտպանությունը նահանջն է՝ սա է Հայաստանի կառավարության նոր խոսքը ռազմագիտության մեջ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

«Ազատության»  հետ զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է․ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»։

«Երեք վիրավոր վերցրի, որ հասցնեմ Ստեփանակերտ, բայց արդեն ճանապարհը վերցրել էին, կրակեցին մեքենայի վրա»․ Սարուշենի տեղահանումը

Forrights.

Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ամենաշատ զոհն է տվել՝ 12 մարդ։ Այս գյուղում պատերազմը չէր էլ ավարտվել․ հենց այստեղ դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար կրակում էին՝ խոչընդոտելով մարդկանց աշխատել իրենց հողատարածքի վրա։

«Անսպասելի չէր, գիտեինք, որ մի պահի ադրբեջանցիները կհարձակվեն։ Մեզ համար պատերազմը չէր ավարտվել», -Forrights.am-ին ասում է Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանը։

37-ամյա արցախցին ծնվել մեծացել է Սարուշենում։ Վերջին չորս տարին հարազատ գյուղի ղեկավարն էր։ Պատմում է՝ թեպետ շրջափակման մեջ, բայց իրենց գյուղ ապահովված էր ցորենով, ալյուրով․ «Պահեստավորած մթերք ունեինք, ութ տոննա ցորեն էինք տարել, աղացել, բերել, բաժանել ժողովրդին։ Չեն հասցրել ուտել։ Մի 50 տոննա ցորեն թողել ենք գյուղում, հեռացել։ Մարդիկ իրենց փողերը ոսկիները ամեն ինչ թողել են, խուճապ էր ընկել, երեխեքը, նույնիսկ մեծերը լացում էին․պատերազմն հասել էր գյուղի տակ»։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան զանգել, ասել են՝ «համար մեկ է», ինչը նշանակում է, կռիվ է, պետք է պաշտպանվել։ Կարենը պատմում է՝ գյուղի տղամարդիկ, կազմելով աշխարհազոր, ուղղվել են դիրքեր՝ գյուղը պաշտպանելու, իսկ ինքը կազմակերպել է բնակչության տեղահանությունը։ «Մարտական դիրքից մեկից մեզ փոխանցեցին, որ կուտակումներ կան, ես ու ընկերս՝ Արմեն Առուստամյանը, զենք վերցրին, գնացինք դիրքեր, տեսանք իսկապես ադրբեջանցիների մեծաքանակ կուտակումներ կան, ու չորս ձորերով մոտենում են գյուղին։ Կրակում էինք նրանց ուղղությամբ, փորձում էինք կանխել շարժը։ Բայց ժամը մեկի կողմերը սկսեցին հրետանային կրակ բացել գյուղի ուղղությամբ։ Երբ արդեն շատ էին մոտեցել գյուղին, Արմենին ասեցի՝ դուք պահեք դիրքերը, ես գնամ ժողովրդին ասեմ՝ դուրս գան գյուղից», -դեպքերը վերարտադրում է Կարեն Գասպարյանը։

Գյուղում արդեն խուճապ է եղել, և նա կարողացել է 200-ից ավելի բնակչության տեղահանում կազմակերպել։ Մարդիկ անտառների միջով շուրջ 7 կմ ճանապարհ են կտրել անցել՝ հասնելով Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Ժողովրդի տեղահանումը կազմակերպելուց հետո մեքենայով վերադարձել է դիրքեր, որտեղ արդեն վիրավորներ, զոհեր կային․ «Երեք վիրավոր վերցրի, որ տանեմ հասցնեմ Ստեփանակերտ, բայց արդեն ճանապարհը վերցրել էին։ Կրակեցին մեքենայի վրա, էդ պահին ես էլ վիրավորվեցի։ Բայց մեկ է ուրիշ ճանապարհով կարողացա վիրավորներին հասցնել հոսպիտալ։ Ճանապարհին վիրավորներից մեկը՝ Վրեժ Գասպարյանը մահանում է»։

Հոսպիտալից հետո Կարենը գնում է Մսմնա գյուղ, որտեղ Սարուշենի բնակչությունն էր կենտրոնացել․ «Առաջին օրը անձրև էր եկել, ցեխերի ու ջրերի միջով մարդիկ գնացել հասել են Մսմնա գյուղ, ով ինչ ուներ հագին, էդպես էլ դուրս է եկել տնից՝ դամաշնիկով, խալաթներով։ Որոշեցի բնակչությանը տեղափոխեմ Ստեփանակերտ, մի մեքենա էր, ինչքան մարդ տեղավորվեց, տարա։ Ստեփանակերտից արդեն մի ավտոբուս ու մի «Ֆորդ տրանզիտ» վերցրինք մեր մի գյուղացու հետ ու հետ եկանք Մսմնա գյուղ։ Ժողովրդին վերջապես տեղափոխեցինք Ստեփանակերտ»։
Այստեղ արդեն բնակչության մի մասը մնացել է օդանավակայանում, մյուս մասն էլ՝ քաղաքի նկուղներում։

Գյուղի վրա հարձակման, բնակչության տեղահանման ողջ ընթացքում Կարեն Գասպարյանն ասում է, ռուս խաղաղապահ զորակազմից որևէ ներկայացուցիչ չի եղել։ «Մեզ ոչ մի ձև չեն օգնել, ոչ մեկին չենք տեսել տարածքում, ոչ մեկին», -նշում է նա։

Գյուղի 80 տոկոսը, ըստ ղեկավարի, մասնակցել է Սարուշենի պաշտպանությանը և հենց դրա շնորհիվ, ադրբեջանցիները չեն կարողացել գյուղ մտնել։ «Մեր տղաների իրականացրած պաշտպանության ժամանակ գյուղի բնակչությունը կարողացավ մեր ու մանուկ դուրս գալ գյուղից, և ադրբեջանցիները գյուղ մտել են միայն հրադադարից հետո, երբ արդեն հայտարարվել էր կրակի դադարեցման մասին։ Բայց միևնույն է, երբ դուրս էինք գալիս գյուղից, բոլորս մտածում էինք, որ կվերադառնանք, չէինք կարծում, թե մշտապես ենք հեռանում։ Ո՞վ կիմանար՝ սենց կլինի», -ասում է Կարեն Գասպարյանը։

Կարենն այժմ իր ու երկու քույրերի ընտանիքի հետ ապրում է Պտղնիում, բարեսիրտ մի մարդու առանձանտանը, առանց վարձակալության։ Ասում է՝ զանգում, պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր ծայրերում հաստատված սարուշենցիներին։ Երազում է՝ Հայաստանում որևէ մի բնակավայր վերաբնակեցնել սարուշենցիներով, ապրել հարազատ մարդկանց շրջապատում։

«Մի մասը գտել է աշխատանք, մյուս մասը՝ ոչ, ունենք դժվարություններ, բայց շատ ուզում ենք բոլորս միասին գնանք մի գյուղում ապրենք, շենացնենք», -ասում է Սարուշենի գյուղապետը։

Հասմիկ Համբարձումյան

Ինչ է կատարվել Ներքին հանդում. Բաքվուն համաձայնեցնում է գործողությունները Երևանի հետ

Մինչ ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվում էր «Լեռնային Ղարաբաղի խնդիրը» բաժինը, Ներքին Հանդում տեղի ունեցավ հերթական ագրեսիայի ակտը, որի հետևանքով երկու հայ զինծառայող սպանվեց, կան վիրավորներ։

Մի քանի ամիս տեւած ցուցադրական «անդորրից» եւ Ալիեւի հերթական «ընտրությունից» հետո Բաքուն կրկին վերադարձավ խնդիրների լուծման ուժային մեթոդին։ Դատելով նրանից, որ հայկական կողմը ոչ միայն կրակով չի պատասխանում կրակին, այլև խոստանում է պատժել «մեղավոր» հայ զինվորականներին, ովքեր փորձում են կատարել իրենց պարտքը, Բաքվի գործողությունները լիովին համակարգված և վերահսկվում են Երևանից։

Այս գործողություններն ուղղված են Սոթքից մինչև Ներքին Հանդ սահմանը քայքայելուն, որից հետո ՀԱՊԿ զորքերը ժամանակավորապես կտեղակայվեն այս սահմանին, մինչև Հայաստանը որպես պետություն չվերանա։

Պատահական չէ, որ Կապան-Զանգելան հատվածում հայկական կողմից ենթադրյալ գնդակոծության մասին իր առաջին հայտարարության մեջ Բաքուն նշում է, որ «միջադեպը տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից վերահսկվող տարածքում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում նրա նպատակների և խնդիրների վերաբերյալ»։ ԵՄ-ն, Իրանը և մի շարք միջազգային կառույցներ հայտարարել են Հայաստանի սահմանների ուժային փոփոխության անթույլատրելիության մասին, և ԵՄ առաքելությունը կատարում է հենց այս խնդիրը։ Այդ իսկ պատճառով այն խանգարում է ոչ միայն Բաքվին ու Մոսկվային, այլեւ պաշտոնական Երեւանին։

Հայկական կողմը լռելյայն միացել է Բաքվի մեղադրանքներին ԵՄ առաքելության դեմ։

Միաժամանակ ՀԱՊԿ-ը խաղաղապահության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել՝ ակնարկելով, որ շուտով ՄԱԿ-ի մանդատով ինչ-որ առաքելություն է սպասվում։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իմիջայլոց հայտարարեց, որ տարածքային պաշտպանության ստորաբաժանումներում կնշանակվեն զինված ուժերի ներկայացուցիչներ, ովքեր կպատրաստեն տեղացի պահեստազորայիններին։ Առանձին համայնքների պաշտպանության խնդիրները բանակը վստահում է համայնքներին։ Ինչ վերաբերում է բուն բանակին, ապա Նիկոլ Փաշինյանը կաթոլիկ քահանայի կեցվածքով իր վերջին հարցազրույցում պնդեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ բանակ։ Այս թեմայի ակտուալացումը նշանակում է, որ բանակի հարցն արդեն լուծված է՝ այն չի լինելու։

Փաշինյանի իշխանությունը փաստացի հայտարարում է Երրորդ Հանրապետության ավարտը՝ համեստորեն լռելով, որ Չորրորդը չի լինելու.

Նաիրա Հայրումյան

Ներքին հանդի գյուղապետ․ «Մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»

Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղում իրավիճակը լարված է, բայց դիրքերում կրակոցները դադարել են։ Այս մասի step1.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղադասարյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղում մանրամասներին տեղյալ չեն, թե ինչ է տեղի ունեցել։ «Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց կարող եմ ասել, որ այս պահին հանգիստ է»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք համարժեք պատասխան չպե՞տք է տալ թշնամուն, որ նման սադրանքների չդիմի, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք չգտենք՝ միգուցե ճիշտը սա է կամ միգուցե ճիշտը այն է, որ պետք է համարժեք պատասխան տալ, բայց մենք չենք կարող ասել՝ համարժեք պատասխանը որն է»։

Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղում իրավիճակը լարված է, մարդիկ շարունակական կրակոցների տակ են ապրում։ Բայց չնայած սրան, գյուղից արտագաղթ չկա։ «Ով կա գյուղում, մնացել է, արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են մնալ գյուղում եւ մնալու են»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշվում էր ՊՆ հաղորդագրությունում։

Հայկական կողմի այս հաղորդագրությունից հետո թշնամին սադրանքի դիմեց, ինչի հետեւանքով ունենք զոհեր ու վիրավորներ։

Հայաստանի պաշտպանության նախարարություն. ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով երկու զոհ ունենք

Հայկական կողմից Ներքին Խանդայի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով, նախնական տվյալներով, երկու զոհ և վիրավոր կա։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Փետրվարի 3-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ, ավելի վաղ հայտնել է ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ երեկ Բաքուն հայտնել էր, որ փետրվարի 12-ին Կապան-Զանգելան հատվածում հայ զինվորները իբր կրակ են բացել, եւ վիրավոր կա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր փետրվարի 12-ին ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներ կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս տեղեկությունը հետաքննվում է, երեկ հայտնել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունը, նշելով, որ «վերադաս հրամանատարության գրավոր հրամաններով հստակ սահմանվում են դեպքեր, երբ զինծառայողը, գնահատելով իրավիճակը, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել։ Նախնական տեղեկություններով՝ փետրվարի 12-ին այս տարածքում նման իրավիճակ չի եղել։ Եթե ​​այս հանգամանքը հաստատվի, կարգը խախտելու համար մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է Ռազմական ոստիկանության հաղորդագրությունում։

Այս հայտարարությունից հետո փորձագետները հայտարարեցին, որ Բաքուն սադրանք է նախապատրաստում։

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը

Հրապարակը գրում է․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը։

Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Հատկաշական է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի,  Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, քանի որ այնտեղ նշված է՝ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

 

Այսօր Արցախյան Շարժման 36-ամյակն Է

Ամեն բան սկսվեց Արցախից: Հադրութում Իգոր Մուրադյանների նմաները կրակը վառեցին, կրակը հասավ Երևան և հետո վերադարձավ մինչև Ակնա, Ջրական, Վարանդա և այլն:

Բայց Իգորները քիչ էին:

Այդ իսկ պատճառով մենք 1991-94 թթ Արցախն ազատագրեցինք, բայց մեր քաղաքական մտածելակերպում, պետականաստեղծ ճանապարհին Արցախը չազատագրեցինք, և պետականաշինական ընթացքը կանգ առավ:

Մենք մնացինք սովետական չհանրապետության գաղափարական ծիրում, այդ իսկ պատճառով գնացինք հայկական մարզ Արցախի անկախության ճանապարով` ճանաչելով ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ: Եվ հենց այդ պատճառով մենք կորցրեցինք Արցախը:

Այսօր մենք պետք է ազատագրենք Արցախը մեր մտքերում, և ըստ դրա դնենք հիմքերը նոր Հանրապետության: Քանի որ 3-րդ հանրապետությունը մահացել է: Բայց կանք մենք` անկախության սերունդը:

Մենք պարտավոր ենք վերասկսենք 1988-ի շարժումը:


Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում է պետք, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն․ պատգամավոր

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննարկումներ են անցկացնում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների հետ։ Այս մասին step1.am-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի ԱԺ պատգամավորները նախաձեռնություն ցուցաբերո՞ւմ են՝ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու հարցում։

– Այո, քննարկումներ կան։

-Առաջիկայում որեւէ նախաձեռնությամբն հանդես գալո՞ւ եք։ Փակագծեր կարո՞ղ եք բացել։

-Այո, նախաձեռնություն լինելու է, բայց ցավոք սրտի փակագծեր չեմ կարող բացել։

-Արցախի ժողովրդի վերադարձի համար ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն։

-Արցախի ժողովուրդը ժամանակավոր բռնի տեղահանվել է իր հայրենիքից, էթնիկ զտում է տեղի ունեցել, Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես բռնակցվել է Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը կորցրել է իր իրավունքը։ Հետեւաբար, իրենք պետք է առնվազն վերականգնեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Եվ դրա համար մի քանի նախապայման է պետք։ Նախ, անվտանգության մեխանիզմների ապահովում, այսինքն ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն, ապահով ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Արցախի Հանրապետության միջեւ, միջանկյալ կարգավիճակ, որն ինքնակառավարման հնարավորություն է ընձեռնում եւ վերադարձ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։ Վերջիվերջո չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդամենը հրադադարի փաստաթուղթ է, որը որեւէ առնչություն չունի քաղաքական կարգավորման հետ։ Այսինքն՝ քաղաքական կարգավորման հարցը բաց է՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա, թե չի ուզում։ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը կախված չէ ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի կապրիզից։ Արցախի ժողովուրդը պահում է իր իրավունքը։

-Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք այս հարցերի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալ ՀՀ խորհրդարանում։

-Դա ձեր նախորդ հարցի հետ ուղղակիորեն կապակցված հարց է, որին դրական պատասխան եմ տվել։