Ստորագրվել է հուշագիր «Լիարժեք կյանք» ՀԿ- ի և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի միջև՝ համագործակցության և փոխգործակցության մասին։
Հեղինակ՝ naira
Հայաստանի կործանման «խաղաղ պլա՞ն», թե՞ ռազմական պլան. հայ հասարակությունն ունի իր այլընտրանքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, «…մենք այնպիսի տպավորություն ունենք, որ Ադրբեջանում չկա կարգավորման քաղաքական կամք, այլ ընդհակառակը, ցանկություն կա սրել խնդիրները և խոչընդոտներ ստեղծել սահմանազատման հարցում»։ Այսինքն՝ բանակցություններ չկան, խաղաղություն էլ չի լինի։
Փորձագետները, Արցախից բռնի տեղահանվածների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքագետները, անվտանգության հարցերով զբաղվող գիտնականներն արդեն երեք տարի ասում են, որ Հայաստանը չի կարող խաղաղության հասնել ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմակերպության հետ։ Սակայն Հայաստանի իշխանությունները անշեղորեն հետապնդում են հայոց պետականությունը ոչնչացնելու ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի նարատիվների իրագործման կուրսը։
Բանը հասել է նրան, որ ահաբեկիչ Ալիևի սպառնալիքների ներքո Հայաստանի վարչապետը փոխում է ոչ միայն հայոց պատմությունը, այլև պատրաստվում է փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը՝ իրականացնելով հայ ազգի դենացիֆիկացիա եւ կատարելով Պուտին-Էրդողան հայ ազգի և նրա պատմության ոչ բռնի բնաջնջման ծրագիրը։
Հայաստանի վարչապետի և նրա թիմի իրականացրած անհեթեթության ֆոնին Արևմուտքը պատժամիջոցների արշավ սկսեց Ադրբեջանի դեմ։ Այն բանից հետո, երբ սույն ֆաշիստական երկրում մարդու իրավունքների խախտումների մասին պնդումներ հնչեցին, մեղադրանքներ հնչեցին նաեւ կրոնական ճնշումների մասին: Իսկ գագաթնակետը ԵԽԽՎ որոշումն էր՝ Ադրբեջանին առնվազն մեկ տարով ձայնից զրկելու մասին։
Հետևելով ոչ պակաս ավտորիտար Ռուսաստանի օրինակին՝ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, չի սպասի, մինչև իրեն վտարեն եվրոպական բոլոր կառույցներից, և ինքը դուրս կգա Եվրոպայի խորհրդից։
Ի՞նչ կտա սա Հայաստանին։ Բացարձակապես ոչ մի լավ բան, քանի որ Ադրբեջանը կդառնա էլ ավելի անսանձ, ագրեսիվ և անվերահսկելի՝ զերծ արևմտյան և ամբողջ համաշխարհային հանրության հանդեպ որևէ պարտավորությունից։
Քանի որ Ալիևը չի թաքցնում իր էքսպանսիոնիստական ծրագրերը և բացահայտ խոսում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին (բավական է Հայաստանին «Արևմտյան Ադրբեջան»անվանելը), ապա եվրոպական կառույցներից հեռանալը ավելի կարձակի նրա ձեռքերը, և Հայաստանի դեմ ագրեսիան կդառնա “օբյեկտիվ”։
Ըստ երևույթին, դա հաստատում է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը, ով խոսում է ադրբեջանական կողմից խնդիրների սրման և էսկալացիայի մասին։ Եվ ոչ միայն նա։
«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները շատ տագնապալի են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Տարօրինակ է, սակայն, որ ԵՄ-ն միայն հիմա է նկատել Ալիևի տարածքային պահանջները։ Վերջին երեք տարիների ընթացքում օկուպացվել են Արցախի Հանրապետության շրջակա տարածքները և բուն Արցախը։ 2021 և 2022 թվականներին զբաղեցվել է մոտ 200 քմ. կմ բուն Հայաստանի տարածքից։ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանի մի շարք որոշումներ։
Հատկապես տարակուսանք է առաջացնում Արևմուտքի որոշակի անտարբեր վերաբերմունքը Արցախի բնակիչների 10-ամսյա շրջափակման և, ի վերջո, ցեղասպանության և տեղահանության նկատմամբ, որի արդյունքում գրեթե ողջ հայությունը լքեց Արցախը։
Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանին պատժում են ոչ թե հայերի իրավունքների հանդեպ մեծ սիրո և հարգանքից ելնելով, այլ, հնարավոր է, տարածաշրջանից ռուսական զորքերը դուրս բերելու պարտավորությունները չկատարելու համար։
Սա նշանակում է, որ Ադրբեջանը կանգ չի առնի իր ծրագրերի իրականացման ճանապարհին՝ իմանալով, որ արեւմտյան պաշտոնյաների հայտարարություններին ու սպառնալիքներին քայլեր չեն հաջորդի։
Հայկական կողմի համար դա նշանակում է, որ պետք է օգտվել Արևմուտքի ճնշումներից Ադրբեջանի վրա, հրաժարվել կոլաբորացիոն քաղաքականությունից և վերջապես սկսել վարել սեփական ժողովրդի շահերին համապատասխանող քաղաքականություն և դիվանագիտություն։ Հենց դրա վրա է հիմնված բոլոր երկրների քաղաքականությունը՝ ազգային շահերի վրա (թեև Հայաստանում աննկատ դադարել են խոսել ազգային պետական և ազգային շահերի մասին)։
Բայց, դատելով Հայաստանի իշխանությունների գործողություններից, նրանք պարզապես ի վիճակի չեն հաղթահարել ռուս-թուրքական տանդեմի հանդեպ վախը։
Մնում է, որ հայ հասարակությունը գիտակցի, որ ներկայիս իշխանությունը ազգը տանում է դեպի պետականության վերջնական կործանում և ձգտում է մեր ժողովրդին ստրուկի վերածել։ Ավելին, նա ձգտում է այս ամենը ամրագրել թղթի վրա, ինչը նույնիսկ հաջորդ սերունդներին կզրկի անկախությունից ու ազատությունից։
Կարծում եմ, ավելի ու ավելի շատ մարդիկ կհասկանան դա և կսկսեն մտածել այլ կերպ, քան մտածել են վերջին 30 տարիների ընթացքում և կառաջարկեն իրենց այլընտրանքը:
Մարգարիտա Քարամյան
Քարին տակի խիզախումը․ սերնդե սերունդ
Այսօր Քարին տակ գյուղի ճակատամարտի ու փառահեղ հաղթանակի օրն է, այսօր Քարին տակը գերված է, այդ օրը պարտված թշնամու կողմից, հետևաբար և օրվա խորհուրդը սերունդներիս մտածելու տեղիք է տալիս։
Կան պատմական դեպքեր, դեմքեր, որ ինչքան էլ ստեղծված իրականությունը հակադրվի դրան, այն երբեք չի կորցնի իր արժեքը։ Նրա ասելիքը կշարունակի հնչել սերունդների համար, նրա փայլը չի խամրի, եթե այն ճաշակել է տվել հաղթության համը։
1992-ի հունվարի 26-ին ես երեխա էի, մեր գյուղից լսում էի կրակոցները, որ անընդհատ հնչում էին Քարին տակի ուղղությամբ, տեսնում էի ժայռից դեպի գյուղ գահավիժող վառվող անվադողերը, լեգենդներ էի լսում գյուղի քաջարի մարտիկների մասին՝ Վաղինակի, Ալյոշայի, բայց ես չէի հասկանում պատերազմն ինչ է։
Իսկ այդ օրը գյուղում իրարանցում էր, վազում էին, կանչում էին, տրակտորի շարժիչն էին մի կերպ գործի գցում, քարշակը միացնում, բոլորը վռազում էին, թուրքերը մեծաքանակ ուժերով հարձակվել են Քարին տակ գյուղի վրա, պետք էր օգնության հասնել։
Իր չափերով այդ մի բուռ գյուղն ամբողջությամբ շրջափակված էր, խաղաղ բնակիչները գյուղում, միակ հույսը՝ մի բուռ պաշտպանները։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Կար հրաման, որ բնակիչները պետք է գյուղը վառեն ու դուրս գան, բայց նրանք չհամաձայնվեցին։
Քարինտակի պաշտպանության կատաղի ճակատամարտը տևել է 12 ժամ։ Չնայած ուժերի անհավասար հարաբերակցությանը, հայկական կողմի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ պարտության մատնվեց թշնամին, որը, մեծ կորուստներ կրելով ստիպված էր ճողոպրել, թողնելով զենք-զինամթերք, մեծաքանակ դիակներ ու վիրավորներ։ Ադրբեջանցիները գյուղն անվանեցին «Արյունոտ ձոր»։
Քարին տակի ճակատամարտում կրած հաղթանակը բեկումնային իրադարձություններից մեկն էր, և ինչքան էլ հաղթանակը մեծ էր, նույնքան մեծ էր և վճարված գինը։ Հայկական կողմն էլ զոհեր տվեց, նրանց թվում նաև ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի գյուղի պաշտպանության մարտերում զոհվեց նրա որդին, Քարինտակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը։
Չնայած հաղթեցինք, հենց այդ օրը ես տեսա պատերազմի իրական դեմքը։ Զոհվել էր իմ ռուսաց լեզվի ուսուցիչ Արտյուշա Միքայելյանի որդին՝ Գրիգորին հարևան Սզնեք գյուղից։ Ես առաջին անգամ հասկացա, որ պատերազմը նաև մահ է, կորուստ է, որից ապահովագրված չէ ոչ ոք։ Իմ ուսուցիչը հաղթանդամ տղամարդ էր, որդու կորստից հետո կարծես փոքրացել էր, խիստ ու կրակոտ աչքերը խամրել, ինչը ինձ համար դասերին նստելը դարձրել էր անտանելի ցավոտ, սկսեցի փախչել։ Իմանալով դասերից փախչելու իմ պատճառը, կանչեց ու նախ ներողություն խնդրեց, իմ զարմացած հարցին ինչի՞ համար, պատասխանեց, որ ես իմ վիշտը անզգուշորեն փաթաթել եմ քո զգայուն հոգուն։ Լցված աչքերս փորձում էի փախցնել, նա շարունակեց՝ իմ որդին զոհաբերվել է հաղթանակի համար, մենք պետք է հաղթենք ու իմ որդին տուն պիտի գա այդ հաղթանակի տեսքով։
Ճակատագրի չար հեգնանքով սեպտեմբերի 19-ի մեծածավալ հարձակման ժամանակ զոհվեց նաև իմ ռուսաց լեզվի տարեց ուսուցիչը, հաղթանակի տեսքով տուն դարձած, Միքայելյան Գրիգորիի հայրը, ով անսասան հավատում էր մեր հաղթանակին։
Արմինե Հայրապետյան
Եռակողմ հայտարարության «թղթե տնակը». երեք շրջաններ պետք է վերադարձվեն
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինչ-որ «ակնարկներ» էին անում, որ Բաքուն և Մոսկվան, ըստ էության, չեն կատարում Եռակողմ հայտարարության դրույթները։ Այսպիսով, Փաշինյանը խոստովանում է, որ հայտարարությունը հիմնված է միայն իր ստորագրության վրա՝ միաժամանակ ինչ-որ բան սակարկելով Մոսկվայի և Բաքվի հետ։
Ինչո՞ւ Մոսկվան և Բաքուն հետ չեն կանչում Եռակողմ հայտարարության վերաբերյալ իրենց ստորագրությունները, եթե չեն կատարում այն. ստորագրության չեղարկումը կնշանակի Հայտարարության պայմանների վերանայում, առաջին հերթին՝ Արցախից ռուսական զորքերի դուրսբերում և առնվազն երեք շրջանների՝ Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի վերադարձ։ Քանի դեռ Եռակողմ հայտարարության դրույթները ամրագրված չեն այլ, ավելի օրինական փաստաթղթերում, Մոսկվան և Բաքուն ամուր կառչած կլինեն դրան՝ Փաշինյանի միջոցով:
Ու՞մ են այդ դեպքում ուղղված Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարությունները։ Արդյո՞ք նրանք ակնարկում են, որ ինչ-որ պահի Երևանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայտարարության տակ, և այդ ժամանակ այս թղթե տնակը կքանդվի։ Թե՞ Մոսկվային ու Անկարային վստահեցնում են, որ ամեն դեպքում չեն հրաժարվի իրենց ստորագրությունից և կկատարեն նաև հայտարարության վերջին կետը՝ «ադրբեջանը» Նախիջևանի հետ կապող ճանապարհի բացումը, որը պետք է վերահսկվի ռուս սահմանապահների կողմից։
Հասկանալի է, որ Փաշինյանը երբեք չի համաձայնի հետ կանչել իր ստորագրությունը. Իրականում, ինչո՞ւ նա դա պիտի անի: Նրանից նման քայլ չեն պահանջում ո՛չ Հայաստանի քաղաքական ուժերը, ո՛չ հասարակական միավորումները, ո՛չ էլ Արցախի իշխանություններն ու հասարակությունը։ Հայ քաղաքական գործիչներին պակասում է նման քայլեր անելու համարձակությունն ու մասշտաբը։ Բոլորը հարմար կերպով տեղավորվում են տաքուկ եւ վախկոտած ռազմավարության մեջ. «մենք փոքր երկիր ենք, բարեկամներ չունենք, պաշտպանվելու զենք չունենք, մեր սահմանները ոչ լեգիտիմ են, և միակ ճանապարհը՝ պահանջածը տալն է»։
Մինչդեռ Հայաստանի «ոչ լեգիտիմության» մասին Փաշինյանի հայտարարությունները միայն ընդգծում են Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների անօրինության աստիճանը, որոնք, ինչպես պարզվեց, լիովին կախված են Հայաստանի Սահմանադրությունից և հասարակության լռությունից։
Թղթե տնակները սովորություն ունեն ամենա «անհարմար» պահերին քանդվել։
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ. ՀՀ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»:
Ի՞նչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար հունվարի 28-ից
Հիշեցնենք, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:
ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
24.01.2024 թ․ դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում:
Ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի կողմից, լրանում են, եւ որոշումներ են կայացվում
Step1.am-ի հարցերին պատասխանել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարո’ն Ղուկասյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ–ից հեռացնելու մասին որոշում ընդունեց։ Այս որոշումն ի՞նչ ուղերձ ունի եւ ի՞նչ արդյունք կարող է ունենալ։
-Որպեսզի լայն զանգվածներին պարզ լինի, այսպես ձեւակերպեմ։ Երբ մարդիկ կատարում են ճանապարհային կանոնների խախտում, սկզբում ոստիկանության կողմից ընդունվում է որոշում՝ այդ խախտման հիմքով տուգանելու մասին։ Հետո, եթե տուգանքը չի մուծվում, գնում է հարկադիր կատարման, արդեն հարկադիր կատարողը գանձում է այդ գումարը։ Նույնը միջազգային հարաբերություններում է, կան գործընթացներ, որոնք ունեն իրենց ընթացքը։ Ադրբեջանի կողմից կատարվել է մի շարք կոնվենցիաների խախտում։ Եվրոպայի խորհրդի հիմնական կոնվենցիայի գլխավոր արժեքն օրենքի գերակայությանը հավատարիմ լինելու մասին է։ Ադրբեջանն այդ կոնվենցիան խախտել է, եւ անցել են այն բոլոր ժամկետները, երբ ինքը կարող էր տուգանքը մուծել, որ գործը հարկադիր չհասներ։
Իլհամ Ալիեւը որոշեց, որ իրենք գնալու են առճակատման, դրա մասին իր ելույթում հայտնեց բոլորին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ժամկետները, որոնք տրամադրվել էին Ադրբեջանին ԵԽԽՎ-ի, Միջազգային դատարանի, այլ կառույցների կողմից, աստիճանաբար լրանում են, եւ այդ կառույցները որոշումներ են կայացնում։
Քանի որ Ալիեւը արցախահայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ ոչինչ չի արել, կիրառվելու են համապատասխան տուգանային գործողությունները։ Սկզբում դադարեցվելու է ձայնի իրավունքով անդամությունը, այն, ինչ ԵԽԽՎ-ն արդեն որոշեց, հաջորդ քայլով առհասարակ կարող է դադարեցվել մասնակցությունը Եվրոպայի խորհրդում, սահմանափակվելու ու խզվելու են տնտեսական կապերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի մատակարարումները, արգելափակվելու են բազմաթիվ հնարավորություններ՝ օգտվելու Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական, սոցիալական եւ այլ բարիքներից։ Իլհամ Ալիեւն այդ ամենը հասկանալով՝ արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի հիմա մանդատ ձեռք բերի հետագա տարիների համար, եւ ադրբեջանական ժողովրդի հետագա դժգոհությունը դերակատարություն չունենա իր պաշտոնավարման համար։
-ԵԽԽՎ եւ արեւմտյան այլ որոշումներն իրապես կզսպե՞ն Ադրբեջանին։
-Այո՛։ Խոսքն այն մասին է, որ Եվրամիության, ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ աստիճանաբար հարաբերությունները գալու են նրան, որ անհրաժեշտություն է դառնալու Իլհամ Ալիեւի հեռացումը։ Նա խոչընդոտ է դառնալու բնականոն զարգացման համար, ինքն արդեն խոչընդոտ է։ Եվրամիությունը տարիներ շարունակ մատների արանքով էր նայում նրան, ինչ կատարվում էր Ադրբեջանում։ Իսկ հիմա արդեն պետք է տեղի ունենան անշրջելի իրադարձություններ, որոնք բերելու են Իլհամ Ալիեւի տապալման։ Ալիեւի ռեժիմը տապալվելու է, ինչպես տապալվեցին Քադաֆիի, Սադամ Հուսեյնի եւ նմանօրինակ այլ բռնապետերի ռեժիմները։
–Բայց հայտնի է, որ այս գործընթացների հետեւում Ադրբեջանը չէ կանգնած, Ադրբեջանը միայն գործիք է։
-Իհարկե, Ադրբեջանն առ այսօր կարողացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ վարել այս քաղաքականությունը։ Եվ ինքն ըստ էության, զրկվելով Եվրամիության եւ ԱՄՆ հետ հարաբերություններից, կախման մեջ է մնալու այդ երկու պետություններից։ Այդ պետություններն իրենց հերթին Արեւմուտքի հետ գտնվում են ծանր հարաբերությունների մեջ։
«Երեկ է ներկայացուցչությունում հանդիպում եղել, առավոտվանից մինչեւ 2․30 այնտեղ էի»
Step1.am-ը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն այլեւս չի գործում։ «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Երեկ ներկայացուցչությունում հանդիպում է եղել, առավոտվանից մինչեւ 2 անց կես ես ներկայացուցչությունում էի, տարբեր հանդիպումներ ունեինք։ Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները տարբեր հանդիպումներ են ունեցել ներկայացուցչությունում»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Մեր հարցին, թե այս փուլում հիմնականում ի՞նչ հարցերի շուրջ են քննարկումներ ծավալում Արցախի պատգամավորներն ու գործադիր մարմնի անդամները, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ հիմնականում քննարկումները բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների շուրջ են։ «Մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասով են հիմնական քննարկումները լինում, եւ դրանց լուծումների մասով խնդիրներն ենք հավաքագրում ու համապատասխան մարմիններին ներկայացնում»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ քաղաքական հարցերը օրակարգից դո՞ւրս են մնացել, չեն քննարկվո՞ւմ, Դավիթ Գալստյանը պատասխանեց․ «Ո՞նց չեն քննարկվում, բա քաղաքակա՞ն չէր, որ հանձնախումբ ստեղծեցինք, որպեսզի միջազգային հարթակներում ներկայացնի արցախցիների շահերը»։
Իրանը Թուրքիային մեղադրել է անձրեւային ամպերը գողանալու մեջ
Հավաստիացումներն այն մասին, թե Թուրքիան, իբր, գողանում է Իրանի անձրեւային ամպերը, անապացուցելի տեսություն են, այս կամ այն երկրում երաշտի պատճառը գլոբալ ջերմացումն է՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է օդերեւութաբան, Ստամբուլի «Այդըն» համալսարանի պրոֆեսոր Գյուվեն Օզդեմիրը։
Forbes ամսագիրը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի իշխանությունները ստեղծել են երկրի հյուսիսում անձրեւային ամպերի անհետացման հետ կապված իրավիճակի հետաքննության հանձնաժողով, իսկ հանրահայտ տեսությունը վկայում է այն մասին, թե Թուրքիան, իբր, «գողանում» է ամպերը։ Որպես ապացույց ներկայացվում են Թուրքիայի արեւելքի լուսանկարները, որտեղ լեռները ծածկված են ձյունով եւ մշտապես անձրեւներ են գալիս, իսկ հարեւան Իրանում՝ ոչ մի կաթիլ։ Պարբերականը նշել է, որ նման մեղադրանքներ հնչում են ոչ առաջին անգամ. օրինակ՝ 2018թ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը պնդում էր, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն փորձում են ազդել Իրանի կլիմայի վրա։
«Անձրեւային ամպերը» գողանալու գաղափարը կամ անգամ նման բանի մասին մտածելու փորձը հիմքեր եւ ապացույցներ չունեցող տեսություն է, որը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում»,- մեկնաբանել է Օզդեմիրը հոդվածը։
Նա հիշեցրել է, որ, օրինակ, 2023թ. Թուրքիան մի քանի ամիս շոգի եւ երաշտի տիրապետության տակ էր, այդ նույն Ստամբուլում տեղումներ չկային, ջրի պաշարները ջրամբարներում նվազել էին՝ հասնելով կրիտիկական նիշի։ «Միեւնույն ժամանակ, մեզանից արեւմուտք՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ հարեւան այլ երկրներում հորդ անձրեւներ էին, բայց դրանք մեզ չէին հասնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքը՝ երկարատեւ եւ կարճատեւ ծրագրերում հնարավոր են օդերեւութաբանական ծայրահեղ ցուցանիշներ»,- նշել է գիտնականը։
Ադրբեջանում երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։
Կարեւոր քննարկում․ ինչպես պահպանել Արցախի պատմամշակութային բազմաշերտ ժառանգությունը
Արցախից բռնատեղահանվածների հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մամուլի ակումբը, հերթական հանդիպում – քննարկումն է կազմակերպել, այս անգամ նվիրված Արցախի պատմամշակութային ժառանգությանը, առկա վտանգներին ու անելիքներին։ Ինչպես նշեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հրավիրվել են ոլորտի մասնագետներ, հանրային գործիչներ, որպեսզի քննարկման արդյունքում առավել հստակեցվեն մեր անելիքները՝ միտված միջազգային կառույցների հետ համագործակցությանը։
2020 թվականի, ապա նաև 2023 թվականի Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ Արցախի տարածքը հայաթափվեց, սակայն թշնամու վերահսկողության տակ մնաց հսկայական մշակութային ժառանգություն, որը ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ է։ Խնդրի վերաբերյալ տեղեկատվական նյութով հանդես եկան Արամայիս Աղաբեկյանը և Սարգիս Ասատրյանը։
Անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը կարևորեց հուշարձան հասկացությունն անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, ինչպես նաև համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ։ Անդրադարձավ հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպության գործունեությանն ու մեթոդաբանությանը։

ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նյութական մշակութային ժառանգությանը համընթաց ներկայացրեց այն մարտահրավերները, որոնք առկա են, ոչ մշակութային ժառանգության վերաբերյալ և ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այդ խնդրին, երբ մոռացության վտանգի տակ են Արցախի բարբառը իր ենթաբարբառներով, սովորությունները և այլն։
“Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ” ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի համար զարմանալի է, որ քիչ է ուշադրություն դարձվում շարժական մշակութային արժեքներին, մինչդեռ առնվազն 30 թանգարանային և արվեստի նմուշների հավաքածու է մնացել Արցախում, չհաշված մասնավոր արխիվները։
Ներկաները անդրադարձան նաև Արցախում մնացած գրադարանային ֆոնդին և մարդկային հիշողությանը, որպես սոցիոմշակույթ, որը նույնպես վտանգված է, կտրված լինելով իր բնական միջավայրից։
Հնչեցին տարբեր առաջարկություններ։ Ըստ պատմաբան Մհեր Հարությունյանի՝ շատ կարևոր է ստեղծել վիրտուալ Արցախ, որը կհամախմբի արցախահայությանը և կբացահայտի Արցախը նոր սերնդի համար։

Տարօրինակ էր, որ քննարկմանը ներկա չէր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչը, մինչդեռ հայկական պատմամշակութային ժառանգության արցախյան հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը պետք է դառնա համահայկական խնդիր, միջազգային հարթակներում հաջողություն ապահովելու և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը զսպելու և մշակութային ժառանգությունը փրկելու համար։
Step1.am
Հունվարի 27-ին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք
Ձյան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ի դրությամբ գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ նշելով, որ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։
Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։
Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։
Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։


