Հեղինակ՝ naira
Արցախցիները ապակե տարայի տակ․ օդը չի հերիքում, խեղդվում ենք
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը:
Առաջին հանրահավաքը կայացել է մարտի 29-ին, բավական մարդաշատ և կազմակերպված էր, հնչել են կարևոր հարցադրումներ։ Կառավարությանը հանձնվեց պահանջագիր, որտեղ և քաղաքական, և սոցիալական պահանջներ էին։ Օպերայի մոտ վրան խփվեց, որտեղ արդեն մի քանի օր է հանրային քննարկումներ է տեղի ունենում։
Գլխավոր բառերն ասել է Լարիսա Ալավերդյանը վրանում՝ պետք է ամեն ինչ անել ոչ թե արցախցիներին Արցախ վերադարձնելու, այլ Արցախը հայերին վերադարձնելու համար։
Հանրահավաքի հաջորդ օրը արցախցի մայրիկները ակցիա են կազմակերպել կառավարական ամառանոցների մոտ, իսկ այսօր կոչ է հնչել վաղը հավաքվել Կառավարության շենքի մոտ։
Կառավարությունը այդ ամենին պատասխանել է հակասոցիալական հարցերի նախարարի շուրթերով՝ 50 հազ․ աջակցությունը չի շարունակվի, գնացեք աշխատեք, քաղաքացիություն վերցրեք, սահմանամերձ գյուղերում մի կերպ տեղավորվեք ու սսկվեք։ 1,5 տարի հստակ խնդիր ենք լուծել, ու հիմա ձեր հանրահավաքով մեզ չեք շեղի ակդ խնդրից։
Բացի այդ, ինչպես գրում են մտածող մարդիկ, արցախցիների հանդեպ թաքնված թշնամանքը հանրահավաքից հետո ատելության տեսքով թափվել է հանրային դաշտ և հակառակ էֆեքտ առաջացրել։
Ի՞նչ անել նման իրավիճակում։ Հանրահավաք որպես կանոն անում են տեղեկացնելու կամ ճնշում գործադրելու նպատակով։ Կառավարությունը ոչ տեղեկանալու կարիք ունի, ոչ էլ «կճնշվի», քանի որ հստակ խնդիր ունի՝ արցախցիներին պահել ինչ-որ նվազագույն շեմի վրա, որպեսզի հարկ եղած ժամանակ ստիպի կատարել «որոշումները»։ Ասենք՝ մի մասին հետ ուղարկի Արցախ՝ որխպես «խաղաղության պայմանագրի» պատանդ, մի մասին փափուկ դեպորտ անի, իսկ մնացածին նվազագույն ծախսերով պահի Հայաստանում որպես հավիտյան «մեղավոր» կամ «սահմանապահ»։
Սոցցանցերում արցախցիները քննարկում են՝ ինչ անել։ Կան առաջարկներ՝ դիմել Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներ և ապաստան խնդրել, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կատարում իր պարտականությունները։
Կա կարծիք, որ հաջորդ մեծ ցույցը պիտի տեղի ունենա ՀՀ կառավարության դիմաց, այնտեղից պետք է շարժվել ՄԱԿ գրասենյակ, տարբեր դեսպանատներ։
Սակայն բոլորը հասկանում են, որ արցախցիներին Հայաստանում առել են ապակե տարայի տակ, որտեղից նրանց ձայնը չի լսվում, միայն երևում է, որ մարդիկ ինչ-որ բան են բղավում։ Չի լսվում, որ նրանք ասում են՝ օդը չի հերիքում, խեղդվում ենք։
Նաիրա Հայրումյան
Ապրիլի 1-ից Ռուսաստանում․ եթե երեխան ռուսաց լեզվից քննությունը չհանձնեց, կզրկվի կրթությունից
Ռուսաստանի Դաշնության դպրոցներում սովորելու համար այս տարվա ապրիլի մեկից միգրանտների երեխաներն անպայման պետք է քննություն հանձնեն ռուսաց լեզու առարկայից։ ՌԴ-ում փոփոխվել է միգրացիոն օրենսդրությունը, որն ուժի մեջ է մտել ապրիլի մեկից։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ քննության շեմը չհաղթահարած երեխաները կզրկվեն կրթության իրավունքից։ Զուգահեռ ստուգելու են նաեւ երեխայի ծնողների եւ երեխայի՝ Ռուսաստանում գտնվելու օրինականությունը։
«Ապրիլի մեկից խիստ ստուգումներ են լինելու․ եթե երեխաների գրանցումը կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաեւ ծնողները, անգամ հնարավոր է, որ ծնողներին ու երեխաներին արտաքսեն։ Արդեն գրանցվել են դեպքեր, երբ դպրոցում ստուգում անցկացնելիս պարզվել է, որ երեխան կամ չունի միգրացիոն հաշվառում, կամ կեղծ է փաստաթուղթը, եւ ծնողների հետ միասին երեխաներին տարել են օտարերկրացիների պահման վայր, այնտեղից էլ արտաքսել են։ Թեեւ ՌԴ օրենսդրությամբ երեխաներին իրավունք չունեն տանել այդ վայրը, բայց փաստորեն տանում են»,- նշեց նա։
Տաթեւիկ Բեժանյանը ՌԴ-ում գտնվող կամ մեկնել պատրաստվող հայերին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում կեղծ միգրացիոն հաշվառում՝ ռեգիստրացիա չիրականացնել։ Նա խոսքով՝ կեղծ հաշվառումն ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ, եւ եթե անգամ անձին քրեական պատժի չենթարկեն, ապա հաստատ կարտաքսեն։
Մյուս խորհուրդն այն է, որ նախքան ՌԴ մեկնելը երեխաներին ռուսաց լեզվի գիտելիքներ տան, որպեսզի պատրաստ լինեն այդ քննություններին։ Իսկ քննությունների անցողիկ շեմը հաղթահարելու համար միգրանտների երեխաները պետք է հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանեն։
Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ
Պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին
Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ Օկամպոն բազմաթիվ անգամներ ասել է, որ դա այն դուռն է, որը մենք պետք է ծեծենք։ Այս մասին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ես հիշում եմ՝ 2023 թվականի դեկտեմբերին Օկամպոն ասաց, որ հայերը պետք է հայցերով հեղեղեն Միջազգային քրեական դատարանը։ Ինձ հայտնի է, որ բավականին շատ դիմումներ գնացել են Միջազգային քրեական դատարան, բայց դրանք բավարար չեն։ Մենք չկարողացանք ապահովել այդ հեղեղը, եւ մեզ մնում է, որ այս տարին չվատնենք, չպետք է հույսներս դնենք իշխանության, Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի վրա, պետք է հավաքենք մեր ուժերը ու աշխատանք իրականացնենք Սփյուռքի աջակցությամբ, քանի որ դա մեծ ռեսուրս է պահանջում»,- ասաց նա։ Ալավերդյանը նշեց, որ խնդիրն ավելի խորքային պետք է դիտարկել՝ պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամենօրյա աշխատանք պետք է տանել Արցախ վերադառնալու քաղաքական իրավունքն ակտիվ պահելու ուղղությամբ, քանի որ վերադարձը կապված է թե Արցախի Հանրապետության վերականգնման, թե անօրինական Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցերի հետ։
Ըստ Ալավերդյանի՝ հայտնի է եւ ապացուցված է, որ չկա առանձին Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարց։ Եվ դրա համար կազմվել է միասնական անվտանգության ռազմավարությունը։ Իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի մերժել են այդ ռազմավարությունը։ «Մենք պետք է հստակեցնենք՝ ինչո՞ւ է միասնական այդ անվտանգությունը կարեւոր։ Եվ ինչո՞ւ է այսօր Հայաստանը վտանգված ավելի, քան երբեւէ։ Մենք ոչ թե պետք է արձագանքենք իրենց ասածներին կամ հակադարձենք, այլ պետք է կարողանանք մեր մոտեցումները հստակ ասել, առաջ քաշել հիմնավոր ու ձեւակերպումներով շատ հստակ տարբերակը։ Այսօր Հայաստանն ամբողջովին վտանգված է, քանի որ նրանք հրաժարվել են Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորից՝ Արցախից»։
Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրիի քաղաքապետը չէ, բայց նրա դեմ գործ են հարուցել
Գյումրիի նախկին քաղաքապետ, Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով:
Վարդան Ղուկասյանը բավական շանսեր ունի Գյումրիի քաղաքապետ ընտրվելու, եթե “Պատիվ ունեմ” ֆրակցիայի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայնվի քվեարկել Ղուկասյանի կողմ։ Սակայն մինչ Մարտուն Գրիգորյանը հայտարարի իր որոշման մասին, Ղուկասյանի դեմ գործ են հարուցում։
Վարդան Ղուկասյանը հաստատ գիտի ,որ իրեն կձերբակալեն, դրա համար պահանջում է, որ փոխքաղաքապետը եւս լինի իր կուսակցությունից։
Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու
«Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու։ Նաեւ գիտի, որ պատերազմի իրական դրդապատճառը, որը ռասիզմն էր, ջրի երես է դուրս գալիս»,- այսօր հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգայի իրավունքի մասնահետ Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում հասկանում են, որ իրենք մարդկայնության դեմ հանցագործություն են գործել, եւ եթե անգամ քաղաքական մարմինները չեն ֆիքսել դա, միջազգային դատարանն է առաջնահերթ ֆիքսելու։ Այնպես, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ ֆիքսեց, որ Լաչինի միջանցքը փակ է։
Նույնիսկ, եթե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանից հետ վերցնի իր գանգատը, դատական ակտը դառնում է պատմական փաստ։
Նրա խոսքով՝ երբ «խաղաղության պայմանագրի» տեքստը հրապարակեն, պարզվի, որ հայցերը հետ են վերցնում, անհատական գանգատներով միջազգային դատարաններ դիմելու շատ մեխանիզմներ կլինեն, որովհետեւ միջպետական գանգատը դուրս է եկել, բայց հո մարդու իրավունքը չի՞ դադարել գոյություն ունենալ։
Մարդու իրավունքների տեսանկյունից դա ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը
«Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված Ադրբեջանի տարածք է, ապա մարդու իրավունքների տեսանկյունից այլ կերպ է դա ձեւակերպված․ ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Անդրադառալով հարցին, թե ինչքանո՞վ է վերադարձի իրավունքը կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, Արա Ղազարյանն ասաց․ «Եթե մենք այս հարցին մոտենանք մարդու իրավունքի տեսանկյունից, այստեղ շատ հետաքրքիր լուծում կա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրում։ Այնտեղ իրենք ունեն 12-րդ հոդվածը՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Իսկ ազատ տեղաշարժը երեք ձեւաչափով է՝ երկրի ներսում տեղաշարժ, երկրից դուրս գալը եւ իր սեփական երկիր վերադառնալը։
Այս արտահայտությունը՝ «իր սեփական երկիր», մեկնաբանվում է որպես հայրենիք։ Չի մեկնաբանվում որպես այն տարածք, որի քաղաքացի ես դու, դա Ալիեւի թեզն է, որն ասում է՝ քաղաքացիություն ունեք եւ վերադարձեք։ Իրավաբանորեն «քո սեփական երկիր» ձեւակերպման տակ մեկնաբանվում է այն ամենը, ինչը մարդու համար հայրենիք է։ Օրինակ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Եվրոպական դատարանն արդեն որոշել է, որ Սարգսյանն իրավունք ունի վերադառնալ ոչ միայն իր տուն՝ Գյուլիստան գյուղ, այլ նաեւ այցելել հարազատների շիրիմներին։ Սա շատ հետաքրքիր նախադեպ է, այն փոքր մոդելն է, որն այսօր Ադրբեջանի դեմ ենք դնում իրավական հարթությունում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված իր տարածքն է, ապա մարդու իրավունքի տեսանկյունից դա ձեւակերպված է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը։ Երբ մենք հիմա, երբ գանգատներ ենք ներկայացնում, հենց այս բանաձեւով ենք ներկայացնում, որի դեմ չեն կարող ներկայացնել հակաթեզ»։
Արա Ղազարյանի խոսքով, երբ Ալիեւն այսօր ասում է, թե իբր արցախցիների կառուցածն անօրինական է, կարող են նրանցից խլել այդ գույքը, նման հասկացություն չկա միջազգային իրավունքում։ «Ոչ, դու քո սեփական օրենքներն ես հորինում, քո սեփական իրավաբանությունը, նման իրավաբանություն չկա։ Եթե արցախցին կառուցել է, կառուցելու ուժով ինքն արդեն ստանում է սեփականության իրավունք, դա մարդու իրավունքի բանաձեւն է» ,- հավելեց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են արցախցի կանանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտնում է․
Արցախցիների գույքային իրավունքը հավիտյան պահպանվում է, բայց արցախցին գոնե պետք է դիմում ուղարկի միջազգային ատյաններ
«Արցախցիների գույքային իրավունքը, որը վերադարձի իրավունքի կոմպոնենտներից մեկն է, շարունակում է հավիտյան պահպանվել։ Եվ արցախցին պետք է տեր կանգնի իրավունքին՝ անելով նվազագույնը, գոնե դիմում ուղարկի միջազգային ատյաններ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցվող այս պայմանագիրը հրապարակվի, եթե տեսնենք, որ այնտեղ ընդհանրապես մեխանիզմ չկա, դա արդեն շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսի դեպքը շատ նման է Արցախի դեպքին։ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 1974 թվականին 230 հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ թողնելով այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։ Այդ օրենքները, որոնցով այդ գույքը հանրայնացվել էր, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի անցել էր, բայց դատարանները որոշումներ էին կայացնում, որ այսինչ մարդը շարունակում է իր գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնա ապրի այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ եթե արցախցին այսօր Երեւանում է, Հայաստանում է ու չի կարողանում իր գույքն օգտագործել, 5 տարի էլ անցնի, 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց Արա Ղազարյանը։
Մասնագետի խոսքով՝ այս իրավունքն արցախցիներն ունեն նաեւ այն գույքի նկատմամբ, որն այսօր ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա գործողությունները միջազգային հանցագործություն է։ «Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի, իսկ որոշումը հետեւյալն է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ կյանքով, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է եւ լուծում չունի, որովհետեւ ինչ լուծում էլ առաջարկեն իրենք, համարվելու է անօրինական։ Միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի Ադրբեջանի այդ լուծումներն ընդունելու»,- հավելեց նա։
Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել Սիրիայում գտնվող T4 ավիաբազան, որտեղ ռուսներն էին
Tiyas (T4) ռազմական ավիաբազան, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կգրավվի թուրքական զորքերի կողմից։ Անկարան նախատեսում է այդ օբյեկտում տեղակայել հակաօդային պաշտպանության իր համակարգերը։ Այս մասին հայտնում է Middle East Eye հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Սիրիայում Ասադի տապալումից հետո իշխանության եկան թուրքամետ ուժերը։ «Անկարան և Դամասկոսը ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ են վարում դեկտեմբերից: Դրանք սկսվել են Բաշար ալ-Ասադի տապալումից հետո: Համաձայնագիրը նախատեսում է, որ Թուրքիան օդային ծածկույթ և ռազմական պաշտպանություն կտրամադրի Սիրիայի նոր կառավարությանը…
Մինչ թուրք պաշտոնյաները նախկինում նսեմացնում էին Սիրիայում սեփական ռազմական ներկայության հնարավորությունը՝ վաղաժամ անվանելով նման ծրագրերը, բանակցությունները հանգիստ շարունակվում էին»,- ասվում է հոդվածում: Ենթադրվում է, որ Թուրքիան վերահսկողության տակ կառնի ռազմավարական T4 օբյեկտը և «Հիսար” համակարգեր կտեղադրի։
Անկարան նաև նախատեսում է այնտեղ տեղակայել հետախուզական և անօդաչու թռչող սարքեր: Ըստ Անկարայի պլանների՝ բազան և շրջակայքը կհամալրվեն բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով՝ հակազդելու օդային լայն սպառնալիքներին: Հաղորդվում է, որ ավիաբազայում արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ:
Անկարան ձգտում է կայունացնել երկիրը՝ օգտագործելով իր ռազմական հնարավորությունները և լրացնելով ռուսական և իրանական զորքերի դուրսբերման հետևանքով առաջացած ուժային վակուումը»,- ասվում է հոդվածում։
Ապրիլի 3-ին Եվրախորհրդարանը կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում
Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում կանցկացնի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի քննարկում։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին։