Մայրս շատ բաներ է գործել, բայց դրանք եռագույնի գույներով էին, այրել եւ թողնել չէի կարող

  • 18:30 21.03.2024

-Ինչ ես վերցրել…

-Նկարներից բացի երեք բան կար, որ ամենաշատն էի ուզում վերցնել՝ ձեռագործ կրծքազարդերը Արցախի սիմվոլիկայով և մամայիս գործած եռագույն մանկական հագուստները:

Գիտես չէ, 3 երեխա ունեմ, մեծը 6 տարեկան է՝ տղա, 4 տարեկան և 1 տարեկան աղջնակներ, և բոլորն այդ հագուստները հագել են:

Մայրս շատ բաներ է գործել, բայց դրանք եռագույնի գույներով էին, այրել չէի կարող, թողնել էլի չէի կարող, երեք ամենաթանկ բաներն էին միավորված այդ ամենի մեջ՝ երեխաներս, մայրս և հայրենիքս:

-Ես ձեր տանը նաև այն վերմակն եմ հիշում հայկական զարդանախշերով, որի մասին միշտ խոսում էինք, կատակում էինք: Եթե ճիշտ եմ հիշում, վերմակի վրա նույնիսկ Արարատը կար:

-Կար, կար, դա ուրիշ պատմություն է, մենք բացել ենք այդ վերմակը, հիշում ես չէ՝ մեր մահճակալին էր գցած: Վերջը բացել ենք, բոլոր իրերը մեջը լցրել և պինդ կապել՝ օգտագործել որպես ճամպրուկ: Բայց կրծքազարդերը և հագուստը մի քանի անգամ տարբեր իրերի, շորերի մեջ փաթաթել ենք և դրել ամենախորքը, վախենում էի, որ հանկարծ Հակարիում կտեսնեն կվերցնեն: Բայց, փառք Աստծո, կարողացանք բերել, կրծքազարդերը դեռ օգտագործում եմ, հագուստը խնամքով պահում եմ, հույս ունեմ թոռներս կհագնեն:

Չէի պատկերացնում, որ մի օր կասեմ՝ այս իրերը փրկվել և բերվել են Արցախից:

Քրիստինա Ալավերդյան

f