Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ ուրբաթ օրը պաշտոնական շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթղթի հեղինակներն են կոնգրեսականների Դինա Տայտուսը և Գաս Բիլիրակիսը։ Այս մասին հաղորդում է Politico հանդեսը` նշելով, որ օրինագիծն անհատական պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների և ուժայինների դեմ։
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ նախապես ենթադրվում էր, որ ամերիկյան պատժամիջոցների ցանկում 41 անուն ընդգրկված կլինի, սակայն հետագայում ցուցակը լրացվել է՝ հասցվելով 44-ի։
Բանաձևի հեղինակներն առաջարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների շարունակական խախտումների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։
Փաստաթղթի հեղինակներից Դինա Տայտուսը X-ում գրառման մեջ նշել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցները պետք է սահմանվեն «Արցախի հայերի էթնիկ զտման և ընդդիմության դեմ կիրառվող բռնաճնշումների պատճառով»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: