Մոսկվան ԵԱՀԿ-ին մեղադրել է Ալիեւի ընտրությունների հանդեպ անարդար վերաբերմունքի համար

  • 11:17 10.02.2024

ԵԱՀԿ դիտորդները գնահատականով Ադրբեջանում նախօրեին անցած վաղաժամ նախագահական ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են սահմանափակող միջավայրում ու լուրջ ընտրական թերություններով: Լրատվամիջոցների համար ևս առկա էին սահմանափակումներ:

ԵԱՀԿ-ի կայքն անդրադարձել է ընտրություններին՝ մեջբերելով դիտորդների գնահատականներն, ուր մասնավորապես ասված է. «Սա առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվեցին Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքում, մի խնդիր, որը գերիշխում էր քարոզարշավում և արձագանքում էր հանրային տրամադրություններում: Թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ էր, այն չուներ իրական բազմակարծություն, և քննադատական ձայները շարունակ ճնշվում էին: Միավորման և արտահայտվելու ազատությունների երկարատև սահմանափակումները ամրապնդվեցին վերջին օրենսդրական փոփոխություններով և հանգեցրին միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրությանը, ասված է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանը, հենվելով «Թուրան» գործակալության տեղեկության վրա, ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի արձագանքն Ադրբեջանում կայացած ընտրություններին, ուր ասված է. «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, առանց իրական մրցակցության»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, առաջ անցնելով Բաքվի իր գործընկերներից, քննադատել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ «Ես ուղղակի ապշած և ցնցված էի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) արձագանքից, նրանք պաշտոնական հայտարարություն են տարածել  Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք մի կողմից ընդունում են, որ ընտրությունները կազմակերպված են արդյունավետ, մյուս կողմից ասում են, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները բավարար նախանձախնդրություն չեն ցուցաբերել՝ ցույց տալու, որ ունեն իրենց օրակարգը։ Այսինքն՝ դարձյալ ընտրությունները չեն, որ ձեզ դուր չեն գալիս, այլ ընտրությունների արդյունքը։ Դա է խնդիրը»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չի լսել պետության համար չափազանց կարևոր պահին հասարակության կոնսոլիդացման մասին, ինչը նշանակում է, որ նրանք պատկերացում չեն ունեցել՝ ինչպես դիտարկել ընտրությունները։