ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները երկուշաբթի օրը շրջանառության մեջ կդնեն «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին։ Ըստ պատգամավորի՝ դրանում հստակ արձանագրումներ կան նաեւ Արցախի հարցի մասին։
«Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցի կարգավորումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել կամ արգելել Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի՝ միջազգային երաշխիքներով իրացումը։ Եվ երկրորդ, որեւէ մեկը չի կարող կանխատեսել կամ կանխորոշել Արցախի կարգավիճակը։ Սա այս իշխանության համար կարմիր լաթ է, որովհետեւ վախեցած են, խոստացել են թշնամուն, որ չի լինելու Արցախի հարց»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից։ «Ալիեւն ասաց՝ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, միայն այն ժամանակ, երբ իրեն պետք էր Արցախը զավթել ու նվաճել։ Բա հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը։ Նույն Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքն այն արձանագրությունն է, որն Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։ Այդ արձանագրության երկրորդ մասում հստակ է ասված, որ երկրների համար այս համաձայնագրի կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում այս տարրական բաներին։
Եթե նա նույնիսկ դա է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմք։ Մեր հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները նրանք են, որտեղ 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ գործել է Հայաստանի Հանրապետության օրենքը։ Երկրորդ, դա տարածվում է նաեւ ԽՍՀՄ ժամանակ Հայաստանին պատկանած տարածքների վրա՝ դրանք Արծվաշենն է, ՀՀ այլ բռնավզաթված տարածքները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանում պատկանել են Հայաստանին, եւ հայկական տիտղոսը կա այդ տարածքների նկատմամբ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: