«Այս գործընթացը պետք է կասեցվի, եւ մեր առաջին գործը պետք է լինի այս գործընթացը կասեցնելը, քանի որ այն խաբեությամբ արված գործընթաց է»,- Տավուշի մարզում ճանապարհը փակած բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ այսօր առավոտվանից Տավուշի մարզի բնակիչները փակել են Կիրանց գյուղի կամրջի ճանապարհը՝ անհամաձայնություն հայտնելով Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշմանը։
«Եկել են Կիրանց, հետո չորս օրվա մեջ քարտեզ են հրապարակել, նշանակում է՝ նախօրոք հստակ պատրաստված ծրագիր է սա։ Այս ժողովուրդն էլ անմեղ-անմեղ, հավատալով ամեն ինչի, եկել հասել է այս օրվան։ Այս երկրում կա՛մ մենք պիտի ապրենք, կա՛մ իրենք՝ նրանք, ովքեր թելադրում են՝ այս երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի, պետք է հեռանա ի վերջո, չի կարող այսպես շարունակվել, ոչ մի օր մեր ո՛չ միտքն է հանգիստ, ո՛չ սիրտը, ո՛չ հոգին, ո՛չ էլ կյանքն է հանգիստ։ Սա մեկ կամ երկու գյուղի հարց չէ, սա ՀՀ ու հայ ժողովրդի հարցն է։ Իրենց արածն ապօրինի է, հանցանք է։ Եվ եթե մեզ այսօր ասում ենք, որ այս տարածքները ադրբեջանական են, ուրեմն ամբողջ Տավուշի ու ամբողջ Հայաստանի ժողովուրդը բոլորը հանցագործ են, որովհետեւ Ադրբեջանի սահմանը հազար անգամ հատել են»,- ասաց նա։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց իրավապահներին․ «Ոչ մեկին չեք նեղացնելու, ոչ մեկին չեք վախեցնելու ո՛չ քրեական գործերով, ո՛չ այլ տարբերակով, սա ձեր հայրենիքն է նաեւ։ Երկրորդ, խնդիրը Ոսկեպարը, Կիրանցն ու Բաղանիսը չէ, թող բոլորը լավ իմանան՝ խնդիրը ձերը չէ, բերել է ձեր ուսերին ու ձեր պատասխանատվության տակ է դրել այդ մարդը, այսօր էլ ասում է՝ ձեր ուզածն եմ արել՝ գետից այն կողմ եք ուզել, գետից այն կողմ եմ արել։ Ո՛չ, մենք ուզում ենք, որ սա լինի օրինական ճանապարհով։ Եթե պետք է լինի սահմանազատում եւ սահմանագծում, պետք է լինի ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի շրջագծում։ Իսկ լայն իմաստով, եթե մեր պահանջների տրամաբանության ծիրից ներս չի ընթանալու, ուրեմն հարցը դրվելու է, որ այսպիսի իշխանություն չի կարող լինել, որն ահաբեկում ու վախեցնում է իր ժողովրդին՝ կատարելով սրա-նրա կամքը»։