
Արցախից բռնի տեղահանվելուց գրեթե երեք տարի անց հազարավոր ընտանիքների համար բնակարան ունենալը դեռ երազանք է։ Պետական ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման հավաստագիր էր ստացել 6,444 ընտանիք։ Այդ ընտանիքներից ավելի քան 2,970-ն արդեն իրացրել է հավաստագիրը՝ տուն կամ բնակարան ձեռք բերելով, սակայն հավաստագրի շրջանակներում անգամ տուն ձեռք բերելը բավականին բարդ է։ Ընտանիքները բնակարանի կամ տան փնտրտուքի վրա ամիսներ են վատնում, քանի որ հիմնականում բնակարանների գները զգալիորեն գերազանցում են հավաստագրի գումարը։
Հավաստագրի իրացումը համեմատաբար հեշտ է բազմազավակ ընտանիքների համար, իսկ փոքր կազմով՝ մինչեւ 3 անձ, ընտանիքների համար հավաստագիրը բնակարանի 20-30 տոկոս գումարն է կազմում միայն։
Այս պայմաններում բնակարանային խնդրի լուծման գործում շարունակում են ներգրավված մնալ նաև բարեգործական կազմակերպությունները։
Նրանց մոտեցումները տարբեր են․ ոմանք գնում և վերանորոգում են պատրաստի տներ, մյուսները կառուցում են նորերը, իսկ որոշ ծրագրեր փորձում են բնակարանային ապահովումը կապել նաև ընտանիքի՝ տվյալ համայնքում երկարաժամկետ հաստատվելու հնարավորության հետ։
Այդպիսի ծրագրերից մեկը «Լորիկ» մարդասիրական հիմնադրամինն է։ Կազմակերպությունը, որը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո, արդեն տասնյակ արցախցի ընտանիքների է օգնել ունենալ սեփական տուն։
«Լորիկի» համար առանցքայինը զոհված ազատամարտիկների ընտանիքներն են։
Շանթ Չարճաֆճեանի համար ծրագիրը մեկնարկեց իր նահատակված ընկերոջ, Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ընտանքի համար բնակարան գնելով։ Մինչ կմեկնարկեր հավաստագրերի իրացումը, սա առաջին ծրագրերից մեկն էր, որ արժանապատիվ բնակարան էր նախատեսում նրանց համար, ովքեր այդ պահին եւ դեռ շատ երկար ուշքի չէին գա ծանր կորուստներից։
«Լորիկի»-ը բնակարաններ գնեց ՀՀ տարբեր մարզերում հաստատված արցախցիների համար։
Մեկ այլ օրինակ ձևավորվում է Տավուշում, որտեղ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ նախատեսվում է Արցախից տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցում։
Կազմակերպության համար առանցքային է հատկապես սահմանային Տավուշում արցախցիների հասատատումը։
Միլանա Գրիգորյանի ընտանիքի համար կազմակերպությունը եւ՛ բնակարան է գնել եւ նաեւ աջակցել նրանց փոքր բիզնես հիմնելու գործում։
«Հիմա Բերդ քաղաքում գիտեն արցախցիների հացը»,-ասում է Միլանան։
Այս ծրագրերի տրամաբանությունը ցույց է տալիս, որ որոշ բարեգործական նախաձեռնությունների համար տունը միայն տանիք չէ․ այն նաև ընտանիքին նոր համայնքում արմատավորելու միջոց է։
Նույն մոտեցումն է նկատվում «Տուն» սոցիալական, բարեգործական և զարգացման հիմնադրամի ծրագրում, թեև այստեղ շեշտը դրված է ոչ թե պատրաստի բնակարան գնելու, այլ ընտանիքին սեփական տուն կառուցելու հնարավորություն տալու վրա։
«Տուն» հիմնադրամը Արցախից տեղահանված ընտանիքների համար հողատարածքներ ձեռք բերելու և դրանք ընտանիքներին տրամադրելու ծրագիր է իրականացնում։ Մոդելի նպատակն այն է, որ ընտանիքը սեփական տունը կառուցի ոչ թե վարձակալած բնակարանում ժամանակավոր մնալու, այլ տվյալ համայնքում երկարաժամկետ հաստատվելու հեռանկարով։ Այս դեպքում աջակցությունը սահմանափակված չէ բնակարանի գնով․ ընտանիքը ստանում է հնարավորություն ստեղծելու սեփական տունը և միաժամանակ կապվելու համայնքի հետ։
Մեկ այլ մոդել է ընտրել Tufenkian Foundation-ը։ Կազմակերպությունը Սյունիքի Սվարանց բնակավայրում Արցախից տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տներ է կառուցում։ Ծրագիրը նախատեսում է 20 տուն, իսկ առաջին տները արդեն հանձնվել են ընտանիքներին։
Սվարանցի դեպքում նույնպես խոսքը միայն բնակարանային խնդիրը լուծելու մասին չէ։ Տեղահանված ընտանիքին տուն տրամադրելով՝ ծրագիրը փորձում է նրան կապել համայնքի հետ, որտեղ ընտանիքը պետք է ոչ միայն ապրի, այլև կարողանա երկարաժամկետ կյանք կառուցել։
Այսպիսի ծրագրերի կարևոր առանձնահատկությունն այն է, որ բարեգործական աջակցությունը տեղափոխվում է բնակարանի ձեռքբերման շուկայից դուրս․ ընտանիքը պարտադիր չէ, որ սեփական միջոցներով լրացնի բնակարանի շուկայական գնի և պետական հավաստագրի տարբերությունը։
Այսպիսով, պետական հավաստագիրը և բարեգործական բնակարանային ծրագրերը նույն խնդրին տարբեր ճանապարհներով են մոտենում։ Առաջինի դեպքում ընտանիքը պետք է կարողանա գտնել համապատասխան գույք և, շատ դեպքերում, հաղթահարել դրա և հավաստագրի գումարի միջև եղած տարբերությունը։ Երկրորդի դեպքում որոշ կազմակերպություններ փորձում են հենց իրենք ստեղծել այդ բնակարանային լուծումը՝ գնելով, կառուցելով կամ հող տրամադրելով։
Բայց այստեղ առաջանում է հաջորդ հարցը․ որքանո՞վ են այս նախաձեռնությունները հասանելի բոլոր ընտանիքներին, և հատկապես՝ նրանց, որոնց պետական հավաստագիրը բավարար չէ բնակարան գնելու համար։
Նարինեն ապրում է ամուսնու հետ, իրենց հասնելիք երկու հավաստագրի համապատասխան գումարով բնակարան ձեռք բերելը անհնար է դարձել։
«Ամուսինս 2 տարուց թոշակի է անցնելու, իմ ստացած աշխատավարձն էլ 70 հազար է, 8 մլն գումարով հնարավոր չէ գոնե մեկ սենյականոց բնակարան գտնել»,-ասում է նա։
Այս խնդիրը ոչ միայն կենսաթոշակային տարիքի, այլ նաեւ երիտասարդ ընտանիքներին է վերաբերում։
Արմինեն/անունը փոխված է/ նոր է ծննդաբերել, իր 4 հոգանուց ընտանիքն արդեն 6 ամիս է բնակարան է փնտրում․
«Բնակարանների գները մեծ արագությամբ մեծանում են, երբ տանտերերն իմանում են, որ Արցախից տեղահանված ենք եւ կա նաեւ հավաստագրի հնարավորություն»,- ասում է նա։
Սոցիալական բնակարանը՝ որպես երրորդ ճանապարհ
Բնակարանային խնդրի այս պատկերը մեկ այլ հարց էլ է առաջ բերում՝ արդյո՞ք բոլոր ընտանիքների համար լուծումը պետք է լինի սեփական բնակարան գնելը։ Այն ընտանիքների դեպքում, որոնց եկամուտները բավարար չեն շուկայական գներով բնակարան ձեռք բերելու կամ հավաստագրի գումարը լրացնելու համար, սոցիալական բնակարանների երկարաժամկետ և մատչելի վարձակալությունը կարող է դառնալ այլընտրանքային լուծում։
Այս մոտեցումը հատկապես կարևոր կարող է լինել խոցելի արցախյան ընտանիքների համար՝ տարեցների, փոքր կազմով ընտանիքների, ցածր եկամուտ ունեցող կամ աշխատունակության սահմանափակում ունեցող մարդկանց դեպքում։ Սոցիալական բնակարանը նման ընտանիքին չի պարտադրում միանգամից սեփականություն ձեռք բերել, բայց կարող է ապահովել կայուն և արժանապատիվ բնակության պայմաններ՝ առանց շուկայական վարձավճարի ամբողջ բեռը կրելու։

Այս մոդելը նոր չէ։ Վիեննայում սոցիալական և սուբսիդավորվող բնակարանները դարձել են քաղաքի բնակարանային քաղաքականության առանցքային մասը։ Քաղաքում շուրջ 220 հազար համայնքային և 200 հազար սուբսիդավորվող բնակարան կա, և բնակիչների մոտ կեսն ապրում է այդ երկու համակարգերից մեկում։ Վիեննայի մոդելի առանձնահատկությունն այն է, որ սոցիալական բնակարանները նախատեսված չեն բացառապես ամենաաղքատների համար․ համակարգում ընդգրկված են նաև միջին եկամուտ ունեցող ընտանիքներ։
Հայաստանի և Վիեննայի պայմանները, իհարկե, համեմատելի չեն, և մեկ երկրի մոդելը մեխանիկորեն հնարավոր չէ տեղափոխել մյուսը։ Սակայն Վիեննայի փորձը ցույց է տալիս մեկ կարևոր բան․ բնակարանային քաղաքականությունը կարող է կառուցվել ոչ միայն սեփականության խթանման, այլև երկարաժամկետ մատչելի վարձակալության մեծ ֆոնդ ստեղծելու շուրջ։
Արցախից տեղահանված ընտանիքների դեպքում նման լուծումը հատկապես կարող է կարևոր լինել նրանց համար, ովքեր ունեն բնակարանային հավաստագիր, բայց չեն կարողանում գտնել իրենց ընտանիքի չափին և եկամուտներին համապատասխան բնակարան կամ չեն կարող լրացնել հավաստագրի և շուկայական գնի տարբերությունը։ Այս դեպքում սոցիալական բնակարանային ֆոնդը կարող է դառնալ ոչ թե ժամանակավոր օգնություն, այլ ընտանիքի համար երկարաժամկետ կայունության ապահովման գործիք։
Այսպիսով, բնակարանային խնդրի լուծումը կարող է ունենալ առնվազն երեք ճանապարհ՝ սեփական բնակարանի ձեռքբերում պետական հավաստագրով, բարեգործական ծրագրերով տուն ստանալ կամ կառուցել, և երկարաժամկետ մատչելի վարձակալությամբ բնակվել սոցիալական բնակարանային ֆոնդում։ Իսկ թե այդ ճանապարհներից որն է հասանելի յուրաքանչյուր ընտանիքի համար, կախված է ոչ միայն տրամադրված աջակցության չափից, այլև ընտանիքի եկամուտներից, կազմից և բնակարանային շուկայի իրական գներից։
Մարիամ Սարգսյան
Լուսանկարում՝ Սվարանց գյուղում կառուցված թաղամասը