ԵՄ աջակցությունը թույլ է տվել ՄԱԿ-ին օգնել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող փախստականներին

Եվրոպական Միության (ԵՄ) մարդասիրական կազմակերպության միջոցով տրամադրվող մարդասիրական աջակցությունը թույլ է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) օգնել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող փախստականներին՝ բավարարել նրանց սննդի հիմնական կարիքները և Հայաստանում օգտվել սոցիալ-հոգեբանական խնամքից։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանվել և Հայաստան է ժամանել ավելի քան 115,000 փախստական։ Այս հանկարծակի ներհոսքն ուղղորդեց Պարենի համաշխարհային ծրագրին, որ փախստականներին և սոցիալապես խոցելի խմբերին տրամադրի համապարփակ աջակցություն՝ սննդի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսքով:

2025 թվականի հոկտեմբերին ՊՀԾ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում շուրջ 4,000 փախստականի տրամադրել է դրամական վերջին փոխանցումները՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել իրենց ընտրած սննդամթերքները։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ սոցիալ-հոգեբանական ծառայություններ են մատուցվել ավելի քան 2,000 անձի։

Ծրագրի շրջանակներում ՊՀԾ-ն փախստականների համար կազմակերպել է առողջ սննդի և ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասընթացներ՝ օգնելով նրանց կայացնել տեղեկացված որոշումներ ինչպես սննդակարգի, այնպես էլ իրենց ռեսուրսները արդյունավետ կառավարելու վերաբերյալ:

«Սննդի աջակցությունը փրկարար օղակ է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են ամեն ինչ, իսկ այն բանկային քարտերի միջոցով տրամադրելը արժանապատիվ աջակցության լավագույն օրինակներից է», – նշել է Լեյլա Մելիուհն, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի Ներկայացուցիչը և տնօրենը։ «Այս մոտեցումը հնարավորություն է տալիս մարդկանց կատարել սեփական ընտրությունը՝ միաժամանակ վերականգնելով նորմալ կյանքի զգացումը։ Եվրոպական Միության, Հայաստանի կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք ապահովեցինք առավել խոցելի բնակչության անհապաղ կարիքների պատշաճ և արդյունավետ բավարումը՝ այն պահին, երբ դա ամենակարևորն էր»:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում գործում է 1994 թվականից՝ նպատակ ունենալով բարելավել պարենային ապահովությունն ու դիմակայունությունը: ՊՀԾ-ն աջակցում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, խթանում է կայուն գյուղատնտեսությունը և համագործակցում է կառավարության և համայնքների հետ՝ սոցիալական պաշտպանության համակարգերը ամրապնդելու ուղղությամբ: Արտակարգ իրավիճակներին արձագանքման և երկարաժամկետ նախաձեռնությունների միջոցով ՊՀԾ-ն աջակցում է խոցելի բնակչությանը առողջարար սննդի հասանելիության ապահովման գործում և նպաստում պարենային ապահով ապագայի ձևավորմանը։

Եկեղեցում դրոշ դնենք, կառավարաության նիստերին էլ մոմ վառենք

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ եկեղեցում ՀՀ պետական օրհներգի հնչեցման եւ դրոշի տեղադրման անհրաժեշտության մասին։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Սա Սահմանադրությանը հակասող չէ»։

Սրբուհի Գալյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց․ «Դուք միշտ հարցնում եք՝ արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակո՞ւմ սահմանադրական կարգի տապալում, դա հասկացանք, որ ոչ։ Հիմա ասում եք՝ արդյոք դրոշ տեղադրելը ճի՞շտ է։ Իսկ ինչ-որ մեկը հերքո՞ւմ է, որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին եւ ճանաչվել որպես պետական կրոն։ Ես կարծում եմ՝ նպատակը եւ գաղափարը մեր պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Քանի որ եկեղեցու դերն ընդգծված է Սահմանադրությամբ, ինչո՞ւ չեն կարող եկեղեցում լինել ՀՀ դրոշներ եւ ինչո՞ւ չի կարող հնչել ՀՀ օրհներգը։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել»։

Սրբուհի Գալյանը նաեւ ասաց, որ ինքը դեմ չէր լինի, եթե կառավարության նիստերը սկսվեին տերունական աղոթքով։

 

Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից. Արամ Ա

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացութիւնը եւ փոխադարձ հասկացողութեան մղել՝ յատկապէս զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերէ։ Այս մասին իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա–ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր, փաստօրէն, կացութիւնը դարձած է աւելի վտանգալից՝ աննախատաեսելի հետեւանքներով յղի: Սուրբ Էջմիածինի եւ ընդհանրապէս մեր եկեղեցւոյ ամբողջականութեան ու ներքին միութեան ամուր պահպանումը եւ զայն ներքին թէ արտաքին վտանգներէ հեռու պահելը, համազգային առաջնահերթութիւն է: Այս խոր գիտակցութենէ ու յանձնառութենէ առաջնորդուած, կոչ կ՚ուղղենք.-

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ, հեռու մնալու Սուրբ Էջմիածինի ներքին կեանքին ու խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիէն ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական, եւ հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերէ, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:
  • ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԻ, կարելի փութով, համբերութեամբ ու խոհեմութեամբ առաջքը առնելու միաբանական կեանքէն ներս ճեղքեր յառաջանալու ու յառաջացնելու վտանգաւոր կացութիւններուն, եւ համախմբուելու Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ միաբանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական գործընթացքով ու իրապաշտ մօտեցումով քննելու առկայ խնդիրները՝ համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամութեամբ:

Եկեղեցին Աստուծոյ տունն է ու միաժամանակ՝ ազգին սրբազան տունը: Իւրաքանչիւր հայ պարտաւորութիւն ու իրաւունք ունի մտահոգուելու եւ տեսակէտ յայտնելու եկեղեցին յուզող խնդիրներու նկատմամբ, սակայն՝ կառուցողական ու շինիչ մօտեցումով եւ եկեղեցին վերանորոգելու ու անոր ծառայական առաքելութիւնը աւելի կենսագործելու նախանձախնդրութենէ առաջնորդուած:

Միքայել Սրբազանը դեռ վիրահատության կարիք չունի․ նախարար

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը,ով գտնվում է կալանքի տակ, անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական մասնակցությամբ բուժում ստանալ։ Այս տխուր վիճակագրությունը նաեւ մեզ զգոնության ու սթափության առիթ է տալիս՝ այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում  23 մահվան դեպքը չդառնա 24»,- ասաց պատգամավորը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն, հերքում է, որ Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Լրագրողների հարցին ի պատասխան Գալյանն ասաց․ «Որեւէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, ես խոսում եմ փաստերի մասին։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը համապատասխան գործիքակազը կներդնի, եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն ու սպասարկում։ Այսօր նրան կմոտենա համապատասխան իրավաբան, կպարզաբանի իրավունքը եւ կխնդրի դիմում ներկայացնել՝ մեր գործընկերներին դա փոխանցելու համար։ Ուղղակի աբսուրդային եմ համարում նման մանիպուլյացիոն ձեւակերպումներ պարունակող հայտարարությունը»։

Արցախի հարցը մնում է վիճահարույց, և Ալիևը դա բոլորից լավ է հասկանում

Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող միջնորդների առաջարկների և փաստաթղթերի հրապարակումը բանավեճ է առաջացրել հայ փորձագիտական ​​​​համայնքում, որը կենտրոնացած է ամենակարևոր հարցի շուրջ. արդյո՞ք հնարավորություն կար խուսափել պատերազմից և շարունակել 30-ամյա բանակցությունները ևս 100 տարի։

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նման հնարավորություն կար, բայց այն չեղյալ է հայտարարվել Նիկոլ Փաշինյանի՝ միջնորդների առաջարկները մերժելու և «իր սեփական կետից» բանակցություններ սկսելու որոշմամբ։ Արտաքին իրավիճակը նույնպես փոխվել էր. Մոսկվայի ջանքերը հանգեցրել են Հայաստանի պետականության վերաբերյալ միջազգային նեգատիվ կոնսենսուսի առաջացմանը։

Մինչև 2018 թվականը Հայաստանի կառավարությունը աշխատում էր կանխել ռազմական գործողությունները (ակնհայտորեն հասկանալով, որ Ռուսաստանը, որպես «դաշնակից», աջակցում է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին՝ զենք մատակարարելով նրան)։ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ բոլոր առաջարկների էությունը հանգեցնում էին նրան, որ Հայաստանը հրաժարվում էր նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջաններից՝ ԼՂԻՄ-ի սահմաններում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի դիմաց, գումարած՝ Հայաստանի հետ միջանցք։ Հայաստանի կողմից 7 շրջանների հանձնումից հրաժարվելը «հետաձգում էր» Արցախի ինքնորոշման հանրաքվեն, իսկ Բաքվի կողմից հանրաքվեն անցկացնելուց հրաժարվելը հետաձգում էր շրջանների վերադարձը իրեն։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ պահպանվող 30 տարուց ավելի այս հավասարակշռությունը խախտվեց 2019 թվականին։

ՄԱԿ-ի՝ Ղարաբաղի վերաբերյալ չորս բանաձևերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԼՂԻՄ տարածքը միշտ համարվել է «վիճելի», և Բաքվի ինքնիշխանությունը դրա նկատմամբ երբեք չի ճանաչվել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հենց այս «վիճելիությունը» լուծելու համար։

Սակայն նույնիսկ օկուպացիայից և ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունից հետո, Արցախի կարգավիճակը մնում է վիճելի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ևս չի «լուծել» այս վեճը։

Ոչ մի միջազգային փաստաթուղթ չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի և Նախիջևանի նկատմամբ, և 1991 թվականի անիմաստ Ալմա-Աթայի հռչակագրի հղումները միայն հաստատում են իրավական հիմքի իսպառ բացակայությունը։

Ալիևը սա հիանալի հասկանում է. նա չի կարող ստորագրել «խաղաղության պայմանագիր», որը կասկածելի ռազմական լուծումից բացի այլ հիմք չունի։ Ահա թե ինչու նա պահանջում է, որ Հայաստանը կամավոր հրաժարվի իր իրավունքներից՝ ընդունելով նոր «Անկախության հռչակագիր» և Սահմանադրություն։

30 տարի շարունակ Բաքուն, մարտի դաշտում պարտվելով հայերին, չի ստորագրել գոնե մեկ փաստաթուղթ, որը կպարտավորեցներ նրան ճանաչել հայերի նվաճումները՝ սպասելով վրեժխնդրության հարմար ժամանակի։ Բաքուն հասկանում է միջազգային կնքված փաստաթղթի ուժը, այդ պատճառով էլ պահանջեց Մինսկի խմբի փակումը։

Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ բուռն քննարկումները, ցավոք, չեն ներառել Մինսկի խմբի հարցը։ Համակարգային քաղաքական ուժերը բարձրաձայն չեն հայտարարել, որ Արցախյան հարցը մնում է վիճելի, և որ միջազգային արբիտրաժը մերժելու հիմքեր չկան։

Հիմա էլ Պատարայի խաչքարներն են ներկայացնում որպես “ալբանական”

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով
2025 թ. դեկտեմբերի 1-ին մեր գործընկերը՝ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, հրապարակեց մի տեսանյութ (https://www.facebook.com/share/v/1G7FSUvpZ4/), որը նկարահանվել էր Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։
Տեսանյութում «ադրբեջանական» կողմը ներկայացնում էր այդ գյուղի խաչքարերն իբր «աղվանական ծագման» հուշարձաններ՝ շարունակելով այն քաղաքականությունը, որը միջազգային փորձագետների և ոլորտային մասնագետների լայն շրջանակը գնահատում է որպես պատմամշակութային ժառանգության համակարգված վերագրում և մշակութային ինքնության կեղծում։
Այս գործընթացը նոր երևույթ չէ․ հայկական պատմաճարտարապետական ժառանգության «աղվանականացման» քաղաքականությունը սկիզբ է առել դեռևս 1950-ականների վերջին և հետագայում՝ 1960-ականներից, առավել ուժեղանալով։ Այդ ժամանակներից մինչև այսօր այն վերածվել է պետականորեն համակարգված ռազմավարության, որի բոլոր մակարդակները վերահսկվում են «Ադրբեջանի» իշխանությունների կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։
Քննադատների դիտարկմամբ, այս քաղաքականության առանցքում գտնվում է պատմական փաստերի խեղաթյուրումը, որի հիմնական նպատակն է տարածաշրջանում հայկական մշակութային ներկայությունը հիմնովին ոչնչացնելը։ Նախորդ տասնամյակներում «Ադրբեջանի» գաղափարախոսական հարվածի թիրախը հիմնականում Արցախի, Ուտիքի և Նախիջևանի հայկական հուշարձաններն էին, սակայն 2000-ականներից սկսած քաղաքականության աշխարհագրությունն ընդլայնվեց։ Այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ՝ Էջմիածնի մայր տաճարից մինչև Սևանավանք, Նորավանք, Հաղարծին, Գոշավանք, Տաթև, Հառիճավանք, Գեղարդավանք և այլն։
Նույնօրինակ ակադեմիականորեն չհիմնավորված վերագրումներ կատարվել են նաև Վրաստանի և Արևմտյան Հայաստանի (Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայի կողմից բռնազավթված) տարածքներում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ, ներառյալ Աղթամարի Սուրբ Խաչը։ Մտահոգիչ է, որ այս քաղաքականությունը տարածվել է նաև վրացական ժառանգության վրա․ ամենավառ օրինակներից է Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը Բաքվի վարչակարգը ներկայացրել է որպես «աղվանական»։
«Ադրբեջանի» վարչախմբի այս քաղաքականությունը ոչ միայն վտանգում է տարածաշրջանային պատմությունը, այլև ամբողջ Կովկասի մշակութային բազմազանությունը։ Աղվանականացման քաղաքականությունը չի սահմանափակվում միայն սխալ կամ գիտական հիմքեր չունեցող վերագրումներով․ այն ուղեկցվում է նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացմամբ։
Սա միջազգային իրավունքի տեսանկյունից դիտվում է որպես կրկնակի խախտում․ նախ՝ ժառանգության իսկության խեղաթյուրում, ապա՝ դրա ֆիզիկական ոչնչացում։ Խաչքարերի ոչնչացումը համարվում է մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Մասնավորապես՝ Ջուղայի խաչքարերի ամբողջական վերացումը, որի տարածքում հետագայում կառուցվել է ռազմական հրաձգարան, լայնորեն արձանագրված է անկախ դիտորդների, լուսանկարիչների և մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներում։
Նույն ճակատագրին են արժանացել նաև Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ այդ թվում Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (գյուղը հետագայում ոչնչացվել է) , Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը «ադրբեջանական» պետական քարոչամեքենան ներկայացրել է որպես «ուղղափառ» կամ «աղվանական» եկեղեցի և այլ պատմամշակութային հուշարձաններ։
Այս փաստերը, որոնք բազմիցս արձանագրված են անկախ հետազոտողների, միջազգային մամուլի և վավերագրական նյութերի միջոցով, վկայում են համակարգված քաղաքականության մասին, որը նպատակ ունի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ժխտմանը, այլև տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների բազմաշերտ ինքնության քայքայմանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ քաղաքակրթական ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։

«Եթե բոլորը գնան, էլ ո՞վ մնա սահմանին». Աննայի պատմությունը՝ Արցախից մինչև Գորիս

Ցավի, դիմակայության ու չմոռացվող տան ճամփան

Գորիսի հրապարակում՝ քաղաքի սրտում, եռագույնից բացի այլ դրոշ էլ կա՝ Արցախինը։ Այստեղ այն տեղադրված է բաց ու անթաքույց՝ առանց «հարմար լինելու» հաշվարկի։ Ապահով չէ, բայց արժանապատիվ։ Որպես հիշեցում, որ այս վայրով անցել են մարդիկ, որոնց համար տունը մոտ է, բայց վերադարձի քայլը դեռ անհասանելի։

Աննան այդ դրոշի կողքին է ապրում արդեն ավելի քան 2 տարի։ Ասում է․ «Գորիսից Արցախ ճանապարհը կարճ է, որպեսզի շուտ հասնեմ՝ այստեղ եմ ապրելու»։

Երկու օր՝ կյանքի չափ երկար

2023-ի հոկտեմբերի 1-ին Աննայի ընտանիքը լքեց Արցախը։ Չէին ուզում հեռանալ․ մինչև վերջին պահը հավատում էին, որ կհաջողվի մնալ։ Իննամսյա շրջափակումից հետո, սեպտեմբերի 1-ին, Աննան կորցրեց եղբորը և միակ ցանկությունը դարձավ նրա մարմինը Հայաստան տեղափոխելը։

«Եղբայրս հիմա թաղված է Գորիսի Եռաբլուրում և Գորիսին կապող ամենակարևոր պատճառներից մեկը հենց նա է»,- ասում է Աննան։

2020-ին Աննայի ընտանիքը ևս Գորիսում էր։ Վերադարձան, վերանորոգեցին տունը, փորձեցին ապրել բնականոն առօրյայով, սակայն շրջափակումը ցույց տվեց՝ խաղաղությունը երկար չէր կարող տևել։

«Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ մնա»

Աննան հիմա ապրում է Գորիսում՝ մեկ ակնկալիքով՝ վերադառնալ տուն։ Երբ հարցնում են, թե ինչու չեն տեղափոխվում Երևան, պատասխանը հակիրճ է․ «Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ պետք է ապրի։ Գորիսը տուն վերադառնալու ճանապարհի սկիզբն է»։

Նրա դիրքորոշումը ուղիղ է․ սահմանը մարդիկ են պահում։

Տղան՝ սպորտից դեպի ծառայություն

Աննայի որդին 14 տարի զբաղվում է սանդա-ուշուով, մասնակցել է մրցաշարերի, ունի մեդալներ։ Վերջին մրցույթում Ղազախստանում հաղթեց և հաղթանակը նվիրեց զոհված քեռու և բոլոր նահատակների հիշատակին։

Ընտանիքում ծառայությունը ընկալվում է որպես պարտք։ «Եթե ՀՀ քաղաքացիները եկել են ծառայել Արցախում, ինչո՞ւ արցախցին չպետք է ծառայի Հայաստանում»,– ասում է Աննան։

Վերջին խոսակցությունից մեկի ժամանակ ոդին հայտնեց, որ որոշել է ընդունել քաղաքացիություն՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։ Պատրաստվում է հնգամյա ծառայությանը և ունի անձնական նպատակ․ «Գորիսի ամենաբարձր կետից ուզում եմ Արցախին նայել»։

Երբ Աննան խոսում է զոհված եղբոր մասին, ձայնը փոխվում է։ «Ամեն անգամ եղբորս զինվորական համազգեստը լվանալուց հետո մի թուղթ ստորագրում էի ու դնում գրպանում։ Արթուրն ասում էր՝ «թուղթը դնողն էլ ես դու, հանողն էլ ես դու լինելու։ Երբ կանչեցին դիակի ճանաչման, առաջինը դա հիշեցի։ Զոհի գրպանում իմ ստորագրությամբ նույն թուղթն էր, եղբայրս էր․․․»։

Անան ընդունում է․ «Գիտեմ, որ եղբայրս չկա, բայց ամեն անգամ զինվորական համազգեստ տեսնելիս նրան եմ փնտրում։ Հիմա չգիտեմ՝ ինչպես եմ նույն համազգեստով որդուս տեսնելու»։

Գորիսում Աննան գտել է ընդունող միջավայր։ Քաղաքի կենտրոնական հրապարակում Արցախի դրոշը շարունակում է ծածանվել։ Այժմ այն շատ քիչ վայրերում կարելի է տեսնել։

Մարդիկ օգնություն են առաջարկում, հրավիրում իրենց տուն։ Նրա համար դա պարզապես դրոշ կամ ժեստ չէ, այլ կապ՝ եկածների ու տեղաբնակների միջև։

Այսօր Աննան և նրա ընտանիքը Գորիսում են՝ աշխատում, սովորում, ծրագրում ապագան։ Վերադարձի մասին չեն խոսում որպես երազանքի, այլ՝ որպես ճանապարհի հաջորդ քայլի։

Իսկ մինչ այդ՝ Գորիսը նրանց համար կանգառ չէ․ սա ապրող, գործող համայնք է, որտեղ Արցախի հիշողությունը չի մարում, այլ ապրում է մարդկանցով, պատմություններով։

Մարիամ Սարգսյան

Ի՞նչ են նշանակում Թրամփի խոսքերը. Զելենսկու նախադեպը Ալիևի և Փաշինյանի համար

«Անցյալ շաբաթ մեր բանակցություններից հետո մենք խոսեցինք նախագահ [Ռուսաստանի Վլադիմիր] Պուտինի հետ, ինչպես նաև Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ [Ուկրաինայի Վլադիմիր] Զելենսկու հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել [վերջին խաղաղության առաջարկը]՝ համենայնդեպս այդպես էր մի քանի ժամ առաջ», – ասաց Դոնալդ Թրամփը։

«Նրա [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու] ժողովուրդը սիրում է այն [խաղաղության առաջարկը], բայց նա չի կարդացել այն։ Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Գիտեք, Ռուսաստանը կնախընտրեր ստանալ ամբողջ երկիրը, եթե մտածենք դրա մասին։ Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը համաձայն է։ Այնուամենայնիվ, վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ», – հավելեց Թրամփը։

Մինչդեռ, Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան իր Telegram ալիքում խոսել է նախորդ օրը ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: «Ամերիկացի դեսպանները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներից, և զրույցը կառուցողական էր, թեև դժվար», – ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, բայց դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժյեի ատոմակայանի (ԶԱԷԿ) մասին որոշումից: «Եթե մենք լուծենք այդ երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ բավականին սահուն կլուծվի», – նշել է Քելոգը։

Թրամփի պնդումը, որ Զելենսկին նույնիսկ չի կարդացել իր ծրագիրը, չնայած այն դեմ է Ռուսաստանի կողմից ամբողջ Ուկրաինան գրավելուն, ցույց է տալիս, որ հարցն այժմ կախված է Զելենսկու անձից: Թրամփը ուկրաինացի ժողովրդին ասում է, որ խնդիրը Զելենսկին է։ Եթե ​​չեք ուզում, որ Ռուսաստանը գրավի ամբողջ Ուկրաինան, լուծեք նախագահի հարցը։ Թրամփը չի թաքցնում, որ չի պատրաստվում «համոզել» Պուտինին, բայց կարող է ճնշում գործադրել Զելենսկու վրա։

Զելենսկու ճակատագիրը, իշխանությունը պահելու կամ այն ​​զիջելու նրա կարողությունը, մեծապես կարող է որոշել այլ առաջնորդների ճակատագիրը, ովքեր իրենց երկրները պատերազմի մեջ են ներքաշել կամ դեռևս այնտեղ են պահում։ Նրանց քաղաքական ճակատագրերը անբաժանելիորեն կապված են պատերազմի, կամ «խաղաղության» հետ, ինչպես պատերազմն անվանում են Փաշինյանն ու Ալիևը։ «Պատերազմ-խաղաղություն» իրավիճակից դուրս այս առաջնորդները ոչ մեկին պետք չեն։

Սա հատկապես վերաբերում է Նեթանյահուին, որը երեկ հայտարարեց, որ չի համաձայնվի լքել իշխանությունը նույնիսկ կոռուպցիայի գործով ներման դիմաց։

Սակայն Զելենսկու նախադեպը կարող է հատկապես զգալի ազդեցություն ունենալ Փաշինյանի և Ալիևի վրա, ովքեր կատարել են իրենց առաքելությունը և պետք է հեռանան։ Վաշինգտոնում Թրամփը հարցրեց Ալիևին. «Քանի՞ տարի եք իշխանության գլուխ»։ Ալիևը հպարտորեն պատասխանեց. «22»։ «Օ՜, դա ցույց է տալիս, որ դուք ուժեղ առաջնորդ եք», – ասաց Թրամփը։ Բայց Ալիևը, բնականաբար, սա ընդունեց ոչ թե որպես գովասանք կամ ճանաչում, այլ որպես ակնարկ այն մասին, որ նա չափազանց երկար է պաշտոնավարում։

Այս պահին Թրամփը ակնարկեր է անում Զելենսկուն, բայց նրա նախադեպը վիրուսային կլինի ուրիշների համար։

Գյումրիում փախստականների համայնքային խորհրդի անդամները մասնակցեցին իրավական դասընթացի

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում օրերս Գյումրիում անցկացվեց կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված մարդու իրավունքներին, փախստականների իրավունքներին և իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին։

Դասընթացը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, ՄԻՊ-ի գործունեության կառուցվածքը, թեժ գծի հեռախոսահամարները, ինչպես նաև դիմումների ու բողոքների ներկայացման ընթացակարգերը։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող իրավական խնդիրներն ու հարցերը՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն։ Բացի այդ, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2024 թ․ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են փախստականների համար հասանելի ծառայությունները, ծրագրերը և իրավական աջակցության հնարավորությունները։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ համագործակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպությունների։ Նախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը սեփական իրավունքների վերաբերյալ և ապահովելով տեղեկատվության հասանելիությունը նախատեսված ծառայությունների ու հնարավորությունների շուրջ։

Մարիամ Սարգսյան

Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է. Մայր Աթոռ

Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռը։

Այօր Գյումրիում տեղի ունեցած ամոթալի պատարագից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին»:

Ավելի վաղ Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովով ընտրված Ամենայն հայոց հայրապետին: Ընդգծվում է՝ վեհափառ հայրապետի անվան հիշատակումը Սուրբ պատարագների ընթացքում նույն ժողովի իրավական պահանջն է:

«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին։,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ժողովը դիմում է վեհափառին՝ խնդրելով Ազգային եկեղեցական ժողով հրավիրել՝ քննելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

Համասը հայտարարել է զենքը վայր դնելու իր պատրաստակամությունը՝ մի շարք պայմաններով

DW. Պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, համաձայնել է զենքը վայր դնել մի շարք պայմաններով, այդ թվում՝ իսրայելական զորքերի լիակատար դուրսբերմամբ Գազայի հատվածից: AFP-ն կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, մեջբերել է շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայյային:

«Մեր զենքի առկայությունը բացատրվում է օկուպացիայով և ագրեսիայով: Եթե օկուպացիան ավարտվի, այդ զենքը կփոխանցվի պետական ​​​​վերահսկողությանը», – պնդել է ալ-Հայյան:

Համասի գրասենյակը AFP-ի հարցմանը ի պատասխան պարզաբանել է, որ շարժման առաջնորդը պնդում է ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծման վրա, որին Համասը կարող է փոխանցել իր զենքը, եթե իսրայելական զորքերը դուրս գան:

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ակնկալում է, որ Գազայում հրադադարի երկրորդ փուլը «շուտով» կսկսվի։

«Մենք շուտով կավարտենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը». «մենք գրեթե ավարտին ենք հասել», – ընդգծել է Նեթանյահուն։ Նա ասել է, որ դեկտեմբերի վերջին շատ կարևոր քննարկումներ է նախատեսել «երկրորդ փուլի իրականացումն ապահովելու» վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն մերժել է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը։ «Մենք կարծում ենք, որ կա արաբական պետությունների հետ ավելի լայն խաղաղության ճանապարհ, ինչպես նաև մեր պաղեստինցի հարևանների հետ կայուն խաղաղության ճանապարհ։ Սակայն մենք մեր շեմին պետություն չենք ստեղծի, որը նպատակադրված կլինի մեր ոչնչացմանը», – նշել է նա։

Համասի զինաթափումը խաղաղ կարգավորման նախապայման է, ընդգծել է Իսրայելի վարչապետը՝ քննարկելով հաջորդ քայլերը։ Հրադադարի ծրագրի երկրորդ փուլը, ըստ Նեթանյահուի, ավելի դժվար կլինի, քան առաջինը։

Իսրայելի վարչապետը նաև հիշեցրել է, որ մեկ պատանդի մարմինը մնում է Գազայի հատվածում։

Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը

Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը՝ որպես հիշողության և համերաշխության խորհրդանիշ։

Գործողությունը նպատակ ունի ընդգծել, որ Արցախի թեման մնում է հասարակության ուշադրության կենտրոնում, և ոչ մի քաղաքական վերաբերմունք կամ մերժում չի կարող ստվերել անցածը կամ կտրել կապը նրա ճակատագրից։

Մասնակիցները ընդգծում են՝ կարևոր է չլռել և չթողնել, որ պատմական իրողությունները ենթարկվեն մոռացության կամ վերարժևորումների։

Տեսանյութը տարածվել է «Yerevan Community» Telegram ալիքից։

Մարիամ Սարգսյան

https://www.facebook.com/share/r/1APWjTiymh/