Պուտինը գալիս է Հայաստա՞ն. Փաշինյանը երաշխավորեց, որ չի խզելու կապերը Ռուսաստանի հետ

  • 14:43 12.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից ՝ կապված Միջազգային քրեական դատարանին միանալու հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի միացումը միջազգային այս կանոնադրությանը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորհուրդների կարիքը չունի Հայաստան գալու հարցում՝ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով:

Միաժամանակ նա կես ժամ փորձել է գնդակով կատու խաղալ՝ վստահեցնելով, որ Հայաստանում ընդամենը վարձու մենեջեր է և ուժային կառույցների վրա ազդեցություն չունի։ Այսինքն՝ նա անձամբ չի կարող երաշխիքներ տալ, որ Պուտինին Հայաստանում չեն ձերբակալի։ Եւ նույն պահին Փաշինյանը խորամանկորեն ակնարկում է, որ «շատ իրավաբաններ կան, որոնք ասում են, որ ներկայիս պետությունների ղեկավարներն ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն՝ պայմանավորված իրենց կարգավիճակով»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը «վավերացրել է Հռոմի ստատուտը, այդ թվում՝ վերլուծելով 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները և արձանագրելով, որ մեր անվտանգության համակարգում որոշակի ճեղքեր են հայտնվել»։

Այս մշուշոտ ձեւակերպումը պետք է ասի, որ Հռոմի կարգավիճակն ուղղված չէ Պուտինի դեմ, թեեւ Երեւանը չի պատրաստվում նաեւ Ալիեւի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան։ Թե որ «անվտանգության ճեղքերն» է ծածկելու Հռոմի կանոնադրությունը, մնում է խորը առեղծված:

Միևնույն ժամանակ, հարցազրույցի ընթացքում Փաշինյանը «մինչև աքլորի կանչը» երեք անգամ ուրացել է Ռուսաստանի հետ առճակատումը՝ , դրանով իսկ հաստատելով, որ իր քաղաքականությունը ուղղված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, ինչպես պնդում են նրա արևմտամետ փիարշիկները։ Եվ բոլոր «հակառուսական» շոուները միտված են միայն դրան, որ Արևմուտքը Փաշինյանին վերջնականապես «բան» չանի և դրամաշնորհրերի «ծորակը» չփակի։

Հետաքրքիր է՝ Պեսկովի հայտարարությանը կհետևի՞ Փաշինյանի նույնքան անորոշ հայտարարությունը, թե՞ նա ամուր երաշխիքներ կտա, որ Հայաստանը պատրաստ է Պուտինի այցին։

Նաիրա Հայրումյան