“Հանձնաժողովը” սկսում է աշխատանքը․ տավուշցի գյուղապետերը այլայլված են

  • 12:47 23.04.2024

Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ համայնքապետերը գոհ չեն երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից։ «Երեկ գիշեր հանդիպել եմ Կիրանցի գյուղապետի հետ, պարզապես շատ այլայլված էր։ Ասացի՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ այն, ինչ կար, մնաց նույնը, դեռ մի բան էլ ավել։ Իրենք բնակիչներին կտեղեկացնեն, թե ինչի միասին են խոսել։ Շատ այլայլված վիճակում էին»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ Տավուշի բնակչությանը փաստորեն խաբել են․ «Այս մարդիկ այնքան ազնիվ են, երեք տարի շարունակ ասում էինք, թե ինչ է կատարվում, բայց իրենք որ այդպես չեն, հավատում էին, որ այն մարդը, որն ի պաշտոնե իրենց տերը պետք է լինի, իրենց շահերը պետք է պաշտպանի, հենց այդպես էլ կանի։ Բայց փաստորեն երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, տեղի է ունեցել այս ամբողջ ընթացքի վերջին արարը»։

Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ NEWS.am-ի տեղեկություններով, այս մասին նա հայտարարել է գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին: Իսկ Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը հրաժարվել է սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին անդամ լինելուց։ “Ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով”,- ասել է նա:

Հիշեցնենք, որ “ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա”։

f