Մարուքյանը կատաղել է․ Չիբուխչյանն ու Սարգսյանը Թուրքիայի՞, թե՞ ՔՊ-ի թելն են թելում

  • 17:22 15.04.2024

«Ո՞ւմ շահերն են այս մարդիկ սպասարկում: Իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ այս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը», -ասել է Մարուքյանը, չհիշատակելով այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, Իսրայել:

Նա նկատեց, որ հարյուր հազարավոր մարդիկ սպառում են այդ մարդկանց եթերները: Նրանք փորձում են վարկաբեկել Հայաստանում բոլոր ողջամիտ, հավասարակշիռ ուժերին, «դրա վերջը արյունահեղություն է»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը տվեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի անունները։

Ի՞նչն է հատկապես զայրացրել Մարուքյանին։ “Նա ասում է, Թուրքիան Հայաստանի թշնամի չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, այ երբ արխիվները կբացվեն, դուք կտեսնեք, որ ռուսներն են դա արել: Թուրքիան հակառակորդ է, թշնամին Ռուսաստանն է, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի Մեծ եղեռնի արխիվները։

Այս մարդու կողմից ցեղասպանության սրբադասված զոհերը անարգվում են, դուք հանգիստ նստած նայում եք: Սրա նմաններին պետք է տանել Սիրիայի Դեր Զոր անապատ»,-ասաց Մարուքյանը:

«Վաղը մյուս օրը, որպեսզի արդարացնի, թե ինչու պետք է ՀՀ-ում տեղակայվեն թուրքական զորքեր, թե ինչու պետք է թուրքական զորքերը հսկեն որեւէ ճանապարհ, իսկ վաղը դա է ասելու, դրա համար նախապես պետք է Թուրքիային ազատել ցեղասպանության մեղքից: Դրանից հետո էլ կարողանալու է լոբբինգ անել, որ Հայաստանը պետք է անցնի Թուրքիայի մոդերացիայի տակ»,- ասաց Մարուքյանը:

Դժվար թե նա հասցրած լինի լսել ՔՊ ռահվիրաններ Անդրանիկ Քոչարյանին եւ Արմեն Հովհաննիսյանի այսօրվա ելույթները, որոնք նույնպես ասել են, որ դեռ պետք է պարզել ցեղասպանության զոհերի անուն ազգանունները։ Այնպես որ, Մարուքյանին կատաղության հասցրած անձինք ոչ թե Թուրքիայի, այլ Փաշինյանի թելն են թելում։ Ինչպես իր ժամանակ անում էր Մարուքյանը։   

f