Հադրութի մանուշակը

  • 18:21 05.04.2024

Նկարի մանուշակը ծաղկել է Երևանում։ Առաջին հայացքից սովորական մանուշակ է, հազարավոր այլ ծաղկած մանուշակների նման։ Իրականում երևի բոլորս լսել ենք, թե ոնց են ծաղիկ խնամողները հիանում, երբ նրանց մանուշակը ծաղկում է, դե, ասում են` մի քիչ դժվար պահվող ծաղիկ է։

Այս մանուշակը առանձնահատուկ է, ոչ միայն որ արդեն ծաղկել է, այլ որ Հադրութից է։ Պատերազմից 2 տարի առաջ մանուշակը 300 կմ ճանապարհ է անցել Մարիամաձորից դեպի Երևան։

Ի՞նչ էին մտածում այն պահին, երբ հանում էին թփերը Հադրութի անտառի ծառերի տակից, դնում թղթե տուփերի մեջ։ Գուցե մտածում էին, որ բարեկամնների կուրախանան նվերի համար, բայց ոչ հաստատ, որ նույն այդ մանուշակը 2 տարի հետո նրանք նվեր կստանան նույն բարեկամից, և դա վերջին հուշը կլիներ Հադրութից, Արցախի անտառներից։

Ինչպես ծաղկի տերն է նշում, այն ժամանակ գուցե նրանց համար հեշտ էր՝ հրաժեշտի պահը չկար, հետ նայելը, ճամպրուկներ հավաքելը չկար, ոչ էլ սեփական ձեռքով վերջին անգամ տան դարպասները փակելը կար։

Պատմում են, որ նույնիսկ դրսի շորեր էին հագել, հետո վերջին պահին փոխվել են՝ ՛՛դե մի երկու օրով ենք գնում, տան շորերով գնանք, գանք․․․ ՛՛։

Քրիստինա Ալավերդյան

f