
Ցեղասպանության և տեղահանության ենթարկված Արցախի բռնի տեղահանված բնակիչների արտագաղթի խնդիրը աղետալի չափեր է ստանում։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, Արցախից Հայաստան զանգվածային արտագաղթից հետո արցախյան գրանցում ունեցող 11 հազար մարդ արդն լքել է երկիրը։ Հավելենք, որ 2020 թվականից հետո արտագաղթել է եւս 6 հազարը։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ երեք տարվա ընթացքում Արցախից փախստականների մոտ 10%-ը լքել է Հայաստանը։
Եթե հաշվի առնենք, որ արցախցիների մոտ 10%-ը Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակարաններ է ձեռք բերել դեռևս Արցախը վերջնականապես լքելուց առաջ, ապա ստացվում է հետևյալ պատկերը՝ բռնի տեղահանված արցախցիների 80%-ն այսօր կախված է Հայաստանի իշխանությունների քմահաճույքից, որը չունի փախստականների կարգավիճակում հայտնված մարդկանց իրավական, բնակարանային, սոցիալական խնդիրների լուծման հստակ ռազմավարություն։
Ի սկզբանե, դեռ 2020-21 թվականներին և ընդհուպ մինչև արցախցիների զանգվածային արտագաղթը, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրացնում էին քաղաքացիության հարցը։ Այն, որ արցախցիները ունեն ՀՀ անձնագիր, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, այն ժամանակ էլ աբսուրդ էր, որը պիտի հետագայում գլխացավանք դառնար փախստականների համար։
Այսօր այս խնդրին ավելանում են նոր կազուսներ։ Ինչպես գիտեք, Հայաստանում միջազգայնորեն որպես փախստական ճանաչված անձանց առաջարկվում է ստանալ կամ ՀՀ քաղաքացիություն կամ փախստականների կարգավիճակ, ովքեր հայտնվել են ՀՀ ժամանակավոր պաշտպանության ներքո։
Արցախցիներից շատ քչերը (մոտ 2%) ստացել են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան ծառայել բանակում, աշխատել պետական կառույցներում կամ կարողանան վարձակալել կամ գնել հող, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը:
Բայց, ինչպես պարզվեց, սա նույնպես այնքան էլ պարզ չէ։ Տեսականորեն ՀՀ քաղաքացիություն ստացած անձը ID ստանալու իրավունք ունի, որն անհրաժեշտ է նաև որոշակի գործողություններ կատարելիս։ Սակայն այս մարդկանց մերժում են ID տրամադրել։ Պատճառը, ինչպես միշտ, չի նշվում։
Էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացել արցախցիների աշխատանքային փորձը և անցյալը հավաստող փաստաթղթերի հետ կապված։ Ինչպես պարզվեց, արցախցիների անցյալն անհետացել է տվյալների բազայից, որը տրամադրում է միայն անունը, ազգանունը և լուսանկարը։ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց, ովքեր դիմում են կենսաթոշակ ստանալու համար 62 տարեկանում (օրենքով նախատեսված), մերժվում են հետևյալ ձևակերպմամբ. ձեր թոշակը հաշվարկելու հիմունքները բացակայում են։
Եվս մեկ կազուս՝ կապված 070 ծածկագրով անձնագրերի հետ։ Զվարթնոց օդանավակայանից Շենգենյան գոտի մեկնելիս հայկական ծառայությունները լրացուցիչ պահանջում են փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։ Սակայն եվրոպական երկրներից մեկնելիս նման խնդիր չի առաջանում՝ 070 ծածկագրով հայկական անձնագիրն ընկալվում է որպես ՀՀ քաղաքացու օրինական փաստաթուղթ։ Փաստորեն, 070 ծածկագրով անձնագրերի խնդիր գոյություն ունի միայն Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների համար, քաղաքակիրթ աշխարհում մենք ճանաչված ենք որպես ՀՀ օրինական քաղաքացիներ։
Ասվածից բխում են հետևյալ հարցերը. եթե Հայաստանի իշխանություններն արցախցիներին ստիպեն բնակարանային խնդրի լուծման պայման ընդունել ՀՀ քաղաքացիությունը, կարո՞ղ են այն ընդունելուց հետո հայտարարել, որ իրենք պարտավոր չեն որևէ խնդիր լուծել, և այդ մարդիկ պետք է իրենց բոլոր հարցերը լուծեն նույն կերպ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները։
Ինչո՞ւ է հայկական ուժային «վերնախավը» ստիպում Արցախի ժողովրդին իր խնդիրների լուծումը փնտրել այլ պետություններում։ Ո՞ւմ հանցավոր առաքելությունն է նա իրականացնում։ Իսկապես, եթե փախստականների նկատմամբ նման քաղաքականությունը շարունակվի, ստիպված կլինենք դիմել միջազգային մեխանիզմների՝ մեր կենսական խնդիրները լուծելու համար։ Արդյո՞ք Հայաստանը հաշվարկել է իր պետականության համար ռիսկերը, որն այդքան եռանդով ցանկանում է վերացնել ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը։
Մարգարիտա Քարամյան