“Խաղաղությունն” առանց հայերի է հնարավոր․ Սաղաթելյանը մոռացել է ռուս գեներալի խոսքերը

Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023-ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը մոռանում է ևս մեկ սուբյեկտի, որը խոսում է այդ մասին՝ Ռուսաստանի։ Հենց ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունն է 2024-ի հունվարի 1-ին ուրախ-ուրախ տեղեկություն է տարածել, որ «այսօրվանից» Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին հրամանագիրը ուժի մեջ է մտել։

Ռուսաստանը արել է իր գործը՝ ստիպել է արցախցիներին «լուծարվել» և լքել իրենց հազարամյա հայրենիքը։ Հետո, 2024-իապրիլին, երբ ռուսական զորքերն արդեն լքում էին Արցախը, ռուս գեներալը՝ դիմելով թուրք գործընկերոջն Ակնայում, ասել է, որ ռուսներին և թուրքերին «հաջողվել է խաղաղաություն հաստատել Ղարաբաղի տարածաշրջանում”։

Այդ առումով Ռուսաստանի քաղաքականությունը ամբողջությամբ համապատասխանում է «հայ-ադրբեջանական» կոնսենսուսին, որի մասին խոսում է Սաղաթելյանը։ Ավելին, դա հենց ռուսական պլանն է, որի շուրջ միավորվել են բոլորը․ խաղաղությունը կարող է լինել միայն առանց հայերի։ Հիմա նույն պլանը իրականացվում է մնացած Հայաստանում։

«Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին», ասում է Սաղաթելյանը, նշելով․ «Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։ Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է»,- գրել է նա:

Պարոն Սաղաթելյանը ևս մոռանում է, որ Արցախի ժողովուրդը եթե ուզենար առաջարկվող պայմաններում ապրել «Ադրբեջանի կազմում», չէր լքի իր հայրենիքը 1,5 տարի առաջ։ Պետք չէ խեղաթյուրել այն, ինչ ուզում էր Արցախի ժողովուրդը և ինչին հասել է 1988-ին՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Հենց վերամիավորման որոշման դեմ է Ալիևը, հենց դա է նա պահանջում բացառել ՀՀ Սահմանադրությունից, այլ ոչ թե 1988 թ․ վերամիավորման որոշմանն ի հակառակ հռչակած ԼՂՀ-ն։

Թե որքան էր Դաշնակցության և այլ հայկական կուսակցությունների մեղքը այս ամենի մեջ, դեռ կպարզվի։ Իսկ ՀՀ Կառավարությունն իր ԱԳՆ-ով պատասխան կտա փաստերը խեղաթյուրելու համար։

ՊՆ-ն նշում է, որ հատուկ տեղեկատվական քաղաքականություն է վարում

Խնածախ

Բաքուն շարունակում է մեղադրել Երեւանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ,  իբր հրադադարը խախտվել է ապրիլի 6-ի երեկոյան, մինչեւ ապրիլի 7-ի ժամը 04.30-ը։

Միևնույն ժամանակ, հայկական փաբլիկները հայտնել են ոչ միայն Սյունիքում, այլև ուրիշ տեղերում կրակողցների, նույնիսկ կուտակումների մասին։

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

«Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են», ասված է ՊՆ հայտարարության մեջ։

ՊՆ տեղեկատվական և այլ քաղաքականությունն ուղղված է “էսկալացիա չառաջացնելու և սադրանքներին չտրվելու” նպատակին։ ՊՆ-ն չի ասում՝ թիրախային կրակոցների դեպքում պատասխան տրվո՞ւմ է։

Ինչպե՞ս արցախցիների կյանքը միտինգների վերածվեց․ երկու տարի առաջ

2023թ. ապրիլի 7-ին արցախցիները Բերձորի (Լաչինչ) միջանցքը բացելու հերթական փորձն արեցին: Արդեն բլոկադայի 117-րդ օրն էր: Շուշվա ուգլի ծաղիկների, մայրության ու գեղեցկության մասին մոռացած մարդիկ դատարկ փողոցներով շարժվում էին դեպի Եղբայրական գերեզմանոց, ապա Շուշի տանող Մազի կամուրջ:

Ինչպես այն ժամանակ էր սոված Ղարաբաղն Ադրբեջանին ասում, որ այս ամենը ստամոքսի մասին չէ, նույնն այսօր Հայաստանին է ասում:

Մարութ Վանյան

ԱՄՆ-ում մասայական բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի դեմ

Իր երկրորդ ժամկետից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամենամասայական բողոքի ցույցերն են տեղի ունենում ԱՄՆ քաղաքներում: Հազարավոր մարդիկ ցուցապաստառներով փողոցներ են դուրս իրենց բողոքն արտահայտելու Թրամփի մաքսատուրքային քաղաքականության դեմ, հայտնում է BBC-ն:

Բողոքի ցույցերը մեկնարկեցին, երբ նախագահ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց որպես Ամերիկայի «ազատագրման օր»:

Թրամփի քաղաքականության դեմ  ցույցեր են կազմակերպվել նաեւ Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում եւ Լիսաբոնում:

Միևնույն ժամանակ, Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է ունենալ «զրոյական մաքսատուրքերի» գործընկերություն:

Հայաստանը 10 տոկոս մաքսատուրքերի ցանկում է։

Նավթի համաշխարհային գները նվազում են. Մոսկվայում և Բաքվում լուռ խուճապ է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազել են ավելի քան 2%-ով՝ ԱՄՆ-ի տնտեսության վիճակի վերաբերյալ շարունակվող մտահոգությունների պատճառով։ Շուկաները նաև շարունակում են գնահատել OPEC+-ի արտադրության ծավալների մի շարք սահմանափակումներից դուրս գալու մասին տեղեկատվությունը:

Այսօրվա դրությամբ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 64,14 դոլար մեկ բարելի դիմաց՝ 2021 թվականի ապրիլի 14-ից ի վեր առաջին անգամ։

Մոսկվայում և Բաքվում լուռ խուճապ է. բյուջեի մեջ նրանք մեկ բարելի դիմաց 70 դոլարից ոչ պակաս գին են ներառել։

ՀՀ ԱԳՆ-ն մեղքը բարդեց արցախցիների վրա, որոնք մերժեցին “փայլուն ապագան”

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են ՀՀ Արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են Արտգործնախարարությունից։

Հայաստանի ԱԳՆ-ն սեփական ապաշնորհության մեղքը բարդում է ցեղասպանության սպառնալիքով իրենց տները լքած արցախցիների և նրանց ղեկավարության վրա, որոնք «մերժեցին» Հայաստանի արտգործնախարարության “փայլուն” առաջարկները։ Թե կոնկրետ ինչ պայծառ ապագա էին առաջարկում ՀՀ ԱԳ նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, չի պարզաբանվում։ Թեև պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Հայաստանի կառավարությունը «առաջարկում էր» միայն արցախահայության «ինտեգրումը» Ադրբեջանին՝ մինուս նախկին զինվորականներ, այսինքն արցախցի գրեթե բոլոր տղամարդիկ։ Բայց եթե մինչև 2024 թվականի հունվարը, ինչպես ասում է Ալիևը, Երևանը գոնե պնդում էր «Ադրբեջանում» հայերի բնակության որոշ երաշխիքներ, ապա հետագայում իսպառ դադարեց դա համարել իր իրավասությունը, մանավանդ, որ Արցախում հայ չէր մնացել։

Հայաստանի ԱԳՆ-ի տարածվող խոսույթները, որոնք նվաստացնում են Արցախի ժողովրդին, հայոց ազատագրական պայքարը և ամբողջ մեղքը բարդում Արցախի վրա, չեն կարող ծածկել ազգային շահերը պաշտպանելու Հայաստանի իշխանության պրոֆեսիոնալիզմի, ցանկության և կարողության բացակայությունը։

Զարգացումները Սյունիքում ուղղակիորեն կապված են Իրանի շահերի հետ, իսկ Իրանի շուրջ զարգացումները՝ Հայաստանի հետ

Իրադարձությունների զարգացումն Հայաստանի հարավում՝ Սյունիքում ուղղակիորեն կապված է Իրանի շահերի հետ, և ահա թե ինչու է Թեհրանն իր կարմիր գիծը համարում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Այս մասին ապրիլի 3-ին «Հայք-Իրան. հազարամյա հարևանություն» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանի և Հայաստանի ճակատագիրը, շահերը և անվտանգությունը միշտ փոխկապակցված են եղել՝ աշխարհագրական մերձության և մի աշխարհաքաղաքական տարածքում գտնվելու պատճառով»,- հավելել է դեսպանը։

Նա նշեց, որ Հայաստանի հետ սահմանն Իրանում համարվում է ամենաանվտանգներից մեկը։ «Մենք երբեք վտանգ չենք զգացել Հայաստանի կողմից, և Հայաստանը նույնպես երբեք վտանգ չի զգացել Իրանի կողմից»,- ընդգծել է Սոբհանին։

Իզուր չէ, որ Իրանի դեսպանը խոսում է հայ-իրանական սահմանի մասին։ Վերլուծաբանները չեն թաքցնում, որ Իրանի շուրջ էսկալացիայի հավանականության ֆոնին տարածաշրջանի որոշ երկրներ կարող են փորձել մասնատել Իրանն ու Հայաստանը, կամ գոնե վերացնել նրանց միջև սահմանը՝ գրավելով Սյունիքի մի մասը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Reuters-ին տված հարցազրույցում պատասխանել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ասելով, որ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ։

«Ուստի մենք չենք ցանկանում, որ (ԱՄՆ-ը) որևէ հարձակում ձեռնարկի Իրանի վրա: Մեզ ինչպես նախկինում պետք է, որ երկու երկրները և շահագրգիռ կողմերը խաղաղ բանակցություններ վարեն», – ասել է Ֆիդանը:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը և Քուվեյթը հայտարարել են, որ թույլ չեն տա ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքներն ու օդային տարածքը Իրանին հարվածելու համար, գրում է Mehr-ը։ Այդ մասին նրանք հայտարարել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը։

«Եթե մենք ամեն շաբաթ ցույց տանք մեկ հրթիռային քաղաք, մենք այն չենք ավարտի երկու տարում, քանի որ դրանք այդքան շատ են»: Այս խոսքերով Իրանը վերջերս գաղտնազերծեց հրթիռային գաղտնի ևս մեկ ստորգետնյա բունկեր, որը կարող էր օգտագործել հարվածելու համար՝ ի պատասխան Թեհրանի դեմ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների ագրեսիայի:

Անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները տեղակայել է մինչև վեց լրացուցիչ ռազմական ինքնաթիռ՝ հագեցած գաղտնի տեխնոլոգիայով, և տեղադրել ամերիկյան ամենածանր ռումբերը Իրանի և Եմենի մոտ տարածքում գտնվող ռազմաբազայում, Reuters-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:

Իրանը պատասխանեց՝ ասելով, որ Ամերիկայի մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում նշանակում է, որ նրանք գտնվում են «ապակե սենյակում» և չպետք է «քարեր նետեն»:

Խնածախում կրակում են, Բաքվի նախարարն էլ հրամայում է “պատասխանել սադրանքներին”

Խնածախի մասին մեր թղթակցի նյութը կարդացեք այստեղ

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ուղղությամբ այսօր գիշերը կրակոցներ են եղել, տեղացիները լսել են դրանց ձայները, «Ազատությանը» հայտնեց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Ժամը 10:20-ից սկսած, փոփոխական ժամեր են, մինչև առավոտվա 4:30: Լինում է մի քանի վայրկյան, հետո դադար են տալիս ու նորից», – ասաց նա:

Սեյրան Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել:

Կան տվյալներ, որ կրակոցներ են հնչել ոչ միայն Խնածախում։ ՊՆ-ն սակայն հաղորդագրություն է տարածել միայն ինչ-որ կեղծ տելեգրամ-ալիքների մասին։

Այնինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլի 5-ին, ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Երևանի «սադրանքներին»։

Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ցանկացած սադրանքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական ​​հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը», գրում են տեղական լրատվամիջոցները։

Ռուսաստանը հարվածել է խաղահրապարակին Կրիվոյ Ռոգում, զոհվածների կեսը երեխաներ են

Ուրբաթ երեկոյան Կրիվոյ Ռոգը սկզբում ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 18 մարդ, այնուհետև անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ևս մեկ կին, հայտնել են Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իրենք հրթիռային հարված են հասցրել «կազմավորման հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հետ հանդիպման վայրում»։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել բնակելի թաղամասի մոտ գտնվող մանկական խաղահրապարակի վրա:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, որոնց կեսը երեխաներ են։ Դնեպրոպետրովսկի շրջանային ոստիկանության վարչության պետ Սերգեյ Լիսակը պարզաբանել է, որ տուժել է 72 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ «Տուժածների գրեթե կեսը հոսպիտալացված է, 17-ի վիճակը ծանր է»,- գրել է նա։

Կրիվոյ Ռոգի վրա հարձակումը համընկել է Վլադիմիր Զելենսկու ճեպազրույցի հետ, ում համար Կրիվոյ Ռոգը հայրենի քաղաք է։

Առկա են հիմնավոր կասկածներ՝ Telegram-ում ակտիվացած անհայտ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս. ՊՆ

Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։ Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,-գրել է նա։

Կառավարությունը չպատասխանեց արցախցիների քաղաքական պահանջներին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Պահանջագրի քաղաքական պահանջների մեջ մտնում են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, միջազգային դոնոր համաժողովի կազմակերպում, արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիության վերադարձում՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները: Պահանջագրի կոլեկտիվ հեղինակները պահանջում են քայլեր կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում, ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով: 

Արցախցիները պահանջում են զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:

Կա նաև պահանջ՝ Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։

Որոշ շրջանակներ փորձում են արցախցիների պահանջները իջեցնել սոցիալական մակարդակի, սակայն նշված պահանջները ապացուցում են, որ սոցիալական հարցերի լուծումները արցախցիները արդարացիորեն տեսնում են քաղաքական որոշումնրի մեջ։ Այդուհանդերձ, պահանջներն այնպես են ձեևակերպված, որ չառաջանան անվտանգային սպառնալիքներ։

Արցախցիների մարտի 28-ի հանրահավաքը բազմաթիվ իշխանամետ և մարդիկ, որոնք ուղղակի համոզված են, թե Հայաստանի “դժբախտությունները” Ղարաբաղից են, հայոյանքների և կարեկցանքի արանքումզգուշացնում էին, որ հանկարծ նոր խնդիրներ չբերեն Հայաստանի գլխին։ Չի օգնել նույնիսկ այն, որ պահանջագրում չկան կարևոր պահանջներ ՀՀ կառավարությանը․ տեր կանգնել ՀՀ Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշմանը։

Այդուհանդերձ Կառավարությունից պատասխանել են արցախցիների պահանջագրին, բայց միայն սոցիալական հարցերի մասով։ Քաղաքական պահանջները անտեսվել են։ Միայն ասվել է, որ 1,5 տարվա ընթացքում արցախցիների կարիքների համար ծախսվել է 115 մլրդ․դրամ /համեմատության համար ասենք, որ մինչ 2024 թ․ Հայաստանի հանրապետությունը Արցախին տարեկան 144 մլրդ․ դրամ էր տրամադրում և ավելին ստանում մաքսային և այլ տուրքերի տեսքով/։

ՀՀ Կառավարությունը չի ընդունել նույնիսկ արցախցիների հիմնական սոցիալական պահանջը․ չկրճատել 50 հազ․ չափի տրամադրվող աջակցությունը մինչդեռ մարդիկ չեն ապահովվել բնակարաններով և չեն կարողացել լուծել զբաղվածության հարցը։

Կառավարությունը միայն “մուննաթ” է եկել, չպատասխնելով ոչ մի հարցի։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն եւ արժանապատիվ կենսապայմանների ապահովման պահանջի վերաբերյալ դիմումում բերված ձեւակերպումներն անտեսում են 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած մեծածավալ աշխատանքը, ինչը համարում ենք անընդունելի: Դրանք աղերս չունեն իրականության հետ, չեն արտահայտում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական սոցիալական խնդիրներն ու շահերը եւ նրանց խոցելի սոցիալական վիճակը շահարկելու միտում ունեն, ասված է Կառավարության պատասխանի մեջ

Ի՞նչ քաղաքական խնդիր է լուծում Կառավարությունը արցախցիների նկատմամբ՝ նսեմացնելուց և մարգինալիզացնելուց բացի։ Արդյո՞ք այն ունի տեսլական արցախցիների ճակատագրի վերաբերյալ։

Նաիրա Հայրումյան