«Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում»

  • 15:00 28.02.2024

«Եթե մենք մտածում ենք, որ պետք է կայունություն ու խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, շատ կարեւոր կլինի սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից եւ երեկ նաեւ՝ արտգործնախարարի կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ Խանդանյանի՝ այս առաջարկին Ադրբեջանի արձագանքը նույնպես կարող է ցույց տալ, թե որոնք են Ադրբեջանի իսկական մտադրությունները։ «Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանը զինվում է իր սահմանները պաշտպանելու համար։ Եվ նման պայմանագրային շրջանակը, եթե դա տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, կարող է գործուն երաշխիք լինել, որպեսզի վստահ լինենք, որ երկրները սպառազինություն ձեռք են բերում պաշտպանվելու նպատակով»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Բաքուն հրաժարվել է սպառազինություններ վերահսկման վերաբերյալ հայկական կողմի առաջարկից, պարզ չէ՞, թե ինչ նպատակ ունեն, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Դա կրկին Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի մասին է խոսում։ Մենք շարունակելու ենք այս գաղափարը հնչեցնել, որովհետեւ Ադրբեջանն էլ իրենց ներքին կամ արտաքին խոսույթում անընդհատ մեր զինվելու մասին է մտահոգություններ ներկայացնում՝ ասելով, որ Հայաստանը շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Մեր առաջարկը հենց դրա մասին է, որ մենք անկեղծ ենք մեր դիրքորոշումներում։ Եթե դուք եւս անկեղծ եք, ապա պետք է համաձայնեք դրան»։