«Հայկական» բանավեճեր Եվրախորհրդարանում, Բելգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի խորհրդարաններում

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան։

Եվրոպացի պատգամավորները համեմատական են անցկացրել Հայոց ցեղասպանության և վերջին տարիների դեպքերի միջև՝ նշելով, որ վերջին իրադարձությունները Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքներն են։

«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։

«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը պատմել է իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։

«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։

Նիստի ընթացքում պատգամավորները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի քաղաքական և տնտեսական շահերից։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին կարևոր լսումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որ ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դե Մաեգդի կողմից։ 

Հայկական կողմից ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, նախկինում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Գասպար Կարապետյանը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմքը դրված է ԽՍՀՄ-ի 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա՝ «Միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման մասին»։

Կարապետյանը հավելել է, որ «Ալմա-Աթա»-ի իրավական ուժը հիմնված էր ԱՊՀ-ի ստեղծման արձանագրությունների ընդունման վրա, որոնց վավերացումը Հայաստանի կողմից ներառում էր հատուկ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գտնվի Ադրբեջանի իշխանության տակ։

Այս հարցի շուրջ Կարապետյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ նշելով, որ նրա ընդունած բազմաթիվ զիջումներն ուժեղացրել են Ադրբեջանի պահանջները և նպաստել լարվածության աճին։ Նա նաև տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին այն նախապայմանների մասին, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին՝ չնայած երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությանը։

Անընդունելի պահանջների թվում են՝
• Հայաստանի բանակի զինաթափումը,
• Հայաստանի սահմանադրության փոփոխումը,
• կամայական մեծ ֆինանսական փոխհատուցումների պահանջը,
• Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը Բաքվին հանձնի բոլոր նախկին նախագահներին՝ որպես ահաբեկիչների դատելու համար։

Կարապետյանը բարձր է գնահատել Շվեյցարիայում վերջերս ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է շվեյցարական կառավարությանը բաց երկխոսություն նախաձեռնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Գասպար Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատգամավորներ հարցեր ուղղել են հարցեր, հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների հարցի շուրջ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ավելացնել ԵՄ-ի և Բելգիայի կողմից տրամադրվող հումանիտար օգնությունը։

Պատգամավորները ճշտել են նաև, թե ինչ պայմանների դեպքում փախստականները  կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում՝ մայիսի վերջում։

ԱՄՆ Կոնգրեսում ևս պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար, կարևորել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է  Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:

Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում:

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Ապրիլի 1-ին և 2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:

Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․

  • Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին,
  • Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ,
  • Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
  • Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
  • Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը , խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն եւ Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Բրիտանացի խորհրդարանականները խստորեն դատապարտում են Բաքվում պահվող հայ պատանդներին “դատավարությունները” եւ կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նրանց ազատ արձակելու համար։

Իսկ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին գրել է․

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար:  Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման, գրել է Կանադայի Արտաքին գործերի նախարարը։

«Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,- նշել է Կանադայի արտգործնախարարը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ նաև Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ։

 

Հայաստանի իշխանությունները մեր վերաբեյալ որոշումներ են կայացրել առանց մեր կարծիքը հաշվի առնելու

«Ամենակարեւորը մեզ համար այն է, որ մեր կարծիքը պետք է հաշվի առնվի։ Մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները մեր վերաբեյալ որոշումներ են կայացրել առանց մեր կարծիքը հաշվի առնելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա հավելեց, որ հիմա արդեն Արցախից բռնի տեղահանված անձանց համբերության բաժակը լցվել է։ «Մենք դուրս ենք եկել փողոց, պարզապես պահանջում ենք, որ եկեք մեր կարծիքը հաշվի առեք, որովհետեւ ձեր որոշումներն ազդում են մեր կյանքի վրա, մեր իրավունքների վրա»,- նշեց նա։

Արտակ Բեգլարյանն անդրադրաձավ նաեւ արցախցիների նկատմամբ գեներացվող ատելությանը, որը իշխանության մակարդակով է տեղի ունենում։ Նա ասաց, որ իրենք պահանջում են նաեւ պատասխանատվության ենթարկել ատելության քարոզ իրականացնողներին։

«Մենք էլ շատ լավ տեսնում ենք, որ հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից է հենց հրապարակային կերպով նմանատիպ ատելության քարոզ գեներացվում արցախցիների դեմ։ Մենք՝ որպես խորհուրդ, պայքարելու ենք նաեւ դրա դեմ եւ բոլոր միջոցները կիրառելու ենք, որ ատելության քարոզ գեներացնողները պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ արցախցիներին, որոնք ատելության քարոզի զոհ են դառնում, ուղղակի խնդրում ու հորդորում եմ զուսպ լինել, որեւէ կերպ չտրվել սադրանքներին։ Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որն սիրով ու հարգանքով վերաբերվենք մեր բոլոր հայրենակիցներին։ Թշնամանքի դեմ թշնամանքով չպետք է պայքարենո, որովհետեւ ժամանակը գալու է, եւ բոլորն իրենց պատասխանատվությունը կրելու են»,- ասաց Բեգլարյանը։

Սերգեյ Շահվերդյանը կոչ արեց արցախցիների պահանջները չիջեցնել կենցաղային խնդիրների մակարդակի

«Մեր թիվ մեկ պահանջն է՝ արցախցիների վերադարձի իրավունքների ապահովում կամ այդ ուղղությամբ տեսանելի գործունեություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

Նա նշեց, որ իրենց երկրորդ պահանջն է՝ նախքան արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը, նրանց համար Հայաստանում արժանավայել պայմաններ պետք է ստեղծվեն։

«Երրոդրդ պահանջը՝ տեսանելի գործողություններ հայ պատանդներին Բաքվից հետ բերելու ուղղությամբ, չորրորդը՝ տեսանելի գործողությունների մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ»,- ասաց նա։

Շահվերդյանի խոսքով՝ արցախցիներն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունն իրենց այս պահանջները պետք է կատարի։ Սերգեյ Շահվերդյանը նաեւ կոչ արեց արցախցիների պահանջները չիջեցնել կենցաղային խնդիրների մակարդակի։

«Մեր պայքարը 40+10 աջակցության մասին չէ»,- հավելեց նա։

Ազատության հրապարակում քննարկումների արդյունքում արցախցիները որոշեցին, որ պայքարը շարունակելու են

Ազատության հրապարակում քննարկումների արդյունքում արցախցիները որոշեցին, որ պայքարը շարունակելու են եւ առաջիկայում հստակ գործողություններ պետք է իրականացնեն։

Քննարկումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը հայտարարեց․ «Վաղը հայտարարություն կանենք, թե որ օրը եւ որ ժամին ինչ գործողություն ենք անելու։ Եկել ենք եզրակացության, որ մենք շարունակում ենք պայքարը, բայց բոլորդ պետք է զարթնեք ու համախմբված տեր կանգնեք մեր իրավունքներին»։

Նշենք, որ այսօր արցախցիներին կառավարությունում ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին պահանջագիր էր ներկայացվել կառավարությանը։ Այսօրվա հանդիպման ժամանակ փոխվարչապետն ասել է, որ «40+10 հազար» ծրագրի մասով որոշումը չի վերանայվի, իսկ արցախցիների բարձրացրած քաղաքական ու իրավունքների հարցերին ընդհանրապես պատասխան չի տվել՝ ասելով, որ առաջիկա օրերին կառավարությունը գրավոր կպատասխանի այդ հարցերին։

Ինչո՞ւ արցախցիների նոր անձնագրերում նշվում է Ադրբեջան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները բարձրացրել են նաեւ հարցը, թե ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների անձնագրում ինչո՞ւ է նշվում Ադրբեջան։

Վերջին շրջանում արցախցիներն ահազանգում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս իրենց անձնագրերում ծննդավայրը նշվում է Ադրբեջան։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանն ասաց, որ կառավարությունում իրենց հետեւյալ պատասխանն են տվել․ «Հարցրեցի՝ երբ բռնի տեղահանվածը դիմում է ՀՀ քաղաքացիություն սանալու համար, ինչո՞ւ է անձնագրում նշվում Ադրբեջան։ Մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ԻԿԱՕ, եւ Ադրբեջանի դիմել է այդ կառույցին։ Այսինքն՝ հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում»։

«40+10 հազար» ծրագրի վերանայում չի լինի, բայց քննարկումները սոցիալական հարցերի շուրջ կշարունակվեն

Կառավարությունում ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը։ Այդ մասին հանդիպումից հետո հայտնեց Ապրես Մարգարյանը։

Արցախցիները հայտարարեցին, որ կառավարությունում ասել են՝ «40+10 հազար» ծրագրի վերանայում չի լինի, բայց քննարկումները սոցիալական հարցերի շուրջ կշարունակվեն։ Իսկ արցախցիների քաղաքական պահանջներին կառավարությունը խոստացել է օրերս պատասխանել նամակով։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հայտարարեցին, որ պայքարը շարունակում են։ Նրանք երթով շարժվեցին Ազատության հրապարակ՝ անելիքները քննարկելու։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի հանրահավաքում արցախցիները պահանջագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ ակնկալոլեվ,որ մեկշաբաթյա ժամկետում իրենց պատասխան կտան։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Մեր անելիքները խորհրդում կքաննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»։

Կառավարությունը չի ասում, որ արցախցիների համար փող չկա, որպեսզի դոնորների մոտ հարցեր չառաջանան

Նկատե՞լ եք, որ ՀՀ կառավարությունը կտրում է արցախցիների աջակցությունը ոչ թե փողի բացակայության պատճառով, այլ որ սա ճիշտ որոշում է համարում։

Այսօր հանդիպում է լինելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի միջև, և Խաչատրյանը հաստատ չի ասի, որ կառավարությունը փող չունի արցախցիների համար ծրագրերը շարունակելու։ Նա, ամենայն հավանականությամբ, կկրկնի հակասոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացրած խոսույթը, որ ֆինանսական աջակցության կրճատումն իբր կխրախուսի արցախցիներին մասնակցել բնակարանային ծրագրին և ավելի համառ աշխատանք փնտրել։

Այնպես որ, ստացվում է, որ կառավարությունը փող ունի, բայց չի տալիս արցախցիներին, որովհետև ուզում է «մոտիվացնել»։ Կամ էլ կառավարությունը փող չունի, բայց չի կարող դա խոստովանել, քանի որ դոնորների մոտ անմիջապես հարց կառաջանա՝ որտե՞ղ են մեր տրամադրած միլիոնները, կամ եթե դրանք չեն բավարարում, ինչո՞ւ եք մեզ ասում, որ ինքներդ կարող եք Արցախի հարցը լուծել։

Սա շատ կարևոր հարց է, քանի որ ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և տեղահանությունից մեկուկես տարի անց դեռևս ոչ ոք չի հաշվարկել, թե որքան միջազգային օգնություն է տրամադրվել Հայաստանի կառավարությանը՝ Արցախի ժողովրդին աջակցելու համար։ Կարելի է հաշվել, թե որքան է ծախսվել, բայց դժվար թե հնարավոր լինի պարզել, թե ծախսերի որ մասն է գոյացել պետական ​​բյուջեից, իսկ որը՝ միջազգային օգնությունից։

Կառավարությունը հարկ չհամարեց ի սկզբանե ստեղծել Արցախի ժողովրդին աջակցելու միասնական հիմնադրամ, որտեղ կհավաքվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ պետական, և հոգաբարձուների խորհուրդ, որը կներառի կառավարության ներկայացուցիչներ, դոնորների և շահառուների։ Կառավարությունը հնարավորինս հեռացրել է շահառուներին, այսինքն՝ Արցախի ժողովրդին կարիքների գնահատման, ծրագրերի մշակման, որոշումներ կայացնելու, ծախսերի արդյունավետության մոնիտորինգին մասնակցելու հնարավորությունից։

Նման հիմնադրամի և ծրագրերի մշակման և հաշվետվության ինստիտուտի բացակայությունը հուշում է, որ նպատակը ամենևին էլ Արցախի ժողովրդի երկարաժամկետ ինտեգրումը չէր, այլ ժամանակավոր աջակցությունը, մինչև ինչ-որ բան պարզվի։ Բայց քանի դեռ ոչինչ պարզ չէ, կառավարությունը փորձում է հնարավորինս քիչ գումար ծախսել՝ միևնույն ժամանակ չընդունելով, որ Արցախի ժողովրդին աջակցելու ծրագրերի համար միջոցներ չեն մնացել։ Հակառակ դեպքում, դոնորները կարող են ավելի շատ տալ, բայց հարցնելուց հետո, թե ինչպես են ծախսվել նախկին միջոցները։

Ո՞նց թե Հայաստանում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, բա արցախցինե՞րը

«Եթե կարելի է վարորդ լինել՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Նիկոլ Փաշինյանը «մարդկային ռեսուրս» ասելով, նկատի ունի կառավարությանը 100 տոկոսով հավատարիմ, տեղ-տեղ ցինիկ զանգված, որի մասնագիտական կարողությունները կարևոր չեն։

Եթե Փաշինյանը գնահատեր մարդկային ռեսուրսը, Արցախից բռնի տեղահանված մոտ 70 հազար աշխատունակ մարդու մասնագիտական կարողությունները չէին անտեսվի։ Արցախցի դատավորները խանութում «ախրանա» չէին աշխատի, բարձրակարգ զինվորականներ ու այլ ուժայինները տաքսի չէին քշի կամ ծառայության չէին ընդունվի ամենաստորին օղակներում։ Բժիշկներին, իրավաբաններին, տնտեսագետներին, արհեստավորներին չէին թողնի անգործ, պետական կառավարման մասնագետներին էլ չէին ասի, որ դուք այլ երկրի քաղծառայող եք, և մենք ձեզ չենք վստահում։

25 հազար արցախցի աշխատում է Հայաստանում, մնացածն էլ կաշխատեն, եթե նրանց «մարդկային ռեսուրսը» գնահատվի, եթե նրանց վստահն, գործի ընդունեն առանց վերապահումների, այլ ոչ թե ձևավորեն մարգինալ զանգված, որը կեռա-կեռա ու կպայթի։

«Դա բնակապահովման ծրագիր չէ, լրիվ թակարդներ են»

Ստեփանակերտից բռնի տեղահանված նկարիչ Գեւորգ Սարգսյանը չի շտապում օգտվել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ այն անիրատեսական ծրագիր է համարում։ Հայտնի է, որ կառավարությունն ապրիլի մեկից կտրուկ կրճատում է «40+10» ծրագրի շահառուների թիվը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ արցախցիները աջակցություն ստանալու փոխարեն պետք է օգտվեն բնակապահովման ծրագրից։

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում արցախցիները։ Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են օգտվել բնակապահովման ծրագրից, Գեւորգ Սարգսյանն ասաց․ «Ես ինքս ընդգրկված եմ բնակապահովման ծրագրի առաջին խմբում, քանի որ Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Բայց իրենք անիրական ծրագրեր են առաջարկում, մոտենում եմ բանկին, բանկն ասում է՝ մենք տեղյակ չենք, այդ ծրագիրը մեզ չի վերաբերում, չգիտենք։ Անձնագիր փոխել են տալիս, այդ անձնագիր փոխելը տեւում է մոտ կես տարի, այնուհետեւ առաջանում են այլ խոչընդոտներ, օրինակ՝ աշխատավարձի տեղեկանք են ուզում, ինքս ի վիճակի չեմ աշխատավարձի տեղեկանք ներկայացնելու, որպեսզի վարկ վերցնեմ, քանի որ մշտական աշխատանք չունեմ։ Հետեւաբար, դա ինձ համար անիրատեսական ծրագիր է։ Բացի դա, դեռ հարց է՝ կգտնե՞նք բնակարան, որտե՞ղ կգտնենք, այդ ծրագիրը պարզաբանված չէ մինչեւ վերջ, լրիվ թակարդներ են»։

Ծրագրից օգտվելու համար որպես պարտադիր պայման է դրված ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Գեւորգ Սարգսյանն ասաց, որ չի դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ համոզված է, որ իր արցախյան անձնագրով ինքն ի սկզբանե ՀՀ քաղաքացի է համարվում։

Սարգսյանը նշեց, որ բոլոր արցախցիների ցանկությունը Արցախ վերադառնալն է՝ անվտնագության հստակ երաշխիքներով․ «Արցախ վերադարձի հարցը միշտ պետք է լինի որպես առաջնային հարց, դա չպետք է մոռացության տրվի։ Այդ հարցը պետք է պահվի օրակարգում այնքան, մինչեւ կգան նոր իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն այն դնել միջազգային ատյաններում ու պարտադրել Ադրբեջանին, որ որ այս հարցը լուծվի»։

 

Հունգարիան հայտարարում է ՄՔԴ-ից դուրս գալու մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հունգարիա այցելելության ֆոնին՝ Բուդապեշտը հայտարարում է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին, հաղորդում է BBC-ին։

Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Դերդեյ Գուլյասի խոսքով՝ գործընթացը պաշտոնապես այսօր կմեկնարկի։

Ակնկալվում է, որ խորհրդարանը կհաստատի համապատասխան օրինագիծը, սակայն ՄՔԴ-ից վերջնականապես դուրս գալու ողջ գործընթացի համար մոտ մեկ տարի կպահանջվի։

Այժմ Պուտինը, որին ձեռբակալելու համար ՄՔԴ-ն օրդեր է թողարկել, և կարող է գնալ Հունգարիա։

Իրանը դեմ է տարածաշրջանի միլիտարիզացիային

Մենք ամեն ինչ անում ենք՝ օգտագործելով Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։

Նա նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ռազմականացմանը։ Դեսպանը հավելել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մեր հարեւանն է»,- վստահեցրեց նա։

Բրիտանացի պատգամավորներն իրենց կառավարությանը կոչ են արել ճնշումներ գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատելու համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը , խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն եւ Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Բրիտանացի խորհրդարանականները խստորեն դատապարտում են Բաքվում պահվող հայ պատանդներին “դատավարությունները” եւ կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նրանց ազատ արձակելու համար։

“Մեծ մտահոգություն կա բանտարկյալների հարազատների եւ Մեծ Բրիտանիայում սփյուռքի մոտ` կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարությունների համար։

Մենք նաեւ ահազանգում ենք Բաքվում BBC Azerbaijan, Ամերիկայի ձայնի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալություններին երկրից արտաքսելու վերաբերյալ”։

Պատրաստել է Մարութ Վանյանը