Չնայած պայքարին, ականազերծումը Տավուշում շարունակվում է

  • 14:41 27.04.2024

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Չնայած գյուղացիների պայքարին, այդ աշխատանքները մեկնարկել են, մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ տարածքին։

«Այն ապօրինի գործունեությունը, որն սկսել է ՀՀ կառավարությունն իր ապօրինի գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է։ Բոլորը վերստին պետք է հասկանան, որ տեղի է ունեցել հետեւյալը՝ թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել միակողմանի զիջումներ կատարելու մեր հայրենիքից։ Եվ մեր ընդվզումը հենց դրա մասին է, սա խախտում է օրենքը, ընթացակարգը, ինչպես նաեւ միջագային պայմանագրերի սկզբունքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցածին, երբ ոստիկանները ուժ էին գործադրել մարդկանց նկատմամբ։ «Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ երեւի այս տարածաշրջանի մարզպետի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եկել են, գաղտագողի մուտք են գործել այսպես կոչված հանձնվելիք տարածքներ եւ ինչ-որ անհայտ գործողություններ են արել։ Ժողովրդի զայրույթն ու անվստահությունն այն էր, թե ովքեր են այն մարդիկ, որոնք գտնվում են տվյալ ծածկույթով մեքենայի մեջ։ Մարդիկ ուզում էին նրանց հարցեր ուղղել։ Եթե ձեր գործերը մաքուր են, թափանցիկ են ու ճշմարիտ, ինչո՞ւ եք այդ ծածկույթով մեքենայով գաղտագողի գալիս։ Նույնիսկ կասկածներ կան, որ այդ մեքենայում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւն են եղել։ Եվ ժողովուրդն ընդվզեց այդ ստի ու կեղծիքի դեմ, այս գործընթացն ի սկզբանե ստով է սկսված, քանի որ պետական, միջպետական խնդիրը բերել ու բարդել են ժողովրդի պատասխանատվության վրա՝ առանց իր ձայնը, ընդվզումն ու ճիչը հաշվի առնելու։ Այսինքն՝ մարդը պետք է վեր կենա ու իր ձեռքով իր տունը հանձնի։ Կիրանցի ու Ոսկեպարի այս հերոսական ժողովուրդը կյանք են տվել, կյանք են զոհել, այս սահմանն այդպես է պահվել։ Գյուղաբնակ ժողովրդի վրա դնել պատասխանատվությունը՝ այսպիսի ծանր բեռով, հանցագործություն է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ այդ մեքենայի՝ տարածք ներխուժման պատճառով մարդիկ ընդվզել են, իսկ իշխանությունները սեւբերատավորներին են բերել տարածք։ «Նախ ուզում եմ ոստիկանությանը դիմել՝ սիրելի ոստիկանական զորքեր, սա ձեր խնդիրը չէ, մի՛ մտեք արանքը, դուք մասնակից եք լինում մի այնպիսի  գործընթացի, որը վճռելու է մեր երկրի ճակատագիրը։ Ձեզ մխրճել են այնպիսի գործընթացի մեջ, որը ճակատագրական է թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր երկրի համար, այս ժողովուրդը խենթ ու խելառ չէ, որ մայր ու մանուկ դուրս են եկել փողոց։ Ձեզ պահեք այնպես, ինչպես վայել է իսկական տղամարդուն, դուք ծառայության մեջ եք, ծառա չեք։ Դուք մոնղոլ չեք, ոչ էլ արաբ, որ արշավանքներով գաք ու գնաք, այս ժողովրդին չեք վախեցնի, անօրինական հրամաններ մի կատարեք։ Երեկվա գնահատականը տալով՝ ուզում եմ հետեւյալն ասել՝ ամեն ինչ դարձյալ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահանգով։ Ամեն ինչ անում են, որ այս ժողովրիդն վերջնականապես ստորացնեն ու ջարդեն։ Ես ուզում եմ կոչ ուղղել մեր ժողովրդին՝ 30 տարի շարունակ այս սահմանի ժողովուրդը պահել է ամբողջ ՀՀ ու հայության պատիվը՝ միայնակ։ Բայց իրենք չեն լքել իրենց հայրենիքը, տունն ու հողը, հանձն են առել պահելու ՀՀ դարպասները»,- նշեց նա։

Բագրատ սրբազանն ասաց, որ դիմում է հայ ժողովրդին, մտավորականներին, բոլոր-բոլորին․ «Հիմա ժամն է, որ ձեր ձայնը բարձրացնեք, ընդվզեք, հերիք է խխունջացած ապրեք։ Խոսեք ճշմարտության մասին, այս ժողովուրդը ձեզ 30 տարի պահել է պատվով, չեք կարող ուրանալ։ Պետք է ընդվզեք բոլոր ձեւերով։ Սա ՀՀ եւ հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Եվ ի լուր բոլոր հուդաների՝ գնացեք այս ժողովրդին հարցրեք՝ իրենք պրոռուսական պրոյե՞կտ են, չգիտեմ ինչական գործի՞ք են, գործակա՞լ են, թե՞ պարզ ուզում են ապրել իրենց տանը՝ խաղաղ ու հանգիստ, արժանապատիվ։ Հոգեւորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախտաբար իր սեփական կառավարությունից»։

Նա հավելեց, որ սա քաղաքական պրոցես չէ, ժողվուրդը ճշմարտության դատին է մասնացկում։

f