Վանդակում քո միակ կռվանը մնում է ներքին ազատությունը, արժանապատվությունը

  • 21:28 30.05.2026

Ազատությունը վերացական հասկացություն չէ, և այն երբեք անվճար չի տրվում։ Դրա իրական, արյունոտ գինը հասկանում ես միայն այն ժամանակ, երբ փորձում են խլել քեզանից ապրելու, արտահայտվելու և սեփական ձայնն ունենալու իրավունքը։

Մենք՝ արցախցիներս, երևի թե ամենախորն ենք զգում ու գիտակցում «ազատություն» բառի կշիռը, քանի որ այնչափել ենք ոչ թե լոզունգներով, այլ կյանքերով։

2022-2023 թվականների տոտալ շրջափակման ինն ամիսները դարձան մարդկային դիմադրության ամենածանր քննությունը, որտեղ ամենամեծ մարտահրավերը վախի հաղթահարումն էր։ Դա մի իրականություն էր, որտեղ տոտալ անորոշության ու վախի մթնոլորտը նյութականացվում էր ամեն օր. երբ հիվանդանոցներում տարրական դեղորայքի, հակաբիոտիկների ու ցավազրկողների բացակայության պատճառով մարդիկ մահանում էին բուժելի հիվանդություններից, երբ շրջափակված հայրենիքում մայրերը սովի ու թերսնման պատճառով կորցնում էին իրենց չծնված երեխաներին, իսկ տարեցները հալվում էին հացի հերթերում։

Ով անցել է այդ դժոխքի միջով, գիտի՝ երբ քեզ փորձում են պարփակել վախերի ու պատնեշների վանդակում, քո միակ անխորտակելի կռվանը մնում է ներքին ազատությունը, արժանապատվությունն ու սեփական ճշմարտությունը բարձրաձայնելու կամքը։

Վախը կաթվածահար է անում թույլերին, բայց ուժեղներին դրդում է դեպի բացարձակ անկեղծություն։ Հենց այս պատմական ու հոգեբանական համատեքստում է պետք դիտարկել այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի իրավական դաշտում։

Խոսքի ազատությունն ու իշխանությանը սուր, անհարմար հարցադրումներ ուղղելու իրավունքը ցանկացած գիտակից հասարակության գոյության հիմքն են։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի վերջին ահազանգը հանրային գործիչ, արցախցի Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա հայտարարած հացադուլի վերաբերյալ սթափեցնող հայելի է բոլորիս համար։

Արթուր Օսիպյանին միանգամից երեք հոդվածներով (խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտում և բռնության հրապարակային կոչեր) ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելը և բանտախցում հայտնվելը միայն այն պատճառով, որ նա վարչապետին սուր հարցեր է ուղղել Արցախի ու թալանի մասին, խոսում է համակարգային վախերի մասին։

Բռնաճնշումները միշտ ծնվում են վախից։ Երբ պատասխաններ տալու և բաց երկխոսության գնալու փոխարեն գործի է դրվում պետական ապարատի բռնաճնշումների մեքենան, իսկ իրավական հիմնավորումները փոխարինվում են «թքած-կպցրած» մեղադրանքներով, դա նշանակում է, որ համակարգը պարզապես վախենում է ճշմարտությունից և անկեղծությունից։

Ցանկացած տեսակի պատնեշների ու բլոկների հետևում միշտ թաքնված է թուլությունն ու սեփական խոցելիությունը թաքցնելու փորձը։ Ինչպես իրավացիորեն նշում է իրավապաշտպանը, Արթուրը պետք է դուրս գա հացադուլից. նրա սկզբունքայնությունն ու տեսակը չափազանց թանկ են, որպեսզի դրանք մաշվեն բանտում՝ հանուն անարժեք ներողությունների։

Բայց հանրությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը։ Չի կարելի թույլ տալ, որ վախը կառավարի մեր որոշումները, իսկ սեփական իրավունքների պաշտպանությունը դիտարկվի որպես հանցագործություն։ Գիտակից հանրային շերտը պետք է մերժի այս տոտալ անօրինականությունը։

Ազատ խոսքի համար չպետք է պատժել, իսկ արդարությունը չպետք է զոհաբերվի ներքին վախերին ու քաղաքական նպատակահարմարությանը։ Ամեն ինչ շատ լավ է լինելու միայն այն ժամանակ, երբ մենք՝ որպես հասարակություն և որպես անհատներ, սովորենք բաց ճակատով դիմակայել սեփական վախերին, տեր կանգնել յուրաքանչյուրիս ազատ արտահայտվելու իրավունքին և թույլ չտալ, որ պատնեշներն ու անօրինականությունը դառնան կյանքի նոր նորմա։

Արսեն Աղաջանյան