ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, երկար շաբաթների ձգձգումից հետո, վստահ մեծամասնությամբ քվեարկեց մի օրինագծի օգտին, որը մոտ 61 միլիարդ դոլար է հատկացնում Ուկրաինային աջակցելու ուղղակի կամ անուղղակի նպատակների համար: Օրենսդրական գործընթացի ավարտից հետո Վաշինգտոնը կկարողանա վերսկսել ռազմական մատակարարումները Կիևին, որոնք ընդհատվել էին մի քանի ամսով։
Նախագծին կողմ են քվեարկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները՝ 311 կողմ, 112 դեմ։ Դեմոկրատների շրջանում Ուկրաինային օգնություն տրամադրելուն աջակցել են ներկա գտնվող բոլոր 210 մարդիկ: Հանրապետականներից 101-ը կողմ է քվեարկել, սակայն կեսից ավելին՝ 112 կոնգրեսական, դեմ է քվեարկել։
Բյուջեի հայտը դեռևս պետք է վերահաստատվի Սենատի կողմից, որտեղ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պաշտպանվում է օրենսդիրների մեծամասնության կողմից: Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը նախապես զգուշացրել է գործընկերներին, որ նրանք կարող են ստիպված լինել աշխատել մինչև հանգստյան օրերը, եթե պալատն ընդունի օգնության փաթեթը:
Այնուհետև այն պետք է ստորագրի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ով խոստացել է դա անել անմիջապես, հենց որ փաստաթուղթն իրեն հասնի:
Ինչպես այս շաբաթ հաղորդել են Politico-ն և Washington Post-ը, Պենտագոնը նախօրոք պատրաստել է Ուկրաինային նորացված ռազմական օգնության մեծ խմբաքանակ, այնպես որ բյուջեն վերջնական տեսքի բերելուց հետո «մեկ շաբաթից էլ քիչ» կպահանջվի ուկրաինական բանակին զինամթերք մատակարարելու համար:
Նաև շաբաթ օրը, Ներկայացուցիչների պալատը առանձին քվեարկեց Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթների վերաբերյալ: Սկզբում նրանք Ուկրաինային աջակցելու բյուջեով մեկ փաթեթի մաս էին կազմում, սակայն, ի վերջո, Ներկայացուցիչների պալատի նախագահը որոշեց բաժանել նրանց: Դրանք նույնպես պետք է վերահաստատվեն Սենատի կողմից, որից հետո նախագահը կարող է ստորագրել դրանք։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիշում եմ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այլ ցուցակ ներկայացրեց՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան։ Բայց հիմա Հայաստանն ուրիշ ցուցակում է՝ որտեղ հարցերը լուծվում են Ալմա-Աթայի հռչակագրով:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: