
Գնացի «Տուն էքսպո» ու ամբողջ ծավալով գիտակցեցի, թե որքան վնաս է հասցրել կառավարությունը տեղահանված անձանց՝ իր անհեռատես, անհարմար ու կյանքը հնարավորինս դժվարացնող որոշումներով։ Այնպիսի տպավորություն է, որ հատուկ նստել, քննարկել են՝ ինչպես մաքսիմալ բարդացնել այս մարդկանց կյանքը, ու ամեն մեկն առաջարկել է մի անհեթեթ միտք, որի զոհն ենք դարձել հազարավորներս։
Նախ՝ բոլորին քաղաքացիությունից զրկեցին ու «ժամանակավոր պաշտպանություն» տրամադրեցին իրենց ներքաղաքական նպատակների համար՝ դրանով իսկ մարդկանց դնելով անորոշ իրավական կարգավիճակի տակ, որից դուրս գալը ահռելի ջանք ու ժամանակ է պահանջում։ Իրենք իրենց ձեռքով մարդկանց փախստական դարձրին, բայց հետո հիշեցին՝ «բա բանակ ո՞վ պիտի գնա», ու որոշեցին ստիպել, որ բոլորն ընդունեն քաղաքացիություն ու գնան ծառայելու։
Այդպես էլ առաջացավ բնակարանային ապահովման ծրագրում ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պայմանը։ Սա խլեց ու շարունակում է խլել թանկարժեք ժամանակ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ արդեն չեն կարողանում օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից։ Քաղաքացիության քաշքշուկը չափազանց երկար է տևում՝ փաստաթղթերի վերականգնումից մինչև հայտի ներկայացում, քննություն ու 6 ամիս սպասում։ Արդյունքում կգա 2027-ի հունվարը, ժամկետը կանցնի, ու մարդիկ այլևս չեն կարողանա օգտվել եկամտահարկի վերադարձից։
Ավելին՝ մարդը չի կարող հիմա իր հաշվին վարկ ձևակերպել, օգտվել եկամտահարկի վերադարձից, իսկ սերտիֆիկատը ստանալուց հետո այն ուղղել վարկի մարմանը. այդ պարզ հնարավորությունն էլ չկա։ Սերտիֆիկատի գումարը կարող է ուղղվել գործող վարկի մարմանը միայն այն դեպքում, եթե վարկը ձևակերպվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ եք այս ամսաթվով սահմանափակել, պատասխանում են՝ «դե թող դրանից հետո սերտիֆիկատը վերցնեն, հետո գնեն»։ Ու արի բացատրիր այս մարդկանց, որ հենց իրենց դրած քաղաքացիության պայմանն է, որ թույլ չի տալիս հիմա վերցնել սերտիֆիկատը։ Տարիներ է տևում այդ գործընթացը, մինչև ընտանիքի բոլոր անդամները լուծեն փաստաթղթերի հետ կապված հարցերը, ստանան քաղաքացիություն ու նոր դիմեն սերտիֆիկատի համար, իսկ այդ ընթացքում եկամտահարկի վերադարձի օրենքի ժամկետն ուղղակի լրանում է։