Օտարերկրյա պետությունները պատրաստ են գումար հատկացնել արցախցիներին օգնելու, այդ թվում՝ վաուչերների համար, իսկ Փաշինյանն ասում է, որ արցախցիների բնակարանային հարցերը կարող են լուծվել միայն ՀՀ քաղաքացիների հետ հավասար պայմաններում։
«Փաստ» թերթը հայտնում է, որ նախորդ տարվա նոյեմբերից ՀՀ կառավարությունը տարբեր խողովակներով հասկացրել է, որ Արցախի յուրաքանչյուր բնակչի համար հատկացվելու է 6 միլիոն դրամ՝ որպես կորցրած բնակարանի փոխհատուցում։ Հետո, ինչպես գրում է թերթը, այս գումարը հասցվել է 5 միլիոնի, իսկ հիմա արդեն խոսում են 2,5-3 միլիոնի մասին։ Ըստ թերթի, պետական պաշտոնյաները հանդիպում են արցախյան տարբեր ՀԿ-ների հետ ու «նրբորեն» հայտնում այդ մասին։
Հիշեցնենք, որ վերջերս, խոսելով սահմանամերձ շրջաններում տան կառուցման համար սերտիֆիկատներ տրամադրման նախագծի շարունակության մասին, Փաշինյանն ասաց, որ արցախցիներին այդ սերտիֆիկատները պետք է տրվեն նույն հիմքով, ինչ ՀՀ մյուս քաղաքացիներին, «հասարակության մեջ էսկալացիա չառաջացնելու համար»:
Step1.am-ի հետ զրույցում արցախցի փաստաբան Գագիկ Թադևոսյանը տարակուսանք հայտնեց, որ իրենց տներն ու ողջ ունեցվածքը կորցրած արցախցիներին վկայական տալը կարող է հասարակության մեջ «էսկալացիա» առաջացնել։ Ամեն ինչ շատ պարզ է՝ հայ քաղաքական դասի ապաշնորհ քաղաքականության արդյունքում է եղել Արցախի օկուպացիան և տեղահանությունը։ Եւ նրանք պետք է պատասխանատվություն կրեն։
Բայց դա այդպես չէ։ Փաշինյանի մասնակցությամբ արցախցիների բնակարանային հարցով առաջին խորհրդակցությունը անարդյունք է ավարտվել։ Հիշեցնենք՝ Փաշինյանը նշել էր, որ ընդհանուր եզրակացության չեն եկել, և հանձնարարական է տրվել վերջնական տեսքի բերել արցախցիների բնակարանային խնդիրների լուծման ընթացակարգը։
Միաժամանակ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում գումար հատկացնել արցախցիների խնդիրները լուծելու համար։ Բառացիորեն օրերս Եվրամիությունը հայտարարեց հավելյալ 4 միլիոն եվրոյի մասին, որը պետք է հատկացվի «վաուչերներին»։ Իհարկե, դա շատ քիչ է, ոչ ոք ամբողջությամբ չի վճարի բոլոր միջոցները, բայց օգնելու պատրաստակամությունը նույնպես շատ բան է նշանակում։
Արցախցիները, իհարկե, կցանկանային վերադառնալ իրենց երկիր՝ հայկական կամ միջազգային իրավասության ներքո, ապրել իրենց տներում։ Բայց հիմա, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, դա իրատեսական չէ։ Մարտին կավարտվի արցախցիներին 40+10 հազար դրամ տրամադրելու ծրագիրը, որն առ այսօր օգնում է շատերին վճարել բնակարանների ծախսերը։ Հետո կսկսվի անորոշությունը, և ինչ-որ կերպ բնակարանային խնդիրը պետք է լուծվի։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով ներկայիս օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի հետ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում, ասում է, որ Արցախի հարցերը միջազգային ասպարեզում չեն կարող լուծվել առանց Հայաստանի կառավարության։
Հիմա, եթե հավատաք «Փաստ» թերթին, պարզվում է, որ միջազգային կազմակերպություններն ու երկրները պատրաստ են որոշակի միջոցներ տրամադրել արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար, իսկ Փաշինյանը պահանջ է ներկայացնում՝ միայն ՀՀ մյուս քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով։ Այսինքն՝ ոչ մի կերպ։ Միջազգային կազմակերպությունները հո չեն կարող միջոցներ տրամադրել Հայաստանի բոլոր 3 միլիոն բնակիչներին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: