Երեկ անդրադարձել ենք այն հանգամանքին, որ Իսրայելը փորձում է Իրանին հրահրել լուրջ գործողությունների եւ ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Կիրակի գիշերը Իրանը հրթիռներով ու անօդաչուներով հարվածներ է հասցրել Իսրայելին, միաժամանակ հայտարարելով, որ հարվածներն ԱՄՆ դեմ չեն, եւ Վաշինգտոնը չպետք է միջամտի։ Իր հեթին, ԱՄՆ հայտարարել է, որ նպատակ չունի ուղիղ հակամարտության մեջ մտնել Իրանի հետ։ Համաշխարհային մամուլում հրապարակումներ կան այն մասին, թե Սպիտակ տունը Նաթանյահուի քայլերը գնահատում է որպես ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։
Դատելով լրահոսից, իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացրել են հենց ամերիկյան ուժերը։ Ինչպես Ուկաինայում փլուզվեց ռուսական բանակի առասպելը, այնպես էլ ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմում բացահայտվեցին իսրայելական բանակի խոցելի կողմերը։ Իր հերթին, Իրանը բավական առաջ է գնացել ռազմական շինարարության հարցում, սակայն տեխնոլոգիական առումով իրանական միջոցներն առայժմ անկատար են։ Իսրայելը հակամարտություն հրահրելով, նպատակ ունի դաշնակիցների օգնությամբ հարվածներ հասցնել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։
Իրանը չէր կարող չպատասխանել Սիիայում իր հյուպատոսության դեմ իսրայելական հարվածներին։ Սպիտակ տան ու Պենտագոնի հայտարարություններից հետեւում է, որ Վաշինգտոնը փորձում է թույլ չտալ Իսրայելի հետագա հարվածները, որոնք կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։
Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, հայկական եւ ուկրաինական պետությունները ոչնչացնելու ռուսական ծրագրերի հարցում Վաշինգտոնի եւ Թեհրանի պահվածքն անխուսափելիորեն հանգեցնելու էր տարածաշրջանում լայնածավալ բախման հեռանկարին։ Մոսկվան չի թաքցնում իր շահագրգռությունը «արեւմուտքի դեմ երկրորդ ճակատի» հարցում։
Միեւնույն ժամանակ, պատահական չէ, որ Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածից հետո Հայաստանի ուղղությամբ ռուսական քարոզչության ողջ սպեկտրի՝ այսպես կոչված «լիբերալ-հակապուտինական» շրջանակներից մինչեւ արմատական պատրիոտներ, կենտրոնական թեզը «Հայաստանի պետականության վերացումն է»։ Դա Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերի վկայություն է։ Իսկ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ալիքները գրում են, որ Մոսկվան Բաքվին հորդորում է արագացնել Հայաստանի դեմ հարձակումը եւ զրկել նրան պետականությունից։
Հայաստան-Ուկրաինա-Մերձավոր Արեւելք իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը չտեսնելը կամ չտեսնելու տալը չի փոխում իրավիճակը։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան Իսրայելի ուղիղ մասնակցությամբ ուղղված էր նաեւ Իրանի դեմ։ Հայաստանի դեմ ծրագրերը դրանց հեղինակներին, իրագործողներին եւ «լեգիտիմացնողներին» չափազանց ծանր հետեւանքների է հասցնելու։