Արցախի Հանրապետության Լիսագոր գյուղի բնակիչները կվերադառնան միայն այն դեպքում, երբ Արցախի անկախ կարգավիճակը կապահովվի, Արցախում հայկական իշխանություն կլինի եւ կվերականգնվեն 2020 թվականի պատերազմից առաջ եղած սահմանները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ այսօրվա պայմաններում իրենք բացառում են վերադարձը։ «Իմ նշած պայմաններից բացի ուրիշ ոչ մի պայման մեզ համար ընդունելի չէ»,- նշեց նա։
Լիսագորից բռնի տեղահանված անձինք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Գագիկ Նասիբյանն ասաց, որ կապ է պահում գյուղացիների հետ։ «Ում որտեղ հարմար է, տեղավորվել են։ Ես իմ աշխատանքային լիազորությունները հիմա չեմ իրականացնում, ուղղակի հեռախոսով կապի մեջ եմ գյուղացիների հետ։ Իրարից հարցնում ենք, տեղեկանում, թե ինչ խնդիր կա, ես բոլորի հետ կապը պահում եմ»,- ասաց նա։
Գագիկ Նասիբյանն ասաց, որ պատերազմից հետո ռուս խաղաղապահները չապահովեցին արցախցիների անվտանգությունը։ Իսկ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի հարձակման ու դրան նախորդած օրերին, ըստ համայնքի ղեկավարի, ռուսների կողմից ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել Լիսագորի բնակիչներին։ «Մեզ ասել էին՝ պետք է դուրս գաք գյուղից, մենք էլ ասել ենք՝ երբ պահը հասնի նրան, որ պետք լինի դուրս գանք, այդ ժամանակ էլ դուրս կգանք։ Եվ երբ արդեն ընդհանուր հոսքը եղավ, համայնքի բնակիչները մեկ մարդու նման միասին դուրս եկան։ Այդ օրը մեր գյուղում ռուսներ կային, բայց իրենց գործերով էին։ Գյուղացիներն իրենց անձնական իրերն ու փաստաթղթերը վերցրել են, նստել են իրենց մեքենաներն ու դուրս եկալ։ Մեր գյուղացիները զենք էլ չունեին, որ հանձնեին»,- ասաց նա։
Արցախի կառավարության կողմից հանձնարարական չկա համայնքների ղեկավարներին, որպեսզի գույքագրեն արցախցիների կորցրած գույքը։ Լիսագորի գյուղապետն ասաց, որ իրենք եւս նման հանձնարարական չունեն։ «Բայց բոլորին էլ պարզ է, թե ինչ ենք կորցրել։ Այնպես չէ, որ ինչ-որ մեկը շատ բան է կորցրել, մյուսը՝ քիչ։ Բոլորս էլ մի բան ենք կորցրել, դա մեր հայրենիքին է, կորցրել ենք ամենաթանկը»,- նշեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: