Այնուամենայնիվ՝ շնորհավոր Ուսուցիչների տոնը

Հոկտեմբերի 5-ը՝ Ուսուցչի համաշխարհային օրը, առիթ է խոսելու ոչ միայն մանկավարժի աշխատանքի կարևորության, այլև այն համակարգի խնդիրների մասին, որտեղ այսօր աշխատում են Հայաստանի ուսուցիչներն ու սովորում հարյուր հազարավոր երեխաներ։ Նոր չափորոշիչներ, կամավոր ատեստավորում, ուսուցիչների պակաս, գյուղական փոքր դպրոցների ապագա, վարչական ծանրաբեռնվածություն, բռնության և բուլինգի դեպքեր․ այս խնդիրներին ավելանում է նաև 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստանի կրթական համակարգում ինտեգրվող արցախցի ուսուցիչների և երեխաների հարցը։

Ինչպես Step1.am-ի հետ հարցազրույցում նշում է արցախցի ուսուցիչ Ապրես Պետրոսյանը, իր դեպքում մասնագիտական ինտեգրումը լուրջ խնդիրներ չի ստեղծել․ նա աշխատել է Հայաստանի երկու դպրոցներում և, իր խոսքով, խտրական վերաբերմունքի չի հանդիպել։ Սակայն նրա փորձը նաև ցույց է տալիս համակարգային այն խնդիրները, որոնց բախվում է ցանկացած ուսուցիչ Հայաստանում։

Պետրոսյանի գնահատմամբ՝ մշտական փոփոխությունները, նոր պահանջները, վերապատրաստումների ու փաստաթղթավորման մեծ ծավալը երբեմն ուսուցչին հեռացնում են իր հիմնական աշխատանքից՝ երեխային կրթելուց։ Էլեկտրոնային մատյանների տեխնիկական խնդիրները, դասապլանների լրացումը և նոր մեթոդական պահանջները նույնպես ավելացնում են վարչական ծանրաբեռնվածությունը։

Այս ֆոնին կարևոր է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2025 թվականի դրությամբ այն հաջողությամբ հաղթահարել է 9602 ուսուցիչ՝ ընդհանուր թվի մոտ 31 տոկոսը։ Միաժամանակ պետությունը շարունակում է բարձրացնել ատեստավորված ուսուցիչների վարձատրությունը։

Սակայն համակարգի մյուս կողմը կադրերի պակասն է։ Հատկապես գյուղերում դպրոցները շարունակում են ունենալ որոշ մասնագիտությունների ուսուցիչների կարիք։ Առաջին հայացքից սա կարող էր լուծում դառնալ Արցախից տեղահանված մանկավարժների համար, սակայն, ինչպես ցույց է տալիս նաև Պետրոսյանի փորձը, թափուր հաստիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ ուսուցիչը կարող է աշխատել իր բնակության վայրում։ Մասնագիտությունը, բնակավայրը, աշխատավարձը և դպրոց հասնելու հնարավորությունը հաճախ որոշիչ են։

2024 թվականին Հայաստանի դպրոցներում աշխատանքի էր անցել շուրջ 600 արցախցի ուսուցիչ։ Նախկինում նրանց համար գործում էր արտամրցութային աշխատանքի ընդունման և 30 տոկոս հավելավճարի մեխանիզմ, իսկ որոշ սահմանամերձ համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ լրավճար։ 2026 թվականի ապրիլի տվյալներով՝ հատուկ գործուղման ծրագրով արդեն 188 արցախցի ուսուցիչ աշխատում էր հանրակրթական դպրոցներում, ևս 12-ը հրաժարվել էր ծրագրից՝ հիմնականում բնակության վայրի փոփոխության անհրաժեշտության պատճառով։

Այս թվերը, սակայն, չեն պատասխանում մեկ կարևոր հարցի՝ քանի՞ արցախցի մանկավարժ է այսօր ընդհանրապես դուրս մնացել մասնագիտությունից։ Պաշտոնական միասնական վիճակագրություն այդ մասին հրապարակված չէ։ Step1.am-ի հետազոտությունը նույնպես ցույց է տալիս, որ որոշ ուսուցիչներ աշխատանք են գտել այլ տեղերում, փոխել են մասնագիտությունը կամ ընդհանրապես չեն վերադարձել դպրոց։ Հետևաբար միայն աշխատանքի ընդունվածների թիվը չի կարող ամբողջությամբ նկարագրել արցախցի ուսուցիչների վիճակը։

Նույն խնդիրը՝ այլ ձևով, երևում է աշակերտների դեպքում։ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի դպրոցներում սովորում էր Արցախից բռնի տեղահանված 16 371 երեխա։ Բացի դրանից, 991 սովորող ընդգրկված էր նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, իսկ 1645-ը՝ բուհերում։

Սակայն հետագա տարիներին դպրոցականների թիվը նվազել է։ Արցախի կրթական համակարգի տվյալներով՝ տեղահանումից առաջ Արցախում սովորում էր մոտ 21 հազար երեխա, իսկ 2025 թվականին Հայաստանում՝ մոտ 17 հազար։ Արտակ Բեգլարյանը այդ նվազումը կապել է ընտանիքների սոցիալական խնդիրների և Հայաստանից ընտանիքների հետագա հեռանալու հետ։

Այսինքն՝ պաշտոնական տվյալները հնարավորություն են տալիս տեսնել կրթությունը շարունակողների թիվը, բայց ամբողջական և պարբերաբար թարմացվող պետական վիճակագրություն չկա այն երեխաների վերաբերյալ, որոնք դպրոց չեն հաճախում, և հատկապես՝ ինչու։ Սա կարևոր բաց է, քանի որ կրթությունից դուրս մնալու պատճառները կարող են տարբեր լինել՝ սոցիալական վիճակ, բնակարանային խնդիրներ, ընտանիքի արտագաղթ, տեղափոխություններ կամ կրթական միջավայրին հարմարվելու դժվարություններ։

Առանձին խնդիր է արցախցի երեխաների նկատմամբ վերաբերմունքը։ Խտրականությունը համատարած երևույթ չէ, և շատ երեխաներ հաջողությամբ ինտեգրվել են հայկական դպրոցներին։ Սակայն հանրային հնչեղություն ստացած բուլինգի և խտրական վերաբերմունքի դեպքերը ցույց են տալիս, որ խնդիրը գոյություն ունի։ Ստեփանակերտ» մեդիա ակումբ ի հարցման շրջանակում հարցվածների 8 տոկոսը նշել է դասընկերների կողմից բուլինգ, իսկ 9 տոկոսը՝ ուսուցիչների կողմից խտրական վերաբերմունք։ Միևնույն ժամանակ 52 տոկոսը ինտեգրումը գնահատել է որպես ջերմ և աջակցող, իսկ 31 տոկոսը նշել է, որ սկզբնական դժվարությունները հետագայում հաղթահարվել են։ Սա ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտություն չէ, բայց խնդրի առկայության կարևոր ցուցիչ է։

Բարձրագույն կրթության փուլում խնդիրների բնույթը փոխվում է։ Այստեղ հիմնական խոչընդոտներից մեկը ֆինանսականն է։ 2025-2026 ուսումնական տարում պետության կողմից աջակցություն ստացող արցախցի ուսանողների թիվը բուհական մակարդակում հասել էր 2134-ի, իսկ քոլեջներում՝ 1133-ի։ 2026-2027 ուսումնական տարվա համար կառավարության ներկայացված ծրագրով նախատեսվում է փոխհատուցել նաև շուրջ 500 նոր ընդունված արցախցի առաջին կուրսեցիների ուսման վարձը՝ ընդհանուր 225 մլն դրամի շրջանակում։

Սակայն այստեղ ևս խնդիրը միայն ընդունվելը չէ։ Տեղահանված ընտանիքների սոցիալական վիճակի պայմաններում ուսման վարձը, բնակության և ճանապարհածախսի հարցերը կարող են ազդել կրթությունը շարունակելու հնարավորության վրա։ Հետևաբար բուհ ընդունվելու փաստը դեռևս չի նշանակում կրթության կայուն շարունակականություն։

Թմրամիջոցների խնդիրը նույնպես միայն իրավապահ համակարգի հարց չէ և հատկապես երիտասարդների շրջանում պահանջում է կանխարգելիչ աշխատանք։ Կառավարության հաստատած 2025-2027 թվականների ռազմավարությունն առանձին ուղղություն է նախատեսում անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման համար։ ՆԳ նախարարության տվյալներով՝ 2024 թվականին թմրամիջոցների հետ կապված արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 3639՝ 2023 թվականի 5070-ի դիմաց։ Միաժամանակ իրավապահների կողմից 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց։

Կրթական համակարգի մեկ այլ լուրջ հարց է փոքրաթիվ գյուղական դպրոցների ապագան։ Այստեղ նույնպես անհրաժեշտ է տարբերակել փակումը և վերակազմակերպումը։ Կառավարությունը հայտարարել է, որ 2026-2027 ուսումնական տարվանից ավելի քան 180 փոքրաթիվ դպրոցների աշակերտների կրթությունը նախատեսվում է կազմակերպել 100 ուսումնական հաստատություններում՝ կենտրոնացված եղանակով։ Առաջին փուլը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկել է 8 մարզերում և 30 կլաստերային դպրոցներում։

ԿԳՄՍ նախարարությունը միաժամանակ հերքել է տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում պետք է փակվեր 231 դպրոց՝ հայտարարելով, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Այսպիսով, Ուսուցչի օրը Հայաստանի կրթական համակարգի մասին խոսելիս դժվար է սահմանափակվել միայն ուսուցչի աշխատավարձով կամ նոր դպրոցների կառուցմամբ։ Համակարգի արդյունավետությունը չափվում է նաև նրանով, թե որքան կայուն է ուսուցչի աշխատանքը, որքան անվտանգ է դպրոցական միջավայրը, որքան հասանելի է կրթությունը գյուղական համայնքներում և արդյոք տեղահանված երեխան ու ուսուցիչը կարող են ոչ թե պարզապես հայտնվել նոր համակարգում, այլ իրականում դառնալ դրա լիարժեք մասը։

Արցախցի ուսուցիչների և աշակերտների փորձը այս առումով Հայաստանի կրթական համակարգի յուրահատուկ «թեստն» է։ Նրանց ինտեգրման պատմությունը ցույց է տալիս, որ աշխատանքով կամ դպրոցում տեղով ապահովելը միայն առաջին քայլն է։ Հաջորդ խնդիրը կրթության որակի, սոցիալական կայունության, հավասար վերաբերմունքի և մասնագիտական շարունակականության ապահովումն է՝ առանց նոր անորոշությունների ստեղծման այն մարդկանց համար, որոնք 2023 թվականին արդեն մեկ անգամ կորցրել են իրենց դպրոցը։

Արսեն Աղաջանյան