Ամեն նոր հուշարձան նորովի է բացում անցյալը. մի խաչքարի պատմություն

Չնայած Արցախում 44-օրյա պատերազմից հետո պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառը կանգնել է ավելի մեծ խնդիրների առաջ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների պատմամշակութային ժառանգության պաշտպանություն, այդուհանդերձ շարունակվում են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման ու պահպանման աշխատանքները։ Հետպատերազմյան շրջանում հայտնաբերվել են 300-ից ավել նոր հուշարձաններ, հիմնականում խաչքարային արվեստի, որոնք հարստացնում են Արցախի այս կամ այն տարածքի պատմությունը, մանավանդ երբ դրանք արձանագիր են։ Ստորև կներկայացնենք այդ խաչքարերից երկուսը, որոնք հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի տարածքում։ Առհասարակ Արցախի խաչքարային պատկերաքանդակներում հաճախ ենք հանդիպում պատերազմի ու ռազմիկի թեմատիկային։ Խաչքարերի ստորին մասում շատ հաճախ մենք տեսնում ենք սպառազինված հեծյալի և նաև հետիոտնի։ Հեծյալը,  ինչու չէ նաև նժույգը պատկերված են հանդիսավոր ձևով։ Շատ հստակ ցուցադրվում է զենքը։ Հեծյալը որպես կանոն մի ձեռքով բռնած է նիզակը, կամ սուրը, մյուսով ձիու սանձը։  Հանդերձանքից կարող ենք առանձնացնել հատկապես գլխարկը, որը երբեմն սուր եռանկյունաձև, կամ ռոմբաձև տեսք է ունենում։  Նման պատկերաքանդակները որոշակի պատկերացում են հաղորդում տվյալ ժամանակաշրջանի ռազմական հանդերձանքի ու զենքի մասին։  Շատ հետաքրքրական է նաև ձիու պատկերումը։

Որպես կանոն պատկերաքանդակները լինում են խաչի ստորին մասում, ասել է թե խոսվում է անդրաշխարհի՝ հանգուցյալի մասին։ Ունենք նաև պատկերաքանդակներ, որտեղ պատկերված են նաև ընտանիքի անդամներ, մայրը, կին, երեխա և այլն։

Որպես օրինակ կներկայացնենք  այս երկու գեղաքանդակ խաչքարերը, որոնք հայտնաբերվել են 2021 թվականին  Հարությունագոմեր  գյուղի <<Միջի խութ>> կոչված անտառապատ լեռնային բարձունքում: Խաչքարերը կերտված են կրաքարից, արտաքուստ ունեն բաց դարչնագույն տեսք: Աչքի են ընկնում մեծ տարածում գտած դրվագազարդումներով՝ խոյաեղջյուր,  բուսական ու երկրաչափական քանդակներով: Սակայն ամենաուշագրավը հուշարձանի ներքնամասն է՝ պատկերաքանդակներով ու արձանագրությամբ: Առաջին նկարի խաչքարի ձախ անկյունում երեք մարդկային պատկերներ են (հավանաբար կնոջ ու երեխաների), իսկ աջ կողմում զինավառ հեծյալ՝ նիզակով ու աջ գոտկատեղից կախված թրով, որը զինվորականին ռազմաճակատ ճանապարհելու տեսարան է հիշեցնում: Իսկ արձանագրությունից հայտնի է դառնում, որ ոմն Դեղ խաչքար է կանգնեցրել իր որդու կամ որդիների հիշատակին 1209 թվականին։ Իսկ  երկրորդ խաչքարի  կենտրոնում մեծադիր գեղազարդ լայնաթև խաչն է՝ ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում բուսական քանդակներով:

Սակայն խաչքարն առանձնապես աչքի է ընկնում զինավառ նիզակակիր հեծյալի պատկերաքանդակով ու արձանագրությամբ: Իսկ մասամբ եղծված արձանագրությունից կամ դրա բովանդակությունից հայտնի է դառնում, որ Գրիգորը խաչքար է կանգնեցրել եղբոր հիշատակին. <<Թինն ՈԾԷ (1208) ես Գիրգոր Ս հոգու կանգնե(ցի) զխաչս եղբա(ւր) Հարբի որ երկիր(պագանէք…)>>։

Այս նորահայտ խաչքարերը ավելի շատ նոր հարցեր առաջացրին տարածաշրջանի պատմության վերաբերյալ, քան պատասխաններ տվեցին։ Մի բան հստակ է, որ տեղանքը մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։

 

Մի բարավորի պատմություն

Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը շատ դառը ճակատագիր է ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ այսօր այն դարձել է սահմանամերձ։ Ինչպես Արցախի շատ գյուղեր, Կիչանն էլ շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի։ Դրանցից մեկն էլ գյուղից 3 կմ հյուսիս – արևելք, լեռնալանջին փռված Անապատ կոչվող վանքային համալիրն է, որը կրում է նաև Խոթավանք անվանումը, իսկ բնակիչների մոտ պահպանվել է Անահիտի տոն տարբերակը: Բավականին հետաքրքիր հուշարձանախումբ է, բաղկացած երկու եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միաբանների խցերից և ընդարձակ գերեզմանոցից: Համալիրի ամենահին 1191 թվագրությամբ արձանագրությունը պահպանվել ե մի խաչի վրա, որը իհարկե միակ արձանագրությունը չէ: Վանքի տարբեր շենքերից ընդօրինակվել և հրատարակվել են 10- ից ավելի արձանագրություններ: Սակայն Խոթավանք անվանմանը հանդիպում ենք միայն մեկ տապանագիր-արձանագրության մեջ․ ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏՐ․ ԳՐԻԳՈՐԻՆ, ՈՐ ԷՐ ՄԻԱԲԱՆ ԽՕԹ/ԱՎԱՆՔԻՆ, ՍԱՅ ՈՐԴԻ ԷՐ ՍԻՄԷՕՆԻՆ։ ՌԲՃ ՄԷԿ ԹՎԻՆ․ (1752):

Նյութն այս ոչ թե հուշարձանի, կամ նրա ճարտարապետական կառուցվածքի մասին է, այլ մի փոքրիկ շատ հուզական պատմություն, որը գալիս է հարստացնելու նաև եկեղեցու պատմությունը։ 2020 թվականի ամռանը ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հետ կապ է հաստատել Կիչանի բնակիչ Մանվել Միքայելյանը և հայտնել, որ եկեղեցու ,,անձնագիրը,, ինքը արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ավելի կոնկրետ 1989 թվականին թաքցրել է Ղուլյան Բորիսի հետ մեկտեղ։ 1991 թվականի դեկտեմբերին  Բորիսը զոհվել է և դրա տեղը գիտի միայն ինքը, հետևաբար ուզում է այն հանել թաքստոցից, որպեսզի անհետ չկորչի։ Մանվելի հետ այցելեցինք հուշարձանի տարածք և նա թաքստոցից հանեց եկեղեցու ,,անձնագիրը,,՝ բարավորի արձանագիր քարը։ Հարցին, թե ինչու՞ են թաքցրել, Մանվելը պատասխանեց, թե մտածելով, որ թշնամին կարող է վերացնել այդ քարը, որոշեցին թաքցնել։ Իսկ երկար տարիներ դրան չանդրադարձավ, որովհետև տարածքը ականապատ էր։

Թե քարը, թե արձանագրությունը բավական լավ էին պահպանվել, ճիշտ է գիրը կիսատ է, ԹՎ ՌՄԼ (1781) ԱՆԴՐԵԱՍ ՎԱՐԴԱՊԵՏՍ ՈՐ Է Ի ԽՕԹԱՎԱՆՔ, ՈՐԴԻ Տ(է)Ր ՊՈՂՈՍԻՆ և ԲԷԿԶԱԴԻՆ, ՈՐ ԵՂԵԻ ԸՍՊԱՍԱՈՐ և ԾԱՌԱ Ս(ՈԻ)ՐԲ ՈԻԽՏԻՍ, ԵՍ և ԻՄ ԵԽ(ԲԱՅՐ)․․․ բայց բավարար է փաստելու, որ սույն վանական համալիրը իսկապես կոչվում է  Խոթավանք։ Տարօրինակ է, որ 1989 թվականին թաքցված քարը ուսումնասիրողները չէին նկատել։

 Քարը վերադարձվեց եկեղեցուն, բայց դեռ իր տեղում չէ, քանի որ հուշարձանը նախ ենթակա է վերանորոգման և իհարկե տարածքի մանրակրկիտ ուսումնասիրման, չի բացառվում, որ գտնվի նաև արձանագրության շարունակությունը, որը նոր լույս կսփռի պատմության այս էջերին։

Ի դեպ հուշարձանից ներքև, ձորի մեջ Անահիտի անունը կրող աղբյուր կա: Ի՞նչ կապ ունի այս ամենը Անահիտի հետ, ցույց կտան հետազոտությունները։

Ուկրաինական ուժերը գյուղեր են գրավում Դոնեցկի մարզում

“Ազատություն”

Ուկրաինական 68-րդ առանձին բրիգադը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե բնակավայրի գրավումը:

Տեսանյութում ուկրաինացի զինվորականները դրոշ են ամրացնում մի շենքի վրա, որը զգալիորեն վնասվել է գնդակոծությունից: Հաղորդվում է, որ ռուս զինվորականները գերի են ընկել: Այլ մանրամասներ ուկրաինական կողմը չի հրապարակում:

Տեղեկություններ կան նաև նույն ուղղությամբ մեկ այլ՝ Նեսկուչնոյե գյուղի գրավման մասին:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հաստատել է տվյալ ուղղությամբ ևս մեկ գյուղի՝ Մակարովկայի գրավման մասին: Սա նշանակում է, որ ըստ ամենայնի՝ ուկրաինական ուժերը գրավել են նաև Ստորոժևոյե գյուղը, որը գտնվում է Մակարովկա և Բլագոդատնոյե գյուղերի միջև:

Ռուսական կողմը դեռևս անցած շաբաթ հայտարարեց, որ ուկրաինացիներն անցել են հակահարձակման, բայց լուրջ հաջողություններ չունեն: Սակայն նույնիսկ ռուսական աղբյուրները հաստատեցին Նեսկուչնոյե և Բլագոդատնոյե գյուղերի գրավման մասին՝ միաժամանակ պնդելով, թե ռուսների պաշտպանությունը ճեղքելու մասին խոսք չկա:

Պաշտոնապես Ուկրաինայի գլխավոր շտաբը հակահարձակման մասին չի հայտարարում, նույնիսկ չի հաստատում, որ այն արդեն սկսվել է:

Նախագահ Զելենսկին շաբաթ օրը Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ բանակցություններից հետո հրաժարվել էր լրագրողներին ներկայացնել ուկրաինական հակահարձակման դետալները, միայն ասել էր, թե որոշակի պաշտպանական և հակահարձակողական գործողություններ են իրականացվում: