ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի վերջին օրերի գործողություններին։ Նա հիշեցրեց, որ Տավուշի մարզի գյուղերում բնակչության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր, որ եթե 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի։
«Իրականում սա շատ հստակ ծրագրավորված գործընթաց է, որը բազմիցս փորձարկվել ու տվել է իր արդյունքը, քանի դեռ այս իշխանություններն են ղեկավարում մեր երկիրը։ Այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են եւ ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս տարածքներում։ Եվ իրենց՝ կտոր-կտոր հանձնելու ու Ադրբեջանի պահանջները բավարարելու ծրագիրն ամբողջությամբ դրված է գործողության մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանն ասաց, որ Ադրբեջանը երբեք կանգ չի առել որեւէ պահանջի վրա, հեռու գնացող մտադրություններ ունեն․ «Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է դա հաստատել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք զիջել, պարզապես չգիտենք՝ մինչեւ ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ՝ մինչեւ ինչքան պետք է զիջենք, որ իրենց բավարարենք, մինչեւ հայկական ինքնության վերացումը, հայկական գործոնի վերացումը եւ Հայաստանի վերածումը «Արեւմտյան Ադրբեջանի», սա է իրենց ուզածը։ Եվ, բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով մեր շուրջը»։
Ռուստամյանն ասաց, որ չի բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաեւ լայնամասշտաբ հարձակման կգնա, որպեսզի խնդիրը միանգամից «լուծի»․ «Այս անգամ խնդիրը շատ ավելի գլոբալ է, եւ մենք ինքներս այդ գլոբալ խնդիրը պատերազմով լուծելու համար պարարտ հող ենք ստեղծել։ Երբ մենք ասում ենք՝ այդ տարածքներն իրենց են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով։ Այստեղ միայն այդ չորս տարածքների հանձնման հարցը չէ, մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու դրանից հետո։ Ստացվում է, որ Ադրբեջանն այսօր փորձում է իր վերահսկողության տակ պահել մեր ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները, որից հետո մնացած բոլոր պահանջների իրականացումը տեխնիկայի հարց է դառնում։ Սա է՝ Հայաստանը բերել այն վիճակին, որ որեւէ կարողություն անգամ չունենա՝ իր նվազագույն շահերը պաշտպանելու»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: