Հայաստանի նկատմամբ ուկրաինացի քարոզիչների փարիսեցիական վերաբերմունքը նրանց հետ դաժան կատակ է խաղալու

  • 13:59 23.02.2024

Ռուսական լիբերալ ​​լրատվամիջոցները ուրախությամբ տարածում են Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում»։ ՀԱՊԿ-ի պատասխան պարզաբանումները, թե Հայաստանից անդամակցության կասեցման վերաբերյալ հայտարարություններ չեն ստացվել, ոչ ոք չի նկատել։

Իր հերթին, ուկրաինական մամուլն ամեն ինչ ներկայացնում է յուրովի՝ փարիսեցիական ձևով։ Ուկրաինական ամենաընթերցվող ռեսուրսներից մեկը «հաղորդում է», որ «Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ իր երկրում ռուսական ռազմական ներկայությունը շուտով կվերացվի։ Նա նշել է, որ Գյումրիում ռուսական զինված ուժերի բազայի «պահպանումն» այլևս «օրակարգում» չէ։ Թեև Փաշինյանը ճիշտ հակառակն է ասել՝ France-Presse-ին տված հարցազրույցում, ինչպես միշտ, նա հրաժարվել է քննարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագան՝ ասելով, որ այդ հարցը ՀԱՊԿ-ի հետ չի առնչվում և օրակարգային չէ։ «Իրականում սա այլ համաձայնագիր է, սա այլ համաձայնագրի առարկա է, և այս պահին մենք դրա մասին չենք խոսում»,- ասել է Փաշինյանը։

Մեկ այլ ուկրաինական ռեսուրս զուգահեռ մեջբերել է Փաշինյանի երկու հայտարարություններ՝ ՀԱՊԿ-ի և այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։

Ռուս հակապուտինիստների և ուկրաինական մամուլի վերաբերմունքը Հայաստանի և Փաշինյանի նկատմամբ կրկեսային էկվիլիբրիստիկա է հիշեցնում։ Կիևի քարոզիչները ակտիվորեն աջակցում են Փաշինյանին, երբ նա ակնարկում է Ռուսաստանի հետ խնդիրների մասին (չնայած Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը չի քննարկվում)։ Միևնույն ժամանակ, այս նույն քարոզիչները Հայաստանի հետ պատերազմում ակտիվորեն աջակցում են Ալիևին, իսկ Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախապատրաստելու մասին Փաշինյանի հայտարարությունն ընկալվում է «Ալիևի օրինական իրավունքների» համատեքստում։

Չտեսնելով կապը Հայաստանի, ներառյալ Արցախի հետ կատարվողի և Ուկրաինայի մասնատման միջև, ուկրաինացիները բուռն կերպով աջակցելով Փաշինյանի «խաղաղության օրակարգին», ճանաչում են ուժային լուծման գիշատիչ իրավունքները։ Նրանք չեն նկատում որ Ալիևի՝ հայկական հարցի և Նեթանյահուի՝ Պաղեստինի խնդրի ուժային լուծման իրավունքը ճանաչելուց հետո, աշխարհում ոչ ոք չի վիճարկի “ուժեղ” Ռուսաստանի իրավունքը Ուկրաինայի և այլ տարածքների նկատմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք չի վիճարկում Պուտինի իրավունքը՝ օրը ցերեկով սպանելու իր հակառակորդներին։

Ռուս հակապուտինիստների և ուկրաինացի քարոզիչների փարիսեցիությունը դաժան կատակ կխաղա նրանց հետ։

Նաիրա Հայրումյան