Զինվորականները Տավուշում պետք է պահանջեն գրավոր հրաման․ Սեյրան Օհանյան

  • 21:16 24.04.2024

«Սահմանազատում չի իրականացվել, ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում։ Դա իր մեջ պարունակում է վտանգ, ամենակարեւոր վտանգն այն է, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի շուրջ պետք է իրականացվեր այդ ամբողջ գործընթացը։ Իսկ սկզբունքներից ամենակարեւորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների առիթ։ Եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ այն տարածքներից, որոնք ինքը զբաղեցրել է»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ այսպիսով խախտվում է ամբողջ պաշտպանական համակարգը։ Ըստ նրա՝ այս ամենն այսօր իրականացնելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը, արդեն ՀՀ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Սա հայ ժողովուրդը պետք է իմանա։

Անդրադառնալով բանակի անելիքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Այստեղ տեղակայված N զորամիավորման անձնակազմն իր պարտականությունները նախ պետք է կատարի, որովհետեւ նրանք մեր սահմանների պաշտպանության համար են նախատեսված, ոչ թե մեր սահմանները հանձնելու համար: ՀՀ իշխանությունների կողմից այս գործողություններն անցնում են սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերի խախտումով։ Այսինքն՝ սրանք ապօրինի գործողություններ են: Այս ամենն իրականացնելու համար նախ իրենք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետեւ այդ գրավոր հրամանները հետագայում ՀՀ իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդման առիթ են հանդիսանալու: Սա միայն Տավուշի բնակչության խնդիրը չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի հայ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, դիմադրության օջախներ ձեւավորեն ամբողջ հանրապետությունով մեկ, աջակցեն բանակին, որ բանակին այդպիսի հիմար հրամաններ չտան»։

f