2022 թվականի օգոստոսի 23-ն էր։ Օգոստոսի 25-ին Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնվեին Ադրբեջանին։ Բոլոր լրագրողներն ու սրտացավ մարդիկ 2 օր առաջ հասցրել էին տեղում պատրաստել ռեպորտաժներ և անել վերջին լուսանկարները, քանի բնակավայրերի մուտքը դեռ բաց էր։
Ճանապարհին էինք և մտածում էինք, թե ինչպես պետք է համոզենք խաղաղապահներին թույլ տան մտնել բնակավայրեր և լուսանկարել։
Տեղ հասնելուն պես ականատես եղանք բացառիկ տեսարանի։ Կարծես թե ամբողջ Բերձորը հավաքվել էր քաղաքի կենտրոնական մասում, իսկ դեպի քաղաք ներս տանող բոլոր ճանապարհները փակ էին խաղաղապահների զրահամեքենաներով։
Վերջիններիս հետ կարճ բանակցություններից հետո թույլտվություն ստացանք ներս մտնել քաղաք, բայց այն պայմանով, որ չենք լուսանկարի։ Պայմանի հետ համաձայնվեցինք, բայց, իհարկե, չկատարեցինք։
Առաջին իսկ մետրերից տպավորություն էր, որ տասնամյակներ այստեղ մարդիկ չի ապրել։ Շենքերն ու տները այրված էին և դատարկված մինչև վերջին մեխը։ Մարդիկ նույնիսկ դռներն էին պոկել, որպեսզի թշնամուն ոչինչ չմնա, իսկ ինչ վերցնել կամ ավերել չեն կարողացել, թափել էին փողոցնելում և բակերում։
Քաղաքը լի էր ընտանի կենդանիներով, իսկ որոշ տների կողքին ափսեներում կենդանիների համար մարդիկ կեր էին թողել։ Ամեն մի քայլը գաղտնի նկարելով հասանք մինչև Բերձորի քաղաքային գրադարան, հանեցինք ցուցանակը և քայլեցինք դեպի մեքենան։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: