Տավուշում երեկվանից փակ է միջպետական ճանապարհը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ գիշեր նաեւ կանայք ու երեխաներն են եղել դրսում։
«Այս ամբողջ շարժումը հանուն ճշմարտության ու հանուն հայրենիքի է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ, եւ այդ ստրի պատմությունն է, որ մենք պետք է ամեն իմաստով չեզոքացնենք։ Այս ժողովուրդն ինչո՞ւ է փողոցում, որովհետեւ խաբված է, մարդը խաբել է։ 2021 թվականին եկել այս մարդկանց քվեները գողացել է բառիս բուն իմաստով՝ մեկ բառ չասելով, թե ինչ է տեղի ունենալու այստեղ։ Եվ 2024 թվականին, փոխանակ գար ներողություն խնդրեր, ահաբեկել ու վախեցրել է պատերազմով։ Հետեւաբար, ճշմարտությունը պետք է հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։
Այսօր Տավուշի մարզ է այցելելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ըստ տեղեկությունների՝ հանդիպելու է տավուշցիների հետ։ Բագրատ սրբազանն ասաց, որ նախօրոք Տավուշի վարչական ղեկավարներին հրահանգներ են տվել։
«Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ։ Այսինքն՝ ինչ տեղի ունենա, իրենք կլինեն ուղղակի առաջին պատասխանատուն։ Եվ սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, մարդկանց պետք է համոզեն, թե պետական սահմանն ինչպես պետք է լինի՞, իրենք պետք է որոշե՞ն, թե ինչպես պետք է լինի։ Ընդամենը չորս օր առաջ եկել ասել են՝ ձեզ հետ կհամաձայնեցնենք, հետո հրապարակում են քարտեզներ, գրված փաստաթղթեր, որոնք բացարձակ չեն խոսում այն մասին, որ դրանք չորս օրվա մեջ են տեղի ունեցել։ Այսինքն՝ ամեն ինչ նախօրոք արել են, եկել ժողովրդի վրա են բարդում։ Հիմա էլ վարչական ղեկավարներին կանչում են, որ ի՞նչ անեն։ Արդեն հող են նախապատրաստում, որ այս մարդկանց պատասխանատվության տիրույթ տեղափոխեն հարցը։ Դա անընդունելի է, սա ամբողջ հայոց պետականության հարցն է, հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն եւ միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա կոչ արեց հայ հասարակությանը դիրքորոշում հայտնել՝ համաձա՞յն են այս գործընթացների հետ, միասնության կոչ արեց։ «Դիմում եմ նաեւ զինվորականներին՝ նախկին եւ ներկա։ Նախ որեւէ ապօրինի գործ չեք անելու, ձեր համազգեստը ձեր պատիվն է։ Նախկին զինվորականներին՝ սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, հետեւաբար, ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք, չի կարող հայոց զինվորականությունը լուռ մնալ այս իրավիճակի առջեւ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշին, վաղը գալու են Տիգրանաշեն, մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր սահմանափակելով՝ դառնալու է պարզապես հուշ ու երազանք, այն, ինչի մասին խոսում է մարդը՝ պատմական Հայաստան։ Դիմում եմ մեր ոստիկանությանը, իրավապահ ողջ համակարգին՝ որեւէ տեսակի ապօրինի քայլ չկատարեք։ Ոչ ոք չասի՝ ծառայության մեջ ենք, հրաման ենք կատարում, այդ հրամանը կարող է լինել ձեր տան վրա, կկարատե՞ք։ Սա էլ ձեր տունն է, մեծ տունն է։ Այս ժողովուրդն այստեղ կանգնած է հայոց պատվի համար»,- հայտարարեց նա։