ՀՀ կառավարությունը արցախցիների հարցով խորացնում է օրենսդրական-իրավական խառնաշփոթը եւ անորոշությունը։ Շատերը դա վերագրում են կառավարության ոչ կոմպետենտությանը, կամ համարում են, թե կառավարությունն ինքն էլ չգիտի ինչ անի։ Եթե պատճառը այս հանգամանքները լինեին, ամիսների ընթացքում դրանք շտկված կլինեին։ Իրականում գործ ունենք լիովին գիտակցված ու համակարգված մի գործընթացի հետ, որի նպատակը արցախցիների խնդրի փոշիացումն է եւ նրանց Հայաստանի Հանրապետությունից հեռացնելը։
Արցախցիներին առաջարկում են ընդունել Հայաստանի քաղաքացիություն, այսինքն փոխել անձնագրերը, մասնավորապես 070 կոդը՝ հետագայում թոշակ եւ նպաստ ստանալու համար։ Նրանք, ովքեր չեն փոխել, պետք է վերցնեն «փախստականի թուղթ», որպեսզի կարողանան ճամփորդել։ Այս ընթացքում արտերկիր մեկնած արցախցիները ասում են, որ «փախստականի թուղթ» պահանջում են միայն հայ սահմանապահները, իսկ Եվրոպայում եւ այլուր՝ ոչ։ Այսինքն, արցախցիների` ՀՀ անձնագիրը ճանաչվում է արտերկրում։
Նրանք, ովքեր ցանկանում են կազմակերպություն հիմնել Հայաստանում եւ փոխում են անձնագիրը, կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ նրանց նույնականացման քարտ չեն տրամադրում։ Երբ անձնագրային բաժանմունքում հարցնում են, թե ինչու չեն տրամադրում, նրանց պատասխանում են՝ համակարգը ցույց է տալիս, որ դուք անցյալ չունեք, կամ էլ պետք է գրված լինի «ադրբեջան»։
1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտով Արեւմտյան Հայաստանը նվիրաբերվեց Թուրքիային, իսկ 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Կարսը, Արարատ լեռան շրջանը հանձնվեցին Թուրքիային, Նախիջեւանն ու Արցախը՝ Բաքվին։ Պայմանագրի գաղտնի հավելվածով, որպես երաշխիք, 1921-1923 թթ․ արդեն խորհրդայնացված Հայաստանում ռուս-թուրքական ստորաբաժանումներն իրականացրեցին տաճկահայերի մնացորդների ջարդերը․ սպանվեց մոտ 400 հազար հայ, մնացածը քշվեց Ռուսաստանի հեռավոր շրջաններ։
Ներկայում, Պուտին-Փաշինյան-Ալիեւ համաձայնություններով տեղի է ունենում նույնը․ որպես «Արցախի խնդրի փակման» երաշխիք՝ արցախցիներին պետք է հնարավորինս փոշիացնել ու հեռացնել Հայաստանից։ Դրա վկայությունը ոչ միայն կառավարության վերոհիշյալ մանիպուլյացիաներն են, այլեւ արցախցիների դեմ ստեղծվող նողկալի հոգեբանական մթնոլորտը, որն ակնհայտորեն հրահրվում է կառավարությունից՝ ցանցերում, վարսավիրանոցներում, տաքսիներում եւ աած-ական այլ ավանդական խողովակներով տարածվող «թեզերով»։
Արցախի հարցը չի փակվել եւ դեռ շատ ջրեր է տանելու։ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, որոնք համաձայնության են հասել Արցախի ցեղասպանության շուրջ, արդեն վճարում են եւ դեռ վճարելու են դրա համար, ընդ որում՝ չափազանց ծանր։ Չենք խոսում արդեն սրանց բութ գործիք Բաքվի, ինչպես նաեւ այս ծրագրերի առաջնորդող՝ երեւանյան իշխող խմբի եւ նրա ռուսամետ ու «արեւմտամետ» սպասարկու «ընդդիմադիրների» ճակատագրի մասին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: