Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու տարածքում այսօր դրաձյալ փորձում են ականզերծման աշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս։
«Ականազերծում են, որ մեր հողերը նվեր տան ադրբեջանցիներին։ Ով համաձայնում է միները հանել, հայ ազգի թշնամի է, հրաման տվողը դավաճան է»,- հայտարարեցին գյուղացիները։ Նրանք կոչ են անում, որ ականազերծման աշխատանքներն իրականացնողները դադարեցնեն ու անհապաղ հեռանան տարածքից։
Բնակիչները նաեւ հանդիպում են պահանջում հրամանատարի հետ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Մարդիկ պահանջը ձեւակերպել են՝ այս գործընթացն ապօրինի է, ոչ ոք իրավունք չունի այս տարածքները, այս հողերը հանձնի։ Բացառում ենք որեւէ փոխզիջումը, կառավարությունից պահանջը մեկն է՝ հրաժարվել ապօրինի գործընթացից։ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը հանրաքվեով պետք է լուծվի, ոչ ոք չի կարող միանձնյա որոշել ու լուծել»։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ այստեղ միայն հողի խնդիր չէ, վճռվում է ինքնություն ունենալ-չունենալու հարցը․ «Մեզ անընդհատ ասում են՝ այս միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է։ Ամենամեծ ու մահաբեր, սարսափելի պատերազմը մեզ արդեն հայտարարված է մեր ներսից՝ սեփական իշխանության կողմից։ Հիմա էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, եթե սեփական իշխանությունը ներսից ոչ միայն հանձնում է հողը, այլ ընդհանրապես ապամոնտաժում է ողջ ինքնությունը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: