«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց»․ Հաջիյան

  • 17:32 20.03.2024

«Միջազգային հանրությունն ի վերջո պետք է ուշքի գա, հասկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հայության հետ, Արցախի հայ ժողովրդի հետ, մի օր ուխտի պես իր դռանն է չոքելու»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջիյանը։

Նա նշեց, որ այս հանրահավաքում կոչ է անում հայ ժողովրդի նկատմամբ Արցախում ու Ադրբեջանի տարածքում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, որպես հանցագործություն՝ մարդկայնության դեմ։ «ՀՀ Ազգային ժողովը պետք է անպայման բանաձեւ ընդունի այդ կապակցությամբ, մասնավորապես, սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանության ու այն խոշտանգումների կապակցությամբ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախում, նամանավանդ ծայրամասային բնակավայրերում»։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ՝ դեռ 1980-ականներից սկսած, միջազգային իրավական հիմքով դա ոչ այլ ինչ է, քան, ցեղասպանություն»,- ասել է նա։

«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում մեզնից յուրաքանչյուրի համար, ոչ միայն այդ զոհերի հարազատների համար։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրան, քաջատեղյակ է Մոսկվան, որի վեց սպաները սպանվել են այն պատճառով, որովհետեւ նրանք ականատես են եղել այդ հանցագործություններին։ Ու արդյունքում ի՞նչ՝ Բաքուն ու Մոսկվան իրար հետ լեզու գտան։ Ալիեւը գումարներ փոխանցեց այդ նահատակների հարազատներին, եւ հարցը վերջնականապես փակվեց։ Ես գտնում եմ, որ մենք այդ հարցը պետք է անպայման բաձրացնենք։ Մենք պետք է միջազգային ատյանների դռները շարունակաբար բախենք եւ ասենք՝ ո՛չ ցեղասպանությանը աշխարհում»,- հայտարարեց նա։

Հաջիյանը նաեւ ասաց, որ արցախցիներն ապրում են մեկ վճռականությամբ․ «Մենք պետք է վերադառնանք Արցախ։ Մենք պետք է մեր ինքնորոշման իրավունքը վերականգնենք, Արցախում չպետք է Ադրբեջան լինի։ Արցախ՝ առանց Ադրբեջանի, ինքնորոշված Արցախ, սա է մեր նպատակը։ Մեզ պետք է, որ հայ ժողովուրդը մեզ աջակից լինի՝ Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք արքայական պայմանների չենք ձգտում այստեղ, ինչ էլ մեզ տրվի, այդ բոլորը մեզ համար ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ մենք մեր լավագույնը թողել ենք Արցախում»։

f