Պուտին-Ալիև. Հայաստանը պետք է դառնա գորշ գոտի

  • 21:10 24.04.2024

Մոսկվա կատարած այցից և Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևը կրկնել է Մեղրիի միջանցքի անհրաժեշտությունը և ասել, որ եթե Հայաստանը զինվի, Բաքուն քայլեր կձեռնարկի։

Մոսկվայում Պուտինն ու Ալիևը հանդիպեցին իբր ԲԱՄ-ի 50-ամյակի կապակցությամբ, որի շինարարությունը վերահսկում էր Ալիև-ավագը։ Հանդիպմանը Պուտինը նշել է, որ մտադիր է զարգացնել և՛ ԲԱՄ, և՛ Տրանսսիբիրյան երկաթուղին, որոնք «օգտագործում են ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՊՀ երկրները»։

ԲԱՄ-ի նկատմամբ անսպասելի հետաքրքրությունն ուղղակիորեն կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը պետք է դառնա Եվրասիական կամ Հորդայի լոգիստիկայի կարևոր մասը:

«Խաղաղության խաչմերուկ դառնալու համար Հայաստանը պետք է համաձայնության գա մեզ հետ։ Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ շփումներ ունենա միջազգային վերահսկողության և անվտանգության ներքո։ Նրանք (հայերը) դեմ են ռուսական սահմանային ծառայությանը, թեև իրենք են ստորագրել եռակողմ հայտարարությունը»,- ասել է Ալիևը՝ ոգեշնչված Պուտինի հետ հանդիպումից։

“Զանգեզուրի միջանցքի” հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, ասել է Ալիևը։ «Այո’, այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն, բայց ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։ Այս հայտարարությունը ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,- ասաց նա։

Բաքուն պնդում է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի ճանապարհը, որպեսզի բոլորը կարողանան Հայաստանը օգտագործել որպես մեծ գորշ գոտի՝ պատժամիջոցային, արգելված ապրանքների տարանցման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի անվերահսկելի փոխադրման համար։ Փաշինյանի «խաչմերուկը» Պուտինի և Էրդողանի ծրագիրն է՝ Հայաստանը գորշ տրանզիտի վերածելը։

Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Ադրբեջանը չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ։ Եթե ​​մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

«Քայլեր» կձեռնարկի հավանաբար Ռուսաստանը, որի զորքերը Արցախից դուրս կբերվեն ոչ թե Կոռնիձորով, այլ Զանգելանով ու Հորադիզով՝ ուղիղ դեպի «Զանգեզուր»։

Ապրիլի 24-ին Պուտինը ոչ մի խոսք չասաց Հայոց ցեղասպանության մասին՝ սատարելով Ալիևի սպառնալիքներին և շտապեցնելով Փաշինյանին։