Արցախցիները պարզ հարցեր են տալիս, պատասխանեք այդ հարցերին

  • 18:17 19.03.2024

«Տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Նախ, անթույլատրելի է հատկապես իշխող քաղաքական ուժի կողմից սոցիալական եւ հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Չի կարելի նման բան անել, սա այնտեղը չէ, որտեղ սեւեր-սպիտակներ կամ տարանջատումներ պիտի արվեն։ Ականջներիդ օղ արեք, չի կարելի, եւ սա իրական կարմիր գիծ է։ Շաբաթ-կիրակի օրերին այցելել էի Մարտունու եւ Արտաշատի տարածաշրջաններ, կոնկրետ մարդիկ պարզագույն հարցերն են բարձրացնում, տվեք այդ հարցերի պատասխանները։ Եվ տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս մարդկանց։ Չի կարելի՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներով են մարդիկ։ Օրինակ՝ պարզ բացատրեք այդ մարդկանց կարգավիճակի տարբերությունները՝ ՀՀ քաղաքացիության դեպքում ինչ իրավունքներ ունեն, ինչ իրավունք ունեն փախստականի կարգավիճակի դեպքում։

Մարդիկ հարցնում են՝ եթե, օրինակ, իրենք ՀՀ քաղաքացիություն վերցնեն այդ ընթացակարգերով, արդյոք կկորցնեն, թե՞ չեն կորցնի իրենց պահանջի հատուցման, փոխհատուցման իրավունքը, իրենց՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բացատրեք, բացատրեք այնքան, մինչեւ այդ մարդիկ պարզ կհասկանան, ոչ թե տարբեր մարմիններ տան տարբեր պարզաբանումներ՝ ամեն մեկն իր այսպես ասած նեղ անձնական շահերից կամ այլ թաքնված ցուցումներից բխող»։

«Հաջորդ խնդիրը, օրինակ, հենց Մարտունու Լիճք գյուղում բնակվող 9 հոգանոց ընտանիքի մայր էր եկել՝ արցունքն աչքերին, բնականաբար, այդ ընտանիքում 6 երեխա հաշմանդամություն ունեցող մեկ անձ, մնացածն էլ գործազուրկ։ Հիմա այս ընտանիքին որեւէ սոցիալական աջակցություն չի ցուցաբերում պետությունը, այդ մարդը ո՞նց ապրի։ Այդ պարագայում դուք ո՞նց եք հակադրում, ասում եք՝ աղքատ ընտանիքներ Հայաստանում էլ կան։ Բայց մարդիկ տուն ու տեղը կորցրած, հայրենիքը կորցրած բազմազավակ ընտանիքներ են։ Սրանք այն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու նաեւ Աստծո դատաստանը»,- նշեց Թադեւոս Ավետիսյանը։

f