
Արցախից տեղահանվելուց հետո Դիանան ստիպված էր ոչ միայն թողնել տունն ու տարիների աշխատանքը, այլև նոր միջավայրում նորից կառուցել իր կյանքը։ Բայց նա իր երազանքից չհրաժարվեց։ Չորս տարվա դադարից հետո Դիանան Վեդիում կրկին զբաղվում է իր սիրելի գործով՝ գինեգործությամբ։
Նրա համար գինեգործությունը պարզապես աշխատանք կամ եկամտի աղբյուր չէ։ Այն մասնագիտություն է, որը տարիների ընթացքում դարձել է իր կյանքի կարևոր մասը, իսկ հիմա՝ նաև նոր կյանք սկսելու միջոց։
Դիանան միայնակ է մեծացնում որդուն՝ Գոռին։ Նրա ամուսինը՝ Արմենը, Արցախում դժբախտ պատահարի զոհ է դարձել գյուղատնտեսական աշխատանք կատարելիս։ Այսօր որդին մոր կողքին է ոչ միայն որպես ընտանիքի միակ տղամարդը, այլև որպես նրա ամենամեծ աջակիցը։ Գոռը մասնակցում է մոր գրեթե բոլոր աշխատանքներին՝ օգնելով վերականգնել այն գործը, որը Դիանան ստիպված էր չորս տարի առաջ ընդհատել (շրջափակման ժամանակ ևս չէր կարողանում գինի արտադրել):
«Իմ ամենակարևոր ուժը և օգնող ձեռքն իմ որդին է՝ Գոռը։ Նա ամեն մի աշխատանքում իր մասնակցությունն է ունենում»,- ասում է Դիանան։
Դիանան գինեգործության հանդեպ հետաքրքրվել է դեռ ուսանողական տարիներին։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժինը։ Երրորդ կուրսից, երբ սկսեցին այցելել գինու գործարաններ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծացավ։
Առաջին անգամ արտադրության համար ձեռք բերեց ընդամենը 500 կիլոգրամ խաղող։ Հետագայում արտադրության մեջ ներդրվող խաղողի ծավալը հասավ 8-10 տոննայի։
Դիանան հիշում է, որ Արցախում խաղողն անձամբ էր ընտրում։ Հիմնականում այն ձեռք էր բերում Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից։ Նրա համոզմամբ՝ լավ գինու հիմքը որակյալ խաղողն է։
«Գինեգործությունը սկզբից մինչև վերջ համբերություն և լավատեսություն է պահանջում։ Այս ոլորտը կարծես սարդոստայն լինի. մարդիկ ընկնում են մեջը ու մնում այնտեղ։
Տեղահանությունից հետո Դիանան ստիպված էր ընդհատել իր աշխատանքը։ Չորս տարի գինեգործությամբ չի զբաղվել, բայց, ինչպես ինքն է ասում, այդ ժամանակահատվածը հրաժարում չէր, այլ պարզապես դադար։
Այսօր նա նորից սկսել է։ Այս անգամ՝ Վեդիում և Արարատյան դաշտավայրի խաղողով։
«Այսօր նոր ուժով, նոր գաղափարներով և մեծ սիրով վերսկսում եմ իմ գինու արտադրությունը։ Խաղողը ձեռք եմ բերել Արարատյան դաշտավայրից։ Ճիշտ է, ինձ համար անծանոթ սորտեր են, սակայն կարծում եմ՝ կկարողանամ հասնել իմ ուզած արդյունքին»,- ասում է Դիանան։
Պատրաստի արտադրանքի իրացումը նախատեսում է իրականացնել այն խանութների միջոցով, որտեղ արդեն վաճառվում է իր ձեռքով պատրաստած կոնյակը։ Նրա արտադրանքին սպասում են նաև արցախցիները. այնտեղ նախկին հաճախորդներ ու պատվիրատուներ ունի, որոնք շարունակում են հետաքրքրվել իր գինով։
Սակայն Դիանայի համար այս վերադարձն ունի ոչ միայն մասնագիտական, այլև խորապես անձնական նշանակություն։
Արցախից հեռանալիս նա իր հետ ընդամենը երկու լիտր գինի է բերել։ Այն շշալցրել է հերմետիկ տարաների մեջ ու պահում է մինչև այն օրը, երբ, իր համոզմամբ, կրկին կկարողանա բացել Արցախում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ