«Արցախի հարցն անընդհատ բարձրացրած պահելն այլընտրանք չունի, դա անհրաժեշտություն է։ Եվ եթե այսօրվա իշխանությունները հրաժարվում են, իրենք եւս մեկ անգամ փորձում են ապացուցել իրենց ապազգային, ապիկար ու դավաճանական կեցվածքը հայրենիքի մի հատվածի վերաբերյալ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի հարցը փակ չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով հակամարտությունն ավելի է խորացրել։ «Հիշեցնեմ, որ այսօր գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ կանխելու Արցախից բռնագաղթը, ինչն իրենք չեն արել։ Եվ սա խոսում է արդեն այն մասին, որ լեգիտիմ չեն։ Երբ խոսում ենք Արցախի սուբյեկտայնության մասին՝ ինքնորոշման, օրինականության եւ հետագայում պահպանման մասին, մենք այստեղ շեշտը պետք է դնենք նաեւ Պաշտպանության բանակի՝ որպես օրինական գործող օղակի մասին։ Ես բազմիցս հանդիպումներ եմ ունեցել Արցախում միջազգային տարբեր կառույցների անդամների, այդ թվում՝ համանախագահների հետ, որեւիցե մեկը չի ասել՝ մենք հանդիպեցինք «ահաբեկչական խմբավորման» ղեկավարի հետ, բոլորն ասել են՝ հանդիպեցինք Արցախի պաշտպանության նախարարի հետ։ Ովքեր նսեմացնում են Արցախի ՊԲ գործողությունները, այդ 10-ամսյա շրջափակման ժամանակ մասնատված Արցախում նրանց հերոսություններն ու քաջագործությունները, նրանք Հայաստանի ու հայ ժողովրդի իրական դավաճաններն են»,- նշեց Օհանյանը։
Նա նաեւ ասաց, որ երբ խոսում են արցախցիների՝ հավաքական վերադարձի մասին, պետք է կարեւորենք նաեւ Արցախի կառավարման համակարգի գործունեությունը։ «Կարծում եմ, որ մեր խնդիրն է, որպեսզի օգնենք Արցախի այսօրվա ղեկավարությանը։ Ես Արցախի նախագահին առաջարկել եմ, որ Արցախի կառավարությունը համապատասխան ռազմավարություն մշակի։ Եվ մենք պետք է իրենց օգնենք փորձագետներով, նաեւ միջազգային փորձագետներով»,- հավելեց Օհանյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: