«Հայերը չեն կարող զիջել Արցախը։ Պետք է պահանջել, որ բանակցություններ սկսվեն արցախցիների Արցախ վերադարձի շուրջ։ Մեր փրկությունը վերադարձի մեջ է։
Բայց պետք է պայմաններ լինեն՝ ադրբեջանցիներն ու թուրքերը լքեն Արցախը, որպեսզի ոչ միայն միջազգային խաղաղապահները, այլեւ Արցախի վերածնված հայկական բանակը լինեն Արցախում հայերի անվտանգության երաշխավորը։
Քանի դեռ ուշ չէ, հայերը պետք է համախմբվեն՝ պաշտպանելու իրենց պատմական հողերի հանդեպ իրավունքները։ Սկսեք Արցախի վերադարձից և Տավուշի պաշտպանությունից։
Մենք՝ արցախցիներս, պատրաստ ենք պաշտպանել Տավուշի գյուղերը»։
Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի ղեկավար Հրանտ Շիրինյանը։
Նա հայտնեց, որ սեպտեմբերի 19-ին Մաղավուզը, ինչպես Արցախի բոլոր բնակավայրերը, ենթարկվել է ցամաքային ու օդային շարունակական գնդակոծության։ Երբ հարաբերական անդորր է հաստատվել, նա որոշել է բնակիչներին անհապաղ տարհանել Ստեփանակերտ։
«Որպեսզի մեր զինվորներին դիրքերում տղամարդիկ միանան ու պաշտպանեն, որոշեցինք գյուղում չթողնել կանանց, երեխաներին, ծերերին․ եթե թշնամին մտնի գյուղ, ջարդ կլինի։ Սահմանամերձ տարբեր գյուղերից մենք արդեն սկսել ենք լուրեր ստանալ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Ուստի որոշեցի բոլորին տարհանել։ Շատ ավելի ուշ խաղաղապահները սկսեցին տարհանել Դրմբոնի և այլ գյուղերի բնակչությանը»։
Նա նշեց, որ դիրքերում հակառակորդի հետ մարտերը շարունակվել են մինչև այն րոպեն, երբ իրենց տեղեկացվել է, որ Արցախի ՊԲ հրամանատարությունը հրաման է տվել վայր դնել զենքերը։
«Այդ պահին մենք դառնություն և հուսահատություն զգացինք»։
Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմից հետո Մաղավուզի ողջ բնակչությունը վերադարձել է տարհանումից։ Գյուղում բնակություն են հաստատել նաեւ հակառակորդի կողմից օկուպացված Արցախի շրջաններից և տարածքներից մինչև երեք տասնյակ ներքին տեղահանվածներ։ “Մենք սկսեցինք վերականգնել այն, ինչ ավերվել էր 2020 թվականի աշնանային պատերազմի ժամանակ ռմբակոծությունների արդյունքում։ Բայց շրջափակման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Սկսվեց շրջափակման հաղթահարումը”։
«Երբ սկսվեց 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, չնայած սննդի և վառելիքի բացակայությանը, մենք բոլորս առաջնագծում էինք։ Կարծում եմ, եթե ռուս խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերից կատարեին իրենց պարտավորությունները, մենք չէինք կորցնի Արցախը։ Դիրքերում մեր զինվորականները կռվել են, պաշտպանել հողը, տունը, հարազատներին։ Ու զոհվել։ Մեզ ուղղակի աջակցություն էր պետք»:
Շիրինյանը ափսոսանքով նշեց, որ տեղահանությունը ցրել է մաղավուզցիներին ամբողջ Հայաստանով մեկ։ Ֆինանսական և սոցիալական դժվարությունների պատճառով յուրաքանչյուր ընտանիք գոյատևում է այնպես, ինչպես կարող է:
«Կոմպակտ ապրելակերպը կլինի ամենաճիշտ լուծումը։ Դա հնարավորություն կտար համագյուղացիներին աջակցել միմյանց, և ավելի հեշտ կլիներ հարմարվել: Մարտակերտի յուրաքանչյուր գյուղին բնորոշ ինքնությունն ու առանձնահատկություններն էլ կպահպանվեն։ Իսկ վերադարձի դեպքում հնարավոր կլինի համայնքով վերադարձ։ Բայց, ցավոք սրտի, ՀՀ կառավարությունը նման ծրագիր չունի, և նման նպատակների համար հովանավորներ չկան»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: