Կոտրել են «Արցախբանկ»-ին պատկանող մեքենայի ապակին և հափշտակել 60 մլն դրամ և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր

Հոկտեմբերի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին,  «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով:

Հայաստանի հետ երկխոսություն կսկսենք տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունեն․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, France 2-ի եթերում անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:

ԼՂ-ում էթնիկ զտումների մասին հարցին նա պատասխանել է.

«Նման բան է հիշեցնում: Մարդիկ ստիպված են իրենց նախնիների հողը լքել, ստիպված են դուրս գալիս այնտեղից` վերջին ռազմական գործողություններից հետո կամ նոր ռազմական գործողության սպառնալիքի տակ: Դա ինքնակամ ելք չէ»,- ասել է նա:

Իրադարձությունների նկարագրման համար նախարարն օգտագործել է «հանցագործություն» և «ողբերգություն» բառերը:

Նախարարը վստահեցրել է` պետք է հույս ունենալ, որ տեղահանվածները կկարողանան վերադառնալ ԼՂ:

Կոլոննան հիշեցրել է` «Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին` դիվանագետը նշել է, որ այդ հարցն «օրակարգում չէ»:

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում հայերին, հատկապես` հումանիտար և բժշկական ոլորտներում»,- ասել է նա:

Կոլոննայի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը և իր պարտավորությունները։

«Մենք Հայաստանին աջակցում ենք նաև դիվանագիտորեն, քաղաքական ձևով»,- շեշտել է նախարարը:

Կոլոննան վերահաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարին հանձնարարել է գնահատել ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու իրենց հնարավորությունը: Նա հրաժարվել է նշել կոնկրետ ժամկետներ և զինատեսակներ, որոնք Փարիզը կկարողանա փոխանցել Երևանին:

«Մենք Երևանի հետ երկխոսում ենք` գնահատելու համար, թե ինչ զինատեսակների կարիք կա: Դա նաև միջոց է ` խուսափելու էլ ավելի բարդ իրավիճակից, որին այս անգամ, անկասկած, կհետևեն Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի դաժան պատժամիջոցները»,- ասել է նա:

ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կասեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականները ԼՂ-ի վրա Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում կոչ են անում շարունակել աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ:

«Այս ճգնաժամային պահին ԱՄՆ-ն պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվել ապակայունացնող, ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը»,-նշել են կոնգրեսականները:

Նրանք խրախուսել են շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը:

Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի:

ԱՄՆ կոնգրեսականները նամակում շեշտել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, կոնկրետ գործողությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ Ալիևի  և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցների կիրառի, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին, ներխուժումը կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

«Մենք չենք կարող խաղաղության հասնել առանց Հայաստանի պաշտպանության համար նվազագույն պայմաններ ստեղծելու»,-շեշտել են կոնգրեսականները:

Նրանք ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա:

Կոնգրեսականները նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Նրանք նաև շեշտել են՝ ԱՄՆ-ն պետք է կոչ անի անվերապահ կերպով ազատ արձակել ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաներին և մյուս գերիներին:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, նրանց թվում են Ֆրենկ Փալոնը, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն և այլք:

Ռուսաստանը հորդայավարի ծաղրում է հայերին՝ «մարսողության խանգարում» Արցախից

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները կազմակերպել են հացի թխումը և դրա նպատակային առաքումը Լեռնային Ղարաբաղի մնացած բնակիչներին»։ Այս մասին հայտնում են ՌԴ խաղաղապատուհասները։

Նշվում է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է փոխգործակցությունը Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղությունը կանխելու, անվտանգությունն ապահովելու և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքը պահպանելու նպատակով»։

Հետաքրքիր է, ո՞ւմ հետ է ԼՂՀ-ն կապ պահպանում Ստեփանակերտում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակը, որոնք փորձել են պաշտպանություն գտնել Ռուսաստանի կողմից յուրացված Ստեփանակերտի օդանավակայանում՝ ռուսական բազայում, ռուսները հանձնել են Բաքվին։ Նոր նախագահը, որը «մեկ ժամով խալիֆ» էր, և պետական ​​նախարարն, ով նույնիսկ մեկ օր չի աշխատել, Երեւանում են։

Ո՞ւմ հետ են ռուսները բանակցում Ստեփանակերտում։ Ռուսները պետք է հայտնեն նրանց անունները, ում հիմա անվանում են «Ստեփանակերտ»։

100 հազարից ավելի արցախցիների արտաքսումից հետո էլ ռուսները չեն կարողանում «մարսել» «հաղթանակը». Այժմ նրանք ունեն մարսողության խանգարում, ինչը ստիպում է նրանց ծաղրել «նվաճված» հայերին, ըստ Հորդայի «պատերազմի օրենքների»:

Արցախի համարները Հայաստանում աշխատելու են անխափան

Թիմ Տելեկոմ Արմենիան հոգում է Արցախի 097 ծածկագրով հեռախոսահամարների սպասարկումը Հայաստանի տարածքում։ Արցախի բնակիչները կկարողանան օգտվել բջջային կապի բոլոր ծառայություններից՝ պահպանելով հեռախոսահամարները։

Այս որոշումը հեշտացրել է հարազատների և ընկերների որոնումները,-ասում է Ստեփանակերտի բնակիչ Վասակ Բ.-ն. -2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ պատճառներով Արցախում բջջային կապն աշխատել է լուրջ ընդհատումներով։ Բայց բացի «Ղարաբաղ Տելեկոմից» այլ օպերատորներ չկային։ Ուստի, երբ սկսվեց Արցախի բնակչության բռնի տեղահանությունը, Գորիս ժամանելուն պես մարդիկ շտապեցին փոխել համարները, որպեսզի կարողանան զանգահարել հարազատներին։ Բայց շատերին դա չի հաջողվել երկար հերթերի պատճառով։ Իսկ այն լուրը, որ Հայաստանում սպասարկվելու է 097 կոդը, մարդկանց կյանքը հեշտացրել է։ Չէ՞ որ մի քանի օր «դժոխային միջանցքով» անցնելուց հետո շատերը կորցրել են կապն իրենց հարազատների եւ ընկերների հետ»։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի բանկերում գրավադրված ոսկուն և վարկային միջոցներին

Sputnik. Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած հնարավոր խնդիրները, որի արդյունքում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24–ին Սյունիքի Կոռնիձոր համայնք ժամանեց Արցախից բռնի տեղահանվածների առաջին խումբը, սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որով 2024 թ. հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Այս պահի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 632։
Sputnik Արմենիան ՀՀ ԿԲ–ից փորձել է ճշտել` ի՞նչ լուծումներ է տեսնում ՀՀ կենտրոնական բանկը մի իրավիճակում, երբ սեպտեմբերի 19–ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն Արցախում գործող բանկերում թողել են գրավադրված թանկարժեք իրեր, ոսկեղեն, նաև ավանդներ, ոմանք էլ ունեն հիպոթեքային պարտավորություններ։
Ի տարբերություն ՀՀ ԿԲ–ի, որը տվել էր ընդհանրական պատասխան, առանձին առևտրային բանկեր արդեն հանդես են եկել հայտարարություններով, թե ինչ են արել կամ պատրաստվում անել այս իրավիճակում։
Մասնավորապես, «Արարատբանկը» պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտի մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։
«Արարատբանկի ջանքերով «Ստեփանակերտ» մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել այդ մասնաճյուղում, տեղափոխվել են Երևան»,– նշել են բանկից։
«Արցախբանկ» ՓԲԸ–ից էլ տեղեկացնում են, որ որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական հաստատություն` Երևանում գործող մասնաճյուղերը շարունակում են բնականոն ռեժիմով իրականացնել բանկային ծառայությունների լիարժեք սպասարկել, մասնավորապես, ներդրված ավանդները, հաշիվները, տեղական և միջազգային բանկային քարտերը:
Նշենք, որ Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առևտրային բանկերն, ընդհանուր առմամբ, ունեին 20 մասնաճյուղ և բազմաթիվ բանկոմատներ։ Ամենամեծ թվով մասնաճյուղերն ուներ «Արցախբանկը», մնացած 11 մասնաճյուղերը պատկանում էին «Հայբիզնեսբանկին», «Արդշինբանկին», «Յունիբանկին», «Հայէկոնոմբանկին», «Կոնվերս Բանկին» և «Արարատբանկին»:
ՀՀ ԿԲ–ից նաև տեղեկացնում են, որ Արցախում գործող բոլոր այս բանկերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են: «Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից»,– ընդգծել են ՀՀ ԿԲ–ից:
Թե որքան վարկեր և ավանդներ են եղել Արցախում գործող բանկերում, ԿԲ-ն տվյալներ չի հայտնում։
Իսկ ի՞նչ լուծումներ է առաջարկում ՀՀ կառավարությունը։
Պաշտոնական հստակ հայտարարություն այս պահին դեռևս չկա։ Միայն ՀՀ Ազգային ժողովի` հոկտեմբերի 3–ի նիստի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ՀՀ միջպետական վարկը Լեռնային Ղարաբաղին կազմում է 1 տրլն 150 միլիարդ դրամ:
«ԼՂ կառավարությունը հայաստանյան բանկերին պարտք է ահավոր մեծ ծավալի գումարներ, խոսքը մոտավորապես 200 մլրդ դրամից ավելիի մասին է: ԼՂ–ում տարբեր հիմնադրամներ են եղել, որոնք 80 մլրդ դրամից ավելի պարտատոմսեր են թողարկել, որոնք գնել են հայաստանյան բանկերը։ Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու դրանց հետ կապված»,– ասել էր նա։
Իշխող խմբակցության տնտեսագետ պատգամավորի դիտարկմամբ` կամ այդ գումարները ՀՀ կառավարությունը թողնելու է բանկերի վրա` բարդ խնդրի առաջ կանգնեցնելով բանկային համակարգը, կամ վերցնելու է իր վրա` այդպիսով ավելացնելով ՀՀ պետական պարտքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին կառավարության նիստին ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար, որի մեծությունն անհրաժեշտության դեպքում կավելացվի։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում փակել են ժամանակավոր անցակետերը․ պաշտոնական

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում փակել են ժամանակավոր անցակետերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր անցակետերի ապամոնտաժումը։

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների, ռուս խաղաղապահների հսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զենքի և զինամթերքի հաշվարկը։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ առաքվել է 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 105 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր։ հրետանային և հակատանկային զենքեր, շուրջ 58,5 մլն զինամթերք:

Զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահեստային տարածքների պաշտպանությունը կազմակերպվում է ռուս-ադրբեջանական միացյալ պահակակետերի կողմից»,- նշվում է զեկույցում։

Հայտարարություն՝ Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի Գրանադայում կայացած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում նշվում է.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։

Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։

Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։ Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բացման կոչ են արել։

Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ»։

Ընտանիքը միավորվել է տարհանումից հետո՝ Արցախից դուրս

Նունե Գրիգորյանը Արցախի այն կանանցից է, որոնք տղամարդկանց հետ միասին ծառայում էին հայրենիքի պաշտպանությանը: Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, երբ վերադարձավ Ստեփանակերտ, կապը շրջանների հետ արդեն կորցված էր, իսկ նրա բոլոր հարազատները, որոնց մեջ էին նաև երկու անչափահաս երեխաները, մնացել էին գյուղում:

Երկար էր փնտրում ընտանիքին, ոմանք ասում էին, որ բնակչությունը մնացել է գյուղում, ոմանք պնդում էին, որ գյուղից մարդիկ տեղափոխվել են ավելի ապահով գյուղ:

Նույնիսկ դիմել էր ռուս խաղաղապահներին, որպեսզի գոնե մեքենա կամ վառելիք տրամադրեն գյուղ հասնելու համար, սակայն պատասխանը բացասական էր՝ չեն կարող:

Տարհանման արդյունքում ընտանիքը միավորվեց արդեն Արցախից դուրս:

Խոսելով կորցրածի մասին Նունեն ասում է, որ ամեն ինչ թողել են Արցախում, նույնիսկ ոսկեղենն է թողել տանը:

Ընտանիքի գլխավոր խնդիրը այժմ բնակարանն է, որը չեն կարողանում գտնել․ մի կողմից չկա, մյուս կողմից եղածի վարձը շատ բարձր է:

Քրիստինա Ալավերդյան

Պուտինը փորձում է վերջին մեխը խփել․ ցինիկություն առանց սահմանների

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանն այս դեպքում։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«2022 թվականի աշնանը Պրահայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանավորությամբ՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ, հավաքվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Իսկ այնտեղ ստորագրեցին հայտարարություն, գիտեք… Հայտարարություն, որից հետեւում է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ Ավելին, Հայաստանի ղեկավարներն ուղղակիորեն քառակուսի կիլոմետրերով անվանեցին Ադրբեջանի տարածքը, որն անշուշտ ներառում է Ղարաբաղը, և ընդգծեցին, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում, որը ժամանակին ԽՍՀՄ կազմում էր։ Եվ ինչպես գիտեք, Ղարաբաղը նույնպես Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։ Խաղաղապահների ոչ մի կարգավիճակ այդպես էլ չի առաջացել։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայտնի իրադարձություններից և ԽՍՀՄ փլուզումից հետո մենք գիտենք, որ ծագել է ազգամիջյան հակամարտություն, բախումներ են սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, դրանք սկսվել են Սումգայիթից, հետո տարածվել են Ղարաբաղում։ Սա բերեց նրան, որ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները… Ադրբեջանի յոթ շրջանները: Սա, կարծում եմ, Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսն է։ Այս ամենը շարունակվում էր շատ տասնամյակներ: Պետք է ասեմ, և ես այստեղ որևէ գաղտնիք չեմ բացահայտի, վերջին 15 տարիների ընթացքում մենք մեր հայ ընկերներին բազմիցս առաջարկել ենք գնալ փոխզիջումների՝ Ղարաբաղի շուրջ 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ժամանակ առ ժամանակ մեզ ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի մարդ կա, եկեք համեմատենք պոտենցիալները… Քանի դեռ կա նման հնարավորություն, պետք է գտնել այդ փոխզիջումը: Մենք մեր կողմից այս որոշումը կիրականացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, երաշխավորելու ենք Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը, երաշխավորելու ենք այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։ Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կկռվենք»։

Բանն, ի վերջո, հանգեցրեց զինված բախումների 2020 թվականին։ Այդ ժամանակ, ես էլի առաջարկեցի մեր ընկերներին և գործընկերներին։ Ի դեպ, նախագահ Ալիեւը, հավանաբար, ինձանից չի նեղանա, բայց ինչ-որ պահի պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։ Անկեղծ ասած, ես կարծում էի, որ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան և հանկարծ լսեցի. «չէ, թող գնան Ղարաբաղի այն աննշան հատվածից, ուր հասել են ադրբեջանական զորքերը»… Ասում եմ՝ լավ, ի՞նչ եք անելու, էլի նույն արտահայտությունը՝ «կռվելու ենք»…Դե, լսեք, հիմա մի քանի օրից նրանք կհասնենք ձեր թիկունք՝ Աղդամի տարածքում գտնվող ձեր ամրությունները, և ամեն ինչ կավարտվի։ Դուք հասկանո՞ւմ ես։ Այո՛։ Իսկ դուք ի՞նչ եք անելու՝ մենք կկռվենք։ Լավ…

Դե, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ի վերջո, մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ, որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն։ Համապատասխան հայտարարություն ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման և մեր խաղաղապահների տեղակայման մասին։ Եվ, ահա, հաջորդ շատ կարևոր կետը՝ մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Խաղաղապահերի որևէ կարգավիճակ այդպես էլ չի առաջացել։ Չեմ ասի, թե ինչու։ Ադրբեջանը համարում էր, որ դրա կարիքը չկա, բայց առանց Ադրբեջանի ստորագրելն անիմաստ էր։ Ուստի, կրկնում եմ, խաղաղապահների ողջ կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Եվ խաղաղապահների իրավունքները միայն հրադադարի պահպանման մշտադիտարկման մեջ էին։ Այդքանը։ Այնտեղ խաղաղապահներն այլ իրավունքներ չունեին։ Այս անկայուն վիճակը որոշ ժամանակ շարունակվում էր»,- նշեց նա։

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցը ԼՂ չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել: «Արմենպրես»-ն ԱԳՆ-ի մեկնաբանությունը ներկայացնում է ստորև.

Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Հայաստանը խորը մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:

Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:

Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:

Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար  մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն:

Տվյալներ Արտակ Բեգլարյանից

Մի քանի տվյալ Արցախի ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ.
1. Իմ տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել են առավելագույնը 40 հայեր, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո՝ Կարմիր խաչը:
2. Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել: Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ:
3. Որքան տեղյակ եմ, Արցախի Հանրապետության իշխանությունների վերջին ներկայացուցիչները երեկ դուրս են եկել Արցախից՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ: Ուստի, կարելի է ասել, որ Արցախի ողջ տարածքում արդեն գործում է բացառապես ադրբեջանական օկուպացիոն ու ցեղասպան իշխանությունը:
4. Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներից 8-ը ձերբակալվել և պատանդառվել են Ադրբեջանի կողմից՝ տարբեր մտացածին մեղադրանքներով. նրանք են՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
5. 24-ժամյա պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի, վիրավորների ու անհայտ կորածների վերաբերյալ լիազոր պետական մարմինները շարունակում են փաստահավաք ջանքերը և թարմացնում են ցուցակները: Իմ տեղեկություններով՝ պատերազմի հաստատված զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհայտ կորածները, իսկ վառելիքի պահեստի պայթյունի վայրից գտնվել է ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհայտ կորածները:
6. Անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ ես թարմ տեղեկություններ չունեմ, սակայն, վստահ եմ, առաջիկայում լիազոր մարմինները համապատասխան պաշտոնական թարմացումները կկատարեն: Ամեն դեպքում կուզեի մի հարց հստակեցնել, որ մի քանի լիազոր մարմնից ու պաշտոնյայից ճշտել եմ, թե արդյոք ճիշտ են զրույցներն այն մասին, թե իբր վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների: Բոլոր պաշտոնյաները տվել են հստակ բացասական պատասխան: Ուստի, պայթյունի հետևանքով անհայտ կորածների հարազատները, ցավոք, պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով: Հարկ է նաև հաշվի առնել մասնագետների ու ականատեսների այն պնդումը, որ պայթյունի զոհերի մի մասն էլ ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, և նրանցից ոչ մի մասունք հնարավոր չէ գտնել:
7. Ի լրումն հարյուրավոր ընտանիքների պատուհասած այս անդառնալի կորուստներին՝ հիմա էլ Արցախի ողջ ժողովուրդն է բռնի կերպով տեղահանվել իր հայրենիքից՝ ադրբեջանական ցեղասպանությունից մազապուրծ: Առաջիկայում կանդրադառնամ նաև տեղահանված անձանց քանակի վերաբերյալ տարբեր հարցերի: