Քոչիզի մոռացված մելիքությունն ու Մելիք Փաշայանները

  • 12:53 04.02.2024

,,Թվ․ ՌՀ․ Դավիթ եպիսկոպոս․ յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց,, այս արձանագրությունը Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը ընթերցել է Մելիք Փաշայանների մատուռ դամբարանի ճակատակալ քարին։

Տողի Մելիք Եգանի հայտնի արձանագրության մեջ Արցախում հիշատակվում է ոչ թե 5 այլ 6 մելիքություն։ Ո՞րն է 6-րդը։ Քոչիզի մելիքությունը` մելիք Փաշայանների իշխող տոհմով։

Պատմական Քոչիզը գտնվում է այժմյան Ծովատեղ և Խերխան գյուղերից ներքև ընկած բլրալանջի վրա, որտեղ պահպանվել են տնատեղեր փոսորակների տեսքով, գերեզմանաքարեր և եկեղեցու ավերակներ։ Ծովատեղ գյուղում պահպանված կիսավեր եկեղեցին հանդիսանում էր այդ Քոչիզի մելիքների տոհմական դամբարանատունը։

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի` դամբարանատունը բաղկացած էր երեք իրար կից ստորգետնյա մատուռ-դամբարաններից։ Դամբարաններն իրար հետ հաղորդակցվում էին միջնադռներով։ Մակար եպիսկոպոսն իր աշխատության մեջ ներկայացնում է որոշ արձանագրություններ, որոնք նա ընթերցել է սարսափելի մութ ու խոնավ պայմաններում։

Արձանագրություններում հիշատակվում է մելիք Պապի, մելիք Փաշիկի անունները։ Հիշյալ տապանատունը գտնվում է Ծովատեղում մինչ օրս միայն խորանի տեսքով կանգուն Կարմիր եկեղեցու տարածքում։

Հիմք ընդունելով Մակար Բարխուդարյանցի սույն տեղեկությունը, 2022 թվականի ամռանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության “Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն” ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Վարդգես Սաֆարյանի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են իրականացվել վերոնշյալ հուշարձանի տարածքում, նպատակ ունենալով գտնել մելիք Փաշայաններին պատկանող դամբարանը, դարձնել դիտարկելի և նոր լույս հաղորդել մոռացված այդ մելիքության ու մելիքական տոհմի պատմությանը։

Ըստ արձանագրության՝ Կարմիր եկեղեցին կառուցվել է 1621 թ.: Մինչդեռ պեղումների արդյունքում բացված արևելյան, հյուսիսային ու հարավային պատերին ագուցված էին ավելի վաղ շրջանի խաչքարեր ու տապանաքարեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է հին գերեզմանատան տեղում, իսկ գերեզմանային կոթողները ծառայել են որպես շինանյութ, ինչպես սովորաբար հանդիպում ենք։ Խորանի հարավային ու հյուսիսային կողմերում պահպանվել են խաչքարեր 1576 և 1586 թթ թվագրվող արձանագրություններով: Կարմիր եկեղեցին ունի երկու ավանդատներ, որոնք տարբերվում են սովորական ավանդատներից իրենց փոքր չափերով և հավանաբար նախատեսված էին ճգնավորի համար։ Եկեղեցու մուտքը հարավային կողմից էր։

Ինչքան էլ որ գյուղի բնակիչ տիկին Լյուսյան իր պապի (ծնված 1887 թ․) պատմածով պնդում էր, որ աջ կողմից աստիճաններ կային, որով իջնում էին ստորգետնյա դամբարան, այդուհանդերձ աջ մասում պեղումների արդյունքում հայտնաբերվեցին ոչ թե աստիճաններ, այլ թաղում։

Ստորգետնյա դամբարանի մասին հիշողություններ էր պատմում նաև ծովատեղցի, արդեն երջանկահիշատակ Իշխան Աբրահամյանը, ում կարծիքով ստորգետնյա մասի մուտքը պետք է լիներ եկեղեցու հյուսիս-արևելյան կողմից։ Նա հուզմունքով պատմում էր իր հոր հիշողությունները, թե ինչպես են կոմունիստները ավերել եկեղեցին, խաչքարերը ջարդել և օգտագործել գյուղի ակումբի, տարբեր շինությունների՝ այդ թվում Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցի շինարարության համար։

Իշխան պապը վերջում հանդիմանեց, որ մենք որպես ժողովուրդ և՛ չենք սիրում մեր պատմությունը, և՛ դասեր չենք առնում։ Գյուղացիներից մեկն էլ պատմեց իր պապի հիշողությունները, համաձայն որի ստորգետնյա մատուռները խաչաձև էին, գեղեցիկ խաչքարերով, և ավերվել են խորհրդային տարիներին։

Թերևս ամենահավանական տարբերակը սա էր, որովհետև Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի նկարագրած խաչքարային գերեզմանակոթողներից ու արձանագրություններից թերևս միայն խորանի կողմերին կանգուն մնացած խաչքարերն էին։ Պեղումների ընթացքում շինփլատակներից ազատվել է եկեղեցու խորանն ու դահլիճը, որից հետո հուշարձանը չափագրվել է ճարտարապետներ Մանվել Սարգսյանի և Ռուզաննա Խարազյանի կողմից։

Իսկ ի՞նչ եղավ Քոչիզի մելիքությունը․ Վարանդա գավառում տեղի ունեցած իշխանափոխության մասին Լեոն գրում է “Այս տոհմը ետ մղվեց Մելիք Շահնազարյաններից, որոնք իրենց ձեռքն առան ամբողջ Վարանդան”։ Մեկ այլ հիշատակության մեջ նշվում է, որ Քոչիզի վերջին Մելիք-Մուզաֆֆարը չկարողանալով դիմակայել առավել հզոր այս տոհմին, հրաժարվել է մելիքության պաշտոնը վարելուց հօգուտ Մելիք Բաղու։ Այս դիմակայության մասին հստակ տեղեկություններ չկան, բայց սերնդեսերունդ մնացել է ծովատեղցիների ատելությունը Մելիք Շահնազարյանների հանդեպ։ Ըստ բանահյուսության՝ Մելիք Շահնազարը դավադրաբար, Մելիք Փաշիկի երաժիշտի միջոցով, մելիքը աղբյուրից ջուր խմելուց սպանել է ու տիրացել մելիքությանը։ Սա իհարկե չի հաստատվում պատմագիտության կողմից, բայց փաստն ինքը ենթակա է ուսումնասիրության։

Այժմ էլ գյուղի գերեզմանոցում հանդիպում ենք Փաշայան տոհմին պատկանող տապանաքարերի։

Step1.am

f