Լուսանկարն արվել է 2020 թվականի նոյեմբերին, Քարվաճառում։ Ամուսիներ են. 44-օրյա պատերազմից հետո վերադառնում են տուն։ Մի քանի օրից Քարվաճառը կհանձնվի, բայց այն ժամանակ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկայնքով հատկացված ավտոբուսներով մարդիկ վերադառնում էին իրենց տները՝ իրենց Արցախ։
Իսկ Արցախում արդեն եռակողմ պայմանագիր և ռուս «խաղաղապահներ» էին։ Թվում էր, թե դա ապահով կյանքի երաշխիք էր։ Բայց աջորդ երեք տարվա ընթացքում ադրբեջանական կողմն անարգել իրականացրեց հայերի սպանություններ ու առևանգումներ, տարածքներ գրավեց, ժողովրդին ենթարկեց լիակատար շրջափակման և գործն ավարտեց պատերազմով ու բռնի տեղահանությամբ։
Ես չգիտեմ, թե ինչ եղավ այս ամուսնական զույգի հետ: Բայց եթե ողջ են, հավանաբար ենթարկվել են տեղահանության, զրկվել արժանապատիվ ծերությունից, ինչպես արցախցի եւս 20 հազար տարեցներ։
Հայաստանում կառավարության պայմանները թոշակառուների համար անհասանելի են՝ անկարողության պատճառով։ Կենսաթոշակների չվճարում վեց ամսվա ընթացքում, օրերով հերթեր անձնագրային գրասենյակներում, բնակարանների բացակայություն՝ ահռելի գների պատճառով, վերջին ամիսների ընթացքում կուտակված պարտքեր։
Արցախցի թոշակառու Մաքսիմը ստացել է 6 ամսվա թոշակը մարտի սկզբին` անձնագրային բաժանմունքներում երկամսյա սպասումներից ու հերթերից հետո։ Հավաքել է գրեթե 250 հազ․ դրամ։ Գումարի մեծ մասը թոշակառուն հատկացրել է այս ամիսների ընթացքում կուտակված պարտքերը մարելու համար։ Մնացած չնչին գումարը բաժանվել է հաջորդ օրերին՝ մինչեւ ապրիլյան թոշակը չմեռնելու համար։
Նա նշեց, որ Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագիր կենսաթոշակառուների ապահովության համար չկա։ «Ըստ ամենայնի, կառավարությունը մեզ համարում է ժամանակավոր խնդիր՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակում բոլորը կմահանան, իսկ տարեց մարդու խնդիրը կվերանա նրա հետ միասին։ Արցախցի իմ ծանոթներից շատերը ձմռանը մահացել են՝ չդիմանալով փորձություններին։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանում անհնար է թոշակով ապրել, եթե անօթևան ես»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: